Jump to content

Հարցազրույց «Լը Մոնդ» թերթին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից



[էջ]

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԼԸ ՄՈՆԴ» ԹԵՐԹԻՆ

[խմբագրել]
(26 հուլիսի, 1991թ.)

Հայաստանի ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ հետ ունեցած իր հարցազրույցում հայտարարեց, որ իր ներկայությունը նոր միութենական պայմանագիր կնքելու գաղափարն ընդունող հանրապետությունների` հուլիսի 23-ի հանդիպմանը ոչ մի կերպ չի հակասում հայ ժողովրդի կամքին, որը «ցանկանում է նվաճել իր անկախությունը» («Լը Մոնդ», 25 հուլի-սի)։ Նա ընդգծեց նաեւ Ադրբեջանի հետ բանակցությունների նոր գործելակերպի հույժ կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ։

― Ըստ որոշ աղբյուրների, Նովո-Օգարյովոյում հուլիսի 23-ի հանդիպմանը Ձեր մասնակցելը հիմք է տվել պարոն Գորբաչովին եզրակացնելու, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել միութենական պայմանագիրը։ Արդյո՞ք դա այդպես է։

― Ամենեւին։ Հայաստանը, որ ընտրել է անկախության հասնելու խորհրդային Սահմանադրությամբ սահմանված ուղին, կողմ է Միության կառուցվածքի քննարկմանը նվիրված բոլոր հանդիպումներին օժանդակելու սկզբունքին։ Մինչդեռ ապրիլի 23-ի «9+1» առաջին հանդիպմանը չէին հրավիրվել այն վեց հանրապետությունները, որոնք հրաժարվել էին մասնակցել ԽՍՀՄ-ն իր հին տեսքով պահպանելու վերաբերյալ հանրաքվեին։ Երկրորդի ժամանակ, մայիսի 24-ին, ես գտնվում էի Ֆրանսիայում։ Ինչ վերաբերում է երրորդին, որը կայացավ հունիսի 2-ին՝ ներկա չէի ի նշան բողոքի Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման կապակցությամբ։

Երբ ինձ հարցրին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի վերաբերմունքը միութենական պայմանագրի նկատմամբ, ասացի, որ անհնար է պատասխանել այդ հարցին` մինչեւ սեպտեմբերի 21-ին Հայաստանում
[էջ]
անցկացվելիք հանրաքվեն, որով պետք է պարզվի ժողովրդի վերաբերմունքն անկախությանը։ Նշված հանդիպման ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչների պատասխանը մոտավորապես նույնն էր. անհրաժեշտ է սպասել եւս երկու ամիս, մինչեւ հարցը դրվի իրենց խորհրդարանի քննարկմանը։ Հայաստանի դեպքում, կարծում եմ, տարիմաստ պատասխան չի լինի. ժողովուրդն անկախություն է ուզում։ Նա միաժամանակ կողմ է ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ տնտեսական կապերի պահպանմանն ու հետագա զարգացմանը։ Ինչպես արդեն նշել եմ, օրենքով սահմանված կարգով անկախության ձգտող հանրապետությունների նկատմամբ անբարենպաստ առեւտրական հարաբերությունների պարտադրման քաղաքականությունը, որը որդեգրել է Մոսկվան, կոպտորեն խախտում է հենց խորհրդային օրենքների դրույթները։ Պարոն Բորիս Ելցինն, ի դեպ, այս հարցում միացավ իմ կարծիքին։

― Արդյո՞ք ճիշտ է, որ գնալով ավելանում է այն հայերի թիվը, ովքեր որոշակիորեն շահագրգռված են մնալու ԽՍՀՄ կազմում։

― Դա վերաբերում է միայն առանձին կուսակցությունների՝ կոմկուսին, դաշնակցությանը (Սփյուռքում հնուց գործող կուսակցություն, որը պաշտոնապես հաստատվել է Հայաստանում) եւ ծննդով ղարաբաղցի այն հայերի խմբավորումներին, ովքեր այժմ ապրում են Հայաստանում։ Նրանք ուղղակիորեն հայտարարում են, որ Հայաստանը պետք է ստորագրի միութենական պայմանագիրը, որպեսզի հնարավորություն ունենա լուծելու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցը։ Իսկ այդ տարածաշրջանի բնակիչները մայիսի 16-ին որոշում են ընդունել օգտագործել Ադրբեջանի հետ փոխզիջումների եւ բանակցությունների խաղաքարտը։ Առաջին պատվիրակությունը գործադիր կոմիտեի նորընտիր նախագահ Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ նոր է վերադարձել Բաքվից, որտեղ իր ծրագրերն է ներկայացրել պրեզիդենտ Մութալիբովին։ Հայաստանի խորհրդարանն, իր կողմից, հավանություն է տվել այս նախաձեռնությանը՝ հուլիսի 16-ին անցկացված քվեարկությամբ, որով ավարտվեցին երկօրյա թեժ քննարկումները։ Լավ կլիներ, եթե միջազգային հասարակայնությունը ծանոթանար այն փաստաթղթերին, որոնք մենք ընդունել ենք։ Դրանք հաստատում են մեր դիրքորոշումը հօգուտ ազգերի ինքնորոշման իրավունքի, ընդունե
[էջ]
լով «քաղաքական լուծումների որոնման եւ ազգամիջյան հարցերի կարգավորման ընթացքում բռնության բացառման անհրաժեշտությունը»։ Այն որոշման նախագիծը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հայությունը «ազգային-ազատագրական պայքար»է սկսել, չարժանացավ խորհրդարանի հավանությանն ու մերժվեց։

― Ձեր հակառակորդները Ձեզ չե՞ն մեղադրում, արդյոք, որ, իշխանության գլուխ անցնելով, հրաժարվել եք նրանից, ինչի համար պայքար եք մղել երեք տարվա ընթացքում, այն նույն պահին, երբ խորհրդային բանակի օժանդակությամբ կատարվում է Ղարաբաղի հայության տեղահանությունը։

― Մեղադրում են, բայց եւ որեւէ այլ ծրագիր չեն ներկայացնում։ Նովո-Օգարյովոյում ես ասացի, որ միակ ելքը, այսինքն՝ բանակցությունները, հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է սատարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դրական նախաձեռնությանը, պատշաճ մթնոլորտ ստեղծելով բանակցություններ վարելու համար եւ դադարեցնելով «անձնագրային ռեժիմի ստուգման գործողությունները»։ Ինձ թվաց, որ իմ հայտարարությունը ապարդյուն չեղավ. Ադրբեջանի պրեզիդենտ Մութալիբովը որեւէ առարկություն չներկայացրեց, պարոնԳորբաչովն արձանագրեց «դրական տեղաշարժերի երեւան գալը», իսկ պարոն Ելցինը խորհրդային պրեզիդենտից պահանջեց, որ վերջինս անձամբ միջամտի եւ անի ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հայության եւ ադրբեջանական իշխանությունների միջեւ բանակցությունների իրական այս հնարավորությունը բաց չթողնելու համար։ «Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1991 թ.։
Թարգմանություն ֆրանսերենից։ «Լը Մոնդ»("Le Monde"), 26 հուլիսի, 1991 թ.։ Հարցազրույցը՝ Սոֆի Շիհաբի։

Հրատարակված՝ «Ժողովուրդն անկախություն է ուզում. հարցազրույց Հայաստանի ԳԽ նախագահի հետ» վերնագրով։