Jump to content

Հարցազրույց 7օր.am-ին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

– Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 18-ին ղարաբաղ-արդբեջանական շփման գծում արձանագրված ադրբեջանական սադրանքը։

– Դիվանագիտությունը միայն բանակցային գործընթացը չէ, այլև բոլոր հնարավոր ճնշման լծակների կիրառումը հակառակորդ կողմի վրա: Այս տեսանկյունից Ադրբեջանը ներկայումս զինված բախումներն ընկալում է որպես հայկական կողմի վրա լրացուցիչ ճնշման լծակ: Իսկ ինչո՞ւ է հիմա Արդրբեջանը գնում նման քայլերի: Որովհետև կա իրավիճակի որակական փոփոխություն: Առաջինը՝ արտաքին քաղաքական՝ դա Թուրքիայի հարաճուն ներգրավվածությունն է Հարավային Կովկասում: Սա տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների հետևանքներից մեկն է, որի մասին շատերս զգուշացնում էինք: Երկրորդը՝ ներքաղաքական, բայց դարձյալ արտաքին քաղաքական դրսևորմամբ: Քանի որ Հայաստանի իշխանությունները ժողովրդային հենարան չունեն, բնական է, որ շատ խոցելի են արտաքին ուժերի համար: Իհարկե, Հայաստանը երբեք էլ չի փայլել ժողովրդավարությամբ, անգամ այն ժամանակահատվածում, որը ոմանք անվանում են «ժողովրդավարության կղզյակ» լինելու տարիներ: Ժողովրդավարության բացակայությունը քաղաքական հիվանդություն է: Հիվանդության նման էլ այն սովորական իրավիճակում կարող է քեզ չնեղել, սակայն լարված իրավիճակներում ի հայտ է գալիս:


– Համամի՞տ եք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած նախաձեռնողական «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով Թուրքիան ակտիվորեն ներգրավվեց և իր կամքն է թելադրում ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացում։

– Այսօրվա պայթյունավտանգ իրականությունը հենց այդ անհեռատես, քաղաքականապես չհիմնավորված և օրիորդորեն միամիտ նախաձեռնության արդյունքն է: Դեռևս տարիներ առաջ ես Հայաստանի բարձրագույն իշխանությանը ծրագիր էի ներկայացրել, որի բուն նպատակը, Թուրքիայի դեմ զանազան իրավական և քաղաքական խնդիրներ հարուցելով, Թուրքիային հնարավորինս մեր տարածաշրջանից մեկուսացված պահելն էր, քանի որ համոզված եմ. ՀՀ և ԼՂՀ միասնական անվտանգությունը պայմանավորված է հայ-թուրքական և ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերություններով: Այսօր, ցավով եմ արձանագրում, իրականացվում է լրիվ հակառակ քաղաքականությունը: Չմոռանանք, որ նախագահ Սարգսյանն ինքն է Երևանում անձամբ խնդրել նախագահ Գյուլին Թուրքիայի մասնակցությունը բերել Ղարաբաղի հարցի լուծմանը:


– Ինչպե՞ս կգնահատեք Մեծ ությակի գագաթնաժողովի շրջանակներում արված Սարկոզի-Մեդվեդև-Օբամա հայտարարությունը՝ կապված ԼՂ-ի խնդրի կարգավորման հետ։ Համարժե՞ք էր, արդյոք, ՀՀ ԱԳ նախարարի արձագանքն այդ հայտարարությանը։

– Մի հին անեկդոտ կա: Բժիշկը մեկին բուժում-բուժում է, սակայն վերջինս մահանում է: Բժիշկը հիվանդի հարազատներից հարցնում է. «Իսկ մեռնելուց առաջ քրտնե՞ց»: Պատասխանում են. «Այո՛»: «Դե լավ է, լավ է», – ասում է բժիշկը: Հիմա մեր ԱԳ նախարարի մեկնաբանությունն է: Էլ սրանից ավելի վատ ի՞նչ պիտի լիներ, որ չողջունեինք: Առաջին կետից հետո մյուս կետերը կարելի է չկարդալ, որովհետև, եթե իրականացվի առաջին կետը, ապա բանը մյուս կետերին չի հասնի: Մեծ եռյակն իր հարցերն է լուծում: Իրենք իրենց առնելիքն ու տալիքն ունեն: Իրենք իրենց շահերով են առաջնորդվում, ըստ այդմ առաջարկներ անում: Սա չի նշանակում, որ մենք պարտավոր ենք ընդունել միջնորդների առաջարկները: Որոշողն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի, հետո ՀՀ ժողովուրդն է: Սակայն որպեսզի ժողովուրդն իսկապես դառնա հարց որոշող, ապա նրան պետք է վերադարձնել նրա բոլոր քաղաքացիական իրավունքները: Եթե ժողովուրդը չի կարողանում Երևանի կենտրոնում իր շահերը պաշտպանել, ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ նույն ժողովուրդը հարց լուծող պիտի լինի սահմանի վրա:


– ԼՂ-ի հարցում ինչպիսի՞ տեղաշարժ եք ակնկալում տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցից։

– Քլինթոնը մի խնդիր ունի՝ վերակենդանացնել հայ-թուրքական մեռած արձանագրությունները, որպեսզի նախագահ Օբաման առանց խոստմնազանցի պիտակի կարողանա մոռացության տալ իր ընտրողներին տված խոստումը: Քանի որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում տեղապտույտը թուրքական կողմն այսօր բացատրում է ԼՂ հարցում առաջընթացի բացակայությամբ, ուստի Քլինթոնը պիտի ապահովի այդ «առաջընթացը», որպեսզի Թուրքիային զրկի այդ պատրվակից: Հուսամ, որ մեր իշխանությունները տեղի չեն տա Քլինթոնի ճնշումներին կամ չեն ենթարկվի զանազան գայթաղկիչ առաջարկների:

Ներկա իրավիճակից Հայաստանը դուրս բերելու համար նախագահ Սարգսյանն ունի մի ելք: Նա պիտի լուծարի խորհրդարանը, ապահովի իսկապես արդար խորհրդարանական ընտրություններ, ապա 6 ամսվա ընթացքում հայտարարի նախագահական ընտրություններ: Միմիայն այդ ձևով քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացի մեջ կարելի կլինի ներգրավել ողջ ժողովրդին: Հետևաբար՝ ապահովել այդ ժողովրդի անմնացորդ և անձնազոհ նվիրումը հայրենիքին: Գուցե այլ պետություններ, որոնք հսկայական հումքային պաշարներ ունեն, կարողանան ապրել և զարգանալ նաև բռնատիրության պայմաններում, սակայն Հայաստանում, բնականաբար Լեռնային Ղարաբաղն էլ հետը, ժողովրդավարությանն այլընտրանքը չկա:



4 հուլիսի, 2010թ.