Հափշտակված նամակը
acumine nimio[1].
18... թվականի աշնանային մրրկոտ մի երեկո, երբ արդեն բոլորովին մութ էր, ես, իմ բարեկամ Ս. Օգյուստ Դյուպենի փարիզյան Սեն Ժերմեն արվարձանի Դյունո փողոցի 33֊րդ տան չորրորդ հարկի գողտրիկ գրադարանում նստած, վայելում էի այն կրկնակի հաճույքը, որ սովորաբար ընծայում են մարդուն ծխամորճն ու մտամփոփությունը։ Առնվազն մեկ ժամ մենք ոչ մի բառ չէինք փոխանակել, և մեզ տեսնողը հավանաբար պիտի կարծեր, թե մեր ուշադրությունը բացառապես սևեռված էր սենյակը լցնող ծխի քուլաների վրա։ Մինչդեռ իմ միտքը զբաղված էր մինչ այդ մեր զրույցի նյութը հանդիսացած մի շարք իրադարձություններով՝ մասնավորապես Մորգ փողոցի գործով և Մարի Ռոժեի սպանության գաղտնիքով։ Այդ էր պատճառը, որ երբ դուռը բացվեց և ներս մտավ մեր հին ծանոթը՝ Փարիզի ոստիկանապետ մսյո Գ֊ն, ես դա մի ուշագրավ զուգադիպություն համարեցի։ [ 44 ] Մենք սրտանց ողջունեցինք նրան, քանի որ այդ մարդն իր բոլոր թերություններով հանդերձ զուրկ չէր նաև մի շարք զվարճալի հատկություններից. բացի այդ, մենք արդեն մի քանի ամիս է, ինչ նրան չէինք տեսել։ Մինչ այդ մենք մթության մեջ էինք նստած, և այժմ Դյուպենն իր տեղից վեր էր կացել, որպեսզի լույսը վառեր։ Բայց նա նորից նստեց, երբ Գ֊ն հայտնեց, որ եկել է մեզնից, ավելի շուտ, իմ բարեկամից հույժ կարևոր պետական մի գործի վերաբերյալ խորհուրդ խնդրելու նպատակով։ Նա ավելացրեց, որ այդ գործն իրեն արդեն բավական անախորժություն է պատճառել։
— Եթե մտածելու նյութ կա,— ասաց Դյուպենը, ձեռքը լապտերից ետ քաշելով,— ապա մթության մեջ մենք ավելի լավ արդյունքի կհասնենք։
— Էլի սկսվեցի՜ն ձեր քմահաճույքները,— ասաց ոստիկանապետը։ Նա այդպես էր կոչում իր հասկացողությունից դուրս մնացող ամեն բան և հիրավի ստիպված էր ապրել քմահաճույքների մի ամբողջ բազմության գրկում։
— Ինչ արած,— ասաց Դյուպենն ու հյուրին ծխամորճ մատուցելով, նրան մի փափուկ բազմոց առաջարկեց։
— Իսկ ի՞նչ գործով եք եկել,— հարցրեցի ես,— հուսով եմ, մի նոր սպանություն չէ։
— Ոչ, փա՜ռք աստծու, սպանության հետ ոչ մի կապ չունի։ Փաստորեն գործը չափից դուրս պարզ է, և մենք, անկասկած, ինքներս դրանից գլուխ կհանենք, պարզապես մտածեցի, որ դրա արտառոց մանրամասները, կարող են հետաքրքրել Դյուպենին։
— Պարզ և արտառոց,— ասաց Դյուպենը։
— Հը՜մ... Այո՛։ Ասենք, ոչ այնքան։ Բանն այն է, որ իր ապշեցուցիչ պարզությամբ հանդերձ այդ դեպքը մեզ բոլորիս փակուղու մեջ է գցել։
— Գուցե հենց այդ պարզությունն է ձեզ պարտության մատնել,— ասաց իմ ընկերը։
— Ի՜նչ եք դուրս տալիս,— ծիծաղեց ոստիկանապետը։
— Թերևս հանելուկի լուծումը չափից դարս հասարակ է եղել։
— Աստվա՛ծ իմ, ո՞վ է նման բան լսել։
— Չափից ավելի ակնհայտ։
— Հա՜, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛... Հո՜, հո՛, հո՛,—դղրդաց [ 45 ] մեր հրճված այցելուն,— Դյուպեն, դուք ինձ մի օր կսպանեք։
— Բայց և այնպես, ի՞նչ գործ է,— հարցրի ես։
— Հիմա կպատմեմ,— ասաց ոստիկանապետը։ Նա բազմոցի մեջ ավելի հարմար դիրք ընդունեց, ծխի երկար ու հարթ մի քուլա բաց թողեց ու շարունակեց.— Դեպքը կարելի է շարադրել երկու խոսքով, բայց պիտի զգուշացնեմ, որ այն խիստ գաղտնի է և ես պաշտոնս անկասկած կկորցնեմ, եթե իմացվի, որ ինչ֊որ բան բերանիցս թռցրել եմ։
— Շարունակեք,— խրախուսեցի ես։
— Կամ մի շարունակեք,— ասաց Դյուպենը։
— Այսպես ուրեմն, վերջերս արտակարգ բարձր ոլորտներից ինձ անձամբ հայտնեցին, որ արքայական հարկաբաժնից բացառիկ կարևորություն ունեցող մի փաստաթուղթ է հափշտակված։ Գողը հայտնի է, դրանում ոչ մի կասկած չկա, քանի որ տեսել են, թե ինչպես է նա փաստաթուղթը վերցրել։ Հայտնի է, նաև, որ փաստաթուղթը դեռևս գտնվում է նրա մոտ։
— Որտեղի՞ց է հայտնի,— ընդհատեց Դյուպենը։
— Դա հետևում է փաստաթղթի բնույթից և այն հետևանքների բացակայությունից, որոնք իսկույն հանդես կգային, եթե հափշտակիչն այն ձեռքից բաց թողներ, այսինքն եթե այն գործածած լիներ այնպես, ինչպես վաղ թե ուշ անկասկած պիտի գործածի։— Ոստիկանապետը պաշտում էր դիվանագիտական շաղակրատանքը։
— Պարզ խոսեք,— խնդրեցի ես։
— Դե լավ, համարձակվում եմ ասել, որ նա, ում ձեռքն ընկնի այդ փաստաթուղթը, որոշակի իշխանություն կունենա որոշակի ոլորտների վրա և այդ իշխանությունը պարզապես գին չի ունենա։
— Ես դեռ լավ չեմ հասկանում,— նկատեց Դյուպենը։
— Չե՞ք, հասկանում։ Լավ՝ եթե մի երրորդ անձնավորություն, որի անունն անհայտ կմնա, ստանա այդ փաստաթուղթը, ապա նրա իշխանության տակ կընկնի շատ բարձրաստիճան մի անհատ, որի պատիվն ու ապահովությունն այդպիսով վտանգի կենթարկվեն։
— Բայց չէ՞ որ այդ վտանգը կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե գողն իմանա, որ կողոպտվածը գիտի, թե ով է փախցրել փաստաթուղթը։ Ո՞վ կհանդգներ... [ 46 ] — Գողը,— պատասխանեց Գ֊ն,— մինիստր Դ֊ն է, որի հանդգնությունը սահման չունի և որը չի խորշում տղամարդուն վայել և անվայել ցանկացած միջոցից։ Վերոհիշյալ փաստաթուղթը (ճիշտն ասած, դա մի նամակ է) կողոպտված տիկինը ստացել է, երբ բոլորովին մենակ գտնվել է արքայական զարդասենյակում։ Նամակն ընթերցելու պահին սենյակ է մտել այն վեհագույն անձնավորությունը, որից նա հատկապես կուզեր այն թաքցնել։ Նամակը հապճեպ թաքցնելու անհաջող մի փորձ անելով, նա ստիպված է եղել բաց վիճակում այն դնել սեղանի վրա։ Քանի որ հասցեն եղել է վերևի կողմը, և նամակի բովանդակությունն այդպիսով մնացել է քողարկված, ապա այն ուշադրություն չի գրավել։ Այդ պահին ներս է մտել մինիստր Դ֊ն։ Նրա սուր աչքն իսկույն նշմարել է նամակը, նա ճանաչել է հասցեի ձեռագիրը, նկատել հասցեատիրոջ շփոթմունքը և անմիջապես կռահել է նրա գաղտնիքը։ Համառոտ զեկուցելով գործերի մասին, նա գրպանից նույնատիպ մի նամակ է հանել, ձևացրել, թե կարդում է, և դրել է սեղանին, առաջինի կողքին։ Որից հետո ևս քառորդ ժամ զրուցել է պետական գործերի մասին։ Վերջապես հեռանալիս նա իր հետ է տարել նաև իրեն չպատկանող նամակը։ Նամակի օրինական տերը, սենյակում գտնվող երրորդ անձնավորության ներկայությամբ, չի համարձակվել միջամտել։ Մինիստրը հեռացել է, սեղանին թողնելով ոչ մի կարևորություն չունեցող իր անձնական նամակը։
— Ահա այն գործոնը,— դիմեց ինձ Դյուպենը,— որն ըստ ձեզ պակասում էր անհրաժեշտ իշխանությունն ապահովելու համար՝ հափշտակողը գիտի, որ կողոպտվածին հայտնի է, թե ով է գողը։
— Հենց այդ է, որ կա։ Ընդ որում վերջին ամիսների ընթացքում այդ իշխանությունն օգտագործվել է հանուն հեռու գնացող քաղաքական շահերի։
Տուժած անձնավորությունն օրեցօր ավելի է համոզվում, որ նամակն անհրաժեշտ է ետ ստանալ։ Հասկանալի է, որ հրապարակորեն այդ անելն անհնար է։ Եվ ահա, հույսը կորցրած, նա այդ գործն ինձ է հանձնել։
— Դժվար էր գտնել, կամ թեկուզ պատկերացնել ավելի բանիմաց ու սրատես մի օգնական։— Ծխի ամպերի միջից նկատեց Դյուլպենը։ [ 47 ] — Դուք հաճոյանում եք,— շոյվեց ոստիկանապետը,— թեև ես գիտեմ, որ ոմանք հենց այդպես էլ կարծում են։
— Բոլոր դեպքերում պարզ է,— ասացի ես,— որ նամակը դեռևս գտնվում է նախարարի մոտ, քանի որ այն պահելուց բացի, որևէ այլ կերպ գործածելու դեպքում նա իսկույն կկորցնի վերոհիշյալ իշխանությունը։
— Դուք իրավացի եք,— ասաց Գ֊ն,— և ես գործի անցա հենց այդ հետևությունից ելնելով։ Առաջին հերթին որոշեցի խուզարկել նրա առանձնատունը։ Հիմնական դժվարությունն այստեղ այն էր, որ այդ ամենը պիտի արվեր առանց նրա իմացության։ Ինձ հատկապես զգուշացրեցին, որ նախարարին խրտնեցնելու դեպքում մեծ անախորժություններ կառաջանան։
— Բայց չէ՞ որ դուք նման միջոցառումների քաջ գիտակ եք,— ասացի ես,— փարիզյան ոստիկանությունն առաջին անգամ չէ, որ այդպիսի գործ է ձեռնարկում։
— Անշուշտ, հույսս հենց դրա վրա էր։ Բացի այդ, նախարարի սովորույթները մեզ մեծ առավելություն էին տալիս։ Շատ հաճախ նա գիշերները տուն չի գալիս և շատ քիչ սպասավորներ ունի, որոնք ուրիշ տեղ են քնում և հեշտությամբ հարբում են, քանի որ մեծ մասամբ նեապոլիտանացի են։ Ինչպես գիտեք, իմ տրամադրության տակ եղած բանալիներով կարելի է բացել Փարիզում գտնվող ցանկացած սենյակ կամ արկղ։ Երեք ամիս անընդհատ ես համարյա ամեն գիշեր անձամբ խուզարկում էի Դ֊ի տունը։ Ավելորդ է ասել, որ դա ինձ համար պատվի հարց էր, և բացի այդ, մեր մեջ ասած, նամակի համար մի ահռելի գումար է խոստացված։ Այնպես որ, ես խուզարկությունն ընդհատեցի միայն այն ժամանակ, երբ վերջնականապես համոզվեցի, որ գողն ինձնից ավելի խորամանկ է։ Հավատացնում եմ ձեզ, որ մենք խուզարկել ենք այդ տան բոլոր հնարավոր ծակերն ու թաքստոցները, որտեղ կարելի է նամակ պահել։
— Իսկ հնարավո՞ր չէ արդյոք,— հարցրեցի ես,— որ, նամակը տնօրինելով հանդերձ, նա այն պահած լինի ոչ թե տանը, այլ մի ուրիշ տեղ։
— Հազիվ թե,— պատասխանեց Դյուպենը,— արքունիքի ներկայիս վիճակը և մանավանդ այն բանսարկությունները, որոնց նա, ինչպես հայտնի է, մասնակցում է, թելադրում են, որ նամակը պետք է միշտ նրա ձեռքի տակ լինի։ Այն իսկույն [ 48 ] ներկայացնելու հնարավորությունը նույնքան կարևոր է, ինչքան և ունենալու փաստը։
— Իսկույն ներկայացնելո՞ւ,— ասացի ես։
— Այսինքն՝ անհապաղ ոչնչացնելու,— բացատրեց Դյուպենը։
— Եթե այդպես է,— եզրակացրի էս,— ուրեմն նամակն, անկասկած, գտնվում է տանը։ Նա հազիվ թե այն իր հետ ման ածեր։
— Բացառվում է,— հաստատեց ոստիկանապետը,— փողոցում նրան երկու անգամ իբր թե թալանելու նպատակով իմ վերահսկողությամբ մի լավ խուզարկել են։
— Կարող էիք նեղություն չքաշել,— ասաց Դյուպենը,— ինչքան գիտեմ, Դ֊ն այնքան էլ հիմար մարդ չէ և պետք է որ կանխատեսած լիներ այդ հարձակումները։
— Այնքան էլ հիմար չէ,— պատասխանեց Գ֊ն,— բայց բանաստեղծ է, իսկ բանաստեղծը հիմարից քիչ բանով է տարբերվում։
— Չեմ վիճում,— ասաց Դյուպենը, ծխի երկար քուլա բաց թողնելով,— չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, ժամանակին ինքս էլ քիչ֊միչ գրմրել եմ։
— Միգուցե ավելի մանրամասն նկարագրեք, թե ինչպես եք փնտրել,— առաջարկեցի ես։
— Դե, ինչ ասեմ, մենք ժամանակ շատ ունեինք և փնտրեցինք բառացիորեն ամեն տեղ։ Չէ՞ որ նման գործերում ես մեծ փորձ ունեմ։ Խուզարկեցի ամբողջ տունը, սենյակ առ սենյակ, ամեն սենյակում մի ամբողջ շաբաթ գիշերներն աշխատելով։ Սկզբում մենք հետազոտեցինք սենյակների կահույքը։ Քրքրեցինք բոլոր դարակները. դուք երևի գիտեք, որ բանիմաց ոստիկանի համար «գաղտնի դարակ» ասվածը գոյություն չունի։ Պետք է առնվազն տխմար լինել, որպեսզի խուզարկության ժամանակ չնկատել գաղտնարանը, այստեղ ոչ մի դժվար բան չկա։ Չէ որ ցանկացած պահարան որոշակի ծավալ պիտի ունենա։ Բացի այդ, մենք բավական բծախնդիր կանոններ ունենք և այստեղ մեր աչքից մատնաչափ խորանն անգամ չէր սպրդի։ Պահարաններից հետո մենք զբաղվեցինք աթոռներով։ Երկար ու բարակ ասեղներով մենք տնտղեցինք բոլոր բարձիկները, դուք տեսել եք, թե ինչպես է այդ արվում։ Հետո հանեցինք բոլոր սեղանների վերևի մասը։ [ 49 ] — Իսկ ինչո՞ւ։
— Հաճախ որևէ իր թաքցնել ցանկացողը հանում է սեղանի կամ նման ուրիշ կահույքի վերևի մասը, և իրը պահելով ոտքի մեջ փորված փոսիկում, նորից ծածկում է կափարիչը։ Նույն հաջողությամբ կարելի է նաև օգտվել մահճակալների ոտքերից կամ սյուներից։
— Մի՞թե չի կարելի նման խոռոչները գտնել պարզապես թխկթխկացնելով։— Հարցրեցի ես։
— Բնավ, եթե դատարկ մնացած ծավալը լցված է բամբակով։ Բացի այդ, մենք ստիպված էինք անձայն աշխատել։
— Ամեն դեպքում դուք պարզապես չէիք կարող քանդած լինել տան ամբողջ կահույքը։ Վերջապես նամակից կարելի է շյուղի չափ բարակ մի ձողիկ ոլորել և թաքցնել, դե ասենք աթոռի հենակի մեջ։ Դուք հո չե՞ք մասնատել տան բոլոր աթոռները։
— Ամենևին, մենք ավելի խոհեմ բան արեցինք։ Հզոր մանրադիտակի միջոցով մենք զննեցինք ամբողջ կահույքի հենակները, ձողերը, ճաղերը և բոլոր հնարավոր միացումները։ Եթե միջամտության թարմ հետքեր լինեին, մենք անպայման դրանք կնկատեինք։ Շաղափի փոշեհատիկը խնձորի չափ մեծ կերևար։ Սոսնձի ցանկացած ճաք, կցման ամեն մի անճշտություն իսկույն կգրավեին մեր ուշադրությունը։
— Դուք, իհարկե, չմոռացաք ստուգել հայելիների ապակու և հենքի միջև եղած տարածությունը, ինչպես նաև անկողինը, վարագույրներն ու գորգերը։
— Ինքնըստինքյան։ Կահույքը ստուգելուց հետո մենք դիմեցինք տանը։
Մասերի բաժանեցինք և համարակալեցինք շենքի ամբողջ մակերեսը, որպեսզի ոչ մի մատնաչափ բաց չթողնենք։ Հետո առաջվա պես մանրադիտակով զննեցինք ամբողջ տունը և երկու հարևան շենքերը։
— Հարևան շենքե՞րը,— բացականչեցի ես,— դուք պետք է որ մի լավ չարչարված լինեք։
— Այո, բայց մի մոռացեք, որ նամակի համար առասպելական մի գումար է խոստացված։
— Իսկ ստուգե՞լ եք արդյոք շենքերի բակերը։
— Բակերը սալապատված էին և մեծ դժվարություն չներկայացրեցին։ Մենք պարզապես ուսումնասիրեցինք սալերի միջև եղած մամուռը և տեսանք, որ դրանց ոչ ոք ձեռք չէր տվել։ [ 50 ] — Դուք, իհարկե, խուզարկեցիք նաև Դ֊ի թղթերն ու գրքե՞րը։
— Մենք քրքրեցինք բոլոր ծրարներն ու թղթապանակները։ Գրադարանի բոլոր գրքերը ոչ միայն պարզապես թափ տվեցինք, ինչպես որոշ ոստիկաններ են անում, այլ էջ առ էջ թերթեցինք։ Նաև մանրադիտակով զննեցինք և խնամքով չափեցինք բոլոր կազմերի հաստությունը։ Եթե կազմերը բացված լինեին, մենք անմիջապես դա կնկատեինք։ Այն հինգ վեց գրքերը, որոնք նոր էին բերվել կազմատնից, մենք երկայնակի զգույշ տնտղեցինք բարակ ասեղներով։
— Երևի ուսումնասիրեցիք նաև գորգերի տակի հատա՞կը։
— Անկասկած, բոլոր գորգերը բարձրացրինք ու մանրադիտակով զննեցինք ամեն մի տախտակ։
— Պաստառնե՞րը։
— Այո։
— Նկո՞ւղը։
— Նույնպես։
— Ուրեմն,— ասացի ես,— դուք ինչ֊որ տեղ վրիպել եք, և նամակը պարզապես տանը չէ։
— Վախենամ դուք ճիշտ եք,— ասաց ոստիկանապետը,— ի՞նչ կասեք, Դյուպեն։
— Կասեմ, որ պետք է մի լավ խուզարկել տունը։
— Դա բացարձակապես անիմաստ է, Դյուպեն,— վրդովվեց Գ֊ն,— ես գլուխս կտրել կտամ, եթե նամակը տանը լինի։
— Դրանից լավ խորհուրդ չունեմ,— ասաց Դյուպենը,— դուք, իհարկե, կարո՞ղ եք հանգամանորեն նկարագրել նամակը։
— Այո, իհարկե,— ասաց ոստիկանապետը և, գրպանից հանելով իր ծոցատետրը, բարձրաձայն կարդաց փաստաթղթի ներսի և մանավանդ դրսի կողմի մանրամասն նկարագրությունը։ Որոշ ժամանակ անց նա մեզ հրաժեշտ տվեց և ծայրաստիճան ճնշված տեսքով հեռացավ։
Մոտ մեկ ամիս անց նա եկավ նորից և մեզ գտավ համարյա այն նույն դիրքում, ինչ և անցած անգամ։ Նա նստեց, ծխամորճ վերցրեց ու ինչ֊որ դատարկ խոսակցություն բացեց։ Վերջապես ես հարցրեցի.
— Շատ լավ, Գ, իսկ ի՞նչ եղավ առևանգված նամակը։ Դուք երևի արդեն համակերպվել եք այն մտքի հետ, որ նախարարը ձեզնից խորամանկ դուրս եկավ։ [ 51 ] — Այո, գրողը տանի... Դյուպենի խորհրդի համաձայն ես նորից խուզարկեցի ամբողջ տունը, բայց ապարդյուն։ Ասենք, ես ուրիշ բան չէի էլ սպասում։
— Իսկ ինչքա՞ն էր, ասում եք, խոստացված պարգևը,— հարցրեց Դյուպենը։
— Դե, ինչ ասեմ, բավական մեծ պարգև է, կարելի է ասել, շռայլ պարգև է։ Ճիշտն ասած, ես չէի ուզի նշել ստույգ գումարը, բայց կարող եմ ասել, որ պատրաստ եմ անձամբ հիսուն հազարի մուրհակ տալ նրան, ով կգտնի այդ նամակը։ Բանն այն է, որ նամակի կարևորությունն օրեցօր աճում է, և պարգևը վերջերս կրկնապատկված է։ Բայց եթե այն նույնիսկ եռապատկվեր, ես միևնույն է ուրիշ ոչինչ չէի կարողանա անել։
— Չէ, ինչո՞ւ,— ծոր տվեց Դյուպենը, ծխամորճը փսփստացնելով,— ես կարծում եմ... որ դուք դեռ չեք սպառել... ձեր բոլոր հնարավորությունները։ Դուք կարող էիք... ավելի՞ն անել, հը՞...
— Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս։
— Դեե՜, փըֆ, փըֆ, կարելի է, օրինա՜կ... փըֆ, փըֆ, որևէ մեկից խորհո՜ւրդ խնդրել, փըֆ, փըֆ, փըֆ... Չե՞ք հիշում Աբերնեթիիi պատմությունը։
— Գրո՛ղը տանի Աբերնեթիին։
— Իհա՜րկե, իհա՜րկե, թող տանի։ Միայն թե ժամանակին մի ժլատ մեծահարուստ ցանկացավ նրանից բուժման ձրի խորհուրդ ստանալ։ Սովորական մի խոսակցության ընթացքում նա դիմեց բժշկին և, ինքն իրեն երրորդ դեմքով նկարագրելով, հարցրեց. «Ենթադրենք, թե մեկն այսինչ ու այսինչ ախտանշաններն ունի, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան»։ «Ինչ խորհո՞ւրդ,— պատասխանեց Աբերնեթին,— դե, իհարկե, թող բժշկի դիմի»։
— Բայց,— ասաց մի քիչ շփոթված ոստիկանապետը,— ես ոչ միայն ցանկանում եմ խորհուրդ ստանալ, այլև պատրաստ եմ իսկույնևեթ հիսուն հազար ֆրանկի մուրհակ ստորագրել, եթե գտնվի մեկը, որն ինձ օգնի։
— Այդ դեպքում,— պատասխանեց Դյուպենը, սեղանի դարակից հանելով պարտաթուղթը,— բարի եղեք ստորագրել նշված գումարի մուրհակը և ես իսկույն նամակը կհանձնեմ ձեզ։
Ես ապշեցի։ Ոստիկանապետն ասես շանթահար լիներ։ Նա քարացավ իր տեղում՝ բերանը բաց նայելով Դյուպենին։ Մի [ 52 ] րոպեից նա կարծես թե ուշքի եկավ, նետվեց դեպի սեղանը և, բազմիցս ընդհատելով ու դատարկ հայացքներ նետելով, հիսուն հազար ֆրանկի մուրհակը ստորագրեց ու պարզեց Դյուպենին։ Վերջինս ուշադիր զննեց թուղթը և այն դրեց իր դրամապանակը, այնուհետև բացեց escritoire[2]֊ը, վերցրեց այնտեղից նամակը և հանձնեց ոստիկանապետին։ Վերջինս կատարյալ ցնծությամբ ճանկեց նամակը, դողացող մատներով բաց արեց, արագ կարդաց, ապա նետվեց դեպի դուռն ու տնից դուրս թռավ, մուրհակը ստորագրելուց ի վեր այդպես էլ ոչինչ չասելով։
Երբ նա հեռացավ, Դյուպենը սկսեց բացատրություններ տալ.
— Փարիզյան ոստիկանությունը,— ասաց նա,— յուրովի բավական ձեռներեց կազմակերպություն է։ Նրանք համառ են, հնարամիտ ու խորամանկ և կատարելապես տիրապետում են այն բոլոր հնարքներին, որոնք գործի բերումով պարտավոր են կիրառել։ Այնպես որ, երբ Գ֊ն նկարագրեց Դ֊ի տանն իր անցկացրած խուզարկությունը, ես իսկույն համոզվեցի, որ իր ուժերի ներածին չափով նա արել է ամեն հնարավոր բան։
— Ուժերի ներածին չափո՞վ։
— Այո, պատասխանեց Դյուպենը,— նրա ձեռնարկած միջոցները ոչ միայն լավագույնն են իրենց տեսակի մեջ, այլև կենսագործված են նախանձելի բծախնդրությամբ, և, եթե նամակը լիներ այդ պարոնների անցկացրած խուզարկության ոլորտում, ապա այն անպայման կգտնվեր։
Ես ծիծաղեցի, բայց Դյուպենը կարծես թե չէր կատակում։
— Այո, այդ միջոցները յուրովի անգերազանցելի էին, կատարումն էլ ավելի լավն էր, բայց դրանց հիմնական թերությունն այն էր, որ դրանք կիրառելի չէին տվյալ դեպքի և մարդու նկատմամբ։ Մեր ոստիկանապետը մշակել է խորամանկ հնարքների մի ամբողջ համակարգ, Պրոկրուստի մահճի պես մի բան, ըստ որի նա ամեն անգամ շտկում է իր բոլոր ծրագրերը։ Այսուհանդերձ նա միշտ վրիպում է, որովհետև հաճախ տվյալ դեպքի համար չափից ավելի, կամ էլ, ընդհակառակն, անբավարար խորն է փորում, այնպես որ, ցանկացած երեխա իրենից լավ գլուխ կհաներ։ Ես մի ութ տարեկան տղա գիտեի, որը բոլորին [ 53 ] հիացնում էր «փուլ տռուզ» խաղի մեջ ունեցած իր զարմանալի հաջողությամբ։ Այդ հասարակ խաղը կայանում է նրանում, որ խաղացողներից մեկը պիտի գուշակի, թե մյուսի սեղմված ափում մի որևէ առարկա, սովորաբար քար, կա թե ոչ։ Իմ ասած տղան հաղթել էր դպրոցի բոլոր մնացած սաներին։ Նա, իհարկե, ղեկավարվում էր որոշակի սկզբունքով, որի իմաստը կայանում էր հակառակորդի խելացիությունը ճիշտ գնահատելու մեջ։ Օրինակ՝ եթե միամիտ խաղացողը ձեռքում քար էր պահում, իսկ մեր տղան ասում էր «փուչ», ապա հաջորդ անգամ նա արդեն հաղթում էր։ Նա մտածում էր. «Միամիտը կխորամանկի և այս անգամ քար չի պահի, ուրեմն ես նորից «փուչ» կասեմ»։ Պակաս միամիտ հակառակորդի դեպքում տղան կմտածեր. «Քանի որ առաջին անգամ ես «փուչ» ասացի, հիմա նա նախորդի պես կուզի քար չպահել, բայց հետո կորոշի, որ դա չափից դուրս պարզ է և վերջիվերջո ոչինչ չի փոխի։ Այնպես որ, ես կասեմ, որ քար չկա»։ Տղան «փուչ» էր ասում ու նորից հաղթում էր, և այսպիսով ձեռք բերեց «բախտավոր» մականունը։ Ի՞նչ կասեք նրա մեթոդի մասին։
— Դա պարզապես սեփական բանականության կատարյալ նույնացումն է հակառակորդի բանականության հետ,— պատասխանեցի ես։
— Անկասկած,— ասաց Դյուպենը,— երբ այդ տղային հարցրի, թե ինչպես է նա հասնում իր հաջողությունը պայմանավորող այդ լիակատար նույնացմանը, նա պատասխանեց. «Երբ ես ուզում եմ պարզել, թե որքան խելոք, հիմար, բարի կամ չար է իմ խաղակիցը, և թե ինչ է նա մտածում, ես իմ դեմքին աշխատում եմ ճիշտ նրա նման արտահայտություն տալ և հետևում եմ, թե ինչ մտքեր ու զգացումներ կառաջանան իմ մեջ»։ Այդ տղայի հասարակ սկզբունքն ընկած է այն ամբողջ կեղծ իմաստության հիմքում, որը դարեր շարունակ վերագրվել է Լարոշֆուկոյին, Լաբրույերին, Մաքիավելիին և Կամպանելային։
— Եթե ձեզ ճիշտ հասկացա,— ասացի ես,— ապա նույնացման հաջողությունը մեծապես կախված է դիմացինի բանականության ճշգրիտ գնահատումից։
— Գործնականորեն այո,— պատասխանեց Դյուպենը,— ոստիկանապետն ու իր գործակալներն անընդհատ սխալվում են նախ, որովհետև ընդունակ չեն իրենց նույնացնել հանցագործի [ 54 ] հետ, և ապա՝ որովհետև սխալ կամ բոլորովին չեն գնահատում վերջինիս բանականությունը։ Նրանք ելնում են խորամանկության սեփական չափանիշներից, և որևէ բան փնտրում են միայն այնտեղ, որտեղ իրենք կարող էին թաքցրած լինել։ Նրանք իրավացի են այնքանով, որ խորամանկության իրենց չափանիշներն իսկապես մեծամասնության պատկերացումների ճշգրիտ արտացոլումն են հանդիսանում, բայց եթե առանձին հանցագործի հնարամտությունն իր բնույթով դրանցից տարբերվում է, ապա նրանք մեծ մասամբ պարտվում են։ Սովորաբար այդպես է պատահում, երբ այն գերազանցում է, և բավական հաճախ՝ երբ այն զիջում է իրենց սեփական հնարամտությանը։ Նրանց սկզբունքը երբեք չի փոխվում, լավագույն դեպքում, եթե գործն անհապաղ է կամ պարգևը շատ մեծ, նրանք պարզապես բազմապատկում են իրենց գործնական ջանքերը, առանց սկզբունքները վերանայելու։ Վերցնենք, օրինակ, Դ֊ի գործը, չէ՞ որ նրանք սկզբից մինչև վերջ փնտրել են միայն մեկ ուղղությամբ։ Ի՞նչ օգուտ ծակծկելու, տնտղելու, թխկթխկացնելու, մանրադիտակով զննելու, համարակալելու և շատ ուրիշ ձանձրալի զբաղմունքների մեջ, երբ այդ ամենը միայն մեկ սկզբունքի չափազանցված դրսևորումն է, իսկ այդ սկզբունքն ընդամենը հիմնված է երկար տարիների փորձից խորամանկության մասին մեր ոստիկանապետի կազմած միակողմանի պատկերացման վրա։ Չէ՞ որ պարզ է, որ, ըստ նրա համոզման, բոլոր մարդիկ նամակը պետք է թաքցնեն եթե ոչ աթոռի հենակում, ապա մի որևէ աչքից հեռու անցքի մեջ, հետևելով մտքի այն նույն կաղապարին, ըստ որի սովորաբար հենց դիմում են աթոռի հենակին։ Դժվար չէ կռահել, որ նման recherchés[3] թաքստոցներին ապավինում են միայն շարքային բանականության տեր մարդիկ, և որ թաքցնելու այդ ձևը հեշտությամբ կարելի է կանխատեսել։ Այդպիսի դեպքերում հետաքննության հաջողությունը պայմանավորված է ոչ այնքան փնտրողի խորաթափանցությամբ, որքան համբերությամբ, ջանասիրությամբ և համառությամբ, և եթե գործը հույժ կարևոր է կամ, ինչ որ ոստիկանության համար միևնույն է, մեծ գումարի հարց կա, ապա վերը նշված հատկությունները երբեք տանուլ չեն տալիս։ Հիմա դուք հասկանում եք, թե ինչու ես ասացի, որ եթե նամակը գտնվեր [ 55 ] ոստիկանապետի որոնման ոլորտում, ապա այն անպայման կգտնվեր։ Մինչդեռ նա կատարյալ պարտություն կրեց, և դրա հիմնական պատճառը նրա այն ենթադրությունն էր, թե նախարարը հիմար է։ Բնազդաբար կռահելով, որ բոլոր հիմարները բանաստեղծ են, նա թյուրիմացաբար ենթադրել էր նաև, որ բոլոր բանաստեղծները հիմար են, թույլ տալով այդպիսով non distributio medii[4] սովորական սխալը։
— Բայց մի՞թե բանաստեղծը նախարա՛րն է,— հարցրեցի ես։— Ես կարծում էի, թե նրանք երկու եղբայր են, որոնցից ամեն մեկը հայտնի է տարբեր բնագավառներում գրած իր գործերով։ Նախարարը կարծեմ դիֆերենցիալ հաշվի վերաբերյալ մի մենագրություն ունի, նա մաթեմատիկոս է, ոչ թե բանաստեղծ։
— Դուք սխալվում եք,— նա և մե՛կն է, և մյո՛ւսը, ես նրան լավ գիտեմ։ Միևնույն ժամանակ բանաստեղծ և մաթեմատիկոս լինելու շնորհիվ նա բացառիկ լավ է դատում։ Եթե նա միայն մաթեմատիկոս լիներ, ապա բոլորովին չէր կարողանա դատել և անձնատուր կլիներ ոստիկանապետին։
— Դուք ինձ զարմացնում եք,— ասացի ես,— մի՞թե ուզում եք ժխտել այն դարավոր համոզմունքը, ըստ որի մաթեմատիկական դատողությունը միշտ այդպիսին է համարվել par excellence։
— Il y a à parier,— պատասխանեց Դյուպենը, մեջբերելով Շամֆորին,— que toute idée publique, toute convention reçue, est une sottise, car ellea convenu au plus grand nombre»[5]։ Համաձայն եմ, որ մաթեմատիկոսները շատ բանով են նպաստել ձեր նշած մոլորության տարածմանը, բայց դրանից այն չի դադարել մոլորություն լինել։ Ավելի ազնիվ կիրառության արժանի եռանդով նրանք անալիզ բառը ներմուծել են հանրահաշվի մեջ։ Դա, իհարկե, ֆրանսիացիների մեղքն է, բայց եթե տերմինը գործածությունից որոշակի իմաստ է ստանում, ապա «անալիզը» նույնքան հանրահաշիվ է նշանակում, [ 56 ] որքան լատիներեն ambitius[6]-ը՝ փառասիրություն, religio[7]-ն՝ կրոն, կամ է homines honesti[8]-ն՝ պատվավոր մարդիկ։
— Փարիզի որոշ հանրահաշվագետներն այդ բանը ձեզ չեն ների,— նկատեցի ես,— ներեցեք, ես ձեզ ընդհատեցի։
— Ես ժխտում եմ ձևական տրամաբանությունից բացի ցանկացած այլ մասնավոր բնագավառում մշակված բանականության պիտանիությունն ու արժեքը։ Ինձ համար հատկապես անընդունելի է մաթեմատիկական վարժություններով բուծված դատողությունը։ Մաթեմատիկան ուսմունք է ձևի և քանակի մասին և մաթեմատիկական դատողությունը պարզապես ձևը և քանակը քննարկող տրամաբանություն է։ Այսպես կոչված «զուտ» հանրահաշվի օրենքներն ընդհանուր և վերացական համարելով՝ մենք մեծագույն սխալ ենք գործում, ընկնելով այնքան սոսկալի մի մոլորության մեջ, որ ես զարմանում եմ, թե ինչպես է այն համատարած դարձել։ Մաթեմատիկական աքսիոմներն իսպառ զուրկ են համընդհանուր իսկությունից։ Այն ինչ ճիշտ է հարաբերության ոլորտում ձևի և քանակի համար, բացարձակ անմտություն է դառնում, ասենք, բարոյականության բնագավառում։ Ամբողջը այստեղ սովորաբար հավասար չի լինում բաղկացուցիչ մասերի գումարին։ Քիմիայի նկատմամբ այդ օրենքը նույնպես կիրառելի չէ։ Դրանից չի կարելի օգտվել նաև արարքների հիմնավորվածությունը բացատրելու համար, քանի որ երկու դրդապատճառների միասնությունը երբեք համարժեք չի լինում նրանց առանձին արժեքների գումարին։ Շատ մաթեմատիկական աքսիոմներ գործածելի են սոսկ հարաբերության ոլորտում, բայց չնայած դրան, մաթեմատիկոսները, սովորության համաձայն, միշտ ելնում են այդ վերջավոր իսկություններից, կարծես թե դրանք ընդհանուր բնույթ ունեն, ասենք աշխարհն այդպես էլ կարծում է։ Բրայընթըiv իր «Առասպելաբանություն» ներհուն գրքում հենց նման մի մոլորություն է նկարագրում, գրելով, որ «թեև հեթանոսական առասպելներին ոչ ոք չի հավատում, այնուհանդերձ, մենք միշտ մոռանում ենք այդ և նրանցից հետևություններ ենք անում, կարծես թե այդ առասպելներն իրական լինեն»։ Հանրահաշվագետները, իրենք հեթանոս լինելով, [ 57 ] հավատում են «հեթանոսական հորինվածքներին» և նրանցից հետևություններ են անում ոչ թե թյուրիմացաբար, այլ ուղեղի մի անբացատրելի մթագնությամբ գերված։ Կարճ ասած, ես դեռ չեմ հանդիպել մի մաթեմատիկոսի, որին կարելի լիներ համընկնող արմատներից դուրս որևէ բան վստահել, և որը թաքուն չհավատար, որ x2+px֊ը միշտ և անխտիր հավասար է q֊ի։ Փորձնական կարգով կարող եք որևէ մաթեմատիկոսի ներկայությամբ ենթադրել, թե x2֊ի և px֊ի գումարը միշտ չէ, որ q֊ի է հավասար։ Բացատրեք նրան, թե ինչ նկատի ունեք, բայց և իսկույն ճողոպրեք, որովհետև նա, անկասկած, կփորձի ձեզ գետին տապալել։
Այդ պատկերն ինձ բավական զվարճացրեց, մինչդեռ Դյուպենը շարունակում էր.
— Ասածս այն է, որ եթե մինիստրը սոսկ մաթեմատիկոս լիներ, ապա ոստիկանապետն առիթ չէր ունենա ստորագրել մուրհակը։ Այնինչ ես գիտեի, որ նա նաև բանաստեղծ է, և համապատասխանորեն շտկել էի իմ ծրագրերը, հաշվի առնելով նաև նրան շրջապատող այլ հանգամանքները։ Բացի այդ, ես գիտեի, որ նա արքունիքի մարդ է և միաժամանակ նաև հանդուգն intriguanti[9] է։ Ես ենթադրեցի, որ այդպիսի մարդն, անկասկած, պիտի քաջատեղյակ լիներ ոստիկանական հետաքննության միջոցներին։ Նա չէր կարող չնախատեսել, և փորձը ցույց տվեց, որ նախատեսել էր փողոցում իր վրա կատարված հարձակումները։ Նա պետք է որ ակնկալած լիներ նաև տան գաղտնի խուզարկումները։ Ոստիկանապետին այդքան ուրախացրած նրա հաճախակի գիշերային բացակայությունները պարզապես խորամանկ հնարքներ էին, որոնք Գ֊ին պիտի հնարավորություն տային հավաստիանալ, թե նամակն իսկապես տանը չէ։ Ես նաև համոզված եմ, որ իմ քիչ առաջ շարադրած ոստիկանների գործողությունները վերլուծող դատողությունների շղթան անկասկած անցել է նաև նրա մտքով։ Դրա բնական հետևանքը պիտի լիներ ամեն տեսակի ավանդական թաքստոցների մերժումը։ Նա պետք է հասկանար, որ ասեղներով, շաղափներով ու մանրադիտակներով զինված ոստիկանների համար իր տան ամենից թաքուն անկյունն իսկ բաց պահարանից էլ մատչելի կլիներ։ Ես եզրակացրի, որ այս ամենի բերումով նա ուզած֊չուզած, [ 58 ] որպես միակ փրկության, պետք է դիմեր պարզությանը։ Դուք երևի հիշում եք, թե ինչպես էր հրճվում ոստիկանապետը, երբ ես ենթադրեցի, թե այս գաղտնիքը նրան չէր ենթարկվում, թերևս որովհետև չափից դուրս պարզ էր։
— Իհարկե,— հաստատեցի ես,— նա քիչ էր մնում ծիծաղից մեռներ։
— Նյութական աշխարհը,— շարունակեց Դյուպենը,— զարմանալի զուգահեռներ ունի հոգեկանի հետ, ահա թե ինչու է վավերական երանգ ստացել այն դրույթը, թե փոխաբերությունը կամ համեմատությունը, ցանկացած նկարագրություն զարդարելուց բացի, կարող է նաև ավելի համոզիչ դարձնել պատճառաբանությունը։ Օրինակ՝ vis intertiae[10] սկզբունքը հավանորեն տարածվում է ինչպես ֆիզիկայի, այնպես էլ մետաֆիզիկայի վրա։ Եթե առաջին դեպքում մենք ընդունում ենք, որ ծանր մարմինն ավելի դժվար է շարժել, քան թեթևը, և որ այդ դեպքում պահանջվող momentumi[11]֊ը համեմատական է այդ դժվարությանը, ապա նաև ակնհայտ է, որ հզոր բանականությունը, չնայած այն ավելի մեծ թափ ունի և ավելի նպատակասլաց ու արդյունավետ է, քան շարքայինը, բայց և այնպես պակաս դյուրաշարժ է, և նրա առաջին քայլերը բավական երկչոտ են ու դժկամ։ Ի դեպ, դուք չե՞ք նկատել, թե որ ցուցանակներն են փողոցում ավելի շատ ուշադրություն գրավում։
— Երբեք մտքովս չի անցել,— պատասխանեցի ես։
— Ես մի խաղ գիտեմ, որը սովորաբար խաղում են քարտեզի օգնությամբ։ Խաղացողներից մեկը բարձրաձայն կարդում է մի որևէ քաղաքի, գետի, պետության կամ կայսրության, կարճ ասած, խայտաբղետ քարտեզի ցանկացած անուններից մեկը, իսկ մյուսը պարտավոր է այն գտնել։ Սկսնակները, որպես օրենք, փորձում են խորամանկություն անել և ընտրում են ամենամանր տառատեսակով գրված անունները, մինչդեռ փորձված խաղացողը սովորաբար ընտրում է այնպիսիներր, որոնք մեծ֊մեծ տառերով ձգվում են քարտեզի մի ծայրից մյուսը։ Այդ անունները, ինչպես և փողոցի արտակարգ խոշոր տառերով գրված ցուցանակներն ու հայտագրերը, մեր ուշադրությունը չեն գրավում հենց այն պատճառով, որ չափից դուրս բացահայտ են։ [ 59 ] Ֆիզիկական կուրությունն այս դեպքում նմանվում է հոգեկանին, որի շնորհիվ մեր գիտակցությունը չի տեսնում կամ թերագնահատում է այն, ինչ չափից դուրս պարզ կամ ակներև է։ Ոստիկանապետի հասկանալու համար այս նկատառումը թերևս սաստիկ պարզ և կամ, ընդհակառակը, խրթին է եղել։ Ինչևէ, նրա մտքով երբեք չի անցել, որ մինիստրը կարող էր ընդհանրապես չպահել նամակը, որպեսզի այն ավելի լավ թաքցներ ոմանց աչքերից։
Խորհելով Դ֊ի հանդուգն, փայլուն և սուր հնարամտության, և այն փաստի մասին, որ հանուն լավագույն արդյունավետության նամակը պետք է միշտ նրա ձեռքի տակ լիներ, ինչպես նաև մտաբերելով ոստիկանապետի խուզարկությունը, որը ցույց տվեց, որ նամակն այդ պատվարժան պարոնի որոնումների ոլորտում չէր, ես գնալով ավելի համոզվեցի, որ մինիստրը դիմել է այն թաքցնելու պարզ ու սրամիտ մի միջոցի՝ բնավ չի թաքցրել։
Հանգելով այդ եզրակացությանը՝ ես կանաչ ապակիներով մի ակնոց գնեցի և մի օր, իհարկե բոլորովին պատահմամբ, այցելեցի Դ֊ի տունը։ Մինիստրը տանը նստած ժամավաճառ էր անում, հորանջում և փորձում էր ինձ համոզել, որ ձանձրույթից չգիտի, թե ինչ անի։ Ես գիտեմ, որ աշխարհում նրանից ավելի եռանդուն մարդ չկա, բայց միայն այն դեպքում, երբ նրան ոչ ոք չի տեսնում։
Պարտքի տակ չմնալով՝ ես գանգատվեցի իմ թույլ տեսողությունից, դժգոհելով, որ ստիպված եմ ակնոց դնել, այնինչ դրա տակից սկսեցի ուշադիր զննել ամբողջ սենյակը, ձևացնելով, որ բացառապես զրույցով եմ տարված։
Ինձ հատկապես հետաքրքրեց Դ֊ի մեծ գրասեղանը, որի վրա ցաք ու ցրիվ ընկած էին բազմաթիվ թղթեր, նամակներ, գրքեր ու մի երկու երաժշտական գործիք։ Այդ ամենը բավական երկար ուսումնասիրելուց հետո ես գտա, որ սեղանի վրա ոչ մի կասկածելի բան չկա։
Վերջապես, մի անգամ էլ շուրջս նայելով, ես նկատեցի բուխարու տակից կեղտոտ, երկնագույն ժապավենով անփութորեն կախված մի ստվարաթղթե քարտաշարոց։ Շարոցը երեք թե չորս բաժին ուներ, որտեղ մի հինգ֊վեց այցետոմս և մի միայնակ նամակ կար։ Նամակը բավական ճմրթված էր, կեղտոտ և մեջտեղից պատռված, ասես մեկն այն ուզել էր պատռել ու դեն [ 60 ] նետել, բայց հետո միտքը փոխել էր։ Նամակի երեսին խփված էր Դ֊ի մեծ, սև դրոշմը, և այն կանացի ձեռքով հասցեագրված էր հենց իրեն, Դ֊ին։ Այն անփութորեն, ես կասեի նույնիսկ արհամարհանքով խցկված էր շարոցի վերևի բաժանմունքը։
Նամակը տեսնելուն պես ես իսկույն հասկացա, որ հենց դա էի փնտրում, թեև այն բոլորովին նման չէր ոստիկանապետի նկարագրած նամակին։ Այն Դ֊ի մեծ և սև դրոշմն էր կրում, մինչդեռ իմ փնտրած նամակը դրոշմված էր դուքս Ս֊ի փոքրիկ, կարմիր կնիքով։ Բացի այդ, այստեղ կանացի մանր ձեռագրով նշված էր մինիստրի հասցեն, այնինչ ինձ պիտի հետաքրքրեր համարձակ ու խոշոր ձեռագրով ոմն վեհապանծ անձնավորության հասցեագրված նամակը։
Սակայն ինձ հատկապես գրավեց հենց այդ արմատական հակադրության դիտավորությունը։ Բացի այդ, նամակի քնձռոտ տեսքը, որը պիտի ծառայեր նրա կատարյալ անպետքությունը վկայելու նպատակին, բոլորովին չէր համապատասխանում Դ֊ի բծախնդիր բնավորությանը։ Եթե դրան ավելացնենք նաև նամակի միտումնավոր մատչելիությունը, որը լիովին համընկնում էր իմ վարկածին, ապա պարզ է, որ այն անխուսափելիորեն պիտի խթաներ հատուկ այդ նպատակով այնտեղ եկած մարդու կասկածամտությունը։
Ես հնարավորին չափ ձգձգեցի իմ այցը և, զրուցելով մինիստրին միշտ հետաքրքրող և հուզող մի հարցի շուրջ, աշխատեցի որքան կարելի է մանրամասն մտապահել նամակի տեսքը և դիրքը։ Այդ ընթացքում ես մի հայտնաբերություն արեցի, որը վերջնականապես ցրեց իմ վերջին աննշան կասկածները։ Ես տեսա, որ նամակի եզրերը սովորականից ավելի շատ էին մաշված։ Այդպիսի տեսք է ունենում այն թուղթը, որը մի ուղղությամբ ծալելուց ու սեղմելուց հետո, շրջում և նույն գծով ծալում են հակառակ ուղղությամբ։ Ես հասկացա, որ նամակը ձեռնոցի պես շուռ էին տվելi , ապա նորից հասցեագրել ու կնքել։ Ես մինիստրին հրաժեշտ տվեցի և սեղանին թողնելով իմ ոսկյա ծխախոտատուփը, հեռացա։
Հետևյալ օրը անցա ծխախոտատուփը վերցնելու, և մենք հաճույքով վերսկսեցինք մեր նախորդ օրվա խոսակցությունը։ Հանկարծ մեր զրույցն ընդհատվեց փողոցում հնչած կրակոցից ու սարսափահար ամբոխի ճիչերից։ Դ֊ն նետվեց դեպի պատուհանը, փեղկերը բացեց և դուրս նայեց։ Այդ ընթացքում ես մոտեցա [ 61 ] բուխարուն, վերցրի ու գրպանս դրեցի բաղձալի նամակը և այն փոխարինեցի իր արտաքինի ճշգրիտ պատճենով։ Այդ facsimile[12]֊ն ես նախօրոք պատրաստել էի տանը՝ կեղծելով Դ֊ի դրոշմը սովորական խմորի օգնությամբ։
Փողոցում առաջացած խուճապի մեղավորը մի խենթի մեկն էր, որը կանանց և երեխաների խիտ ամբոխի մեջ հանկարծ պարպել էր իր ատրճանակը։ Բարեբախտաբար պարզվել էր, որ վառոդի լիցքն առանց գնդակի է եղել, և խեղճ թշվառականին բաց էին թողել, հարբեցողի կամ խելագարի տեղ դնելով։ Երբ նա գնաց, Դ֊ն հեռացավ պատուհանից, որի մոտ, վերցնելով ինձ հետաքրքրող փաստաթուղթը, կանգնել էի նաև ես։ Շուտով ես նրան հրաժեշտ տվեցի և հեռացա։ Ավելորդ է ասել, որ կեղծ խելագարն իմ ուղարկած մարդն էր։
— Բայց ի՞նչ կարիք կար,— հարցրեցի ես,— նամակի փոխարեն facsimile դնել։ Մի՞թե չէր կարելի հենց առաջին այցելության ժամանակ այն պարզապես փախցնել։
— Դ֊ն,— պատասխանեց Դյուպենը,— հանդուգն և խիզախ մարդ է։ Բացի այդ, կարծում եմ, որ տանն ամեն դեպքում նրան նվիրված մարդիկ կճարվեին։ Եթե ես դիմեի ձեր առաջարկած անխոհեմ քայլին, ապա թերևս դուրս չգայի մինիստրի տնից, և իմ սիրելի փարիզեցիներն իմ անունն այլևս չէին լսի։ Բացի այդ, ես նաև մի այլ շարժառիթ ունեի։ Հուսով եմ, դուք ծանոթ եք իմ քաղաքական հակումներին, որոնց շնորհիվ իմ ամբողջ համակրանքը վերոհիշյալ բարձրաստիճան տիկնոջ կողմն էր։ Տասնութ ամիս շարունակ նա մինիստրի իշխանության տակ էր, բայց այժմ դերերը փոխվել են։ Քանի որ Դ֊ն այդ մասին դեռ չգիտի, նա, անկասկած, կշարունակի առաջվա պես հոխորտալ և կատարյալ քաղաքական սնանկության կմատնվի։ Նրա գահավիժումը կլինի ոչ միայն սրընթաց, այլև խայտառակ։ Ինչ էլ որ ասեն facilis descensus Averni[13] վերաբերյալ, բայց, ինչպես հնում նկատել է Կատալանին, ցանկացած ասպարեզում բարձրանալն իջնելուց ավելի դյուրին է։ Տվյալ դեպքում ես բոլորովին չեմ համակրում և նույնիսկ չեմ խղճում իջնողին։ Նա monstrum horrendum[14] է, հանճարեղ, բայց անսկզբունք մի [ 62 ] մարդ։ Ինչևէ, ես շատ կուզեի իմանալ, թե ինչ է մտածելու այդ մարդը, երբ պարտություն կրելով ոստիկանապետի ասած «ոմն անհատից», ստիպված կլինի բացել իմ թողած նամակը։
— Ինչպես թե... Մի՞թե դուք այնտեղ գրություն եք թողել։
— Դե, ճիշտն ասած, ինձ թվաց, որ ներսի կողմը դատարկ թողնելն ինչ֊որ տեղ նույնիսկ վիրավորական կլիներ։ Ժամանակին Վիեննայում Դ֊ն ինձ սաստիկ ծանր կացության մեջ էր գցել և ես կատարյալ բարեհոգությամբ խոստացել էի, որ պարտքի տակ չեմ մնա։ Գիտենալով, որ մինիստրին անկասկած կհետաքրքրի, թե ով է խաղացել իր գլխին այդ խաղը, ես մտածեցի, որ ափսոս կլիներ նրան այդ հարցում չօգնել։ Նա իմ ձեռագրին լավ ծանոթ է, այնպես որ ես պարզապես գրեցի.
Un dessein si funeste,
S'il n'est digne d'Atrée, est digne de Thyeste[15].
Այդ տողը կարելի է գտնել Կրեբիյյոնի «Աթրեոս»֊ում։
- ↑ Իմաստության համար իմաստակությունից ավելի ատելի բան չկա (լատ.):
- ↑ Գրենական պիտույքների պահոց (ֆր.)։
- ↑ Արտառոց (ֆր.)։
- ↑ Չբաշխված միջինի (լատ.):
- ↑ Գրազ կգամ, որ ամեն մի լայնորեն տարածված կարծիք և համընդհանուր ճանաչում գտած պայմանականություն հիմարություն է, թեկուզև այն պատճառով, որ դուր է գալիս մեծամասնությանը (ֆր.)։
- ↑ Շրջանաձև շարժում (լատ.)։
- ↑ Բարեխղճություն (լատ.)։
- ↑ Ազնիվ մարդիկ (լատ.)։
- ↑ Բանսարկու (ֆր.):
- ↑ Իներցիայի ուժ (լատ.):
- ↑ Իմպուլսը (լատ.):
- ↑ Ճշգրիտ պատճեն (ֆր.):
- ↑ Դժոխք գահավիժելու հեշտություն (լատ.)։
- ↑ Զարհուրելի հրեշ (լատ.):
- ↑ Այդպիսի կործանարար մի ծրագիր արժանի է եթե ոչ Աթրեոսին, ապա
Ֆիեստին (ֆր.):