Jump to content

Հետերա-երազ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հետերա-երազ

Հետերա-երազ


(էպիլոգ)

1


Երբ վեր սլացան հրոտ, հրակամ
Հրթիռները հուր, հրավարս ու հիր —
Աստղային ծիրից նորից վայր ընկան
Ու դղյակը հին դարձրին մոխիր:

2


Ու ընկած էր նա մոխիրի վրա:
Ընկած էր մենակ: Ու լուռ էր չորս դին:
Մոխիրի վրա սպասում էր նա`
Աչքերը հառած կույր, անդեմ մութին:
Եվ մեկը կարծես մոտեցավ նրան,
Մոտեցավ, խնդաց ու կանչեց միգում:
Հիշեց, որ կային — չքացան-կորան
Աստղերը` հոգու երկնքում. հոգում:
Ու ժպտաց, ժպտաց ասպետը հանկարծ:
Ձեռքերը պարզեց — այնքան մո՛տ է նա:
Գուցե բռնկվեն աստղերը հանգած
Ու նորից վառվեն մոխիրի վրա...
Ձեռքերը պարզեց ու լռեց միայն:
Ու խնդաց նորից սիրտը մշուշում:
Ու չկար ոչ-ոք: Թվում էր նրան
Աշխարհն էլ, ինքն էլ — մի մութ վերհիշում:

3


Ու խո՛ր հեծկլտաց ասպետը, ընկած
Ճերմակ դղյակի մոխիրի վրա:
Ու հիշեց բոլոր աստղերը հանգած,
Ու հիշեց հրոտ հմայքը նրա:
Եկավ — ու չկա: Բայց չէ՞ որ, երբ դեռ
Հրդեհն էր լափում դղյակը իր հին`
Բոցերի ծովում մի ոսկի թիթեռ
Զնգում էր, շաչում — հրավարս մի կին:
Օ, թող գա՛, թող գա՛: Լինի արյունոտ:
Մեխվի իր սրտում, որպես քաղցր սուր:
Թող նորի՛ց վառվի համբույրը հրոտ
Ու հմայքը հուր...
Եվ թո՜ղ չլինի երազն աստղային —
Ճերմակ դղյակի անմարմին ուրուն...
Եվ չէ՞ որ ոսկի կրակներ կային
Մեռնելուց առաջ նրա աչքերում...

4


Դու ինձ մոտ էիր: Ժպտացիր — ու հուր
Համբույրի ժամին հոգիս` գոհ, դժգոհ՝
Ընկավ գիշերի խոռոչի մեջ խոր —
Բայց օրհնում էի հրդեհները քո:
Ես օրհնում էի: Ժպտում էիր դու:
Ու հրդեհեցի իմ դղյակը հին,
Որ ի՜մը լինես, չդառնաս ուրու,
Որ ինձ մոտ մնաս՝ պարզ ու երկրային...
Բայց ո՞ւր գնացիր, ինչո՞ւ հեռացար:
Թ՞ե — այստեղ ես դու, բայց մենակ եմ ես,
Ինչո՞ւ հեռացար ու ցնորք դարձար`
Հեռավո՛ր ուրու — անմարմին, անտես:
* * * * * * * * * * * *
* * * * * * * * * * * *
Ճերմակ դղյակի մոխիրի վրա,
Հիշելով ոսկի հրթիռը մարած —
Անզոր շշնջում ու կանչում էր նա. —
— Հետե՛րա-ցնորք, հետե՛րա-երազ...

1916