Jump to content

Հերի՛ք է, ա՛զգ իմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հերի՛ք է, ա՛զգ իմ
ՀԵՐԻ՛Ք է, Ա՛ԶԳ ԻՄ...

Հերի՛ք է, ա՛զգ իմ, որքան քընաբեր
Օրոր կարդացին քեզ անկյանք մարդիկ.
Դարևոր նիրհով փակված քո աչեր
Չըտեսան ո՛չ կյանք, ո՛չ լուսո բարիք:

Հըպարտ անցյալիդ հիշատակներով.
Ներկայի առաջ ձեռքերըդ ծալած.
Դու միշտ ապրեցիր հին-հին երգերով,
Պատմական բարձեր գըլխիդ տակ դրած…

Հնության ժանգից գոսացան քո մեջ
Ե՛վ ուժ, և՛ եռանդ, և՛ գործի փափագ.
Քեզ հին սերունդը քարոզեց անվերջ
Պաշտե՜լ մասունքներ, պաշտե՜լ ավերակ…

Սթափվի՛ր, ա՛զգ իմ, տես քո առաջև
Նոր կյանք է բացվում, նոր օր լուսանում —
Այդ նոր սերունդն է դեպի լույս-արև
Պարզած յուր դրոշն՝ քեզ առաջ տանում։

Նա մատաղ մըշակ, մատաղ աշխուժով
Փշրում է ժայռեր, խորթ ուղիղ հարթում,
Ասպարեզ ելած թարմ մըտքի ուժով,
Անշարժ սերունդիդ կուռքերն է ջարդում։

Նորա անվեհեր ձայնին ունկնդիր,
Ազգ իմ, դու հառա՜ջ, հառա՜ջ համարձակ
Դու նորան սիրի՛ր, նորան փայփայի՛ր,
Եվ կյանքի կռվում քոնն է հաղթանակ…