Jump to content

Հիմար մարդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հիմար մարդը

ՀԻՄԱՐ ՄԱՐԴԸ

(Հեքիաթ)

Լինում է չի լինում, մի հարուստ մարդ է լինում. նա ունենում է 7 աղջիկ, բայց ոչ մի տղա։ Մարդը կամաց-կամաց սկսում է ծերանալ։ Նա իր յոթ աղջիկներին ամուսնացնում է և ունեցած-չունեցածը ծախելով ճանապարհ է ընկնում Աստծու մոտ գանգատվելու, թե ինչո՞ւ իրեն տղա զավակ չի պարգևել։

Ճանապարհին նա տեսնում է մի մարդու, որ տխուր ու տրտում, վիզը ծռած կանգնած էր իր արտի մոտ։

-Բարի օր,-ասում է մարդը։

-Աստծու բարին,-պատասխանում է արտատերը տխուր։

-Ինչո՞ւ ես տխուր,- հարցնում է մարդը։

-Ինչ անեմ, որ չտխրեմ. ամեն տարի արտումս 100 սոմար ցորեն եմ ցանում, բայց որ գալիս է հնձելու ժամանակը, իսկույն ժանգը պատում է արտս։ Չեմ իմանում՝ ո՞ր մեղքիս համար է այդպես լինում։

-Ես գնում եմ Աստծու մոտ. եթե կուզես, քո դարդն էլ կպատմեմ։

-Շատ լավ կլինի,-ասում է արտատերը ուրախացած։

-Մարդը շարունակում է իր ճանապարհը։ Անցնում է շատ երկրներ, սարեր ու ձորեր, և մի խիտ անտառում պատահում է նրան մի գայլ, որ տխուր կանգնած էր ճանապարհի վրա։

- Բարի օր,- ասում է մարդը։ -Բարով եկար,-պատասխանում է գայլը տխուր։

-Ինչո՞ւ ես այդպես տխուր, գայլ աղբեր,-հարցնում է մարդը,-թե մի դարդ ունես, ասա՛, ես գնում եմ Աստծու մոտ, քո դարդն էլ կպատմեմ Նրան։

-Իմ դարդն այն է,-պատասխանում է գայլը ուրախացած,-որ ես ինչքան միս եմ ուտում, չեմ կշտանում. չեմ իմանում՝ ինչո՞ւ։ Խնդրում եմ խնդիրքս կատարես։

Մարդը շարունակում է իր ճանապարհը և վերջապես հասնում է Աստծու մոտ ու պատմում իր դարդը։

-Աստված պատասխանում է.

Քո վերջին օրերը շատ փառավոր կլինեն, եթե դու ցանկանաս, և քո դարդն էլ կմոռանաս։ Կգնաս Մ..... թագավորի մոտ, որը կին է, կհայտնես նրան այդ գաղտնիքը և դու փոխարենը կթագավորես։

-Բայց այն մարդու արտը ինչո՞ւ է այնպես փչանում։

-Որովհետև,-շարունակում է Աստված,-նրա արտի մեջ գտնվում է յոթ կարաս ոսկի։ Ամառ ժամանակ ոսկին տաքանում է, և արտը ժանգով է պատում։

-Իսկ գայլը ինչո՞ւ է այնպես քաղցած մնում։

-Նա կկշտանա, եթե մի հիմար մարդու միս ուտի։

Մարդը գնում է այն թագավորի մոտ և հայտնում նրան գաղտնիքը։

-Խնդրում եմ,-ասում է թագավորը,-դու հագիր շորերս և իմ փոխարեն թագավորիր։ Ոչ ոք չի իմանա, բացի մեզնից։

-Չէ՛, չեմ ուզում,-ասում է մարդը և հեռանում։

Հասնում է արտատերին, որը էլի կանգնել էր տխուր իր արտի մոտ։

-Էլ մի՛ տխրիր. Աստված ասել է, որ քո արտում գտնվում է յոթ կարաս ոսկի, և դրանից է, որ քո արտը ժանգով է պատում։

-Խնդրում եմ,-ասում է արտատերը,-ոչ ոքի չասես, թե չէ կթափվեն, ոսկին կտանեն և արտս կկոխրտեն։ Այս գիշեր չորս կարաս տանենք, իսկ մյուս գիշեր՝ երեքը։

Ասացին ու կատարեցին։

-Այժմ,-ասում է արտատերը,-կամ կեսը քեզ, կեսը ինձ, կամ, եթե ցանկանում ես, ինձ մոտ մնա և մինչ մահ փառավոր ապրի՜ր։

- Չէ՛, չեմ ուզում,- ասում է մարդը և հեռանում։

Վերջապես նա պատահում է գայլին:

-Գայլ աղբեր, Աստված ասաց, որ եթե դու մի հիմար մարդու միս ուտես, կկշտանաս։- Եվ մարդը պատմեց իր գլխի անցածը՝ թագավորության, փառքի և ոսկու մասին։

Գայլը մտածում է.

-Այս մարդը ոչինչ չունի այլևս և բավականին ծեր է։ Նրան առաջարկել են թագավորություն, փառք ու ոսկի, չի վերցրել, սրանից էլ հիմար մա՜րդ։

Մինչ այդ մարդը մի քիչ հեռացել էր։

-Էյ, մարդ աղբեր,-կանչում է գայլը և մոտենում,-ոտքիդ թելը բացվել է։

Մարդը կռանում է, որ կապի ոտքի թելը։ Իսկ գայլը, հարմար համարելով և ցատկելով մարդու մեջքի վրա, հոշոտում է հիմար մարդուն։