Jump to content

Հին խնդիրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հին խնդիրը
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 351
ծ. ― էջ 625

[ 351 ]  Հրապարակում հարց դրվեց, ներքին գործերի մինիստրությունը բացատրում է և կարգադրում, որ կաթողիկոսական ընտրության պատգամավորը պետք է ընտրված լինի իր թեմից, այն թեմից, որին պատկանում է ինքը։ Թիֆլիսի հայոց մամուլը, փոխանակ լուրջ այս խնդրով զբաղվելու, շարունակեց իր սիրած պրովակատորական գործը, անդադար գոռալով մին, թե «Հորիզոնի» խմբագրությունն է ուղարկել Պոլսի ցուցակը, մյուս անգամ, թե տեղակալն է ուղարկել, թեև իրենք են ասում, որ հաստատ լսել են Մանկունուց, թե ով է ուղարկել, և չեն քաշվում անվերջ անբարեհուսության կասկած գցելու այդ ցուցակի մարդկանց վրա, պարզ անվանելով «հորիզոնական» ու հեղափոխական, և հորդոր կարդալով այդ ցուցակի մեջ նշանակված մարդկանց, ընտրելու դեպքում, մերժել, այլապես…

Բայց պետք է կարդալ այդ թերթերը, պետք է կարդալ ու խորապես ցավելով համոզվել, թե ինչքան ցած ենք ընկած որպես մի ժողովուրդ, որ կարող է և այդպիսի գրողներ արտադրել և նրանց գրածները կարդացողները։ Սակայն անցնենք գործին։

Ռուսաց կառավարությունը, Կովկաս մտնելու օրից հոգացել է իմանալու, իմիջիայլոց, և այն, թե ինչ կարգով են ընտրվում ամենայն հայոց կաթողիկոսները, ինչ հնուց ավանդություններ կան այդ մասին և գրավոր ցուցմունքներ ու օրենքներ։ Այդ հարցը առանձին կարևորություն առավ ու արծարծվեց Եփրեմ կաթողիկոսից հետո Հովհաննես կաթողիկոսի ընտրության ժամանակ և նրա մահից հետո էլ Ներսես հինգերորդի ընտրության ժամանակ։

Թե՛ ներքին, թե՛ արտաքին գործերի մինիստրությունները տեղեկություններ հավաքեցին և մի պատմական հուշագիր կազմեցին (Историческая записка о Патриархах Армянского Престола в Эчмиадзине. Акты, Собр. Кавк. Арх. Комм.) այդ խնդիրը պարզելոլ և կարգի դնելու համար։ [ 352 ]  Պարզվեց, որ հին դարերից հայոց եկեղեցու պետերի ընտրության ժամանակ հարկավոր էր ոչ միայն հայոց հոգևորականության ու ժողովրդի համաձայնությունը, այլև հարևան պատրիարքների հավանությունը։ Թեկնածվի անունը տալիս էր հոգևորականությունը կամ ժողովուրդը։ Այդ անունը հրապարակ գալուց հետո աշխարհական թե հոգևորական ամեն մարդ իրավունք ուներ խոսելու, քննադատելու և հայտնելու ընտրելի անձի պակասություններն ու առաքինությունները և դրա հետ իր ընտրեմ-չընտրեմը։

Մահմեդական պետությունների տիրապետությունից հետո խառնվում ու հետզհետե մոռացվում է այս կարգը կամ, ավելի ճշմարիտը՝ անկարելի է դառնում նախկին ձևով կատարելը։ Լինում են ժամանակներ, երբ առանց մի որևէ ընտրության պարսից շահն է նշանակում կաթողիկոս մի որևէ եպիսկոպոսի, ով իրեն հաճելի կլիներ կամ ավելի փող կտար։ Բայց սովորաբար ընտրությունը մնում է Էջմիածնում գտնվող եպիսկոպոսներին։

Ժամանակի ընթացքում ընտրությանը մասնակցում են ոչ միայն եպիսկոպոսները, այլև մնացած բոլոր միաբանները, մինչև վերջին տիրացուն «начиная от архепископа до священника и диакона», ինչպես ասում է արտաքին գործոց մինիստրության հուշագիրը։ Ապա թե գալիս է Արարատյան երկրի և նրա շրշակայքի մելիքների ու յուզբաշիների համաձայնությունը։

Կաթողիկոսի ընտրությունից հետո առանձին նվիրակի ձեռքով ու առանձին թղթով տեղեկություն էր տրվում հեռավոր հայ ժողովուրդներին, ստացվում էր նրանց հոժարությունը, այլևս առնում էին, իհարկե, փողով, սուլթանի բարաթն ու շահի ֆարմանը, և կաթողիկոսն այսպիսով հաստատվում էր իր գահի վրա։

Գլխավորապես ռուսաց կառավարության ջանքերով, որն ուներ իր առանձին հայացքը և աշխատում էր մեծացնել հայոց կաթողիկոսի նշանակությունը և դարձնել հիրավի ամենայն հայոց, հետզհետե ընդարձակվում է շրջանը և ընտրությանը մասնակցում են նաև Պոլսի ազդեցիկ հայերը, ամիրաներն ու սեղանավորները (սարաֆ), հայոց պատրիարքներն [ 353 ] ու հեռավոր գաղթավայրերը։ Հովհաննես կաթողիկոսի ժամանակ էլ, 1836 թվին, հրատարակվում է հայտնի Պոլոժենիան՝ «Բարձրագույն կարգադրութիւն յաղագս կառավարութեան գործոց լուսաւորչական Հայոց եկեղեցւոյ ի Ռուսաստան»։ Պոլոժենիայով արդեն ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են ամենայն հայերը իրենց պատգամավորներով։ Նա «Յաղագս Ծայրագոյն պատրիարքին Էջմիածնի» գլխի մեջ հոդ. 14, մեզ զբաղեցնող հարցի մասին ասված է. «Այսոքիք ընտրեալ պատգամաւորք եթէ չը կարասցին ներկայանալ անձամբ ի վանս Էջմիածնի ցնշանակեալ ժամանակն վասն ընտրութեան Պատրիարքի, ունին իրաւունս յայտնել գրութեամբ զդատողութիւն իւրեանց՝ հասուցանելով զայն ՛ի Սիւնհոդոսն Էջմիածնի»։

Եվ Հովհաննես կաթողիկոսի մահից հետո, Ներսես Աշտարակեցու ընտրության ժամանակ, 1843 թվին, արտասահմանից ընտրված աշխարհական և թե հոգևորական պատգամավորների մեծ մասը, երբ չկարողացան անձամբ գալ ու ձայն տալ, մասնակցել ընտրությանը, ուղարկեցին իրենց գրավոր կարծիքներն ու համաձայնությունը։ Ներկա էին ընդամենը 26 պատգամավոր, նրանց մեջ և Տաճկաստանի ու Պարսկաստանի պատգամավորները, իսկ գրավոր կարծիքներ ուղարկել էին ոչ միայն հեռավոր Հնդկաստանից ու Սպահանից, այլև Բեսարաբիայի թեմից, Էջմիածնի կողքին գտնվող Ղարաբաղից ու Վրաստանի և Իմերեթի թեմից։

Պետք է ասենք, որ ռուսաց կառավարությունը այնքան էր ցանկանում այս ընտրությունը անել հանդիսավոր ու ամեն երկրի հայերի մասնակցությամբ, որ Կովկասի կառավարչապետ գեն<երալ> Նեյդգարդտը՝ ժամանակի (մի տարվա) սղության խնդրում Սինոդի հետ համաձայնելով, միջնորդում է Պետերբուրգ՝ մի 6 ամսով էլ հետաձգելու ընտրությունը, մինչև հասնեն Երուսաղեմի, Պոլսի, Պարսկաստանի ու Հնդկաստանի ներկայացուցիչները։ Իսկ գալով ընտրության ձևին, տարակուսում է, ասում է՝ չկա որևէ կանոնադրություն։ Եվ թյուրիմացություններից խուսափելու համար կարելի է համարում ղեկավարվել սովորական ընտրովի ծառայությանց կանոնադրությամբ (устав о службе по [ 354 ] выборам), այդ կանոնադրությունը փոփոխելով ու հարմարեցնելով թե՛ Ռուսաստանի և թե՛ արտասահմանյան հայ ժողովրդի ու հոգևորականության հնավանդ սովորություններին։

Ներսեսի մահից հետո դարձյալ մեջտեղ է գալի հայոց կաթողիկոսի ընտրության խնդիրը, և Կովկասի փոխարքա իշխ․ Բարյատինսկին այս մասին հայտնելով իր կարծիքը՝ գրում է, թե պետք է տալ ընտրությանը լիակատար ազատություն (дать полную свободу выборам), նկատելով, որ, ամեն կողմից էլ խնդրին նայելով, Ռուսաստանի շահերն այդպես են պահանջում։ Իր կարծիքն այդպես հայտնելով, իշխանը հիմնվում է հայերի դեպի Ռուսաստանն ունեցած անկեղծ հավատարմության վրա (на искренюю привязанность армян к России) և այն հանգամանքի վրա, որ նրանք հեռու են ամեն քաղաքական գործերի խառնվելուց և բարձր են գնահատում Էջմիածնի սրբավայրը։

Այս բոլորի վրա մնում է ավելացնելու, որ հետագա կաթողիկոսների ընտրության ժամանակ հեռավոր հայկական գաղթավայրերն ու թեմերը միշտ պատահել է, որ պատգամավոր են ընտրել ոչ թե միայն ուրիշ թեմի ժողովրդից, այլև ուրիշ՝ սովորաբար ռուսաց տերության հպատակներից:

Եվ ահա նորից նույն հին խնդիրն է դրված հրապարակ ու սպասում է իր վերջնական որոշումին։