Jump to content

Հին հեքիաթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հին հեքիաթ

Հին հեքիաթ


1

Լինում է, չի լինում, մի թագավոր,
Մի գոռոզ, ինքնասեր իշխանավոր,
Սա իր մեծ որդու հարսանիքին
Ուզում է հյուր կանչել ողջ աշխարհքին։
Հրաման է տալիս
Իր իշխաններին.
Ու հրաման տալիս՝
Էսպես է ասում.
— Դե, իսկույն գնացեք,
Ինձ համար էնպիսի
Լավ ձենով սազ գտեք,
Որ հենց սազն ածեք՝
Աշխարհքը ողջ լսի,
Թե ինձ մոտ հարսնիք կա,
Վեր կենա ու հյուր գա:

2
Թագավորի կամքն էր,
Նրա հրամանքն էր։
Իշխանները գնացին,
Սազը գտան, ասացին.
— Սազ, թե դու լավ ձեն ունես՝
Արի, պալատ տանենք քեզ,
Թագավորի ժառանգի,
Հարսանիքին նվագի։
— Ծընգըլ-մընգըլ,—
սազն ասավ,—
Ես որ ձենով լինեի՝
Կույր աշուղն ինձ չէր թողնի,
Ու չէր գնա թառ՜ածի...

3
Ելան իսկույն գնացին,
Թառը գտան, ասացին.
— Թառ, թե դու լավ ձեն ունես,
Արի, պալատ տանենք քեզ,
Թագավորի ժառանգի
Հարսանիքին նվագի։
- Պոմ-պոմ, պոմ-պոմ,—
թառն ասավ,—
Ես որ ձենով լինեի,
Ավաղ, էլ ի՞նչ կուզեի,
Էլ չէր շինվի քամանչա,
Որ ինձանից լավ ճչա...

4
Ելան, գտան քամանչին,
Նրան էսպես ասացին.
— Ա՛յ քամանչա, քամանչա՛,
Թե որ դու լավ ձեն ունես,
Արի, պալատ տանենք քեզ,
Թագավորի ժառանգի
Հարսանիքին նվագի։
Ու քամանչեն ասավ թե.
— Ճըզի-վըզի,ճըզի-վըզի
Ա՜խ, եթե
Ես ձենով լինեի՝
Ձեռք չէին տա սրնգին։
Ելան, գտան սրնգին.
Աղաչեցին խնդրագին.
— Սրինգ, դու լավ ձեն ունես,
Արի, պալատ տանենք քեզ,
Թագավորի ժառանգի
Հարսանիքին նվագի։
Իսկ սրինգը ասավ թե.
— Ըմ-ֆու, հա-ֆու
Լսեցեք,
Ողջ աշխարհը լավ գիտե,
Որ սրնգից բարձր ձեն
Ունի դունչը լայն զուռնեն։

6
Ելան իսկույն գնացին,
Զուռնին գտան, ասացին.
— Զուռնա, զուռնա, այ զուռնա,
Եթե դու լավ ձեն ունես,
Արի, պալատ տանենք քեզ,
Թագավորի ժառանգի
Հարսանիքին նվագի։
Լսեց, լսեց լայն զուռնեն,
Զո՜ւ-ղո՛ւ արավ ու մեկեն
Էսպես ասավ բարկացած.
— Դե որ ես կայի, էլ ինչո՞ւ
Շինեցին նոր պարկապկու...

7
Իսկույն ելան վազեցին,
Պարկապկվին խնդրեցին.
— Պարկապկու, պարկապկու,
Եթե դու լավ ձեն ունես,
Արի, պալատ տանենք քեզ։
Թագավորի ժառանգի
Հարսանիքին նվագի։
Փքվեց, փքվեց
պարկապկուն,
Ու բաց թողեց
Իրա պկուն։
Պկուն պվաց,
Պկուն բվաց
Ու քաղցրանուշ
Էսպես ճվաց.
— Ըն-պու, հա-պու,
Պու-պու, հա-պու...
Պարկապկուն
Կգա ձեր տուն...
Պկու կածի
Յոթ իրիկուն...
Ձեն ունի նա,
Ով իմանա,
Առանց կանչել
Հարսնիք կգա...
Ականջ կանի
Պարկապկվին
Որ կփքվի,
Որ կձգվի,
Հարսնիք կանի
Շահի, խանի...
Իշխանները դեռ
Լուր չէին տարել։
Ամբողջ աշխարհքը
Համբավ էր առել։
Պարկապկուն էս որ լսեց՝
Փքվեց, փքվեց ու ձգվեց,
Կարծեց իր ձայնն են լսել,
Հպարտացավ ու դքվեց,
Մեկ էլ հանկարծ՝ տրաքվեց...
Ասած խոսք է՝
«Ով ոք փքվի, նա կչքվի...»։