Հնարավո՞ր է արդյոք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հնարավո՞ր է արդյոք

Եղիշե Չարենց

Հնարավո՞ր է արդյոք, մի ամբողջ
Ժողովրդի երգ դատարան տանել
Եվ որպես խեղճ, հանցապարտ ամբոխ
Ե՛վ խարազանել, և՛ ամբաստանել...

Կարո՞ղ է արդյոք մի ժողովրդի
Երգն ամբողջովին, դպրությունը ողջ
Լինել հանցավոր, որպես տմարդի
Ինքնադատաստան կատարած ամբոխ...

Որքան էլ ինքս չլինեմ կապված
Իմ եղբայրների «դավադրության» հետ,
Սակայն՝ իբրև մարդ և իբրև պոետ
Պատրաստ եմ կրել ամենայն հարված

Նրանց բովանդակ ճակատին իջնող,-
Եվ եթե նրանք իրոք հանցապարտ
Մտքեր են դավել,- ես հլու, հպարտ
Կանգնում եմ ահա էությամբ իմ ողջ

Նրանց հետ մեկտեղ ձեր ամբաստանող
Սինկլիտի առջև և սրտով հոժար [պատրաստ եմ]
Ինքըս վերցնել ուսերով ուժատ,
Բայց ոգով ընդմիշտ և՛ պիրկ, և՛ անկոր

Նրանց կատարած հանցագործության
Ծանրությունն ամբողջ,- և կրել անահ
Ձերբակալություն, և՛ աքսոր, և՛ մահ,
Ո՛չ իբրև տաժանք, այլ՝ սուրբ խնդություն...

Բայց վաղը, եթե աշխարհի առջև,
Մութ նկուղների տաժանքից ելած՝
Կանգնեն բովանդակ մեր երկրի առաջ
Ընկերներն իմ այդ, իբրև վարձկաններ,-

Ես ինքս այնժամ ցասումով ահեղ,
Ոչ իբրև դատող կամ ամբաստանող,
Այլ՝ երկրիս համար խինդով խելահեղ
Ամենայն տաժանք խնդությամբ տանող -

Կկանգնեմ նրանց հանցագործության՝
Նշույլի համար ամենաչնչին -
Կրելու սրտով, և հոժար, և ջինջ
Ամեն մի պատիժ և խոսք պղծության -

Բանաստեղծ և այր մի նվաստագույն՝
Խոսք նշավանքի ես ինքս կասեմ
Անեղծ պոետի շրթունքով վսեմ
Եվ իրավունքով, որ չեն վաստակում

Քծնանքով, տիղմով, քսությամբ ստոր,
Այլ - ժողովրդի սրբազան սրտի
Ըղձանքը խորունկ և խոսքը խրթին
Անահ կարդալու դժվար արվեստով...