Հնդկահավի երգը
Արտաքին տեսք
Հնդկահավի երգը
Փետուրները փշաքաղ,
Թևերը ձիգ՝ գետնին կախ,
Պոչն էլ արած մի չարդախ,
Հավերի մեջ, էն սարսաղ
Հնդկահավը մեր բակում՝
Բեռնած ուղտի պես դանդաղ
Ման է գալի
Տնքտնքալի.—
— Ուա՜խ, ուա՜խ, ուա՜խ...
— Վա՜խ, վա՜խ, վա՜խ...
Մին էլ ըհը՛, նույն բակում
Լսվում է կարճ շվշվոց.—
— Ֆո՜ւ ո՜ւ ո ւ...
— Ֆո՜ւ ո՜ւ ո՛ւ...
Նա էս անգամ բորբոքվում,
Ավելի է փուք-փքվում,
Քիթը մի թիզ ցած գցում,
Գլուխը մի գազ վեր ցցում,
Վիզը կարմիր ու կապույտ
Ուռցնում է նա պուտ-պուտ.
Մին էլ հանկարծ
Զայրացած՝
Ձեն է տալի
Թնդալի.—
— Կրաաա՜-կլի՜-կրո՛ւկլո՜ ...
— Կրաաա՜-կլի՜-կրո՛ւկլո՜...
— Բլրը՛բ,
— Բլրը՛բ...