Jump to content

Հոգիս մռայլ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոգիս մռայլ․․․
ՀՈԳԻՍ ՄՌԱՅԼ…

Հոգիս մռա՛յլ, մռա՛յլ իմ երգ
Էլ սիրտ չըկա տանջվելու…
Դուրս եմ եկել ծովի եզերք,
Դարդս ծովին պատմելու…

Ա՜յ ծով անեզր, ա՜յ ծով անհուն,
Ե՛վ դու հուզված ու պղտոր.
Իմ տառապյալ, տանջված հոգուն
Շա՜տ նման ես դու այսօր։

Ա՜խ, լսիր ինձ և ինձ հետ լաց
Տո՛ւր վըշտերիս արձագանք.
Թո՛ղ ցավերով մտերմացած՝
Մե՛կտեղ գտնենք սփոփանք…

Կամ թո՛ղ վիշտս քո վշտի հետ,
Որպես քույրեր երկվորյակ.
Ալիքներում կորչեն անհետ,
Թաղվին պղտոր ջըրիդ տակ…

Հոգիս մռա՛յլ. մռա՛յլ իմ երգ.
Էլ սիրտ չըկա տանջվելու…
Դուրս եմ եկել ծովի եզերք,
Դարդս ծովին պատմելու…
Գուրզուֆ, 1886 թ.