Jump to content

Հոկտեմբեր 25-26 1917

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոկտեմբեր 25-26 1917

(Ֆրագմենտ[1])

Где над возвышенным крыльцом,
С поднятой ланой, как живые,
Стоят два льва сторожевые...

А. ПУШКИН

Երկինքը գորշ է։ — Պղտոր Նևան
Դանդաղ՝ խփում է իր ափերին,
Եվ մառախուղը ծխանման
Իջել է թանձր։ — Պալատների
Մութ ֆասադները մառախուղում
Կարծես ճոճում է մի անտես ձեռք.
Անծայրածիր մի, անսահման երթ
Տարուբերվում է քաղաքում հար.—
Ամենուրե՛ք, օ, ամենուրե՛ք
Եռում է երթը այդ անդադար։—

Երկինքը գորշ է։ — Այնտեղ, հեռուն,
Ուր գորշ Նևան է տարուբերում
Իր լայն իրանը ալիք-ալիք,—
Նստել է ծանր ու անառիկ
«Ավրորա» նավը։— Ձմեռային
Անթով պալատն է ահա այնտեղ,
Որպես մի գամփռ, իր դեմ նստել։—
Աճում է ահը։— Սարսափն անդեմ
Դառնում է ծանր ու դժնադեմ
Ու թանձրանում է հետզհետե։—

Աճում է ահը։— Ձմեռային
Հին պալատից այս մի քիչ ներքև,
Ուր առյուծներն են այն ամեհի,
Որոնք պոետն է այն մեծ երգել
Երգով իր բարձր,— այնտեղ ահա
Թնդանոթներ են դրված մեկին,
Եվ հրացանը ձեռքին պլստած,
Թնդանոթներից մեկի կողքին
Ահա կանգնած է մի գունատ կին։
Երիտասարդ է։ — Նրա դեմքին
Նստել է ահը։ — Նրա բարակ
Մատներն հազիվ են պահում սառած
Ու ծանր կոթը հրացանի։
Ճնշում է ցուրտը։— Խոնավ քամին
Մինչև թոքերն է նրա մտնում,
Եվ նա նայում է ու թշնամուն,
Որ մոտենում է— նա չի գտնում։—
Աճում է ահը։ —
Ինչո՞ւ է նա,
Գունատ այս կինը, կանգնած այստեղ,
Ինչո՞ւ է ահը այդպես նստել
Նրա նուրբ դեմքին ու աչքերին.
Այս անդառնալի րոպեներին
Այդ ո՞վ է նրան դրել այստեղ։—
Աճում է ահը։—
Թեկուզ անդին,
Իր կանգնած տեղից մի քիչ հեռու,
Ահա ցցված է Ալեքսանդրի
Ծանոթ հասակը,— իր սիրելու,
Իր մտերիմի՛, որին այնքան
Սիրում է ինքը, որ օրերով
Ահա կռվում է, որպես հերոս
Բոլշևիկների «հորդայի» դեմ,—
Թեկուզ կանգնած է ահա այնտեղ
Իր տրուբադուրը,— սակայն կրկին
Ճնշում է ահը։— Հեռուներից
Անդեմ սարսափ է մի արշավում,
Եվ մառախուղը պալատներին
Դժկամությամբ է արդեն նայում։—
Աճում է ահը։ —
Այս կինը, տե՛ս,
Որ սրթսրթում է ահից այդպես,
Որի պրոֆիլը[2] նման է հին
Մի հախճապակե մեդալյոնի,—
Ահա՛ այս կինը զինվոր է մի
Այն ամազոնյան[3] բատալյոնի,
Որ հրացանը հիմա ձեռքին
Արհավիրքներից պիտի փրկի
Այս պալատները, ուր տարիներ
Զվարճացել է Կատարինեն...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Աճում է ահը։—

Այնտեղ, հեռուն,
Այս առյուծներից մի փոքր անդին,
Ուր մառախուղն է դանդաղ քերում
Ամեհի պատերը սենատի,—
Այն անծայրածիր հրապարակում,
Ուր, կարծես հենց նոր լեռից պոկած,
Ընկել է ծանր մի հսկա քար
Ու վերից իր ձեռքն է տարածում
Դեպի հեռուներն արքան այն մեծ,—
Այնտեղ ամբոխներ են խռնվել
Եվ, սուր սվիններ կոշտ ձեռներին՝
Դժկամ՝ նայում են պալատներին։
Աճում է ահը, ինչպես փորձանք։—
Օ, դո՛ւ, կարո՞ղ ես հիմա երգել
Այս մառախուղը թե՛ խոլ, թե՛ վեհ,
Այս լեռնացումը գահակործան...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Աճում է ահը։ Մառախուղում
Վերջին վայրկյանն է արդեն դողում—
Եվ ծանրության տակ Պետրոս Մեծի
Արդեն ճոճվում է պղնձյա ձին...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Աճում է ահը։

Այնտեղ, հեռուն,
Ուր գորշ Նևան է տարուբերում
Իր լայն իրանը ալիք-ալիք —
Կանգնել է, ծանր ու անառիկ,
Քարե այն տունը։ — Այդտեղ առաջ
Մի մենաստան է եղել խաղաղ,
Ու սովորել են հետո այդտեղ
Այն նուրբ կույսերը սիրել, խանդել,
Երգել ռոմանսներ, պարել կադրիլ[4]
Ինչ երազել է ամեն պատրիկ
Իր հոմանուհու[5], կնոջ համար...
Գոռ ռազմավայր է այնտեղ հիմա։
Նեղ սենյակներում, վարը, բակում,
Այգում, փողոցում, հրապարակում
Անդուլ վխտում են, հագած շինել,
Մարդկային դժկամ բազմություններ։—
Ու թնդանոթներ, գնդացիրներ,
Ռումբաձիգ գնդեր կանգնած ահա,—
Այդտեղ իր բո՛ւյնն է հիմա դրել
Մի չտեսնված, մի նոր բանակ։—
Աճում է ահը:—
Վերը այնտեղ,
Նեղ սենյակներից մեկում, հանդարտ
Նստած է փոքր, աշխույժ մի մարդ:
Հասակը կարճ է։ — Աչքերի մեջ
Աննկատելի ժպիտ կա մի.
Ամբողջ մարմինը միանգամից
Շրջում է նա, երբ նայում է ե՛տ։—
Նա աշխատում է խորասուզված։—
Մեկ-մեկ մարդիկ են մտնում դռնից,
Որին հսկում են երկու կարմիր
Զինվորներ՝ հագած զգեստներ պարզ:
Նա աշխատում է խորասուզված,
Ինչ-որ թեզեր է գրում նա, երբ
Հնչում է զանգը հեռախոսի։
Իր աթոռի հետ նա միասին
Շրջվում, առնում է փողը. անշարժ
Մի պահ լսում է. դեմքի վրա
Նստում է հոգսը։— Հետո հանկարծ
Կարծես ցնցում է մի ձեռք նրան.—
«Ավրորա՞... Ի՞նչ է... չե՞ն հանձնըվում...
Արդեն ուզում եք... ի՞նչ... կրակե՞լ...» —
Վայրկյանը դար է արդեն թվում։
Նա մտածում է։ Ակնթարթ մի
Մնում է համր։ — Հետո հանկարծ
Հպում է փողը շրթունքներին,
Շնչում է ծանր— ու կամացուկ
Հրամայում է.—
«Կրակեցե՛ք»։
Աճում է ահը:


  1. ֆրագմենտ — հատված, պատառիկ, բեկոր:
  2. պրոֆիլ — կիսադեմ:
  3. ամազոնյան — ամազոնուհուն հատուկ. պատմ. ամազոնուհիներից բաղկացած. ամազոնուհի — ըստ հունական առասպելաբանության Սև ծովի ափերին ապրող և հարևան երկրները ասպատակող հեծյալ քաջ կանայք. կին հեծյալ, փխբ. քաջ կին:
  4. կադրիլ — եվրոպական պար և այդ պարի երաժշտությունը:
  5. հոմանուհի — ամուսնացած կին, որ օտար տղամարդու սիրուհին է, տարփուհի, առհասարակ՝ սիրուհի: