Կովկասյան ավանդություն
Մեռավ ծեր արքան. արևը բաշխեց
Մի հատիկ որդուն: Կինը նրա տեղ
Գահը բարձրացավ, երկըրին իշխեց:
Որդին մեծացավ թռչնի պես անմեղ,
Անհոգ ու անփույթ շքեղ պալատում.
Բայց երբոր եղավ տասը տարեկան,
Լացեց ու ասավ. «Մայրիկ, ինձ ասա
Ո՞ւր է հայրիկս, ես հայրիկ չունե՞մ»:
— Քո հայրը, որդիս, վաղուց մեռել է:
— Ասա ինձ, մայրիկ, մեռնելն ի՞նչ բան է:
— Մեռավ քո հայրը հողում թաղեցին:
— Հողում թաղեցի՞ն, էլ ետ չի՞ գալու,
— Ոչ, ոչ, էլ երբեք, էլ նա ետ չի գա,
Մենք էլ կմեռնենք, կթաղեն հողում,
Բոլորիս վերջը մահն է, իմ որդի:
— Ինձ է՞լ կթաղեն, չեմ ուզում, մայրիկ,
Չեմ ուզում մեռնել ու հողում թաղվել,
Այնպիսի երկիր ես պետք է գնամ,
Որ մահ չլինի, մարդը չմեռնի.
Ես էլ չմեռնեմ, հողում չթաղեն,
Հողում չթաղեն, վրաս հող չածեն:
Ու թողեց գահը ու թողեց թագը,
Թագուհի մորը, հայրենի երկիր,
Վեր կացավ, գնաց հեռու, տարագիր:
Գնում էր... Գնաց... Ու անվերջ գնաց,
Տարիներն անցան իրար ետևից,
Աշխարհ ման եկավ, մի տեղ չըմնաց,
Որ Ռոստոմը ոտը չըդներ:
Ամեն տեղ մարդն էր մահին ենթակա,
Մորից ծնվածը մայր հողն էր մտնում:
Մարդը բնակություն թողեց ու անցավ,
Դուրս եկավ, գնաց չոլ ու անապատ:
Լա՛յն, լա՛յն հորիզոն, կապուտա՛կ երկինք...
Ո՜չ մարդ, ո՜չ գազան և ոչ էլ թռչուն:
Գնում էր... Գնաց... Տեսավ եղջերուն
Չոքել է՝ գետնին գլուխը կախած,
Պոզերի ծայրը ամպերի միջին:
— Բարով, Ռոստոմ, — եղջերուն ասավ,—
Ո՞րտեղից կըգաս և ո՞ւր ես գնում:
— Այ չոլի եղնիկ, — ասաց Ռոստոմը,—
Ես մի այնպիսի տեղ եմ որոնում,
Որ մահ չլինի, մարդը չմեռնի,
Ես անմահ մնամ, հողում չթաղեն:
— Այ ջահել, ջիվան, — եղջերուն ասավ
Չկա այնպես տեղ, որ մահ չլինի,
Ամեն տեղ մարդն է մահին ենթակա,
Ով որ ծնվել է, նա էլ կմեռնի:
Ես էլ եմ վաղուց մահին սպասում,
Կարոտ եմ մահին, նա չըկա՛, չըկա՛,
Երբ իմ պոզերը հասնեն երկնքին,
Նոր վերջ կտրվի իմ տաղտուկ կյանքին:
Կա՜ց, կա՜ց դու ինձ մոտ, մահը ուշ կգա,
Մահը ուշ կգա , կաց ու ծերացիր:
Կա՜ց ու ծերացիր, կյանքից ձանձրացիր:
— Մեռնել ուզեի՝ ես չէի թողնի
Թագուհի մայրիկ, պատիվ, գահ ու թագ.
Ես ապրել կուզեմ, շարունակ, անվերջ, —
Ասավ Ռոստոմը, վեր կացավ գնաց:
Գնում էր... Գնաց... Էլ հեռու, հեռու,
Վերից արևն էր այրում, տապակում,
Ետևն անապատ, առաջին սարեր,
Գնաց ու գնաց բարձրացավ մի սար,
Սարը հո սար չէր. ամպերը գլխին,
Գագաթին սուր-սուր ու դիք-դիք ժայռեր.
Վերից նայողը տակը չէր տեսնում,
Տակը մի անդունդ, մի խոր խորխորատ:
Բարձրացավ սարը, տեսավ գագաթին
Արծիվն է նստել մռայլ ու անհույս.
Արծիվն է նստել ու իր կտցովը
Խփում է ժայռին, փորում է ժայռը:
— Բարով դու, Ռոստոմ, դու հազար բարի,
Ո՞րտեղից կըգաս և ո՞ւր ես գընում, —
Ասավ արծիվը մռայլ ու անհույս:
— Այ հզոր արծիվ, — ասավ Ռոստոմը, —
Ես մի այնպիսի տեղ եմ որոնում,
Որ մահ չըլինի, մարդը չըմեռնի,
Ես անմահ մնամ, հողում չթաղեն:
Մտքի տակ ընկավ հսկա արծիվը.
— Այ ջահել-ջիվան, — ասավ Ռոստոմին, —
Ամեն կենդանի, որ օդ է շնչում՝
Նա պետք է մեռնի, վերջը հող դառնա:
Ես որ արծիվն եմ խիզախ ու հսկա,
Ես էլ եմ նույնպես մահին ենթակա.
Բախտն է որոշել, որ ես էլ մեռնեմ,
Բայց իմացիր՝ ե՞րբ. երբ փոսը լցնեմ,
Այ էս անդունդը, որ աչք չի կտրում:
Եվ գիտե՞ս ինչով, մանր քարերով,
Որ պետք է կտցով պոկեմ ժայռերից
Եվ իմ պոկածը, ասեմ, օրական
Մի ընկույզի չափ քար պետք է լինի:
Կաց ինձ մոտ, Ռոստոմ, մահը ուշ կգա,
Մահը ուշ կգա. կաց ու ծերացիր,
Կաց ու ծերացիր, կյանքից ձանձրացիր:
— Մեռնել ուզեի՝ ես չէի թողնի
Թագուհի մայրիկ, պատիվ, գահ ու թագ,
Ես ապրել կուզեմ անընդհատ, անվերջ: —
Ասավ Ռոստոմը, վեր կացավ գնաց:
Գնում էր... Գնաց... Տաս տարին անցավ,
Էլ տեղ չթողեց, որ նա ման չգար.
Ցամաքը պրծավ, երկրից դուրս ելավ,
Գնաց ու հասավ մի խաղաղ ծովի:
Թափանցիկ ծովը հայելու նման
Ձգվել, փռվել էր հեռու ափերում:
Մեղմիկ ծփանքով, փրփուր ալիքով
Գնում, գալիս էր օրոր ու շորոր:
Բայց հեռո՛ւն, հեռո՛ւն, որտեղ երկինքը
Ջրերի վրա կապել էր կամար,
Լուսեղեն հովտում, լազուրի միջին,
Մի բան էր լողում, պեծ-պեծին տալիս:
Գերվեց Ռոստոմը. հոգով թռչում էր...
Ու դեպի հեռուն, դեպի լազուրը,
Դեպի անհայտը, դեպ անմահություն,
Ապրել ու ապրել, հավիտյան ապրել,
Ու ծովին պատեց մի ախորժ մշուշ,
Ափին մոտեցավ մի զմրուխտ պալատ,
Պալատի միջից խոսեց դիցուհին.
— Դու ի՞նչ ես ուզում, այ մարդ հողածին:
— Օ, իմ պաշտելի, չգիտեմ ո՞վ ես,
Ես քեզ եմ փնտրում, դեպի քեզ ձգտում,
Շատ եմ ման եկել, հազիվ քեզ գտա:
— Դու որոնում ես անմահությունը,
Այո՜ , ես կյանքն եմ, գերագույն կյանքը,
Ինձ հետ ապրողը անմահ կմնա,
Կյանքը իմ մեջն է, մահը ոտիս տակ:
Ստեղծագործման առաջին օրից
Ես այսպես թարմ եմ, ու կըմնամ էսպես,
Աշխարհը որ կա, ինձ է պարտական...
Գիտե՞ս ով եմ ես, «Գեղեցկությունը»:
Կյանքը իմ մեջ է, մահը՝ ոտիս տակ:
Դու հող ես, այ մարդ, հողին պարտական,
Հողն իր տվածը նորից ետ կառնի.
Հողը մի ուժ է, դու պետք է մեռնես:
Բայց դու կաց ինձ հետ, քանի ինձ մոտ ես,
Անմահ կմնաս. մահն ինձ մոտ չի գա:
Ու ապրեց Ռոստոմն, ապրեց նոր կյանքով
Ու կյանքը հեքիաթ ու կյանքը երազ...
Կյանքը հոսում էր երազի նման,
Գեղեցկությունը շքեղ երազ էր,
Ժպիտը՝ շքեղ, կարմիր արշալույս,
Ծով ծով աչքերը՝ ցնորքի աշխարհ,
Մի լուսնյակ գիշեր՝ ցոլուն աստղերով,
Մի անհուն երկինք՝ ոնց սերը անբիծ:
Արևն էր ծագում նրա աչքերից,
Կենսատու շունչը՝ անձրևն էր ծաղկանց,
Գլխի պսակը՝ յոթ գույնի աղեղ:
Դա մի երազ էր, մի շքեղ երազ
Ու կյանքն էր հոսում երազի նման:
Հազար ու հազար տարիներ անցան
Ու հազար տարին՝ հազար ակնթարթ:
Բայց հոգին չունի, չունի՜ հագենալ,
Որ նա կարոտեց, հանգիստ չի կենալ:
Զարթնեց Ռոստոմը շքեղ երազից,
Գեղեցկության հետ նա այսպես խոսել.
— Մի կարոտ ունիմ, սրտամաշ կարոտ...
Ես կարոտել եմ անուշիկ մորս,
Ազգականներիս, իմ հայրենիքին,
Իմ հայրենիքին, օդին ու ջրին,
Ծառին ու ծաղկին, շաղին ու շողին,
Սարին ու ձորին, ղաշտին ու հողին:
Տասը տարի է, որ հեռացել եմ.
Ես կարոտել եմ. կարոտն է մաշում,
Կարոտն է քաշում. թույլ տուր ես գնամ
Մի տեսնեմ նրանց, դարձյալ գամ քեզ մոտ:
— Ես լավ գիտեի ուժը մայր հողի,
Մարդը մահինն է, մահը՝ մարդունը.
Էսօր թե էգուց մարդը կմեռնի.
Մայր հողն է կանչում, մահվան կարոտն է,
Որ քեզ քաշում է դեպի գերեզման,
Գն ա ու մեռիր պապերիդ նման:
Բայց աեմ՝ հազար, հազար տարի է,
Որ դու ապրում ես գեղեցկության հետ:
— Հազար տարի՞ է, թե՞ մի ակնթարթ.
— Կերթաս, կիմանաս: Ես երկու ծաղիկ
Կըտամ քեզ նվեր՝ ալ ու սպիտակ.
Ապրել ուզենաս՝ ալից հոտ քաշիր,
Մեռնել ցանկանաս՝ սպիտակ ծաղկից.
Է, մնաս բարով, քեզ բարի ճամփա:
Կարոտը սրտում, կարոտ յուր մորը,
Թև առած կըգա կարոտ Ռոստոմը.
Սարեր ու ձորեր, անտառ, անապատ
Կտրում անցնում է կարոտած որդին.
Գալիս է հասնում նա արծվի սարը:
Վայ, ու՞ր է անդունդ, ու՞ր է խորխորատ,
Չկա, լցված է, հարթվել ու կոկվել.
Ժայռ քարի վրա արծիվն է նստել,
Արծիվն է նստել՝ գլուխը կախած,
Թևերը թափած, անշարժ ու անշունչ:
Ռոստոմը կպավ հսկա արծիվին.
Ու արծիվն իսկույն իրարից եղավ,
Չոր փոշի դարձավ ու թափվեց գետին:
Գալիս էր... եկավ ու ճամփի միջին
Ծանոթ եղջերվին նա նորից տեսավ.
Սուր, սուր պոզերը երկնքին հասած,
Ու գանգը փշուր, փշուր էր եղել:
Թախիծը պատեց ճամփորդ Ռոստոմին,
Սիրտը վառում էր ներքին կարոտը.
Օր առաջ կուզեր նա մորը տեսնի,
Օր առաջ կուզեր հասնի հայրենիք:
Ահա վերջապես և հայրենիքը —
Նույն հովիտ ու դաշտ, նույն գյուղ ու քաղաք,
Առաջվա նման ջրառատ գետեր.
Բայց մարդն էր փոխված, հագուստը էն չէր,
Այն նիստ ու կացով, բարբառը ուրիշ,
Լեզուն անծանոթ ու ինքը օտար:
Գալիս էր... Եկավ... Այ և սարերը,
Ե՜վ ժայռ, և՜ քարափ, ամեն մի բլուր
Ծանոթ է իրան մանուկ օրերից.
Բայց ու՞ր է իր մոր նստած քաղաքը.
Ու՞ր է հայրենի շքեղ պալատը,
Պալատի տերը, — թագուհի մայրը,
Որ գիրկը ընկնի, կարոտը առնի,
Կարոտը առնի և էնպես ապրի:
Շուրջը ավերակ. դեղին մամուռը
Ելել ծածկել է քարակույտերը՝
Քաղաքը շեն չէ. քաղաքն ավեր է.`
Թե ե՞րբ է քանդվել, իմացող չկա,
Ավերակներում, մի քարի վրա
Նստել է մի ծեր ու աղոթք անում:
— Ասա ինձ, ծերուկ, — Ռոստոմը ասավ,—
Ե՞րբ է ավերվել այս շեն քաղաքը.
Ու՞ր է թագուհին, ի՞նչ է պատահել,
Չէ՞ որ դու նրան լավ ես ճանաչում.
Նա իմ մայրս է, ես՝ նրա որդին.
Դու լավ ես հիշում, թե ինչպես մի օր
Թողի իմ մորը, ելա, գնացի,
Որ մահից փրկվեմ, ապրեմ ու ապրեմ,
Իսկի չմեռնեմ, հողում չթաղեն:
— Ինչե՞ր ես խոսում, այ ղարիբ ախպեր,
Ես երբեք այդպես բաներ չեմ հիշում.
Քո ասածները անցած բաներ են
Ու քանի հազար տարի է անցել.
Ես էլ դեռ մանուկ հորիցս եմ լսել. —
Մի թագուհի է ապրելիս եղել,
Նրա մինուճար աչքի լույս որդին
Թողել է մորը, գնացել, կորել
Դա եղած բան է, բայց շատ հին բան է...
— Էլ ինչո՞ւ ապրեմ ու կարոտ քաշեմ...
Կյանքը իմ հոգուն հագուրդ չի տալիս,
Իմ մայրը այստեղ մահով է մեռել…
Ես պետք է գնամ իմ մորը գտնեմ,
Մահն էլ մի կյանք է ուզողի համար,
Մահի թևերով կարոտս կառնեմ:
Մահը թող տանի ինձ իմ մայրիկիս,
Գուցե խաղաղվի փոթորկված հոգիս.
Ես մահն եմ ընտրում, հանգիստ եմ ուզում,
Վարարած գետ եմ, մայր ծովն եմ հոսում: —
Ռոստոմն ասավ ու հանեց մոտի
Սպիտակ ծաղիկը, հոտոտեց նրան,
Հոտոտեց նրան ու ընկավ մեռավ:
Վեր կացավ ծերը, գերեզման փորեց,
Հողի մեջ թաղեց, վրան հող ածեց: