Հոսող ձեռքեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թեժ գինի Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Հոսող ձեռքեր)

Վարդան Հակոբյան

Անմատույց գիշեր
ՀՈՍՈՂ ՁԵՌՔԵՐ


Աշխարհի բոլոր փակերն ունեն մի բանալի, որի
տեղը միայն ճանապարհն է իմանում։ Ձեռքերս
հոսում են։ Եվ ծաղիկը մեղմ
ժպտում է՝ իմ ընտրությանն ընդառաջ։

Ստվերներն անհաջող կրկնակներ են։
Զգացմունքի դիապազոն՝ տերեւի վրա ցոլցլացող
ցողի շուրջ՝ ժամանակի
ու տարածության անսահմանելի ընդգրկումներով։

Երկինքը ջրիկ է։ Ձայնդ շնչելի է դարձնում օդը։
Քամին հեռացող պահի մեջ խառնում է ապագայի հաշիվները՝
որպես աներազանք քայլ։ Իսկ լույսը՝
վերածաղկյալ պսակ, առաջնորդվում է խավարով։

Մի՛ ջարդեք քարը՝ ես նրա մեջ փշրվում եմ, մի վարժեք գետը
ետընթացի՝ ես առջեւում եմ։ Ձեր կողմից ծաղկին նվիրեք իր
չպոկվելը՝ բայց ոչ հայացքով, եւ ով
ուր ուզում է՝ գնա, մեկ է, բոլոր ճամփաները տանում են Երիքո։

Ի վերջո, գնալն ինչ կարեւոր է, երբ գլխավորը դիմավորելն է, ասենք՝
Էլիս Հեյդի, գուցե եւ՝ Նավզիկեի։ Անսպառելի հայացք։ Զանգվածներ,
որոնք, թեպետ կապ չունեն
մեկը մյուսի հետ, բայց, անկասկած, իրար ագուցված են խիստ։

Խոտի, սիրո եւ ներումի հուշերգություն է աշունը՝
տիեզերական թախծին ընդառաջ։ Ես առավոտից մինչ առավոտ
քայլում եմ անգիշեր։ Եվ
քամին արձակ է։ Եվ հայացքդ թուխ ծաղիկ է, բաժակը՝ լուսնի արծաթով լեցուն։