Հորթարած Մուսին
Հորթարած Մուսին
Ախպոր սիրած քուրն անուշ
Հորթարած Մուսին մահակը ուսին,
Մի կտոր չոր հաց մեջքովը կապած՝
Գեղի հորթերը, ամեն առավոտ քշում էր արոտ.
Քշում էր տանում մի ծաղկուտ անում,
Ինքը թեք ընկնում ու հանգստանում։
Իրիկնապահին, էն չար հորթերին,
Քշում կրկին տուն, տերեցտեր անում.
Ինքը մի ծանոթ հարևանի մոտ
Պառկում էր քնում մինչև առավոտ:
Մեր Մուսին որբ էր՝ անհեր ու անմեր.
Մի կենտ քույր ուներ, իր նման անտեր։
Քույրը եղբորից պստիկ էր տարով,
Մանկության օրից ջան ու ջիգյարով։
Մուսին էլ նրան էնքան էր սիրում,
Որ առանց նրան մնալ չէր ուզում:
էսպես երկուսով, մեկ-մեկու հույսով,
Խալխի դռներին, նրանց ումուդին,
Երբեմն սոված, երբեմն ծարավ,
Մի կերպ մեծացան՝
Յոթ-ութ տարեկան մանուկներ դարձան։
Մի օր անծանոթ մի կին
Խղճաց Մուսնի քույրիկին՝
Գեղից նրան քաղաք տարավ
Իր տանն արավ աղախին։
Մուսին մնաց մեն-մենակ,
Իր մինուճար քրոջ համար
Դարդ էր անում շարունակ.
— Ա՜խ, Նուշի ջան, քուր իմ ազիզ,
Քեզ ո՞ւր տարան մեր գեղից,
Էս ինչո՞ւ մեզ օտարի պես
Բաժանեցին իրարից։
Մենք որբ օրով, քույր ախպերով
Պահպանեցինք մեկ-մեկու,
Խնամեցինք, բոյ քաշեցինք,
Որ հեռանաս հիմա դո՞ւ։
Ա՜խ, Նուշի ջան, Մուսին քեզ ջան,
Ի՞նչ ասեմ, որ իմանաս,
Թե որ մեկ էլ գեղն ես եկել՝
Էլ չեմ թողնի ետ գնաս...
Էսպես լալով, մղկտալով
Մուսին մնաց դռնեդուռ,
Հորիցը զուրկ, մորիցը զուրկ,
Չեր դիմանում առանց քույր։
Դեռ Մուսին տասը տարեկան չեղած,
Գյուղացիք նրան արին հորթարած.
Ու մանուկ Մուսին մահակը ուսին,
Ամեն առավոտ, հորթերն էր տանում հանդերը արոտ:
Էն սիրուն, կանաչ դաշտերն ու մերին
Մի քիչ մեր Մուսնի սիրտը ետ բերին.
Օր-օրի վրա նրա դարդերը
Ցիրուցան արին անդարդ հանդերը։
Էն հազարավոր ծաղկունքը նախշուն
Մուսնին ամեն օր կյանք էին բախշում,
Էն սարյակները, ծիծեռնակները,
Լորը, կաքավը ու մոշահավը,
Մի խումբ էս ծառին, մի խումբ էն քարին
Որն էլ ծաղկուտում
Ճկճկում էին, կչկչում անդորր
Էնպիսի ուրախ անվերջ երգ ու տաղ,
Որ Մուսին հանդում էլ ցավ չէր զգում։
Մուսին ուներ մի լավ ընկեր՝
Իրան պես որբ մնացած,
Էն պոչը կեռ Թոփլան շունն էր՝
Մուսնի ձեռին մեծացած։
Առավոտ վաղ, Մուսնից ղոչաղ,
Առաջն ընկած հորթերի՝
Թռչկոտալի ցույց է տալի
Ճամփաները հանդերի։
Ու հանդերում չէր համբերում,
Համ հորթերին էր նա նայում,
Համ էլ գնում ականջ դնում՝
Մուսին ի՞նչ է հրամայում։
Մին էլ տեսար Մուսին կասեր.—
— Թոփլա՜ն, Թոփլա՜ն, դե շուտ վա՛զի,
Մերոնց Ծիրան հորթին հասի...
Դե հե՜յ թռի՛, ճամփեն կտրի
Միտքն ծուռն է էն անտերի։ —
Շունը ձեռաց Ծիրան հորթին ետ էր տալի
Ու անհանգիստ Մուսին նորից
Շվացնում է.— ֆո՜ւ, ու ... Թոփլա՜ն,
Մի տե՛ս, մի տե՛ս, ո՞ւր է վազում
էն աներես մոզին էնպես...
Շունը նորից դուրս է թռչում
Մոզուն ձորից դաշտ է քշում։
Ճաշվա շոգին կաղնու տակին
Նստոտել են հորթերը,
Նրանց կողքին, զով շվաքին՝
Մուսին ու իր ընկերը։
Հորթերն անուշ որոճում են
Ականջները շարժելով,
Շատն էլ թմրել ու ննջում են
Կամաց-կամաց շնչելով։
Մի քանիսն էլ ոտքի կանգնել,
Խառնվել են իրար մեջ,
Միմյանց քսվում, պինդ-պինդ լիզում
Իրար ճակատ, կողք ու մեջք։
Շունն էլ պառկել ու մեկնել է
Վազքից հոգնած ոտքերը,
Նինջը եկել ու քնել է
էդ հորթերի մոտերը։
էսպես ժամանակ Մուսին շարունակ
Մեկ տաղ էր ասում կաղնու շվաքում,
Մեկ շվի ածում քաղցր նվագում.—
— Դո՜ւ, հա դո՜ւ, հա դո՜ւ...
էս անուշ ձենից հորթերը քնից
Վեր էին թռչում՝ ծույլ-ծույլ հորանջում։
Իսկ դիմացն եղած դաշտերն ու մերին,
Մուսնի նվագած բոլոր երգերին
Ձեն էին պահում ու սիրտը շահում։
Անցնում էր շոգը, երեկոն գալիս,
Զովն ու շվաքը իրար տեղ տալիս...
Ու մանուկ Մուսին, հորթերը ջրից
Քշում էր նորից դեպի լիուլի
դաշտը ծաղկալի:
էսպես ամեն օր՝ հորթերը բոլոր
Արոտ էր բերում,
Մինչև իրիկուն արածեցնում,
Իրիկնապահին ետ էր դարձնում,
քշում դեպի տուն։
Առավոտ է ... մաքուր օդ է.
Կյանք է առել աշխարհը,–
Կյանք է առել՝ դրախտ դառել
Սարն ու դաշտը, անտառը:
էս առավոտ Մուսին դարդոտ
Հանդ էր տարել հորթերը,
Հանդ էր տարել, կանաչն արել,
Ինքը նստել մոտերը։
Արևը վառ՝ վերևից վար
Ծիծաղում է սարերին,
Կամաց-կամաց իջնում է ցած,
Շողշողալով քարերին։
Սփռվելով ջերմ շողերով,
Կյանք է տալիս հանդերին,
Որ բուրավետ ու հյութալի
Կանաչ խոտ տան հորթերին։
Ծաղիկը շողոտ, կանաչը ցողոտ,
Փոքրիկ հորթերին հանգիստ չեն տալիս՝
Մեկ դեսն են վազում էս ծաղկին հասնում,
Մեկ դենն են ցատկում էն խոտը պոկում,
Մեկ էլ՝ բառաչում, մեկ-մեկու կանչում
Եվ զվարթ, ուրախ բռնում հորթախաղ։
Որն ինքն իրան ծուլ-ծուլ է լինում
Որը բարկացած առաջ է գալիս,
Ընկերոջն հանկարծ հարու է տալիս,
Ոմանք էլ կանգնած մեկ-մեկու դիմաց
Ղոչին են խփում՝ ուժերը փորձում...
էն մեկն էլ հրեն՝ կետ արած փախչում,
Թողած իր ճամփեն դարերն է թռչում։
Ու ամբողջ օրը՝ էսպես բոլորը
Մեկ խոտ են ուտում, տասը թռչկոտում։
Խեղճ Մուսին էսօր տխուր է, տրտում,
Ինչ որ անսովոր մի դարդ կա սրտում.—
Ոչ էլ էն հորթերի խաղն է դուր գալի,
Ոչ էլ հանդերի կյանքը խնդալի։
Էն Մուսին էսօր՝ ամպի պես խավար,
Տխուր ու մռայլ, նստած է մոլոր
Նայում է անվերջ դիմաց՝ ծմակին,
Մեկ էլ՝ ձեռքի մեջ եղած նամակին։
Ծմակից ինչ-որ մարդու է սպասում,
Նայում է, նայում, ինք իրան ասում.—
— Ա՜խ Պետի ո՞ւր ես, արի տղի պես
Խոսքիդ տերն եղիր, սպասում եմ քեզ։
Ասաց խեղճ Մուսին ու հոգոց քաշեց,
Նայեց նամակին, ծանր հառաչեց։
Տխուր էր Մուսին
Իր միտն էր եկել հարազատ Նուշին՝
Քրոջ պատկերը, նրա խոսքերը
Մեկ մեկ հիշում էր ու ախ էր քաշում,
Որ քույր ախպերով էնպես որբ օրով
անտեր մնացին։
Նա դարդ էր անում, որ մի չոր պատառ
Սև հացի համար Նուշնին ախպորից
կտրին ու տարան։
Նա զարմանում էր՝
Չէ՞ որ ուրիշին սովոր չէր Նուշին.
Ո՞նց է դիմանում, նա առանց իրեն։
Ու էսպես անվերջ դարդ ու ցավի մեջ
Խեղճ մանուկ Մուսին իր քրոջ մասին
էնքան մտածեց, ախ ու վախ քաշեց,
Որ մեկել հանկարծ, դառը հեկեկաց
ու հոնգուր-հոնգուր արտասուք թափեց։
Թոփլանն իմացավ իր Մուսնի լացը,
Կանգնեց դիմացը, աչքերը գցեց նրա աչքերին
Ու խորը նայեց ընկերոջ դեմքին,
Ասես հասկացավ, որ Մուսնին մի մեծ
դարդ ունի սրտում.
Իսկույն մոտեցավ, ձեռքերը լիզեց
Իր տխուր տրտում Մուսնին փայփայեց։
էս միջոցին հանկարծ Մուսին
Բարձրացրեց աչքերը,
Մեկ էլ տեսավ հանդ է գալիս
Իրեն Պետի ընկերը։
Տեսնելուն պես խեղճը էնպես
Ուրախացավ, սիրտ առավ,
Ոնց որ գային, իմաց տային,
Թե՝ եկ Մուսի, քուրդ եկավ։
— Բարև՜, ա՜յ Մուսի, ի՞նչու ես տխուր.
Չէ՞ որ քեզ ասի դարդ չանես իզուր,—
Ասավ մեր Պետին ժպիտը դեմքին,
Կռացավ նստեց ընկերոջ կողքին։
— Ասենք թե շատ էլ նամակ ես ստացել,
էլ դրա համար ի՞նչ ես վշտացել։
Դու դեռ չիմացած թե ի՞նչ է գրել՝
Եկել ես նստել, սև սուգը մտել։
— Պետի ջան, գիտեմ, շատ լավ ես ասում,
Բայց ես ի՞նչ անեմ, քվորս դարդից
էս քանի օր է միտքս է մոլոր։
Գիշերս երազում, տես ինչ եմ տեսնում.
Նուշին վեր ընկած մի խորը փոսում՝
Համ լաց էր լինում, արտասուք թափում,
Համ էլ աղաչում, օգնություն կանչում։
Փոսի մոտ կանգնած մի չար պառավ կին՝
Ծերը երկաթած մահակ կար ձեռքին.
Ով որ ուզում էր օգնության հասնի՝
Մի լավ ծեծում էր, որ խոսք էլ չասի։
— Է՜հ, բան չունես դու, այ իմ գիժ Մուսի,
Երազն ի՞նչ է մարդ նրան լսի,
Կարդանք իմանանք թե ի՞նչ է գրում,
Որ ճիշտ որոշենք թե ինչ ենք անում։
Կես օրն անց էր։
Արևն անցել՝ դեմ էր առել սարերին,
Քամու ընկեր՝ հովն էր ընկել
Թռչկոտում էր քարերին։
Անուշահոտ ծաղիկ ու խոտ
Աչքը ձգած արևին՝
Սպասում էին նրա վերջին
Քաղցրահամբույր բարևին։
Էն անհամար շողերը վառ
Արեգնազան արևի՝
Չէին ուզում հրաժեշտ տալ
Ծիլ ու ծաղկին, տերևին։
Ու պլպլան զարդի նման
Էդ շողերը բոցավառ
Փարվել էին նրանց լանջին,
Փայլում էին անդադար։
Փարվել էին ու ամենքին
Քողը գցած հարս արել՝
Դաշտ ու մերին հարսանքատուն,
Հանդը շքեղ զարդարել։
Հորթ ու մոզի դար ու փոսի
Ծաղկուտների մեջ մտած՝
Մեկ արածում, մեկ աչք ածում,
Նայում էին պլշած։
Նայում էին, որ տեսնեին,
Ո՞վ է եկել Մուսնի մոտ,
Ո՞վ է Մուսնի քեֆին կպել
Կամ ինչո՞ւ է նա դարդոտ։
Հենց էդ ժամանակ՝ կաղնու ծառի տակ,
Պետին խոստացած նամակն է կարդում։
Մուսին թեք ընկած ականջ էր դնում։
Նուշնին նամակում էսպես էր գրում.—
«Նամակս հասնի հորթարած Մուսնին,
ի գյուղն Սև քար Ղազախի գավառ...
«Իմ սերիլի, իմ աչքի լուս Մուսի ջան,
Նուշին ըլի քու արևին, քեզ ղուրբան։
Հերս դո՛ւ ես, մերս դո՛ւ ես, ա՜յ ախպեր,
Առանց քեզ իմ օրն ու կյանքը ի՞նչ կլեր։
Երեք տարվան կարոտ կա իմ սրտում,
էլ ոնց մնամ էս անծանոթ քաղաքում։
Ա՜խ, Մուսի ջան, Նուշին քեզ ջան, քեզ մատաղ,
Օրն անում եմ հազար բերան ա՜խ ու վա՜խ,
Թե ո՞նց ընկա ես կնկա ճանկի մեջ,
Որ ծեծում է, անիծում է ինձ անվերջ։
Ամեն հիմար բանի համար կտեսնես՝
Մազս փետեց, միսս պոկեց գժի պես։
Գլխիս տվավ, տարավ գցեց ներքնատուն,
Սոված-ծարավ պահեց մինչև իրիկուն։
Ա՜խ, Մուսի ջան, թե ճար ունես՝
Դարդիս արա մի դարման,
Արի մի կերպ թե կարող ես
Ինձ ազատիր էս բանտից.
Հո՞ չեմ կարող իմ ցավն ասել ուրիշին
Քեզ միշտ սիրող, քո հարազատ քույր Նուշին»։
— Տեսա՞ր, Պետի, իմ երազը կատարվեց.
Ասավ Մուսին ու ա՜խ քաշեց, արտասվեց.—
— Ախ, ո՞վ գիտի ո՜նց է տանջվում հիմի նա...
Վախ, ո՞նց պիտի էդ ցավերին դիմանա։
Երեք-չորս օր Մուսին մոլոր
Ման էր գալիս գժի պես,
Ու քայլելիս՝ արցունք թափում
Աղի արցունք ջրի պես։
Չէր իմանում ինչ էր անում,
Ո՛նց էր պահում հորթերը,
Ո՞նց էր գալիս, ո՞նց էր գնում
Ո՞ւր էր մնում գիշերը։
Մեկը չկար՝ մի խորհուրդ տար,
Կամ մի քաղցր խոսք ասեր,
Մեկը չկար՝ կարեկցաբար
Մեր խեղճ Մուսնին ափսոսեր։
Էսպես Մուսին մահակն ուսին
Դարձյալ մնաց մեն-մենակ
Իր ճորտ, անտեր քրոջ խաթեր
Դարդ էր անում շարունակ։
Ու մեկ էլ մի օր խեղճ Մուսին երբ որ
Շատ ախ ու վախից բեզարեց հոգնեց,
Ինքն իրան դարձավ ու էսպես ասավ.—
— Ախպեր, ի՞նչ անեմ թե հորթարած եմ
Որ հորթարած եմ՝ հո գեղի ճորտ չեմ։
Նուշիս քաղաքում արյուն է թքում,
Ես էստեղ կանգնեմ ու հորթեր պահե՞մ։
Բաս էլ ախպերը ո՞ր օրվա կլի,
Բաս քվոր տերը՝ ախր ո՞վ կլի։
Չէ, էգուցվանից էլ չեք տեսնի ինձ
Էս գեղի հանդում, էս քարուքանդում։
Մյուս օրը գյուղում հորթերը անտեր
Դեսուդեն ընկած բառաչում էին
Ու իրենց ընկեր, ամենից սիրված
Մուսնուն ու շանը հա կանչում էին։
Բայց ո՞ւր էր Մուսին, մահակը ուսին,
Որ գար հորթերը քշեր հանդերը...
Էլ ո՛չ Մուսի կար, ո՛չ էլ Թոփլանը...
Առավոտը վաղ վեր էին կացել,
Երկուսը կանուխ գեղից հեռացել։
Գնում էր Մուսին մահակը ուսին,
Թոփլանը կողքին՝ կեռ պոչը մեջքին,—
Ճամփեն էր երկար... գնար ետ չգար...
Երկու օր անցավ ու երրորդ օրը՝
Վաղ արշալույսին
Քաղաք հասան Թոփլանն ու Մուսին։
Արևածագին չորս կողմից մեկ էլ
Սկսեց ուժգին քաղաքն աղմկել։
Արևը կամաց բարձրացավ երկինք,
Ցրտից կարկամած տաքացավ գետինք։
Մարդիկ թարմ ուժով արթնացան քնից
Նոր ու նոր հույսով դուրս եկան տնից։
Լսվեց սուլոցը գործարանների,
Երգն ու շվոցը տան ծառաների։
Մեկը գնում էր զամբյուղը ձեռքին,
Մյուսը գալիս կապոցը կողքին։
Մեկը վազում էր հացթուխի խանութ,
Մյուսը տանում ձեռքին հավ ու ճուտ։
Ու շարվեշար անցան շատ մարդիկ,
Ձեռքերին պաշար, ուսերին գործիք։
Փողոց, հրապարակ ու արհեստանոց՝
Մեկ-մեկուց արագ ձեռք առան նոր գործ։
Դարբինը էնտեղ երկաթ էր թակում,
Նալբանդը էստեղ պայտերը ծակում։
Դերձակը նստած իր կարն էր անում,
Հացթուխը կանգնած՝ փռից հաց հանում։
Հյուսն ու որմնադիր շենքերի գլխին՝
Ամեն մեկը իր գործն ուներ ձեռքին։
Էսպես ամեն տեղ ու ամեն անկյուն
Մարդ էր աշխատում անհանգիստ, անքուն...
Իսկ շարվեշարան կառք, ֆուրգոն, սայլակ,
Շարժվում էին մայթերով արագ։
Հենց այդ միջոցին տղա ու աղջիկ՝
Դուրս եկան փողոց դպրոց գնալու
Ահա թե ինչու էս մեծ քաղաքի ժխորում կանգնած
Մուսին չգիտեր Նուշնին ոնց գտներ...
Մուսին կանգնած, ապուշ կտրած
Հա նայում էր դեսուդեն,
Ինչ որ լսում, աչքով տեսնում՝
Հենց կարծում էր թե սուտ են։
Տխուր, տրտում, դարդը սրտում
Աչքին արցունք էր խաղում,
Շունն էլ եկել՝ ոտներն ընկել
Կծկվել էր, դողդողում։
Մուսին կանգնել, վիզը թեքել,
Աչք էր ածում, մտածում.—
Ո՞ւմ տուն մտնի, որտե՞ղ գտնի՝
Իր Նուշիկին սիրասուն։
Էսպես խեղճը աչքը ճամփին
Դեռ կանգնած էր վիզը ծուռ,
Վերջ ի վերջո նստեց տափին,
Որ դինջանա մի պուճուր։
— Տո՛, է՜յ սարսաղ, մոթալ փափախ,
էդ որտե՞ղ ես մեկնվել.—
Հրեց նրան մի դռնապան,—
— Վեր կաց,— ասավ,— վեր կաց, վեր...
Մուսին վախից՝ թռավ տեղից,
Լուռ նա իջավ մայթից ցած,
— Լավ, բիձի ջան, հրես կերթամ,—
Ասավ նրան դալկացած։
— Իրան մտիկ, շանը մտիկ,
Ու էդ ձեռի կոպալին,
Ադա, ո՞վ ես, ո՞ր գեղից ես,
Ո՞ւր ես եկել էդ հալին։
— Ես եմ, բիձի, Ղազախեցի,
Մի որբ, անտեր հորթարած,
Ունեմ-չունեմ մի քույր ունեմ:
Խալխի տանը ճորտ դառած։
Երեք տարի նա հացափոր
Ծառայում է էս քաղքում,
Ինչ որ մի ծեր, մի կռվարար
Պառավ կնկա օջախում։
Ոչ տունը գիտեմ, ոչ էլ տեղը,
Չեմ ճանաչում էդ կնկան.
Անունն ասին... հա, Հոռոմսիմ,
Նուշի կասեն աղջկան...
Եկել եմ որ՝ ես իմ քվոր
Տեղը գտնեմ, տուն տանեմ,
Խալխի ծեծից ու անեծքից
Ազատ պահեմ, պահպանեմ.–
Ասավ-չասավ՝ մին էլ տեսավ
Դողոցն ընկավ, դողդողաց,
Ուլունք-ուլունք աղի արցունք
Աչքերիցը ցած սողաց։
Շունն էլ եկավ ոտերն ընկավ,
Կլանչում էր վախեցած։
Մուսնի լացը, հևքն ու կոծը,
Դռնապանը որ տեսավ,
Գութը շարժվեց, սիրտը լցվեց,
Խղճաց նրան ու ասավ.
— Ե՛կ, ա՜յ որդի, գնանք մեր տուն,
Քիչ կխոսենք միասին,
Էդ քու քվոր տեղը էսօր
Գտնելը լինի իմ վզին:
Թեյ էր խմում Մուսին նստած
Դռնապանի սենյակում,
Մեկ-մեկ պատմում ինչ էր գրած
Իր քույր Նուշնի նամակում։
Ամեն մի խոսք ասելիս նա՝
Ախ էր քաշում, հեկեկում,
Ամեն մի խոսք լսելիս նա՝
Սիրտ էր մաշում, վիզ թեքում։
Լսեց հուզված դռնապանը,
Պատասխանեց վշտալի.—
— է՛հ, այ որդի, ա՜յ որբ, անտեր,
Ինչ ասեմ, որ լավ լինի...
Ոնց որ ասիր, ասածիդ պես՝
Ճանաչում եմ մի կնկա,
Հենց նա կլի, շանց կտամ քեզ՝
Մեր փողոցից ցած կգա։
Ես էդ կնկան շուտ կգտնեմ,
Բազար կգա ամեն օր,
Հետը մի խեղճ, մի թխադեմ
Աղջիկ էլ կա համավոր։
Էդ աղջկա ոչ գլխին կա,
Ոչ հագին կա կարգին շոր,
Անխիղճները բանեցնում են
Մշակի պես ամեն օր։
Էդ կնիկը պարկը լիքը
Պաշար կառներ տան համար,
Ու քաղաքից էդ աղջկա
Ձեռքը կտար, թե՝ տուն տար։
Վե՛ր կաց, որդի, գնանք տեսնենք,
Լավություն է քեզ կանեմ,
Թե որ ճամփին չպատահեց,
Մինչև բազար կտանեմ։
Գնում էր Մուսին դռնապանի հետ
Աներկյուղ, անվախ,
Թոփլանն երկուսին նայում էր խեթ-խեթ,
Հետևում դանդաղ...
Ասես թե նա էլ բան էր հասկանում
Խեղճ Նուշնի մասին,
Ու գիտեր նայել, լսել աչք ածել
Թե էն ի՞նչ ասին։
Որ հասան բազար՝ իրեն ուզածին
էն հարյուր հազար մարդկանց արանքում
Երկար փնտրեցին, դեսուդեն ընկան,
Ոչ կնկան գտան, ոչ էլ աղջկան։
Դռնապանն ասավ.—
— Էհ, վնաս չկա, էսօր թո՛ղ մնա,
էգուց առավոտ կգտնենք նրանց
Հենց մեր դռան մոտ։
Էսօր, ա՛յ որդի, դու իմ ղոնաղն ես,
Ե՛կ գնանք մեր տուն, տունս քեզ փեշքեշ,
Ես էլ ղարիբ եմ, գեղցի քեզ պես։
Մի ամբողջ օր Մուսին մոլոր
Դռնապանի դռներին՝
Ման էր գալիս իր մեջ լալիս
Մտածում էր վշտագին։
Բակը լիքը երեխեքը
Հավաքվեցին Մուսնի մոտ,
Որ իմանան թե էդ ո՞վ է՝
Ի՞նչ տղա է անծանոթ։
Օրը մթնեց ու մեր Մուսին
Դռնապանի սենյակում
Մի տեղ պառկել, կուչ էր եկել,
Բայց չէր գալիս աչքին քուն։
Կեսգիշերին, մեջ գիշերին,
Մուսնին կես քուն, կես արթուն,
էնպես թվաց՝ հանդում նստած
Իր շվին է նվագում։
Հորթ ու մոզի դար ու փոսի
Ծաղիկներն են արածում,
Քուրն էլ եկել ճաշ է բերել՝
Հաց ու պանիր և մածուն։
Ու երկուսով մտան մի զով
Շվաքի տակ նստեցին,
էնպես հանդարտ, էնպես անդարդ,
Մի ամանից ճաշեցին։
Քաջ Թոփլանն էլ պոչը մեկնել,
Կկզել է մի փոսում,
Աչքը չռած, բերանը բաց
Պատառի է սպասում։
Է՛ն էլ տեսավ՝ ինչպես հասավ
Դռնապանը անծանոթ,
Թևից բռնեց, դենը հրեց,
Երբ նստել էր դռան մոտ։
Էսպես կես քուն ու կես արթուն
Դեռ նա երկար չքնեց,
Երբ որ հոգնեց՝ աչքը խփեց,
Դեմքը ծածկեց ու քնեց։
Վաղ առավոտյան
Դռնապանն իր տան փողոցն էր մաքրում,
Մուսին էլ կանգնած
Փողոցի դիմաց նայում էր հեռուն։
Նա իրան էսօր
Ուրախ էր զգում, ուրա՜խ, ապահո՜վ...
էսօր մի ինչ-որ աշխույժ կար հոգում
Գիշերվան տեսած ուրախ երազով։
Դռնապանն ասավ.—
— Որդի, ա՜յ Մուսի, քիչ էլ սպասի,
էս է ցած կգան, թե աչքովդ ընկան՝
Ձեռաց կվազես, ճամփեն կկտրես։
Հենց էս միջոցին փողոցի ծայրին
Երևաց մի կին, մի աղջիկ կողքին։
Մուսին որ տեսավ իր մտքումն ասավ.—
«Ջա՜ն, Նուշնիս գտա, հենց նա՛ է, որ կա...»
Ասավ... ու հասավ, նայեց էն կնկան,
Նայեց աղջկան, տեսավ իր դիմաց
Իր քույրն է կանգնած.— հալված ու մաշված...
էն ալ-վառ Նուշին, էն զառ-վառ Նուշին...
Մի սարսուռ ընկավ Մուսնի սրտի մեջ,
Մի մրմուռ ընկավ սրտի մեջ անշեջ...
Աչքերը մթնեց, ծունկը դողդողաց,
Էլ չհամբերեց, գրկեց ու ճչաց.—
— Դու է՛ս, Նուշի ջան, իմ ազիզ քուր ջան....
Վա՜յ իմ Նուշիկն է, կարմրաթուշիկն է...
Աղջիկը հենց որ
Իր ազիզ եղբոր ձայնը իմացավ,
Վզովը ընկավ ու ասավ նրան.—
— Ջա՜ն, ա՜յ ապեր ջան, իմ հեր ու մեր ջան...
Դու էս իմ Մուսին, ջա՜ն քու նամուսին...
էդ ե՞րբ ես եկել, ինձ ո՞նց էս գտել...
Դե՛ որ եկել էս, ինձ էլ կտանես...
էն կինը մնաց իր տեղը կանգնած,
Մի բառ չէր գտնում, որ ասի Մուսնին,
Հնար չէր գտնում, որ սաստի Նուշնին։
Հենց էս զրույցին, էս մղկտոցին,
Դռնապանն հասավ, մոտեցավ, ասավ.—
— Ա՛յ որդի Մուսի, է՞ս է, խո՞ գտար,
էլ շատ մի խոսի, Նուշնիդ մեր տուն տար։
Էս մեր խանումը գիտի մեր տունը,
Թե խոսք կունենա ինձ կանչել կտա,—
Թե չի ունենա, է, վնաս չկա,
Կերթանք ես ու դու սրա մոտ ճաշին,
Որ քեզ ծախսելու ճամփի փող բախշի։
Կինը չիմացավ թե ինչ կատարվեց,
Մեկ էլ էն տեսավ՝ Նուշին բաժանվեց
Գնաց եղբոր հետ, գնաց ու գնաց...
Իսկ ինքը մնաց փողոցի միջին առանց աղախին։
Երկար ձայն տվեց, աղջկան կանչեց.
Բայց ով էր հիմար, որ նորից ետ գար։
Մուսին ու էն դռնապանը ճաշին եկան կնոջ մոտ,
Եկան ասեն, որ Նուշիկին գեղն են տանում առավոտ։
— Չէ՛, չէ՛, խանում, զուր չարանում,
Նեղանում ես նրանից.
Իմ քուր Նուշին,— ասավ Մուսին,—
Շնորհակալ է էս տնից...
Ես եմ տանում, ես, ա՛յ խանում,
Կրկնեց Մուսին անհամբեր,
— էլ չեմ ուզում, որ Թիֆլիսում
Մենակ ապրի, անախպեր...
Չեմ ուզում, որ նա հացափոր
էստեղ մնա դռնեդուռ,
Օրես դենը, խալխի տանը
Չեմ թողնի ես էդ չափ քուր...
— Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես խոսում,—
Կինը տվավ պատասխան,—
—Բաս ամոթ չէ՞, միտքդ ի՞նչ է,
Մի տե՛ս, մի տե՛ս, դու սրան։
Էն որ ոջլոտ, ցեխոտ, տլոտ
Քաղաք բերի, էն լավ է՞ր...
էն ժամանակ ո՞ւր էիր դու,
Հիմի դառաք քուր-ախպե՜ր...
Դռնապանը մեջ ընկավ, թե՝
— Էդքան էլ դու, աստծու սիրու,
Մի բարկանա, ա՛յ խանում,
Խալխը տեսան, թե աղջկան ո՞նց ես պահում,
պահպանում:
Խեղճ աղջկա ո՛չ գլխին կա,
Ո՛չ վրեն կա կարգին շոր,
Երեք տարի էն նաչարի
Մազն ես փետել ամեն օր։
Գնանք, Մուսի, էլ մի խոսի.
Խոսելուց ի՞նչ դուրս կգա,
Ուր կուզես տա՛ր քո քվորը,
Ես էստեղ եմ քեզ վկա։
Անցավ երեք օր, թնդաց սար ու ձոր...
Նորից հանդերը ձեն ու ձուն ընկան,
Նորից հորթերը արոտի եկան։
Նորից մեր Մուսին մահակը ուսին,
Հորթերը քշում՝ ծաղկուտն էր անում,
Ինքը թեք ընկնում ու հանգստանում։
Քույրն էլ երբեմն եղբոր մոտ գնում,
Պաշար էր տանում ու կողքին նստում...
Ու էնպես հանդարտ, ու էնպես անդարդ
Համ մի ամանից հաց էին ուտում
Համ մի ամանից ջուր էին խմում...
Թոփլանն էլ գալիս, մտիկ էր տալիս,
Որ իրան խղճան, մի պատառ հաց տան։
Երբ հաց էր ուտում, Մուսին կշտանում
Մեկ տաղ էր ասում, մեկ շվին ածում,—
— Դո՜ւ, հա՛ դո՜ւ, դրի՛ դո՜ւ
Հադրի՛ դո՜ւ, հա՛ դո՜ւ...
Դաշտերն ու մերին
Մուսնի նվագած բոլոր երգերին՝
Ձեն էին պահում ու սիրտը շահում։