Jump to content

Հորս աչքերը միշտ ժպտում են

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀՈՐՍ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ԺՊՏՈՒՄ ԵՆ


Մեղուն իջնում է հորս ձեռքերին՝
Ավելի թեթեւ, նուրբ եւ զգայուն,
ասես իջնում է ծաղկունքի վրա։
Եվ հայրս մեղվին նայում է այնպես,
ինչպես ժպտում են երազի միջից։
Հորս աչքերը - ձեռքերի նման -
անվերջ ժպտում են.
ժպիտներից էլ մեղուն երեւի
        նեկտար է առնում,
իսկ հետո զվարթ թեւում, հեռանում։
Հորս մեջ մեծ է արդարությունը,
Հորս մեջ մեծ է եւ բարությունը,
բայց եւ ամենից մեծը իմ հոր մեջ
վստահությունն է։
- Մեղուները մեզ լավ են հասկանում,-
                ասում է հայրս,-
իսկ թե չես թողնում նրանց՝ մոտենալ,
իջնել վարսերիդ,
ձեռքերիդ վրա,
իրենց երգով քո շուրջը թռվռալ
                 մտերմավարի,
վիրավորվում են։
Վիրավորվում են չվստահվելուց,
                խայթում են իսկույն
եւ իրենց տված ցավից էլ մեռնում։
Էլ ինչո՞ւ ապրել, կարծես ասում են,
երբ մեկս-մեկիս չենք վստահելու։
Իմ հայրը մեղվի լեզվով է խոսում։
Մեղուն իջնում է հորս ձեռքերին,
որոնք ավելի ջինջ են ու արդար,
քան ծաղիկները։