Jump to content

Հոր տված իրեք խրատը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոր տված իրեք խրատը

45. ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԵՔ ԽՐԱՏԸ

Ավալ ժամանակին[1] ըլնում ա չիլնում մի մարդ, ունենում ա մի մինուճար տղա: Էդ մարդը չունքի շատ էր ծերացե, դե՛ն ընկե, հա՛յ-հա՛յր գնացե՝ վա՛յ-վա՛յը մնացե, տղին ուզեց՝ քանի սաղ ու կենդանի ա, մի փեշակի տա, բա՛լի իրանից եդը մի կտոր հացի տեր ըլնի, գլուխ պահի: Համա խեղճ հերը ի՛նչ բանի դրեց, ի՛նչ փեշակի տվեց՝ չէլավ, մի տեղ էլա չբնակալեց, թողաց, սալախանի արած ընկավ քուչեքը։

— Ջըհա՛նդամը գյոռը,— ասեց հերը,— ա՛րի դուքան դնեմ տենամ, բալի ընդե սթրում ա։— Բերեց տղին դուքան դրեց։

Անց ա կենում մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, վեց ամիս, մախլասի՝ մի տարի, էս մարդն ա՝ մի դաֆիլ հիվանդանում ա, տեղով֊բարձով թեք ընկնում. կանչում ա աղին։

— Ա՛յ որդի,— ասում ա,— տենում ես հրես մեռնում եմ․ ինձանից եդը ինչ պտի անես. հլա ջահել ես, աշխարի խերն ու շառը չես գիտա: Ո՛րդի,— ասում ա,— քեզ ուզում եմ իրեք խրատ տա. կլսես՝ դո՛ւ գիտաս, չես լսի՝ էլի՛ դու դիտաս, մեղքն ու վարձքը քու շլինքը։

— Ա՛յ հեր,— ասում ա տղեն,— կլսեմ, խի՞ չեմ լսի։

— Ա՛յ որդի,— ասում ա,— որդե ըլնես, ինչ բանի էլ որ ղուլլուղ անես, հենց որ ժամի ձենը լսեցիր՝ ձեռիդ ինչ վռազ բան ըլնի՝ թո՛ղ, գնա՛ ժամ, ասսուն աղոթք արա՛։ Էս մի՛ն։ Մարդ ա, ո՛րդի, կպատահի ճամփա կէթաս, որ վարար ջուր ռաստ գա՝ առանց վալադ մարդի չըմննես անց կենաս, մի քանի օր էլ եդ ինկ, բա՛ն չկա, ընչանք սրա՛ն, նրա՛ն հարցնես, հարց ու փորձ անես, մարդ գտնես, գա քեզ անփորձանք անցկացնի։ Ըս էլ է՛րկու։ Վրա իրեք էլ, ո՛րդի, ինձանից քեզ ամանաթ, գշերը ըսկի ճամփա չէթաս, հենց ո՛րդե մթնեց, վե՛ր արի, կա՛ց, ընչանք լիսանա. մի՛ ասի թե՝ ֆլա՛ն գեղը մոտիկ ա, էթամ հասնեմ, չէ՛։ Հրես ո՛րդի, է՛ս ա իմ իրեք խրատը. սրանից դենը դու գիտաս, կլսես՝ դո՛ւ գիտաս, չես լսի՝ է՛լի դու գիտաս, մեղքն ու վարձքը քու շլինքը։

Ասում ա, ֆոգին տալի։ Տղեն տանում ա հորը առոք-փառոք, ո՛նց որ կարդն ա, թաղում, թողում գալի տուն։

Անց ա կենում ըսենց մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մի ամիս, էրկու ամիս, մախլասի՝ իրեք ամիս, օրեն մի օրը էս տղի ընկերտինքը, որ իրա նման առուտուրական ին, ճամփի թադարեք են տենում, ասում են. «Էթանք Թիֆլիս ապրանքի, դուքանի հմար ճոթ-մոթ առնենք, բերենք»։ Էդ տղեն էս որ իմանում ա, միտք ա անում՝ ինքն էլ հետները վե կենա էթա, հա՛մ աշխարք տենա, համ էլ թազա ապրանք բերի, լքցնի դուքանը, ծախի։

Գալիս ա ընկորտանցն ասում.— Ես էլ եմ ուզում գա ապրանքի, չե՞ք տանի։

— Գալիս ես՝ ա՛րի,— ասում են,— խի՞ չենք տանի։

— Ե՞բ էք ճամփա ընկնում,— հարցնում ա։

— Ֆլա՛ն օրը,— ասում են։

Լա՛վ։ Էս տղեն ա՝ ճամփի թադարեք ա տենում, մի սաղ ամսվա պաշար վեր ունում, քոչ ու բարխանա անում, ընկորտանց հեննա վե կենում, ընկնում ճամփա դպա Թիֆլիս։

Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում են Թիֆլիս։ Ըստե ամեն մարդ իրա առուտուրն անում ա, պրծնում, եննա քոմմքով էլ վեր են կենում, բեռները կապոտում, քոչ ու բարխանա անում, քրեհդարներ բռնում, ետ դառնում գալի իրանց երկիրը։ Քոմմքից եդը մնում ա էդ տղեն․ դա էլ որ իրա առուտուրն անում ա, պրծնում, ինչ որ դուքանի հմար պետքն էր առնում, էթում ա քրեհդարներ կանչում. գալիս են նրա ապրանքը բարձում ձիանիքը, հենց որ լիսը բացվում ա ընկնում են ճամփա։

Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, ճամփին մի վարար ջրի ռաստ էկան, էնքա՜մ վարար, էնքա՜մ վարար, էնքա՜մ վարար՝ հենց իմանաս հետը արին էր բերում: Խեղճերը մնացել ին գլխների վրեն շիվարած, չին իմանում ի՛նչ անեն, ի՛նչ չանեն, ո՛նց ջուրն անց կենան։ Քրեհդարներն ուզում ին տա անց կենա էն ղրաղը, տղեն չթողաց, հոր վասիաթը միտը բերեց թե. «Վարար ջուր ռաստ գալիս, առանց վալադ մարդի չանցկենաս»։

— Չէ՛, ա՛ղպեր,— ասեց տղեն,— ըստե բեռները վե դնենք, էթանք ըստերանք հարց ու փորձ անենք, բալի մի վալադ մարդ գտնենք, գա մեզ անփորձանք գետն անցկացնի:

Քրեհդարներից մինը էն դհիցը ինքն իրան ղուդուղացավ.— Ի՛նչ կա,— ասեց,— տնա՛շեններ, որ էդքան վախենում եք, էսթավուր պուճուր, մարմանդ[2] ջրիցն էլ մա՜րդ կվախի, ո՞ւզում եք աղաք ես ջուրը մննեմ, եննա՝ դուք։

Ասեց ու ղուդուղավարի ձին քշեց, ջուրը մննիլն ու գյում ըլնիլը մին էլավ։

— Հարա՜յ, մադա՜թ, հեղդվե՜ցի, հասե՛ք,— ձեն տվեց մեր ղուդուղ քրեհդարը։

Համա էլ ո՜ւր, բանը բանից անց էր կացե. ընկերտինքը ինչ արին, չարին՝ չկարացին խեղճի հավարին հասնի. իրան էլ, իրա ձիուն էլ ջուրը վե կալավ տարավ: Դե հմի արի տես էն մեկելները ո՜նց են ուրախացե, ո՜նց են ուրախացե, որ տղի խոսքին անկաջ արին, ջուրը չմտան, թե չէ քոմմքով էլ պտի հեղդվեին, էթային ֆողեց-ֆոգի կորչեին։

Նո՛ր էդ տղեն ձին նիլնում ա, քշում էթում մոտիկ գեղարենքը, սրա՛ն, նրա՛ն հարց ու փորձ անում, մի վալադ մարդ գտնում, բերում, լավ-լավ փեշքաշներ, բոլ փող խոստանում, որ իրանց գետն անցկացնի, հանի էն ղրաղը: Էդ վալադ մարդն ա՝ դե՛ ջրի սաղրիկ տեղարենքը ընե՛նց գիտար, ոնց որ իրա հինգ մատը, ձին նի ա ըլնում, ընկնում աղաք, սաղ-սալամաթ դրանց ջուրն անցկացնում, էլ եդ թողում, էթում իրա բանին:

Թիֆլիսից որ նոր ին դուս էկե, էդ տղին ճամփին մի բեզրգյան ռաստ էկավ. էս բեզրգյանը ընդե իրա խրիդն արե, էթում էր Գյանջա. էդ[3] տղի խելքն ու քյամալը որ տեհավ՝ շա՛տ հավանեց.

— Տղա՛,— հարցրեց բեզրգյանը,— ո՞րդիանցի ես։

— Ֆլա՛ն գեղիցն եմ,— ասեց տղեն։

— Ինձ հեննա ընկեր չե՞ս ըլնի։

— Խի՞ չեմ ըլնի,— ասեց,— համա հերս մեռնելիս ինձ վասիաթ ա արե, չեմ գիտա դու էլ ղա՞բուլ կըլնես, թե չէ։

— Ի՞նչ վասիաթ ա, ա՛սա տենամ. թե ինձ խեր ա, ձեռ կտա, ինչ պտի ասեմ, որ ղաբուլ չըլնեմ։

— Ո՛րդե ըլնեմ,— ասեց տղեն,— ինչքա՛մ վռազ բան էլ ըլնի ձեռիս, հենց որ ժամերը տվին, ալբիալը պտի վե քցեմ, թողամ էթամ ժամ, ասսուն աղոթք անեմ։ Էս մի՚ն։ Ճամփա էթալիս,— ասեց.— ո՛րդե մթնի, ընդե պտի վե գամ, կենամ ընչանք լիսանա: Էս է՛րկու: Վրա իրեքն էլ որ,— ասեց,— վարար ջուր ռաստ գալիս՝ առանց վալադ մարդի չանցկենամ, ոնց որ դու քու աչքովը տեհար։

— Տնա՛շեն,— ասաց բեզրգյանը,— բա՛ն գիտաս, բա՛ն ասա, թե չէ էդթավուր խելոք խրատներին ո՞վ չի ղաբուլ ըլնի։

— Լա՛վ, որ ղա՛բուլ ես, բաս ես էլ եմ ղա՛բուլ։ Ա՛րի ընկերանանք։

Ընկերանում են։ Ըստե բեռները բաց են անում, իրար ապրանք համբրում, հաշիվ անում, տղի ապրանքը բեզրգյանի ապրանքից քիչ ա դուս գալի. ընդուր հմար էլ, տղեն դառնում ա բեզրգանի չարեքդարը. սաքի թե՝ ինչ որ աշխատեն, չորս փայից մինը նրանը պտի ըլնի։

— Տղա՛,— ասում ա բեզրգյանը,— բաս որ ըտենց ա, դու վե՛ աղաք-աղաք գնա Գյանջա, թադարեք տես, ընչանք ես գամ։ Հրես քեզ նշանաբան կտամ,— ասում ա,— կտանես կտաս կնկանս, կնիկս, դուքանի բալանիքը կտա, կէթաս բաց կանես, ավլիլ կտաս, կթամզացնես, որ ես գամ թե չէ՝ հազիր ըլնի, բերենք ապրանքը դարսոտենք, մեր բանին կենանք։

— Լա՛վ,— ասում ա տղեն,— կէթա՛մ։

Բեզրգյանը նշանաբանը տալիս ա տղին, տղեն վեր ա ունում, դնում ծոցը, նիլում ձին՝ յա՜լլա դպա Գյանջա։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, գշեր, ցերեկ էթում ա, հասնում ա Գյանջա։ Էթում ա սրա՛ն, նրա՛ն հարց ու փորձ անում:

— Ֆլա՛ն բեզրգյանի տունը ո՞րն ա,— ասում ա։

— Հրես է՛ս ա,— ասում են։— Տղեն էթում ա դուռը ծեծում, բեզրգյանի կնիկը դուս ա գալի, տենում մի ջա՜հել, սի՜րուն, բո՜յով, բուսա՜թով տղա հրեն ընդե կաննած։ Կնիկը տղին տենալու բաշտան խելքամաղ ա ըլնում, մնում։

— Ո՞ւմ ես ուզում,— հարցնում ա կնիկը։

— Ֆլա՛ն բեզրգյանի տունն է՞ս ա,— հարցնում ա։

— Հա՛, է՛ս ա,— ասում ա կնիկը:— Խի՞ որ։

Տղեն նշանաբանը ծոցիցը հանում ա, տալի կնկանը ու մին-մին ասում, թե ինքն ո՛վ ա, յա ի՛նչ բանի հմար ա էկե։ Կնիկը որ իմանում ա բանը ընչումն ա, տղին ուրախ֊ուրախ կանչում ա տանում տուն։

— Ա՛յ դու բարո՜վ, հա՜զար բարինե ես էկե,— ասում ա կնիկը,— ամեն ճամփեդ սալամաթ. ո՞նց ես, լա՞վ ես։ Ախա՛ր ես մե՜ռա քու ճամփեն պահելոն. խի՞ էսքամ եդացար։

Տղեն մնում ա սառած մտիկ անելոն կնկա երեսին։ «Ա՛ղպեր,— ասում ա ինքն իրան,— ե՛ս ով, է՛ս կնիկն ով, որ էսքամ հարց ու փորձ ա անում, էսքամ ուզում, խնդում, ծիծաղում, ուրախանում, աշխարով մին ըլնում»։

Ղո՛րթ ա, կնկա միտքը ծուռն էր, համա խեղճ տղեն միամիտ, սիրտը դուզ, նրան ընենց էր մտիկ տալի, ոնց որ իրա հալալ քվորը։

Կնիկը տեհավ, որ չէ՛, սա իրա ասածը չի, էլ ձեն-ծպտոն չհանեց, հեննեն ինադ ընկավ․ «Թո՛ղ մի մարդս գա,— ասաց ինքն իրան,— էն վախտը ե՛ս գիտամ, դո՛ւ»։ Գնաց դուքանի բալանիքը բերեց, տվեց տղին, տղեն տարավ, դուքանը բաց արեց, պուճախե֊պուճախ լավ, սիրուն ջրջրհանեց, սրբոտեց, հազիր արեց։

Անցկացավ մի օր, էրկու օր, իրեք օր, բեզրգյանն էկավ, տեհավ դուքանը սիրուն ջրջրհանած, ավլած ամեն բան իրա տեղը, սարքին է կարգին՝ ուրախացավ, աշխարով մին էլավ, որ էսթավուր ղոչաղ տղա ա ընկե ձեռը։ Բերեցին էրկսով բեռները քանդռտեցին, ապրանքը լքցրին դուքանը, է՜, ոնց որ կարգն էր դարսոտեցին, իրանց առուտուրին, իրանց բանին կացան:

Անցկացավ մի վախտ, մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, օրեն մի օրը բեզրգյանի կնիկը կպավ մարդի յախեն.— Ա՛յ մարդ,– ասեց,– քեզ մի սըռ պտի ասեմ:

— Ա՛սա,— ասեց,— ա՛յ կնիկ, ասա տենամ ի՛նչ ես ասում։

— Պտի էդ տղին,— ասեց,— ջո՛ւղաբ անես, որ նրա էրեսը էլ չըտենամ։

— Խի՞, ա՛յ կնիկ, քեզ ի՞նչ ա արե,— ասաց մարդը։

— Բա՛ չե՞ս ասի,— ասեց,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. ուզում էր իմ «հալալը հարամի»։— Նստում ա մարդին մին-մին նաղլ անում, մնին էրկու ավելացնում։

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ:

— Բա ո՞նց անեմ, ա՛յ կնիկ, էդթավուր աչքաբաց, զուլում տղին ո՞նց ջուղաբ անեմ. գիտա՞ս էս մի քանի ամսումը ինձ աշխարքի խեր ա տվե։ Սավայի էդ,— ասեց,— հեննեն տարով եմ կապնըվե, որ դուս էլ անեմ՝ պտի սաղ տարվա հախը տամ։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ մարդ,— ասում ա կնիկը,— դուս կանես՝ լա՛վ, չես դուս անի՝ ե՛ս գլուխս կառննմ ըստիան կկորչեմ։

Խեղճ մարդը մնացել էր էրկու ջրի արանքին, չէր գիտա ի՛նչ անի, ի՛նչ չանի։ Տղին ջուղաբ աներ պտի սաղ տարվա հախը տար, դուս չաներ՝ չէր ըլնի, կնկա ձեռիցը չպտի պրծներ։

Միտք արեց, միտք արեց, վերջն ասեց.— Բա՛լի կարենամ էդ տղին մի դհով կորցնի, յա սըպանիլ տա, թե չէ էլ ուրիշ ճար իլլաջ չկա։

Էդ բեզրգյանը իրանց տան կշտին մի փուռ ուներ, վե կացավ, գնաց փռնչու յախեն կպավ.— Փռնչի՛,— ասեց,— քեզ մի բան կասեմ, պտի ա՛նկաջ անես։

— Ա՛չքիս վրեն, ա՛ղա ջան, էրկուսն ասա՛,— ասեց փռնչին։

— Էգուց էն գլխեն,— ասեց,— մընին կղրկեմ կուշտդ, կգա կհարցնի, թե. «Աղես ասում էր, ինչ որ քեզ հրամայեցի՝ արե՞ցիր, թե չէ»։ Էս որ կասի, էլ մտիկ չես տա, է՛ն սհաթը վե կունես դրան սաղ-սաղ կկոխես փուռը։

— Լա՛վ,— ասեց փռնչին,— դու ղրկա՛, նրանից դենը ե՛ս գիտամ։

Իրիկունը տղեն դուքանիցն էկավ տուն, բեզրգյանը նրան, որ ասես, բան չասեց, սաքի թե բանից խաբար չի։ Կնիկը հացը բերեց քցեց, նստեցին, կերան, կշտացան, պրծան, դե՛սից-դե՛նից ասեցին, խոսեցին, զրից արին՝ ընչանք քնելու վախտը։

Քնելու վախտը որ էկավ, բեզրգյանը տղին ասեց.— Է՛գուց էն գլխեն կէթաս մեր փռնչու կուշտը, դուռը կծեծես, կհարցնես. «Աղես ինչ որ հրամայել էր՝ արե՞ցիր, թե չէ»։ Կասես, էլ եդ կէթաս քու բանին։

— Լա՛վ,— ասեց տղեն,— կէթամ կհարցնեմ։

Պառկեցին քնեցին։ Տղեն որ բանից խաբար չէր, էն գլխեն թեզ վե կացավ, շորերը հագավ, էրեսը լվաց, գնաց փռնչու կուշտը, որ բեզրգյանն ինչ ապսպրել էր՝ ասի։ Քարը վե կալավ, որ դուռը ծեծի, մըն էլ տեհավ՝ ծընգ, ժամերը տվին։ Ալբիալը քարը ձեռիցը վե քցեց, հոր վասիաթը միտն ընկավ, ասեց․ «Էթամ ժամ, կենամ ընչանք ժամը դուս գա, էն վախտն էլ փուռը բաց կըլնի, կգամ կասեմ»: Թողաց գնաց ժամ։

Լա՛վ։ Բեզրգյանի կնիկը չունքի մարդի միտքը գիտար, էն գլխեն թեզ վե կացավ, թազա շորերը հագավ, լավ, սիրուն զուգվեց, զարդարվեց, կոկվեց՝ ուրախ-ուրախ գնաց ժամ։ Մի քիչ ժամումը կացավ, աղոթք արեց (աղոթքը գլխնին խռով կենա)[4], ասեց. «Էթա՛մ մի փռնչուն հարցնեմ, տենամ մարդիս ասածն արել ա, թե չէ»։ Մի քանի հետ ծունդր դրեց, էրեսին խաչ հանեց, դուս էկավ, գնաց փռնչու կուշտը, դուռը ծեծեց։

— Էդ ո՞վ ես,— ձեն տվեց փռնչին։

— Ես եմ,— ասեց,— դուռը բա՛ց արա։

Փռնչին դուռը բաց արեց, տեհավ իրա տղի կնիկը։

— Հը՛,— հարցրեց կնիկը,— աղեղ քեզ բան էր հրամայե՝ արե՞ցիր, թե չէ։

Փռնչին էլ ձեն-ծպտոն չհանեց, ալբիալը վե կալավ կնկանը սաղ-սաղ կոխեց թեժ փուռը։ Խեղճը հենց իմացավ աղեն դրա հմար ա թամբահ արե․ «Ո՛վ գիտա,— միտք արեց ինքն իրան,— բալի մի մուխաննաթություն ա արե մարդին, նա էլ ուզում դրան կորցնի»։

Ժամը դուս ա գալի, պրծնում, տղեն գալիս ա փռնչու կուշտը։

— Փռնչի՛,— ասում ա,— աղեդ ինչ որ թամբահ էր արե՝ արե՞ցիր, թե չէ:

— Հա՛,— ասում ա փռնչին,– արեցի։

Տղեն թողում ա գալի տուն, բեզրգյանին ջուղաբ տանում, թե փռնչուն հարցրեց, ասում էր՝ ինչ որ հրամայել էր, արել եմ։ Ասում ա, ետ գալի էթում դուքանը բաց անում, իրա առուտուրին, իրա բանին կենում։

Բեզրգյանը որ տենում ա տղեն սաղ-սալամաթ ետ էկավ, ալբիալը մատը կծում ա. «Բա՛լի,— ասում ա,— կա չկա՝ ըստե մի բան կա»։ Վեր ա կենում գալի փռնչու կուշտը։

— Փռնչի՛,— ասում ա բեզրգյանը,— էդ ո՞ւմն ես կոխե փուռը։

— Աղա՛,— ասում ա փռնչին,— դո՞ւ չասեցիր էն գլխեն ով կգա կուշտդ, ըսե՛նց, ըսե՛նց կասի՝ վե կունես կկոխես փուռը։ Էն գլխեն կնիկդ էկավ, ոնց որ ասել իր՝ ընենց հարցրեց, ես էլ անսաս վե կալա քցեցի թեժ փուռը։

— Ա՛յ հարա՜յ,— ձեն ա տալի բեզրգյանը,— քու տո՛ւնը քանդվի, ոնց որ դու իմ տունը քանդեցիր, թո՛ղիր։

Խեղճը շատ ա գլխին վա՛յ տալի, լա՛ց ըլնում, համա էլ ո՞ւր՝ բանը բանից անց էր կացե։ Թողում ա փոր-փոշման, դառը-տխուր գալի տուն։

Իրիկունը տղեն դուքանիցը գալիս ա։

— Տղա՛,— ասում ա բեզրգյանը,— քեզ մի բան պտի հարցնեմ, համա որ դրուստը չես ասե՝ էլ ձեռիցս չես պրծնի։

— Ասա՛,— ասում ա տղեն,— կա՛սեմ, խի՛ չեմ ասի։

— Դու ա՛րի դրուստն ասա՝ քու ու կնկանս արանքը ի՞նչ ա անցկացե։

Տղեն առաջ չեմ ու չում արեց, չուզեց մզուր գա, ասեց՝ բալի իզակորուստ անի, համա տեհավ որ չէ, բանը ուրիշ թավուր ա, բեզրգյանը ամեն բան գիտա, էլ չկարաց պահի, ասեց. «Հալ-նաղլ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան», նստեց մին-մին նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Լա՛վ,— ասեց բեզրգյանը,— ես քեզ ավատում եմ, համա որ դու իմ կնկա կորչելու սաբաբն էլար, սրանից դենը քու աշխատանքը ինձ հարամ ա կացե, որ ոտիցդ ընչանք գլուխ ոսկի էլ դառնաս՝ ինձ պետքը չես։ Հրես,— ասեց,— էս քու սաղ տարվա թամամ հախը. ապրանքից էլ ինչ որ քեզ կհասնի, կէթաս վե կունես, կէթաս ետ քու երկիրը։ Ատոծ քե՛զ էլ բարի տա, ընձ էլ։

— Լա՛վ,— ասեց տղեն,— որ ուզում ես՝ ըտե՛նց կանեմ։

Հաց կերան պրծան, պառկեցին, քնեցին։ Առավոտը լիսը բացվեց թե չէ, տղեն վե կացավ գնաց դուքան, դուռը բաց արեց, ապրանքից ինչ որ իրան կհասներ, չորսից մինը վե կալավ, էլ եդ դուռը շինեց, բերեց բալանիքը տվեց բեզրգյանին, հեննեն մնաս բարով արեց, էկավ քրեհդարներ բռնեց, ապրանքը բարձիլ տվեց, ընկավ ճամփա դուզ դպա իրանց գեղը[5]:

Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, հինգ օր, մախլասի՝ մի շաբաթ, էրկու շաբաթ՝ հենց էն ա[6] հասվե հաս էր՝ գեղի[7] կշտին մութը գետինը կոխեց։

— Քրեհդարնե՛ր,— ասեց տղեն,— բեռները վե՛ դրեք, ըստե չադիր տանք՝ կենանք ընչանք լիսանա, նոր վե կենանք ճամփա ընկնենք։

— Տնա՛շեն,— ասեցին քրեհղարները,— էլ ըստե ինչ կա որ կենանք, հրենիկ գեղն էրևում ա։

— Չէ՛, որ չէ,— ասեց տղեն,— հերս վասիաթ ա արե, որ գշերը ճամփա չէթամ։

Ինչ արին չարին՝ չէլավ, տղեն մի հետ սատանի ձին նի էր էլե, չէր ուզում վե գա։ Դե՛ նրանք էլ ինչ պտի ասեին. բերին բեռները վե դրին, չադիր տվին՝ կացան։ Գշերվա մի վախտ տղեն վե կացավ, ասեց. «Տենամ քրեհղարները քնե՞լ են, թե չէ, հո գող, հարամի չկա՞»։ Բեռների չորս բոլորը ման էկավ, է՛ս գիհը գնաց, է՛ն գիհը գնաց՝ մըն էլ տեհավ հրենիկ գեղիցը մի մարդ ֆանառը ձեռին մի զադ ուսին կրընկում ա դպա գերեզմանները։ Ասեց. «Արի՛ բուսուն պահեմ, տենամ էդ մարդը էս բեվախտին ուր ա էթում»։ Սատանական ընե՛նց էլ զուլում մթնագշեր էր, ընե՛նց զուլում մթնագշեր, որ մատդ մարդի աչքը կոխեիր՝ չէր իմանա։ Տեհավ էդ մարդն էկավ, էկավ՝ հասավ գերեզմանները. ըտե դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, մի քար գտավ. էդ քարը բանձրացրեց, բահով տակը փորեց, ուսի զադը վե դրեց, ընդե ֆորեց, քարն էլ եդ ուսուլով ցցեց վրեն, թողաց, գեղի ճամփեն բռնեց գնաց:

Տղեն էս որ տեհավ, ուրախացավ, աշխարով մին էլավ։ Խեղճը հենց գիտար էն մարդը խաղինա յա ապրանք բերեց, էն քարի տակին ֆորեց, ասեց. «Կէթամ, կհանեմ, կհարստանամ, մալ ու դոլվաթի տեր կըլնեմ»։ Լա՛վ։ Դե՛ս մտիկ տվեց, դե՛ն մտիկ տվեց, տեհավ քրեհդարները ընենց խռմփալեն քնած են, որ ոններիցը բռնեիր դեն գցեիր՝ չին իմանա։ Նրանց թողաց ընդե քնած, ինքը ֆանառը վառեց, յավաշ֊յավաշ երմիշ ելավ դպա գերեզմանները. դե՛ս ման էկավ, դե՛ն֊ման էկավ՝ էն քարը գտավ, ուսուլով բանձրացրեց, տակը մխելի տեղ քանդեց, ընդե պահած զաղը հանեց, դրեց ուսին, բերեց չադիրը։ Բաց արեց ի՜նչ տենա՝ մի սի՜րուն, նա՜շխուն, հուրի-մալաք աղջիկ, թագավորի աղջկանը լայաղ շորեր հագին, յարալու արած, արենշաղաղ խանչալն էլ կողքին դրած։ Ձեռը դրեց սրտին, տեհավ, ըհը, սիրտը քցում ա։ «Բա՛ս լավ ա,— ասեց,— դեռ հլա սաղ ա. թեզով սրան մի ճար անեմ»։

Առավոտը լիսը բացվեց թե չէ, քբեհդարներին ասեց, որ էլ չէթան գեղը, ձիանիցը ուրիշ գեղ քշեն[8]։

Դե՛, քբեհդարնե՛րին ինչ, նրանց իրանց քրեհի վեքիլն ին․ ձիանիքը բարձեցին, ընկան ճամփա։

Էկան, էկան, էկան, շատն ու ցիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, էկան հասան մի ուրիշ գեղ[9]: Ըստե տղեն իրա ապրանքը քոմմա ծախոտեց, փող շինեց, քրեհդարների հախը տվեց, ճամփու դրեց, ջոկ․ օթախ քրեհեց, կացավ. եննա էդ գեղի մհալումը ինչքամ գլուխ հեքիմ կար՝ քոմմքին էլ կանչեց. «Ինչ ուզեք՝ կտամ,— ասեց,— թաքիլան էս աղջկանը մի ճար անեք»։

Էս հեքմներին, խելք խելքի տվին, է՛ս գեղը տվին, է՛ն գեղը տվին, հա՛յ դես, հա՛յ դեն, գշեր, ցերեկ չարչարվեցին՝ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, կամաց-կամաց հիվանդը լավացավ, վե կացավ, ման էկավ, էլավ ոնց որ մորեն մին։ Հեքմներին բոլ փող տվեց, ճամփու դրեց, գնացին։ Ընչանք օրս տղեն չէր գիտա՝ էս աղջիկն ո՛վ ա, ո՛վ չի, հերնըմեր ո՛ւնի, չո՛ւնի, յա ոնց ա էլե, որ սրան յարալու են արե, բերե էն գերեզմանաքարի տակը դրե, թողե գնացե: Որ լավ լավացավ, պրծավ, նոր աղջկանը հարց ու փորձ արեց։

Աղջիկը նստեց մին-մին, տեղը-տեղին նաղլ արեց իրա գլխովը անցկացածը։

— Ե՛ս,— ասեց[10],— թագավորի աղջիկ եմ։ Հերս մի սառաֆ ուներ, ասեց,— դրա տղի աչքն ընկել էր վրես, ուզում էր ինձ առնի։ Էդ սառաֆի տղեն ա՝ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, մարդիկ մեջ քցեց, ինչ արեց, չարեց, չէ՛լավ, հերս ղա՛բուլ չէլավ, նա մի հետ չէ՛ էր ասե՝ է՛ն դիհը կաննե։ Էդ օրվանից սառաֆի տղեն հեննես ինադ ընկավ։ Օրեն մի օրը, իմ ղարավաշների հեննա գնացել ի գեղիցը դուս սեհը անելու։ Հենց գեղիցը մխելի հեռացել ինք, մըն էլ էն տեհանք, մի քանի ձիավոր էն գհիցը դուս էկան, ձիանոնց գլուխը բրախ տվին ու յա՜լլա դպա մեզ։ Էս որ տեհան ղարավաշներս, վախլություններիցը թողին փախան, ես մնացի մեն-մենակ։ Էդ ձիավորներն էկան հասան, տեհա դրանցից մինը էն սառաֆի տղեն, ձիանոնցից վեր էկան, ձեռ ու ոտս կապեցին, վե կալան, տարան։ Ես ուշաթափ էլա, մնացի, էլ միտս չի՝ ո՛ւր տարան, ի՛նչ արին, ի՛նչ չարին․ մենակ էս ա միտս, որ աչքս բաց արի՝ տեհա կշտիդ։

Ղո՞րթ ես ասում, ա՛ղջի, թե սուտ,— հարցրեց տղեն։

— Ղո՛րթ:

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ:

— Բաս որ ըտե՛նց ա,— ասեց տղեն,— դու ի՛մն ես, ես՝ քո՛ւնը։

Գնաց էն սհաթը տերտեր կանչեց, էդ տերտերը բերեց դրանց պսակեց, էլան մարդ ու կնիկ։ Ըստե մի քանի վախտ կացան, եննա միտք արին, ասեցին. «Վե կենանք էթանք մեր քաղաքը[11], տենանք ի՛նչ կա, ի՛նչ չկա»: Համա կնկա միտքն ուրիշ էր, նա ուզում էր սառաֆի տղից ինադը հանի, նո՛ր որ սիրտը հովանար։ Ճամփի թադարեք տեհան, ի՛նչ ունեին-չունեին կապռտեցին, ընկան ճամփա՝ դպա իրանց քաղաքը։

Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասան իրանց քաղաքը, Ըստե աղջկա հորնըմորիցը թաքուն ջոկ օթախ քրեհեցին, կացան: Անցկացավ մի օր, էրկու օր, իրեք օր, տղի ձեռի փողը հատավ, չէր իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի, ո՛ւմ դուռն էթա, ո՛ւմ ձեռը դեմ անի, մի քանի ջահի ուղի, որ սթար անեն, ընչանք տենան վերջներն ի՛նչ ա ըլնում։ Ըսենց օրեն մի օրը տղեն դառը-տխուր նստել էր, մտքի հեննա ընկե։

— Ա՛յ մարդ,— ասեց թագավորի աղջիկը,— ի՞նչ ես միտք անում, ասա տենամ դարտդ ի՞նչ ա. խի՞ ես ըտենց դառը-տխուր նստե, չըլնի՞ ձեռիդ խարջլըղը պրծել ա, ընդուր հմար ես միտք անում։

— Հա՛, ասեց,— ա՛յ կնիկ, քեզանից պահեմ, ասսանից ի՛նչ պահեմ, լափ սըթար-մըթարից ընկել եմ, ո՛նչ փող կա, ո՛նչ զադ. միտք եմ անում, թե մեր վերջն ինչ պտի ըլնի:

Թագավորի աղջիկը էս որ լսեց, էն սհաթը ձեռը տարավ մազերի միջիցը մի ակը հանեց տվեց նրան։

— Ա՛ռ,— ասեց,— էս ակը կտանես բազար, կտաս թագավորի սառաֆի տղին։— Ի՞նչ աժի,— կհարցնես։ Կասի. «Հազար էրկու հարիր մանեթ»։— Բաս որ ըտենց ա,— կասես,— վեց հարիր մանեթ տո՛ւ, էն վեց հարիրն էլ քեզ փե՜շքաշ։ Սավայի էս, ասեց,— բան ա, որ սառաֆի տղեն քեզ կանչի, ասի. «Էթա՛նք մեր տունը ղոնաղ», կէթաս. համա ընենց կանես, որ հեգսի օրն էլ դու նրան բերես մեր տունը։ Իմա՞ցար։

— Իմա՛ցա,— ասեց տղեն,— ոնց որ ասեցիր՝ ընենց էլ կանեմ։

Ակը ձեռիցն առավ, վե կացավ գնաց բազար։ Դե՛, ջորը-մորը փոխել էր, ուրիշ գեյմ մտե, ո՛ր ասես մարդ էլա չճանանչեց նրան, թե ո՛վ ա, ո՛վ չի։ Տարավ դո՛ւզ թագավորի սառաֆի տղի կուշտը, ակը հանեց շանց տվեց։

— Էս ակն ի՞նչ աժի,— հարցրեց։

— Հազար էրկու հարիր մանեթ,— ասեց սառաֆի տղեն։

— Բաս որ ըտենց ա,— ասեց, վեց հարիր մանեթ տո՛ւ, վեց հարիրն էլ քեզ փե՜շքաշ։ Ռա՞զի ես։

— Ռա՛զի եմ,— ասեց սառաֆի տղեն։ Էն սհաթը ուրախ֊ուրախ հանեց, վեց հարիր մանեթը նաղդ համբրեց, ակը ձեռիցն առավ, դեռ հլա իրա միջին էլ ծիծաղաց նրա վրեն, թե էս մարդը գի՜ժ ա, ի՛նչ ա, որ էսթավուր գյոզալ ակը բերել ա, կիսագին ծախում։ Իրիկունը որ էկավ տուն, հորը մին-մին նաղլ արեց.— Բա՛ չես ասի,— ասեց,— ա՛յ հեր, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ըսօր մի տղա բերեց հազար էրկու հարիր մանեթանոց ակը վեց հարըրով ծախեց, ես էլ առա, թողաց գնաց։

— Ա՛յ որդի, ասեց հերը,— բա խի՞ չիր էն տղին կանչում, բերում տուն, որ լավ պատիվ տայինք, ընենց ճամփու դնեինք։ Ո՛րդի, դեռ հլա ջահել ես, չես իմանում, որ էդթավուրներից մարդ, տեղն ընկած վախտը, շատ խեր կտենա։

— Լա՛վ, ա՛յ հեր,— ասեց,— որ մըն էլ ռաստ գա՝ կբերեմ։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը, թագավորի աղջիկը տղեն էլի ղրկում ա բազար, ասում ա.— Է՛ս առ, է՛ն առ, է՛ս բե, է՛ն բե, մախլաս՝ ի՛նչ որ պետքն էր, փող ա տալի, որ էթա առնի։

Էս տղեն ա՝ գեյմը փոխում ա, դուս գալի, էթում բազար։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, ի՛նչ որ կնիկը թամբահ էր արե՝ առնում ա, թողում գալի տուն։ Ճամփին սառաֆի տղեն սրան ռաստ ա գալի։

— Ա յ բարո՜վ, հազա՜ր բարին,— ասում ա սառաֆի տղեն,— քե՜ֆդ, հա՜լդ, ո՞նց ես, լա՞վ ես։

— Փա՛ռք իրա ողորմությունին, ասում ա,— կա՛նք էլի։

— Ինչ կըլնի-կըլնի,— ասում ա սառաֆի տղեն,— ա՛րի ըսօր էթանք մեր տունը ղոնաղ. շատ վախտ ա իրար չենք տեհե, դե՛սից, դե՛նից կասենք, կխոսանք, զրից կանենք, ընչանք օր ա, կմթնի էլի։

— Լա՛վ,— ասում ա,— սառաֆի տղա, ըսօր որ ես ձեր տունը գամ, խոսք տա՞լիս ես, էգուց էլ դու գաս մեր տունը։

— Խո՛սք եմ տալի,— ասում ա սառաֆի տղեն:

— Դրո՜ւստ։

— Դրո՛ւստ[12]:

— Բաս որ ըտենց ա, է՛թանք։

Վեր ա կենում գալի թագավորի սառաֆի տունը։ Գալիս են տուն, նստում են, դե՛սից, դե՛նից ասում, խոսում, մասլահաթ անում, ընչանք հացի վախտը գալիս ա, բերում են դաստախունը բաց անում՝ նստում են հացի։ Սառաֆի տղեն իրա ղոնաղին լավ քե՜ֆ, ուրախությո՜ւն ա շանց տալի։ Ուտում են, խմում, լավ լլվում, թրջվում, ընենց որ լա՛փ հալից ընկնում են։ Դե՛, տղեն էդ հալին էլ հո չէր կարա վե կենա, էթա իրանց տանը, հենց ըտե գշերը մնում ա:

Մնում ա, առավոտը վե կենում, սառաֆի տղին ասում.

— Սառաֆի տղա՛, հմի՞ ինչ ես ասում, գա՞լիս ես մեր տունը ղոնաղ, թե չէ։

Գա՛լիս եմ,— ասում ա սառաֆի տղեն, է՛թանք։ Վեր են կենում գալի։

Գալիս են տուն։ Թագավորի աղջիկը սառաֆի տղին տենալու բաշտան՝ ալբիա՛լը ճանանչում ա, էթում ա տափ կենում, ասում ա. «Վա՛յ թե ինձ տենա, բան ֆահմի»։ Էդ էրկսով նստում են, ասում, խոսում, մասլահաթ անում, ընչանք էդ վախտը թագավորի աղջիկը կերակուր ա էփում, հաց-մաց շինում, հազիր անում։ Տղեն տանում ա դաստախունը փռում, կերակուր ածում, բերում դնում իրանց աղաքը. նստում են, ուտում, խմում, քեֆ անում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում ընչանք կես գշեր։ Սրանք որ շատ խմում են, գինովանում, հենց տեղնուտեղը թեք են ընկնում՝ քնում։ Դե՛, հո գինովը, հո մեռելը մին ա, որ ոտիցը բռնես քաշ տաս՝ չի իմանա։ Սրանք էլ ըտենց։

Գիշերվա մի վախտ թագավորի աղջիկը վեր ա կենում, էն արնոտ խանչալը վեր ունում, ո՛ր խանչալով որ իրան յարալու ին արե, ուսուլով էթում սառաֆի տղի գլխավիրևը կաննում։ Տենում ա խռմփալեն քնած ա. խանչալը որ չի կոխում փորը, մի քանի հետ էլ պտիտ տալի, աղիք-մաղիքը խառնըշտորում, ալբիալը ֆոգին տալիս ա։ Նո՛ր մարդին բռթում ա, վե կացնում։ Մարդը վեր ա կենում տենում ի՜նչ սառաֆի տղի մեյիդը կողքին էրկեն մեկնվել ա, աղիք-մաղիքը դուս թափած, արնի միջին կորած։

— Ա՛յ կնիկ,— ասում ա, էս ի՛նչ զուլում բերիր մեր գլուխը, հմի հո մենք ֆողեց-ֆոգի կորանք:

— Բա՛ն չկա,— ասում ա կնիկը,— դրան տեղն ա. ես հո ինադս հանեցի, սրանից դենը ինչ ուզում ա ըլնի։ Մի շորի միջի էդ օլուն կփաթթես,— ասում ա,— կտանես գերեզմանները, ման կգաս, էն գերեզմանաքարը կգտնես, որդե ինձ բերել ին ֆորե, տակը լավ կքանդես, կդնես ընդե, ֆողը վրա կտաս, քարը էլ եդ կքցես վրեն, կթողաս կգաս։

Մարդն էլ տենում ա, որ ճար, իլլաջ չկա, կնկա ասածը պտի անի. բերում ա էդ օլուն մի շորի միջի փաթթում, դնում ուսին, տանում գերեզմանները, դե՛ս, դե՛ն ընկնում, ման գալի, էն քարը գտնում, բանձրացնում, տակը քանդում, մեյիդը դնում ընդե, ֆողը վրա տալի, քարը էլ եդ գցում վրեն, թողում գալի տուն։

Առավոտը լիսը բացվում ա թե չէ, կնիկն ասում ա մարդին.— Ա՛յ մարդ, սրանից դենը ըստերանք մնալը հարամ ա, պտի գլուխ առնենք էթանք ուրիշ երկիր, թե չէ որ իմացան, բանը բացվեց, վա՛յն էկել ա մեզ տարե։ Կէթա՛ս,— ասում ա, ինձ հմար, մի ձեռք տղամարդի շոր կառնես, թուր, ասպար ու մի հատ էլ լավ քյահլան ձի, մախլաս՝ ճամփի հմար ինչ պետքն ա կառնես, վե կենանք էթանք Ըստամբոլ, ընդե կենանք, ընչանք տենանք վերջներս ի՛նչ ա ըլնում:

— Լա՛վ, ա՛յ կնիկ, ասում ա մարդը,— թող ըտենց ըլնի, էթամ առնեմ։

Էս մարդն ա՝ գեյմը փոխում ա, վե կենում, էթում բազար, դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, կնկա հմար մի լավ ձեռք տղամարդի շոր ա առնում, ասպար-մասպար ա առնում, էրկու էլ քյահլան ձի, թողում գալի տուն։ Էդ գշեր ըտե մնում են, ճամփի թադարեք տենում, ի՛նչ ունեին-չունեին բերում, հազիր անում, առավոտը դեռ լիսն ու մութը չբաժանված, մարդ ու կնիկ վեր են կենում, թագավորի աղջիկը տղամարդի գեյմ ա մննում, ասպարավորվում են, ասսու անումը տալի, թռնում ձիանիքը՝ յա՜լլա։

Էթում են, էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, գալիս են մի չայիր-չիման տեղ, մի աղբրի կշտի վե գալի, մի քիչ դինջանան, հաց-մաց ուտեն, էլ եդ վե կենան էթան իրանց ճամփեն։ Թագավորի աղջկա վրեն հո էլ հալ չէր մնացե՝ բեզարել էր, թըլըպպե, մնացե։ Ախար խեղճը ազիզ֊մազիզ մենծացած, արևի էրես չտեհած՝ կարար իրեք օր իրար վրա ճամփա էթա, ըն էլ ձիով։ Հաց որ կերան պրծան, գլուխը դրեց տղի ծնկանը, ասեց. «Մի քիչ աչքս էլա կպցնեմ, դինջանամ»: Տղեն տեհավ, որ քնեց, ինքն էլ իրա դարտի հեննա էլավ։

— Հրե՛ս,— ասեց ինքն իրան,— ձեռներիս փողը պրծնում ա, սրանից դենը ինչ պտի անենք. ո՞ւմ դուռն էթանք, ու՞մ ձեռը մեկնենք, մի կտոր հաց ուզենք։ Կնիկս, ասեց,— է՛ն դռնում որ մի ակը տվեց, տանեմ խարջեմ, իրա մազերի միջիցը հանեց, ա՛րի մի ման գամ, տենամ նրանից է՞լ կա, թե հենց էն էր, որ տվեց։

Անկաջ դրեց, տեհավ խըռըմփալեն քնած ա, ուսուլով ձեռը տարավ մազերը, դե՛ս քրքրեց, դե՛ն քրքրեց, մըն էլ ի՜նչ տենա՝ մի կարմիր մահդի կտոր, վրեն օխտ-ութ ակը շարոտած, ընե՛նց էլ մի շողշողում ին, ֆըրֆըրահար գալի, որ քիչ էր մնում մարդի աչք քոռացնեին թողային։ Էս որ տեհավ, նոր մի քիչ խեղճի սիրտը արխեյնացավ, տեղն ընկավ։ Քրտնած մատներով որ բռնել էր, ակները մի քիչ սևացել ին, ասեց. «Դնեմ արևը, չորանա, եդ վեր ունեմ պահեմ»։ Մահդի կտորը վե կալավ, դրեց արևը։ Որդիան որ էր է՛ն դհիցը մի ագռավ վեր էկավ, հալբա՛թ իմացավ միս ա, մահդի կտորը կտցեց, թռավ։ Տղեն ընկավ եննուցը, թը՜ռ հա թը՜ռ, թը՜ռ հա թըռ, թը՜ռ հա թըռ, համա էլ ո՛ւր, տարավ ու տարավ: Շատ գլխին վա՛յ տվեց, լաց էլավ՝ համա էլ ի՛նչ, բանը բանից անց էր կացե։ Մնացել էր շիվարած, չէր իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի, ի՛նչ էրեսով կնկա էրեսին էրևա։ Միտք արեց, միտք արեց, վերջն ասեց՝ լավն էն ա գլուխ վեր ունեմ, էթամ մի գհով, աշխատանք անեմ, մի քանի շահի հավաքեմ, նոր ընդիան տամ էթամ Ըստամբոլ։ Չունքի գիտար, եդ ու աղաք թագավորի աղջիկն էլ կգա Ըստամբոլ, ասեց. «Ընդե իրար կգտնենք»։ Ըտենց էլ արեց, ուսուլով կնկա գլուխը վե կալավ ծնկան վրիցը, դրեց գեննին, բերեց ձին թամքեց, նի էլավ՝ յա՜լլա։

Գնաց, գնաց, գնաց, շատ գնաց թե քիչ աստոծ ա խաբար, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, լիս գնաց, մութ գնաց՝ դուս էկավ Թիֆլիսա շհարը։ Ըստե իրա ձին, ասպարները քոմմա ծախոտեց, փող շինեց, որ նրանով մի քանի օր սթար անի, ընչանք մի քանի կպնիլը։ Դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, սրա՛ն հարցրեց, նրա՛ն հարցրեց, վերջը մի հարուստ մարդի ռաստ էկավ։

— Ա՛ղպեր,— հարցրեր էդ հարուստ մարդը,— կատեպան չե՞ս ըլնի:

— Խի՛ չեմ ըլնի, աղա,— ասեց տղեն,— զաթի ես էլ գեղցի, ռանչպար մարդ, հենց էդ իմ սիրած փեշակն ա։

Իրար հեննա խոսացին, պրծան, բարըշեցին տարեկան եռեսուն մանեթ, վրեն էլ մի ձեռք շոր։

Էս մեր կատեպանն ա՝ Թիֆլիսա շհարումը մնում ա, էդ հարուստ մարդի հիքին բեջարում, մուղաթ կենում, իրա վախտին շրում, քախանում, էտում, թաղում, եդ տալի, մախլաս, գլխներդ ի՛նչ ցավացնեմ, հիքումն ինչ չարչարվում էր՝ չարչարվում, իրիգունը դունչը գալիս էր, նրանց տան բանին հասնում, աղաքներին ղուլլուղ անում, է՛ս անում, է՛ն անում, ընենց որ քոմմքով էլ նրան ընե՛նց ին սիրում, ընե՛նց ուզում, ոնց որ մի տան տղա։ Ըսենց մի քանի տարի կացավ դրանց կշտին, մի քանի մանեթ փող շինեց, վերջը միտք արեց, ասեց. «Էթամ կնկանս հավարին, աշխարե-աշխար, երկրե-երկիր ման գամ, բալի գտնեմ»։

Էդ հարուստ մարդը շատ կպավ յախեն, թե մի տարի էլ կա՛ց, մի՛ էթա՝ չէլավ, ասեց.— Չե՛մ կարա, որ չե՛մ կարա, մուրազ ունեմ, պտի էթամ։

Դե՛ աղեն էլ ի՛նչ պտի ասեր. տեհավ՝ չիլնում, չի ուզում, բերեր նրա փողը տվեց, մի ձեռք էլ լավ շոր առավ, հագցրեց, ճամփու դրեց: Կատեպանը հենց նոր էր ոտը շեմքիցը դուս դրե, աղեն եննուցը ձեն տվեց։

— Տղա՛,— ասեց,— մտիցս ընկել էր, մեր հիքումը մի չոր բարդի կա, մի է՛թաս կտրես, կոտորես, ցախ անես, լցնես սելը, բերես տուն, եննա էթում ես՝ գնա՛, աստոծ քեզ հեննա։

— Ա՛չքիս վրեն, ա՛ղա,— ասեց կատեպանը,— ըստե ինչ կա, որ քու խաթըր կոտրեմ. ըսօր չեմ էթա, էգուց կէթամ, մին չի՞։

Էն սհաթը եդ դառավ, էկավ տուն, սելը լծեց, կացինը քցեց վրեն, պարանը քցեց վրեն, քշեց՝ դուզ դպա հիքին։ Էկավ հիքին, կացինը վե կալավ, գնաց աղի ասած բարդին կտրեց, կոտորեց, բարձեց սելը, եննա ուզում էր ծառի խուր ու խուշը[13] կիտի, տեհավ՝ ըհը, ագռավի տարած մահդի կտորը՝ ակները քոմմա վրեն, էդ խուր ու խուշի միջին։ Դու մի՛ ասի, էն ագռավի բունը էն բարդու ծերին ա էլե. մահդի կտորը որ կտցել ա, բերել ա դուզ իրա բունը։

— Փա՛ռքդ շատ ըլնի,— ասեց, աստոծ, որ իմ մալը էլ եդ ինձ ղսմաթ արիր, էս հետ պարզէրես կէթամ կնկանս կուշտը։

Ակները շորի միջին ղայիմ փաթթեց, դրեց ջեբը։ Բերեց սելը լծեց, քշեց էկավ, ցախը տանը դարտկեց, գշերն էլ ընդե կացավ, նոր էն մի օրը առավոտը սուրբ ծեքի հեննա վե կացավ, ուրախ֊ուրախ ճամփա ընկավ դպա Ստամբոլ։

Սրան թողանք էթա, գանք խաբար տանք թագավորի աղջկանիցը։

Թագավորի աղջիկն ա՝ ո՛ր մի վախտ աչքը բաց ա անում, տենում մարդ-մադաթ չկա, մարդի ձին էլ ընդե չի՝ նստում ա ուքուր-ուքուր լաց ըլնում։ Ձեռը տանում ա մազերը, տենում խճճված ու ակներն էլ միջին չի:

— Հե՜յ գիտի թամահքյար մարդ, ասում ա,— քնած վախտս ակները հանել ա, գլուխ առե, փախե։ Փա՛ռք քեզ,— ասեց,— աստոծ, փա՛ռք քու ողորմությունին:

Խեղճը կենում ա, կենում ա, ասում ա. «Ով գիտա, բալի մարդս գալիս ա»։

Կենում ա մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ էնքա՛մ կենում ա, որ մութը գետինը կոխում ա, տենում ա՝ ո՛նչ մարդ կա, ոնչ զադ, նո՛ր վեր ա կենում դառը-տխուր ձին նիլնում, ընկնում ճամփա։ Գալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, գշեր, ցերեկ գալիս ա, հասնում ա Ստամբոլա շհարը։ Զեռին էլի շատից֊քչից փող ա մնացած ըլնում, բերում ա ըստե էդ փողովը մի փուռ ա բաց անում, հաց ծախում․ սավայի էդ՝ մի հատ էլ ղարըբանոց ա շինիլ տալի, որ շհարումը ի՛նչքամ քյասիբ֊քյուսուբ, ղարիբ մարդ ըլնի, գա, ըտե սթար անի. «Բա՛լի,— ասում ա,— ըսենցությունով կարենամ մարդիս գտնի»:

Ըսենց մեր կատեպանն էլ, որ մի քանի տարուց եդը ոտը դնում ա Ստամբոլա շհարը, էթում ա սրա՛ն, նրա՛ն հարցնում, թե.– Էնթավուր էժան քարվանսրա, զադ չե՞ք գիտա, էթամ վե գամ:

— Հրենիկ ֆլա՛ն տեղն,— ասում են,— ֆլա՛ն մարդը ղարըբանոց ա շինե, քյասիբ֊քյուսուբ, ղարիբ մարդիկ էթում, ընդե կենում են, ո՛նչ փող են տալի․ ո՛նչ զադ, ուզում ես՝ դո՛ւ էլ գնա։

Զաթի նա էլ էսթավուր բանի էր ման գալի, ուրախ-ուրախ վեր ա կենում, էթում՝ հարցնելոն, հարցնելոն[14] ման գալի, էդ ղարբանոցը գտնում։

— Ղա՛րիբ եմ, ա՛նճար եմ,— ասում ա կատեպանը,— չի՞լնի, մի տեղ տաք, սթար անեմ:

— Խի՞ չիլնի,— ասում են: Բերում են սրան մի օթախ տալի, որ կենա:

Թագավորի աղջիկը տղին տենալու բաշտան ալբիալը մատը կծում ա. «Բա՛լի,— ասում ա ինքն իրան,— էս նա ա, ո՛ր նա»: Համա ճանանչություն չի տալի. ասում ա. «Տենամ սրա վերջն ինչ ա ըլնում»: Տղեն հո, ո՛ր ասես, չի ճանանչում կնկանը․ հենց իմանում ա, ղորթմանց փոնչի ա։

Սրանց թողանք ըստե, գանք խաբարն ո՞ւմից տանք՝ սրանց երկրի թագավորիցն ու նրա սառաֆից։

Խաբարը որ բերին թագավորին, թե. «Աղջկանդ փախցրին, տարա՜ն», էն սհաթը թագավորը ձիավորներ ղրկեց քամակներիցը, որ էթան կալնեն, բերեն։ Համա ընչանք գնալները, նրանք իրանց մանղղիլը կտրել ին։ Ձիավորները դափ֊դարտակ ետ դառան, էկան։ Եննա թագավորը թազադան մարդիկ ղրկեց, իրա երկրումն էլ տեղ չթողացին՝ ման էկան, սա՛ր, քար, քո՛լ ոտատակ տվին, էլ մարդ չթողացին՝ հարցրին, աղջկանը չգտան ո՛ր չգտան։

Ըսե՛նց էլ թագավորի սառաֆը. խեղճը մեռավ ման գալոն, չարչարվելոն, դե՛ս, դե՛ն ընկնելոն, սրա՛ն, նրա՛ն հարցնելոն՝ ո՛նչ տղա գտավ, ո՛նչ զադ․ էն կորչիլն էլ որ կորավ՝ ո՚նչ իզն էրևաց, ո՚նչ թոզը։

Անցկացավ ըսենց մի տարի, էրկու տարի, իրեք տարի, մախլասի՝ հինգ տարի, թագավորը, որ շատ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, էլ տեղ չթողաց ման էկավ, աղջկանը չկարաց գտնի, օրեն մի օրը կանչեց իրա սառաֆին։

— Ա՛ղպեր,— ասաց,— ըսե՛նց բան չիլնի, իմ աղջիկն ա ոտով-գլխով կորե, քու էլ՝ տղեն, կա չկա, ըստե մի բան կա։ Ա՛րի,— ասեց,— էրկսով էլ շորներս փոխենք, աղքատի գեյմ մննենք, էթանք աշխարե-աշխար, երկրե֊երկիր ման գանք, բա՛լի գտնենք, բերենք։

— Լա՛վ ես ասում, թագա՛վորն ապրած կենա,— ասեց սառաֆը, է՛թանք:

Թագավորն ու սառաֆը խոսքները մին արին, աղքատի շորեր հագան, մի քանի տարվա ճամփի պաշար վե կալան, ընկան ճամփա։ Դե՛ն ՛գնացին, գե՛ս գնացին, է՛ս քաղաքը, է՛ն քաղաքը, է՛ս գեղը, է՛ն գեղը, էլ տեղ չթողացին՝ տակն ու վրա արին, չգտան:

Վերջն ասեցին. «Էթանք Ստամբոլա շհարը, մի՛ ընդե սալըզ առնենք, տենանք»։

Ճամփեքը ծռեցին դպա Ստամբոլ։ Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասան Ստամբոլ: Շհարի մեջը, որ մտան՝ սրա՛ն, նրա՛ն հարցրին, թե.– Չե՞ք գիտա էնթավուր էժան քարվանսրա, զադ, էթանք վե գանք:

— Խի՛ չենք գիտա, ասեցին,— հրե՛ն ֆլա՛ն տեղը, ֆլա՛ն մարդը ղարըբանոց ա շինե, ո՞վ ասես՝ էթում ա վե գալի, ո՛նչ փող ա տալի, ո՛նչ զադ։

Թագավորին ու սառաֆին աղաք են անում, բերում էդ ղարըբանոցը:

— Ղա՛րիբ ենք,— ասում են թագավորն ու սառաֆը,— չի՞լնի մի տեղ տաք, սթար անենք։

Խի՞ չիլնի,— ասում են։ Բերում են սրանց մի օթախ տալի, որ իրանց հմար կենան։

Փռնչին թագավորին ու սառաֆին տենալու բաշտան՝ ալբիալը ճանանչում ա․ համա ո՛ր ասես ձեն, ծպտոն չի հանում, ասում ա. «Տենամ սրա վերջն ի՛նչ ա ըլնում»:

Թագավորն ու սառաֆը հո, ո՛ր ասես, փռնչուն չճանանչեցին։ Դե՛, ախար որդիան որդե. ո՞ւմ մտքով կանցկենար, որ թագավորի աղջիկը կգար Ստամբոլ, փռնչու գեյմ կմններ, ղարըբանոց բաց կաներ, նրանց ռաստ կգար։

Անցկացավ ըսենց մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, օրեն մի օրը փռնչին բերեց ղոնաղլըղ սարքեց, թագավորին, սառաֆին ու կատեպանին (իրա մարդին)[15] կանչեց ղոնաղ։ Դե նրանք էլ ի՛նչ պտի ասեին՝ ուրախ-ուրախ վե կացան, էկան։ Փռընչին էս իրեքին ընե՛նց մի լավ քեֆ, ընե՛նց մի լավ ուրախությո՜ւն շանց տվեց, որ էլ ասել չի ուզի։

Գլխները մի լավ տաքացավ գինուցը, փռնչին խոսք բաց արեց:

— Ի՞նչ մարդ եք,— հարցրեց,— ի՞նչ բանի հմար եք էկե ըստերանք։

Թագավորն ու իրա սառաֆը ջուղաբ չտվին, մնացին իրար էրեսի մտիկ անելոն։ Համա կատեպանը, որ տեհավ՝ սուս են կացե, ձեն, ծպտոն չեն հանում, ինքը էն գհիցը վե կացավ, մին-մին իրա գլխովն անցկացածը նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի. ասեց.

— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. էսքամ վախտ էլ ես աշխարե֊աշխար, երկրե-երկիր եմ ընկե, իմ կնկա հավարին եմ ման գալի:

Թագավորն էս որ լսեց թե չէ, էն դհիցը ձեն տվեց.— Տղա՛,— ասեց,— է՛ն[16] թագավորը հենց ես եմ, որ կամ։ Բաս որ ըտենց ա,— ասեց,– հախ ու նհախ իմ աղջիկը ես քեզանից կուզեմ, էլի դու խաբար կըլնես նրանից, մարդ չէ։

— Ես էլ թագավորի սառաֆն եմ, ձեն տվեց էն մեկել դհից սառաֆը,— ես էլ իմ տղեն կուզեմ քեզանից։

Նոր ըստե փռնչին (թագավորի աղջիկը)[17] մեջ ընկավ։

— Թագա՛վորի սառաֆ,— ասեց փռնչին,— դու քու տղեն ես ուզում, ընենց չի՜։

— Հա՛,— ասեց սառաֆը:

— Տղիդ ինչ ա՛րել են, ասեց փռնչին, տեղն ա. խի՞ էր ուզում թագավորի աղջկանը սըպանի, որ վերջն էն օղիեն իրտ գլուխը գար: Էդ ասսու հալալ դատաստա՜նն ա, ասեց,— որ էլ խոսք չունես ասելու։— Եննա թագավորին հարցրեց.— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— դու էլ քու աղջիկն ես ուզում, ընենց չի՞։

— Հա՛, ասեց թագավորը։

— Կա՛ց, — ասեց,— էթամ բերեմ։— Գնաց իրա օթախը, փռնչու շորերը հանեց, աղջկա շորեր հագավ, գլուխը շինեց, կոկեց, զուգվեց, զարդարվեց՝ էկավ ընդե կաննեց։

Աղջկանը տենալու բաշտան թագավորը մի դհից, տղեն մի դհից վազեցին, փաթթվեցին ճտովը, ուրախությունից լաց էլան, խոսք չէր գալի բերանները, որ խոսային։ Սառաֆը հո՝ մնացել էր էշ կտրած, բերանը բաց սրանց մտիկ անելոն։

Նոր նստեցին թազադան քե՜ֆ, ուրախությո՜ւն, ընչանք լիսվելիս կերան, խմեցին, ջա՛ն ասեցին, ջա՛ն լսեցին, իրար գլխով անցկացածը նաղլ արին, հին դարմանը քամուն տվին, դաշգա՛ն, դաշգա՛ն, դե՛սից դե՛նից ասեցին, խոսացին, մասլահաթ արին։

Սրանից դենը մի քանի օր էլ կացան Ստամբու, նոր ըստե ինչ ունեին֊չունեին, հավաքեցին, կապոտեցին, քոչ ու բարխանա արին, ճամփի թադարեք տեհան, չորսով ընկան ճամփա՝ դպա իրանց երկիրը։

էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա[18] հասան իրանց երկիրը[19]։ Նոր ըստե թագավորը բերեց իրա աղջկանը թազադան նշան դրեց տղի վրեն, պսակեց, օ՛խտն օր, օ՛խտը գշեր հարսանիք արեց: Էլ ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, ինչ դափ ու զուռնա՜, որ էլ հալ ու հեսաբ չկար:

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրագին։

  1. Տպագիր տեքստում այս բառին հաջորդում է՝ Էջմիածնում, որը ջնջված է բանահավաքի ձեռքով: Ջնջված է նաև այդ բառի մասին տողատակին դրված ծանոթությունը. «Վաղարշապատ գյուղը հաճախ այսպես է կոչվում տեղացիներից (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում այս բառը բանահավաքի ձեռքով ջնջված է, թողնում ենք այնպես, ինչպես տպագիր տեքստումն է (Ծ. Կ.)։
  3. Տպագիր տեքստոսմ՝ Էջմիածնեցի, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  4. Փակագծում գրված արտահայտությունը ասացողինն է (Ծ. Կ.):
  5. Տպագիր տեքստում՝ Էջմիածին, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  6. Տպագիր տեքստում հաջորդում է՝ Էջմիածին, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
  7. Տպագիր տեքստում՝ Հոռոմոմի, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  8. Տպագիր տեքստում՝ «․․․ձիանիքը քշեն դո՛ւզ դպա Գյումրի», խմբագրումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  9. Տպագիր տեքստում՝ Գյումրի. նախորդ պարբերության մեջ բանահավաքը այս բառը փոխել է, իսկ տվյալ դեպքում մոռացմամբ թողել է, ուղղումը մեր կողմից է (Ծ. Կ.):
  10. Տպագիր տեքստում հաջորդում է՝ Էջմիածնա, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.)։
  11. Տպագիր տեքստում՝ Էջմիածին. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  12. Տպագիր տեքստում հաջորդում է նույն հարց ու պատասխանի կրկնությունը, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
  13. Տպագիր տեքստում՝ խուշուր-մուշուրը, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  14. Տպագիր տեքստում նույն «հարցնելն» բառը կրկնվում Է երրորդ անգամ, որը բանահավաքի ձեռքով ջնջված՝ է (Ծ. Կ.):
  15. Փակագծի մեջ դրված բացատրությունը ասացողինն է (Ծ. Կ.):
  16. Տպագիր տեքստում՝ Էջմիածնա, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  17. Փակագծերի մեջ գրված բացատրությունը ասացողինն է (Ծ. Կ.):
  18. Տպագիր տեքստում հաջորդում է. «մի օր, էրէկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի մի ամիս», որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.)։
  19. Տպագիր տեքստում՝ Էջմիածին. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):