Jump to content

Հունձք կժողվեմ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հունձք կժողվեմ

Հունձք կժողվեմ մանգաղով,

-Լուսնակը յարս է –

Ակոս ակոս ման գալով:

-Սիրածս հարս է:-

Գլխեբաց եմ ու բոբիկ,

-Անո՜ւշ են հովեր-

Արտերուն մեջ թափառիկ:

-Մազե՜րն են ծովեր:-

Ցորեն, կակաչ, կարոտով,

-Կաքավը կուլա-

Կապեցի մե´կ նարոտով:

-Ձեռքերն են հինա:-

Հասկերուն մեջ, վերևեն

-Ասուպը անցավ-

Աստղեր մյուռոն կծորեն:

-Դեմքը լուսացավ:-

Քանի խուրձեր շաղերով,

-Վարդենին թաց է-

Ես կապեցի խաղերով:

-Ծոցիկը բաց է:-

Արտս խոզանով մնաց

-Կերթա՜ լուսնակը-

Դեզերով լեռ եմ շինած:

-Սի՜րտս է կրակը:-

Մանգաղս քարին եկավ.

Յարս յա՜ր ունի-

Քարեն լորիկը թռավ:

-Լե՜րդս կարյունի:-