Jump to content

Հուշագրություններ/Ճանապարհորդական նոթեր/Ճանապարհորդություն Պարսկաստանում/Նամակ Ա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԱՄԱԿ Ա

Սիրելի ընկեր, Ս. Ք.

Դու ստացել ես իմ նամակները Զվիցերիայից և Իտալիայից, ես երկար նկարագրել եմ քեզ այդ կախարդական աշխարհների հիանալի բնությունը: Դեռ իմ նամակների մեջ կարդացել ես կլասիկական Հունաստանի և ծերունի Եգիպտոսի հրաշալի հնությունների մասին: Ես նկարագրել եմ քեզ աղմկալի Ստամբուլի և սուլթանի ճոխ ու շռայլ հարեմատունը, այն փափուկ բանտը, ուր թափվում է այնքան սեր և արտասուք…: Դու երկար ծիծաղել ես իմ վերա, նկատելով, թե որպիսի ջերմեռանդությամբ ես նկարագրել եմ սուրբ Երուսաղեմը և բիբլիական Պաղեստինի ուխտյալ երկիրը: Դարձյալ իմ Թիֆլիսի նամակների մեջ դու տեսել ես նկարագիրքը հայկական Կովկասի և նորա լեռնաբնակ ցեղերի կենսագրությունքը, այլև ես բավականաչափ տեղեկություն տվել եմ քեզ նրանց սիրուն կնիկների մասին:

Բայց այսօր թողնում եմ սուրբ Էջմիածինը, Անին և Արարատը, և Շահթախտից անցնելով Արաքսը, տանում եմ ինձ հետ սրտիս տխուր և ցավալի զգացմունքները: Եվ ահա իմ առջև դրած են Մագվա քարուտ և այրված դաշտերը — Պարսկաստանն է այդ:

Պարսկաստա՛ն. ի՜նչ հեշտ արտասանելի մի բառ... բայց նա շնչում է ասիական բռնակալության բոլոր զարհուրանքով...:

Ես ոտք եմ կոխում այն անգութ հողի վերա, որ հիշեցնում է ինձ պատմական Արտազը կամ Շավարշական դաշտերը, որ Շապուհի, Վռամի և Հազկերտի օրերում ներկվեցան մեր նախահարց արյունով, իսկ այժմ ոռոգվում են նրանց դժբախտ սերունդի արտասուքով...:

Սիրելի ընկեր, դու մի՜ հուսա այսուհետև իմ նամակների մեջ ճաշակել ուրախություն, որովհետև նրանք լինելու են այնքան տխուր, որքան տխուր է այժմ ինձ շրջապատող կյանքը:

Առաջին քայլափոխից, երբ ոտքս կոխեցի այդ արյունախում երկրի վերա, իսկույն զգալի եղավ տեղային անկարգության ծանր ներգործությունը — մաքսավորներն սկսեցին սովորականից ավելի մաքս պահանջել, թեև իմ բեռներում վաճառքի նյութ ամենևին չկար, այլ նրանք պարունակում էին հագուստս և ուղևորությանս վերաբերյալ մի քանի իրեղեններ: Անցաթղթի պատճառով երկար տանջեցին ինձ, ասելով, թե ինչո՞ւ նա չէր գրված պարսկերեն լեզվով, որ իրանք կարողանային կարդալ: Հիմարներն չգիտեին, թե մի օտար տերության հպատակ պարտավոր չէ պարսկերեն անցագիր ունենալ: Եվ այդ կառավարչական պաշտոնյայքը ոչ այլ ոք էին, քան թե մի քանի անիրավ շահախնդիրներ, որոնք վարձելով սահմանագլխի մաքսատունը, կողոպտում էին անցուդարձ անողներին, առանց օրենքի և առանց հաշվի, որքան թույլ էր տալիս նրանց բռնաբարությունն:

Մի քանի թումանի ավելորդ վճարն ազատեց ինձ այդ անախորժություններից:

Մեր կարավանի մեջ կային քսանի չափ հայ մշակներ, որոնք Պարսկաստանից անցել էին Երևանի նահանգում գործելու, այս թշվառներն ոչինչ չունեին, ոչ բեռ, ոչ գրաստ և ոչ մի այլ մթերք: Նրանց բոլոր ունեցածը բաղկացած էր պանդխտության գավազանից ու մի պարկից, որի մեջ կապել էին իրանց շալակին ճանապարհի պաշարը: Ես նկատեցի, որ մաքսավորներն նրանցից ևս փող էին պահանջում: Ես զարմացա, հայտնելով մաքսապետին, թե դրանք աղքատ մարդիկ են և ապրանք չունեն: «Ես էլ գիտեմ, որ ապրանք չունեն, պատասխանեց մաքսապետը, բայց նրանք պետք է վճարեն սիլաջի կոչված տուրքը»: Ես սկզբում չկարողացա հասկանալ այդ օտարոտի բառի նշանակությունը, բայց հետո իմացա, որ սիլաջին մի տուրք է, որ առնվում է միմիայն քրիստոնյա մշակներից, երբ նրանք վերադառնում են օտար երկրներից դեպի իրանց հայրենիքը, — դա նրանց չոր և ցամաք մարմնի մաքսն է...:

Ես շատ ցավեցա, տեսնելով, որ այն մշակներից մինը հիվանդ էր, նա ոչինչ չէր կարողացել վաստակել օտարության մեջ, այլ ընկերներն իրենց փողով մի ավանակ էին վարձել նրա համար, որ տանեն, հասցնեն իր տունը և չթողնեն, որ նա մեռնի օտար երկրում: Ես տեսա, այս ողորմելիից նույնպես պահանջում էին հիշյալ տուրքը, անգութ կերպով ծեծելով: Ընկերներն վճարեցին նրա փոխարեն և ազատեցին նրան: Եվ տեղեկանալով, թե մահմեդականք ազատ են այսպիսի տուրքերից, իսկույն ես երևակայեցի այն անիրավ խտրությունը, որ կառավարությունը դնում է մուսուլմանների և քրիստոնյաների մեջ...:

Մենք անցանք Արաքսը վաղ-առավոտյան, բայց ամբողջ օրը մեզ պահեցին զանազան անիրավ պահանջմունքների համար: Երեկոյան մեր կարավանը հազիվ թե կարողացավ ձգվել դեպի ճանապարհ: Նա շարժվում էր թույլ և դանդաղ կերպով: Մեր շուրջը տիրում էր խորին-գերեզմանական լռություն: Միայն երբեմն ավանակների զռինչը, գրաստների զանգակի ձայնը և չարվադարների հարայ-հրոցը՝ միախառնվելով, դարձնում էին շրջակա սարերից խիստ տխուր և վայրենի արձագանք:

Ճանապարհը վատ էր և անտանելի. անկարելի էր գնալ կառքով կամ սայլակով. ես նստած էի մի անպիտան ձիու վերա, իսկ իմ բեռները տանում էին երկու ջորիներ:

Խիստ ճիշտ է ավանդությունը, որ առածի ձև է ստացել տեղային հայերի մեջ, թե՝

Բոլոր աշխարհին լույս թափեց աստված, Բայց խեղճ Մագվին՝ միայն քար տեղաց:

Եվ իրավ, սուրբ Սանդուխտի — հայոց առաջին նահատակ օրիորդի, սուրբ Թադևոսի — հայոց առաջին առաքյալի և Վարդանյանց քաջերի արյունը ծծող երկիրը շուշաններ և վարդեր չէ բուսեցնում, որպես երևակայում են նորան մեր ոգելից բանաստեղծները: Բայց նա մերկ է և այրված, անապատի պես մերկ է նա… և երկրի ամբողջ մակերևույթը բաղկացած է սև, միապաղաղ քարահատակից: Ավանդությունն ասում է, թե այդ երկրի վերա մի օր բարկացած երկինքը քարեղեն անձրև տեղաց, նույնիսկ ժամանակում, երբ այդ երկիրը ներկվեցավ այնքան սուրբերի արյունով... այն օրից դադարեցավ մշակի ցանքը, այն օրից երկիրը զլացավ տալ յուր պտղաբերությունը...:

Բայց բնագետը, նայելով նույն քարեղեն տարածությանը, բոլորովին այլապես է մտածում: Նա ասում է, թե հին ժամանակներում, այո՜, անհիշելի հին ժամանակներում ծերունի Մասիսը այնպես սառն և հանգած չէր, որպես այժմ, նորա երակներում դեռ եփ էր գալիս հրեղեն զորություն, և նա բոցավառվում էր յուր ջերմ-երիտասարդական կյանքով: Լինում էին օրեր, որ բարկանում էր նա, աստուծո պես խի՛ստ էր նրա բարկությունը. և յուր ահագին բերանից դուրս էր ժայթքում մի ամբողջ հրեղեն օվկիանոս, որ հալած մետաղի հոսանքի նման տարածվում էր հեռու և հեռու դեպի յուր շուրջը...: Եվ այնքան կատաղի և այնքան ուժգին էր նրա հոսանքը, քանի ջերմության սաստիկ զորությունը հառաջ էր մղում հալած հեղանյութը յուր հրեղեն ալիքներով, իսկ երբ սառեց, նա թողնում էր երկրի վերա մի հաստ քարեղեն կեղև:

Ահա այս քարեղեն կեղևի վերայով ձգվում էր մեր կարավանի ճանապարհը. նա այնքան անհարթ էր և խորդուբորդ, որ ինձ երևում էր, թե մենք գնում ենք մի հսկայական խարտոցի վերայով, ուր մինը մյուսի մոտ շարված չեչաքարի բեկորները դեռ ներկայացնում էին սառած լավայի ալիքավոր փրփուրները: Իմ ձին ամեն մեկ քայլափոխում դողդողում էր, ոտքերն սայթաքում էին և սպառնում էին ինձ գետնին զարկել, և ջարդուփշուր անել: Ես ստիպվեցա ցած իջնել և գնալ ոտքով: Չգիտեմ, որպես ես հիշեցի մի տեղ, որ մանկությանս ժամանակ կարդացել էի Խորենացու մեջ, գուցե հենց այդ «քարուտ և խորդուբորդ» դաշտերումն էր, երբ մի օր մեր Ատոմ նախարարն պարսից Շապուհ արքայի հետ՝ որսորդության ժամանակ հանդուգն կերպով արշավում էին վայրենի ցիռերի երամակի հետևից, և ճանապարհի դժվարությունից ետ քաշվեցավ Շապուհ: Իսկ Ատոմ Մոկացին ծաղրելով նորան, ասաց. «Հառաջ գնա՜, աստվածորդիդ պարսից, եթե տղամարդ ես»: Իսկ նա պատասխանելով, ասում է. «Դու գնա՜, որովհետև այս քարերումս դևերը միայն կարող են հառաջ վազել»:

Այս ճանապարհը կարավանի միակ ուղին է այս կողմով, որ դեռ մնացել էր յուր նախնական անհարթության մեջ...: Բայց ես չէի զգում նրա դժվարությունները, իմ միտքը պաշարված էր նույն րոպեում բոլորովին այլ զգացմունքներով...: Ես մտաբերում էի հայի անցյալ մեծությունը և նրա ներկան, տխո՛ւր և թշվառ ներկան...:

Հունիս ամիսն էր:

Խաշնարած ցեղերն յուրյանց անասուններով հեռացած լինելով դեպի խոտավետ սարերի արոտամարգերը, թողել էին ամբողջ գյուղեր բոլորովին անմարդաբանակ: Եվ այդպիսով մենք գնում էինք համարյա անապատների միջով: Ավազակները, այս միջոցներում բուն դնելով նույն գյուղերի դատարկ տներում, շատ հաջողությամբ հարձակվում են ճանապարհորդների վերա, կողոպտում են նորանց:

Կարավանի մեծավորն հառաջագույն զգուշացրուց մեզ, թե մինչև հառաջիկա իջևանը շատ երկյուղալի էր ճանապարհը և հրամայեց ամենին պատրաստ ունենալ յուրյանց զենքերը: Ես էլ լցրեցի իմ ռևոլվերը և ասեղնավոր հրացանը առի ձեռքս: Նաև պատվիրեցի իմ ծառա Մեսրոպին, որ նա ևս պատրաստ ունենա յուր զենքերը և վտանգի ժամանակ չհեռանա ինձանից: Մեսրոպը մի նորահաս երիտասարդ էր Զեյթունի հայերից, որ Կ. Պոլսից առել էի ինձ հետ որպես ծառա. այս քաջը նույնքան սրտոտ էր, որքան պարզամիտ և հավատարիմ: Լսելով իմ պատվերը, նա խիստ եռանդոտ կերպով պատասխանեց. — «Համա՜, աղա, դու իշարե մը արա ձի, ես էն անխավատներին ըսկոն թոթվեմ ի ցած, ընչուր տերևն ի ծառեն»:

Մեր դրությունը ավելի վտանգավոր էր այն պատճառով, որ ինձ ասեցին, թե ավազակներն խիստ անգթությամբ վարվում են առավելապես քրիստոնյաների հետ: Նրանք թեև կողոպտում են յուրյանց հավատակից մահմեդականներին, բայց շատ սակավ է պատահում, որ սպանեին նրանց, բայց քրիստոնյան յուր կայքի հետ զրկվում է և յուր կյանքից: Եվ այս վտանգը ավելի սպառնում է այն քրիստոնյաներին, որոնք ասիացիք են, բայց եվրոպացիք շատ անգամ բացառություն են կազմում, որովհետև ինկլիս, ռուս և ֆրանգ ազգերն, ցույց տված լինելով պարսիկներին յուրյանց սրի զորությունը, ունեին մի առանձին առավելություն նրանց աչքում, բայց ամեն պարսիկ, որ կամենում էր մի խիստ նախատական բառով վիրավորել յուր ընկերին, ասում է՝ «դու հայ ես... »:

Նկատելով, որ իմ եվրոպական հագուստներս առիթ էին տալիս թուրքերին կարծել՝ թե ես ինկլիս եմ, և մտածելով, թե մի այդպիսի կեղծիքը կարող էր ազատել ինձ զանազան ցավեցուցիչ հանգամանքներից, ես ոչ միայն չցանկացա դուրս բերել նրանց մի այդպիսի մոլորությունից, այլ ինքս հայտնեցի, թե ինկլիս եմ, և տերության գործով գնում եմ Թեհրան:

Այո՜, ես ստիպվեցա ուրանալ իմ հայությունը...: Որքան ցա՛ծ դրություն է այդ...: Մի՜ նախատիր ինձ ընկեր, ի՞նչ բան չէ անում երկյուղը...: Ի՞նչ պետք էր արած...: Երևակայիր ճանապարհորդությունը զանազան բարբարոս ցեղերի միջով, և իմ չորս կողմում սպառնում էր զարհուրանք և մահ...:

Բայց իմ բարեսիրտ Մեսրոպի վերա երևի վատ տպավորություն գործեց իմ գործ դրած խորամանկությունը, նա մոտեցավ ինձ այս խոսքերով.

— Աղա, մեկ էլ էնպես մի՜ խոսեցեք, մե՛ղք է:

— Ինչպե՞ս, Մեսրոպ:

— Դուք ասեցիք՝ ես ինկլիս եմ:

— Միթե վա՞տ է ինկլիսը, — հարցրի ես:

— Լավ է, թե վատ է, այդ իմ խելքին չէ հասնում, բայց ես գիտեմ, որ ինկլիսը մեր լույս-հավատեն չէ...:

Ազգայնության գաղափարը հեռու էր Մեսրոպի մտածությունից, նա այդ մասին ինձ չէր մեղադրում: Նա միայն վրդովված էր նորանով, թե ինչո՞ւ ես կոչում եմ ինձ այն ազգի անունով, որ յուր հասկացողությամբ քրիստոնյա չէր:

Բայց ես իմ բարեսիրտ Մեսրոպի ուշադրությունը կամեցա դարձնել մի այլ առարկայի վերա:

— Տեսնո՞ւմ ես այն սարը, Մեսրոպ:

— Այն բարձր սա՞րը, որի գլուխը պատած է ձյունով, — հարցրուց նա:

— Հենց այն: Դու գիտե ՞ս նրա անունը:

— Չեմ գիտի, աղա, նա Զեյթունի սարերից չէ: Ես մեր երկրի բոլոր սարերը կճանաչեմ, դա նրանց նման չէ:

— Դա Արարատն է, Մեսրոպ, դա Հայաստանի ամենամեծ սարն է:

Մեսրոպը ոչինչ չպատասխանեց: Երևում էր թե Արարատը և թե Հայաստանը նրան չգրավեցին: Նա բացի յուր Զեյթունից, բացի հայոց «լույս-հավատից» ավելի ոչինչ չէր սիրում: Ես մտածեցի նրա միամիտ գլուխը պտուտացնել մի քանի պատմական տեղեկություններով:

— Գիտե՞ս, Մեսրոպ, այս սարի վերա նստեց Նոյի տապանը ջրհեղեղից հետո, այստեղից բազմացան բոլոր մարդիկը, որ աշխարհի երեսումն են: Այս սարի չորս կողմում բնակվում էին մեր պապերը, դրա համար այս նահանգը կոչվում է Արարատ: Մեր պապերի օրերում այս կողմերում մեծ-մեծ քաղաքներ կային, դու տեսար նրանց ավերակները միայն: Այն քաղաքներում նստում էին մեր հին թագավորները և տիրում էին շատ երկրների վերա:

Մեսրոպի աչքերն վառվեցան մի վայրենի կրակով, և նա անհամբեր ընդհատեց իմ խոսքը:

— Մի՞թե մենք թագավորներ ենք ունեցել, մի՞թե այդ երկիրն մերն էր առաջ:

— Այո՜, մերն էր...: Այն ժամանակ հայերն այսպես խեղճ չէին որպես այժմ, նրանք յուրյանց հողի տերն էին: Հայ անունից այն ժամանակ ամեն մարդ դողում էր, դորա համար հայը ինձ նման չէր ուրանում յուր ազգությունը, կամ ինչպես դու ասում ես յուր «լույս հավատքը»:

— Բայց մեր թագավորնե՞րը, — հարցրուց Մեսրոպը զարմանալով, — ի՞նչ տեսակ մարդիկ էին:

— Նրանք հսկաներ էին, հասարակ մարդիկ չէին, Մեսրոպ, նրանք աստվածների հետ էին պատերազմում: Նրանցից առաջինը՝ մեր նախապապ Հայկը, սպանեց Բաբելոնի աստուծո որդի Բելին, որ մի վիթխարի հսկա էր: Հայկի թոռներից մեկը՝ Արամը, սպանեց Ասորոց Արևի որդուն, որին նույնպես աստուծո տեղ էին պաշտում: Արամի թոռներից մեկը՝ Տիգրանը, պատերազմեց վիշապների հետ, նրանց թագավորին12 սպանեց և նա ամբողջ ցեղը գերի բերավ, բնակեցրուց, տե՜ս այն մեծ սարի մոտ, որի անունը քեզ ասեցի: Մենք ունեինք և մի ուրիշ թագավոր, նրան կոչում էին Արտավազդ, նա խիստ փառասեր և ամբարիշտ մարդ էր. նա յուր մտքին դրել էր կործանել բոլոր աշխարհը և ապականել ամեն երկրները: Հայրն անիծեց նրան: Հոր անեծքը բռնեց որդուն: Մի օր Սրտավազդ այդ սարի մոտ որս էր անում, հանկարծ վրա հասան Մասիսի քաջքերը, նրան բռնեցին և տարան Մասիսի գլուխը, շղթաներով կապեցին, և որտեղ բանտարկեցին մի զնդանի մեջ, ուր մնում է մինչև այսօր:

Իմ առասպելավիպական պատմությունները բավական գրավեցին Մեսրոպին, նա հետաքրքրվեցավ և հարցրուց, թե ի՞նչ էր նշանակում Մասիսը, որի գագաթան վերա բանտարկեցին Արտավազդին:

— Մասիսը, — պատասխանեցի ես, — նույն այս սարն է, որ ուրիշ անունով Արարատ է կոչվում: Դա Հայոց երկրի սուրբ սարն է, որի գագաթան վերա բնակվում էին մեր հին աստվածները:

Վերջին խոսքը ձգեց Մեսրոպին կատաղության չափ զարմացման մեջ:

— Բացի Քրիստոսից մի՞թե մենք ուրիշ աստվածներ էլ ենք ունեցել, — հարցրուց նա:

— Ունեցել ենք: Քրիստոսն այն ժամանակ մեր աստվածը չէր. մեր աստվածներն այն ժամանակ մեր ազգիցն էին. նրանք հայեր էին և հայերեն էին խոսում, և Հայոց երկիրն էին պաշտպանում: Եվ այն թագավորներն, որ հիմա պատմում էի քեզ, նույն աստվածների որդիքն էին:

— Չէ՞ որ Քրիստոսն էլ հայ էր, — պատասխանեց Մեսրոպը, միամտությամբ:

— Ո՜չ, նա հայ չէր, նա Հրեից ազգիցն էր և հրեաստանցի:

Մեսրոպը ավելի կատաղեց, երբ լսեց յուր համար միշտ պիղծ համարված հրեա անունը:

— Մի՞թե դու մեր տերտերից շա՞տ գիտես — ասաց նա, — տերտերն ինձ այսպես է ասել, թե Քրիստոսն հայ էր:

— Բայց նա քեզ պատմե՞լ է մեր հին թագավորների գործքերը:

— Նա այսպիսի բաների վերա չէ խոսում, մեղք է, — պատասխանեց բարկացած Մեսրոպը և յուր երեսը խաչակնքեց:

Մեր վերջին վիճաբանությունը ընդհատեց մի սարսափելի տեսարան: Բլուրի հետևից մեր դեմուդեմ երևաց մի կարավանի սկիզբը, երբ մոտեցան, տեսանք, բոլորն հայ րնտանիքներ էին, որ յուրյանց երեխաներով, աղջիկներով, հարսներով և տղամարդերով գնում էին ուխտ դեպի Ս. Նախավկայի վանքը, բայց ճանապարհին ավազակների պատահելով, կողոպտվել էին: Խե՛ղճ մարդիկ, երևի նրանց ուխտագնացությունը անկեղծ սրտով չէր և սուրբը պատժեց նրանց...:

Ցավալի՛ մի տեսարան էր այդ:

Տղամարդիկը, որն վիրավորված, արյան մեջ շաղախված, որն սպանված, կապել էին յուրյանց գրաստների վերա և այնպես տանում էին. կանայքը և աղջիկները, բոլորովին պլոկված, մե՛րկ էին նախամոր Եվայի պես...: Ավելի ցավալին այն էր, որ այս թշվառ սեռի գեղեցիկներն և մանկահասակներն գերի էին ընկած ավազակների ձեռքում: Մայրերի, հայրերի լացն և աղաղակն ոչ այնքան սպանվածների և վիրավորվածների համար էր, որքան հափշտակված կույս աղջիկների համար:

Մեր կարավանի մեծավորն, տեսնելով այդ, մեծ երկյուղի մեջ ընկավ: Բոլոր կարավանի վերա նույնպես տիրեց սարսափ և ապշություն, մանավանդ երբ լսեցին, թե ուխտավորների կողոպտվելն պատահած էր ոչ այնքան հեռու մեզանից:

Հուսահատությունը տիրեց բոլորի վերա: Ոմանք ասում էին` հառաջ չգնալ, բարձրանալ մերձակա բլուրի գլխին և սպասել, մինչև ավազակներն հեռանան ճանապարհից: Իսկ մեր կարավանի մեծավորն, որ մի փորձառու մարդ էր, պնդում էր, թե պետք է շարունակել ճանապարհորդությունը և իջևանին հասնիլ, որովհետև վտանգն արդեն անցած էր, նրա համար, որ ավազակներն յուրյանց ավարը ուխտավորներից ստացած լինելով, վաղուց հեռացած կլինեին ճանապարհից: Բոլորն համաձայնվեցան, և մեր կարավանը կրկին շարժվեցավ դեպի առաջ:

Բայց ես չցանկացա բաժանվիլ ուխտավորներից երկու պատճառով` նախ որպես բժիշկ ինձ պետք էր խնամք տանել յուր ողորմելի վիրավորվածներին, երկրորդ, իմ մեջ հայտնվեցավ մի ցանկություն. տեսնել Ս. Նախավկայի վանքը, որ ավելի հեռու չէր գտնվում: Մեր չարվադարը13 նույնպես հոժարվեցավ իմ կամքին և բաժանվեցավ կարավանից, երբ ես խոստացա պայմանյալ վարձից ավելի ընծայել նորան մի քանի թուման:

Որքան հնար էր այն միջոցում օգնություն մատուցանել վիրավորվածներին. ես գործ դրեցի: Այն սարսափելի անապատում, հեռու մարդկային բնակությունից, բժշկի հանկարծակի հայտնվիլն մի աստվածային պարգև է ողորմելի հիվանդի համար, և ես երբեք մոռանալ չեմ կարող, թև որպես արտասուքը աչքերում աղաչում էին ինձ, որ չթողնեմ նրանց եղբայրը, քույրը, հայրը մեռնի...:

Մութը բոլորովին պատել էր, երբ մենք ճանապարհ ընկանք դեպի վանքը, ես նկատեցի, որ իմ ուղեկիցներիս մեջ կար և մի քահանա: Նա մոտեցավ ինձ այս խոսքերով.

— Աստված քեզ երկար կյանք տա, աղա, թե դու չլինեիր, մեր վիրավորներն բոլորն կկոտորվեին: Սուրբ Նախավկան քեզ օրհնե:

Ես ուշադրություն չդարձրի նրա խոսքերի վերա, միայն հարցրի.

— Քանի՞ հոգի էին ավազակները:

— Տասն և հնգից ավելի, — պատասխանեց քահանան:

— Լավ, տասն և հինգ հոգին ո ՞րպես կարողացավ կողոպտել ձեզ, քանի որ ձեր կարավանը հարյուր հոգու է հասնում:

— Է՛հ, աղա, միթե չե՞ս իմանում, որ երկու գայլն մի ամբողջ հոտ ոչխար է ցրվում, — պատասխանեց քահանան յուր հատուկ ոճով, — մենք որ կանք, Քրիստոսի գառներն ենք, բայց նրանք Մուհամմեդի գայլերն են: Սուրբ Ավետարանը, ծառա՛ լինեմ նրա սուրբ զորությանը, չես կարդացել, որ իմանաս: Տերն մեր Հիսուս Քրիստոսը ասում է` «արածեա զոխչարս իմ» — այս խոսքերից երևում է, որ մենք հայ-քրիստոնյաներս ոչխարների պես պետք է լինենք, որ աստուծո արքայությունը ժառանգենք:

— Այսինքն, թո՜ղ մեզ օտար ազգերն կողոպտեն, անպատվեն և կոտորեն, մենք հայ-քրիստոնյաներս պետք է լռենք և համբերությամբ տանենք: — Այդպես չէ՞, տեր հայր:

— Հա ՜, այդպես, որդի, — «Համբերությունը կյանք է», — ասում է սուրբ գիրքը:

Լսելով հայ քահանայի կարծիքը և նրա վարդապետությունը, բոլորովին հասկանալի է լինում հայ մարդու թուլասրտությունը, որ հասնում է, արդարև, մինչև ոչխարային երկչոտության...:

— Բայց գիտե՞ս, տեր հայր, եղել են ժամանակներ, որ նույնիսկ այս դաշտում, ուր գնում ենք մենք այժմ, սուրը ձեռքում պատերազմում էին քեզ նման քահանաներ, սպանվում էին և սպանում էին այլազգիներին...: Նրանք ձեզ պես չէին խոսում... և այն ժամանակ հայ մարդու վիճակը ավելի լավ էր...:

— Այդ ես չեմ կարդացել, որդի, — պատասխանեց քահանան օձիքը թափ տալով14: — Իմ գրքերիս մեջ այսպիսի բան չէ գրված:

Որպես երևում էր, տեր հայրն զրուցասեր մեկն էր, նա ավելացրուց.

— Մեկ ուրիշ պատճառ էլ կա, որդի, որ աստված այսպես պատժում է մեզ. մենք Սուրբ Նախավկայի ղուլն ենք15, նա է պահում և պահպանում մեզ, բայց մարդիկ վատացել են, յուրյանց սուրբի հարկը չեն ճանաչում: Այսպես չէր առաջ, ես երեսուն տարվա քահանա եմ, ոչ մի տարի չեմ տեսած, որ ուխտավորների թիվն այսքան պակաս լիներ: Ես իմ երազում տեսա, թե որպե՜ս բարկացած էր Սուրբ Նախավկան... և այսօր մենք մեր մեղքի պատիժը կրեցինք…

Մոլեռանդները նույնպես ունեն յուրյանց առանձին վարդապետությունը, յուրյանց փաստերը, և նույն փաստերը հիմնված են դարևոր նախապաշարմունքների վերա: «Մենք Սուրբ Նախավկայի ղուլն ենք», ասում էր տեր հայրն... այսինքն` նրա ստացվածքը, նրա ժառանգությունը, այլ խոսքով՝ նրա հպատակներն ենք...: Այս խոսքերն ինձ հիշեցնում էին Դելֆյան Ապողոնի, Հերայի, Ափրոտիտեսի, Աթենասի, Աստղկա և Արամազդի տաճարներն, և հեթանոսական այն բոլոր աստվածները, որոնց նվիրական էին համարում երկրի այս և այն մասերը, ուր գտանվում էր նրանց մեհյանը, և նոցա աստվածապետական թագավորությունը առանձնապես տարածվում էր յուրյանց հատկացրած երկրի և ժողովրդի վերա: Նույնը իմ ճանապարհորդության ժամանակ ես նկատում էի Հայաստանում: Օրինակ, սուրբ Աստվածամոր անունով զանազան տեղերում շինված վանքերն և տաճարներն ունեին զանազան նշանակություններ և զանազան զորություններ: Մի տեղ սուրբ Տիրամայրն մեղմ էր և անփառասեր, նա չէր սիրում զոհեր և ուխտավորների բազմություն: Մի այլ տեղում նա խիստ էր և պահանջող, պատիժներ և պատուհաս էր թափում, երբ նրան ըստ օրինի չէին հարգում: Եվ եթե զոհերով և ընծաներով հարգում էին նրան, փոխարենն սուրբ Աստվածածինը պաշտպանում էր յուր հլու ժողովուրդը չար մարդերի կամ մյուս սուրբերի վնասներից: Այսպես էին և Հերայի տաճարներն հեթանոսական աշխարհում…:

Բայց ես չկամեցա դիպչել տեր հոր սնահավատությանը, միայն նկատեցի.

— Եթե կառավարությունը ունենար այս ճանապարհների վերա յուր կանոնավոր հսկողությունը, ես կարծում եմ, այսպիսի վտանգներ չէին պատահելու ճանապարհորդներին:

— Ա… խանի կառավարության տակն են այս երկրներն:

— Ինչո՞ւ խանը յուր կողմից չէ դնում պահապան զինվորներ:

Տեր հայրն ծիծաղեց, ասելով.

— Ավազակներն հենց խանի մարդիկն են, և նրա դրած պահապաններն իրանք ավելի լավ կկողոպտեն խեղճ ճանապարհորդներին, և այսպես էլ լինում է, դեռ անցյալ տարի էր նրա պահապանները սպանեցին մի հայ վաճառական և նրա գեղեցիկ ձին գտնվեցավ խանի ախոռում: — Աստված ինքն մեզ մի ճար անե, որդի, — տեր հայրը փոխեց յուր խոսքը, — թե չէ, այս անհավատներից մեզ օգուտ չկա...:

— Բայց ամեն բան էլ աստծուն ձգելու չէ, քանի որ նա մեզ տվել է խելք, միտք և ձեռք մեր դարդերի ճարը մեր խելքով գտնելու, քանի որ նա մեզ չէ խնայել ոչ մի բան, ինչ որ պետք է, մեր գլուխը, մեր կյանքը և պատիվը պահպանելու համար: Բայց եթե մենք գործ չենր դնում աստուծո մեզ տված շնորհները, մեղավորն մենք ենք...:

Երևի տեր հորն դուր չեկան իմ վերջին խոսքերը, նա լռեց և ամենևին պատասխան չտվեց...: