Jump to content

Հուշագրություններ/Ճանապարհորդական նոթեր/Ճանապարհորդություն Պարսկաստանում/Նամակ Գ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հուշագրություններ

ՆԱՄԱԿ Գ

Անցնելով Արաքսը, հինգ օրից հետո ես հասա Խոյ քաղաքը: Դա մեր հին Հերն է. մի կեղտոտ քարվանսարայում (պանդոկում) իջևանեց մեր կարավանը: Եվրոպացի մարդու երևանալն ասիական քաղաքում իսկույն շշուկ բարձրացրուց: Եվ քաղաքի իշխանը, որ էր մի շահզադա (արքայազն) Նաիբուլ-Սալթանայի տոհմից, ուղարկում է լրտեսներ, գտնելու իմ ով լինելը: Ես հայտնեցի՝ թե բժիշկ եմ, իսկ ազգով ինգլիս, և գնում եմ Թեհրան անգլիացոց դեսպանատունը:

Իմ բժշկական արհեստը և իշխանի որդու ու նրա կնոջ հիվանդությունն առիթ տվեցին ինձ շահզադայի հետ տեսնվելու: Նա առաջարկեց ինձ յուր հիվանդները, որոնց պատճառով ես ստիպվեցա մի քանի օր Խոյում մնալ: Մերժել իշխանի կամքը չէր կարելի, որովհետև ինձ ասացին, եթե հակառակ վարվեմ, նա կարող էր վրեժխնդիր լինել, կարող էր մարդիկ ուղարկել և ինձ ճանապարհին կողոպտել և սպանել տալ: Այսուամենայնիվ, նրա բռնի ստիպմունքը ինձ համար խիստ քաղցր հետևանքներ ունեցավ. ես ծանոթացա պարսից հարեմական դրության հետ:

Բժշկի առջև հարեմի փակված և անմատչելի դռներն բաց են. նույն օրում ներկայացրին հիվանդները: Իշխանը ինձ հետ էր, երբ առաջին անգամ մտանք կանանոցը: Ներքինիների բազմությունը ցամաք և լերկ երեսներով, սևամորթ աղախինների և սպասավորների խումբերն սկզբում ինձ վերա խիստ վատ տպավորություն գործեցին: Այս անզգա խառնիճաղանջի հսկողությունը հանձնված էր պահպանությունը բազմաթիվ կնիկների, որոնք պատկանում էին մի ամուսնի, այն ևս ծերուկ մի ամուսնի...:

Իշխանի որդու հիվանդությունն հասարակ տաքցոց էր, նա անցավ շուտով, բայց երբ մտանք նրա տիկնոջ օթյակը, նա ինձ ասաց.

— Բժշկապետ, ի՞նչ որ կուզես կտամ քեզ, իմ ախոռը լիքն է ամենագեղեցիկ նժույգներով և իմ մթերանոցում թանկագին խալաթներն անթիվ են: Դու կստանաս ամենապատվականը նրանցից, միայն թե տիկինը պետք է բժշկվի:

Ես ուշադրություն չդարձրի նրա խոսքերին և պատրաստվեցա քննել հիվանդին: Նա պառկած էր թանկագին շալերից պատրաստված անկողնի մեջ և նրա գլխի տակին դրած էին վարդագույն թավիշից բարձեր, որ զարդարած էին ծաղկավոր նկարներով և ոսկի փունջերով:

Հիվանդը մի մանկահասակ կին էր, որի հասակը դեռ չէր անցել քսան և երկուսից. դա արևելքի այն կնիկներից էր, որի դեմքն այրում է, որի հայացքի մեջ կրակ և ջերմություն կա, մարմնական տկարությունն անգամ յուր բոլոր կործանիչ զորությամբ չէր կարողացել խլել նրանից այս հատկությունը: Երբ ես սկսեցի հարցուփորձ անել հիվանդից, իսկույն նրա փոխանակ պատասխանեց ամուսին իշխանը, կարծես թե ողորմելի կինն իրավունք չուներ և յուր հիվանդության մասին խոսել օտար մարդու հետ, այն ևս բժշկի հետ:

— Բժշկապետ, — ասաց նա, — որ տեղն է ցավում, հայտնի չէ, ինքն էլ չէ իմանում, բայց ուտել՝ չէ ուտում, խմել` չէ խմում, ամբողջ գիշերներով մնում է անքուն, միայն լաց է լինում և օրըստօրե մաշվում է: Ասում են, չար ոգիներ տանջում են դրան, բայց մեր երկրի ամենահմուտ կախարդներն հեռացնել չկարողացան դևերին դուք, բժշկապետ, ձեր դեղերին ավելի մի՜ վստահացեք, թե կարող եք, հմայքներով մի բան արեք:

Իշխանը կարծում էր, թե բժիշկն անպատճառ և կախարդ պիտի լինի. ես չուզեցի նրան հակառակել և պատասխանեցի.

— Կտեսնենք:

Իշխանն իմ թերի պատասխանով չբավականացավ, նա դարձյալ սկսեց պնդել կախարդության մասին, և հավատացնում էր, թե ինքն այդ բաները ավելի լավ է հասկանում: Այդ մարդիկն ամեն բանի մեջ աշխատում են մնալ իշխան... ամեն բան նրանք գիտեն... և ամենի մեջ աշխատում են տիրող և բռնաբարող լինել... հրամաններ տալ...:

— Դուք կարո՞ղ եք ինձ թույլ տալ մի քանի րոպե մենակ լինել հիվանդի մոտ, — դարձա ես դեպի իշխանը:

Այս հարցն իշխանին կատաղության չափ զարմացրուց:

— Ի՞նչ կա, — հարցրոլց նա զայրանալով:

— Ես կամենում եմ կախարդության մի փոքրիկ փորձ անել... ձեր ներկայությունն կխանգարե...:

Նա փոքր-ինչ մտածելուց հետո ասաց.

— Բայց այստեղ պետք է գտնվի իմ ներքինիներից մեկն:

— Չէ կարող:

— Իսկ աղախինների՞ց:

— Կարող է:

— Քի՜զա, — ձայն տվեց իշխանը և իսկույն ներս մտավ մի եթովպացի աղջիկ:

Իշխանն տվեց հարկավոր պատվերը աղախնին և կամենում էր հեռանալ: Ես ասացի նրան.

— Հրամայեցեք, մինչև գործողությունն չվերջանա, ոչ-ոք չհամարձակվի այստեղ մտնել:

— Լավ, — ասաց նա և դուրս գնաց:

Բարեբախտաբար Քիզան ուրիշ լեզու չգիտեր բացի արաբերենից. նա դրած էր մեր մոտ որպես մի զույգ աչքեր միայն հսկելու համար: Ես մոտեցա հիվանդին և նստեցի նրա մոտ: Քննելով նրա մարմինը, ես գտա իշխանի ասածը բոլորովին ճշմարիտ. նրա ոչ մի տեղում ցավի նշաններ չէին երևում, կուրծքը, երակի զարկը, գլուխը, ամեն ինչ յուր կանոնավոր դրության մեջն էր:

— Ո ՞րտեղդ է ցավում, — հարց արի հետո:

Նա յուր գեղեցիկ ձեռը տարավ դեպի կուրծքը, և սրտի վերա դնելով, ասաց.

— Այստեղ...

— Հասկացա...

Հիվանդի ցավն բարոյական էր՝ պետք էր այդ գաղտնիքը երևան հանել: Բայց որպե՞ս: Մինչև այս մտածմունքի մեջ էի, նա հարցրուց.

— Պարոն բժշկապետ, դուք իշխանին ասեցիք, թե կախարդություն գիտեք: Այդպես չէ՞:

— Այդպես է: Այո՜, — ասեցի:

— Կարո՞ղ եք այնպես անել, որ ինձ ջիններն այստեղից վեր առնեին, տանեին հեռու, հեռու, այնտեղ, ուր ես ցանկանում եմ...:

— Ձեզ ի՞նչ օգուտ դրանից:

— Այն ժամանակ ես կբժշկվեի...

— Դա փոքր-ինչ դժվար է:

Նա մտածմունքի մեջ ընկավ, և կարծես մի հուսահատական ամպ մռայլեց նրա գեղեցիկ և փայլուն աչքերը: Րոպեական լռությունից հետո նա խոսեց.

— Եթե իմ ասածը դուք չեք ուզում կատարել, աղաչում եմ ձեզ, այնպես արեք, որ «նա» այստեղ չգա և իմ աչքին չերևնա...

— Ո՞վ: Ո՞ւմ համար եք խոսում, — հարցրի նրանից:

Հիվանդն ամենևին չլսեց իմ հարցմունքը և կիսախելագար կերպով շարունակեց.

— «Նա» ինձ հանգիստ չէ թողնում... «նա» մի՛շտ այստեղ է… գիշերները երևում է երազի մեջ... ցերեկներով ելանում է արթնության մեջ… «նա» միշտ ասում է «ինձ խոսք տվեցիր...» այսպես տանջում է «նա» ինձ...:

Խե՛ղճ կին, նրա սրտի հետ կապված էր մեկ «նա», բայց ո՞վ է այդ «նա»-ն, այդ մասին նա ոչինչ չասեց, որովհետև մի սաստիկ խռովություն վրդովեց նրան, և նա ընկավ խորին զառանցությունների մեջ:

Ես գործ դրեցի մի քանի բժշկական հնարներ, մեղմացնելու խեղճ հարեմական զոհի ուղեղի սաստիկ բորբոքումը և հեռացա նրա օթյակից: Բայց ինձ տանջում էր ողորմելի կնոջ գաղտնիքն, որ այնքան սերտ կապ ուներ նրա հոգեկան հիվանդության հետ:

Այնտեղից դուրս գալեն հետո իշխանն ինձ կանչեց իր մոտ. նա այլևս թույլ չտվավ ինձ պանդոկը գնալ և հրամայեց իմ իրեղենները բերել յուր տունը: «Դուք մեր հյուրը կլինեք, ասաց նա առատասրտությամբ, և կմնաք այստեղ, մինչև հիվանդներն լավանան»: Իշխանի բոլոր խոսքերի մեջ մեծ տեղ էր բռնում հրամայական եղանակն. նա կարգադրում էր մի անցորդ ուղևորի ժամանակը առանց նրա կամքը հարցնելու:

Ինձ տեղավորեցին դրսի տան սենյակներից մեկի մեջ, որ շատ հեռու չէր կանանոցից: Ընթրիքի ժամանակ իշխանն ինձ պատվեց յուր հետ սեղանակից անելով. նրա մոտ նստած էին տեղային բարձրաստիճան մեծամեծներից մի քանի հոգի: Կերակուրներն բերվեցան միանգամով, որ շարված էին առանձին-առանձի բոլորակ մատուցարանների վերա: Յուրաքանչյուր երկու հոգու առջև դրվեցավ մի մատուցարան, բայց իմ առջև առանձին մեկը: Ես կարծեցի, թե դրանով իշխանն կամենում էր ինձ առավել պատվել, բայց հետո հասկացա, որ դա ուներ յուր հատուկ պատճառը: Նրանք ուտում էին խառն կերպով միևնույն պնակից, միևնույն ափսեից, և միևնույն գավաթով խմում էին. բայց նրանցից և ոչ մեկը ձեռք չէր մեկնում իմ բաժնին: Ես առանձնացած էի որպես սամարացի, ինձ հետ չէին խառնվում: Սեղանի վերա չերևացին ոչ դանակ և ոչ պատառաքաղ, դրանց տեղ գործ էին ածում իրանց մատները, ես էլ հետևում էի նրանց օրինակին: Ոգելից ըմպելիքների փոխարեն դրած էին մեծ-մեծ ամաններով շերբեթ, դա շաքարով պատրաստված մի տեսակ օշարակ է, որ համեմած է կամ ռեհանի սերմերով և կամ կիտրոնի թթությունով: Շերբեթը խմում էին ահագին փայտյա շերեփներով, որոնց գլուխը մակույկաձև փորված էր, իսկ կոթը զարդարած էր գեղեցիկ դրվագծերով: Կերակուրներն վատ չէին պատրաստված, ամենի մեջ երևում էր պարսկական նրբաճաշակ շռայլությունն: Բայց ինձ վերա վատ տպավորություն գործեց այն, որ ես առանձնացած էի սեղանից, որպես մի պիղծ պարիաս բրահմանի սեղանից, թեև ինձ շատ հաճելի չէր, նրանցից մեկն յուղի մեջ թաթախված ամբողջ ձեռքը կոխեր իմ պնակի մեջ:

Սեղանից ավելացածը պետք է ուտեին դրսում ծառաներն. բայց ես իմացա, ինձանից ավելացածն շների առջևն ածվեցավ, և ամանները կոտրատեցին, դեն գցեցին...:

Ընթրիքից հետո մատուցին մի-մի ֆինջան դառն ղահվե, հետո սկսեցին ծխել: Այստեղ դարձյալ խտրություն: Նրանք չէին ծխում այն ղեյլանից (ծխաքարշ), որին իմ շրթունքն դիպել էր, բայց իրանք հերթով փոփոխում էին միևնույն ղեյլանը:

Իշխանի հյուրերն հեռացան խիստ ուշ. նրանք խոսում էին այս և այն կառավարչական գործերի մասին, և նրանց խոսակցությունն լի էր փաղաքշական, կեղծ ու պատիր խոսքերով: Ոչ մի ազգի լեզվի մեջ չկար այնպիսի տիտղոսներ և այնպիսի մեծարանք արտահայտող բառեր, որպես պարսկի լեզվի մեջ, դրանք գործ են ածվում ոչ թե հասարակ խոսակցության մեջ, այլև նամակներում, աղերսագիրներում և բոլոր պաշտոնական թղթերում, որ ուղղված էին այս և այն իշխանին: Եվ արաբական լեզվի պարսկերենի հետ հաջող բարդություններն դյուրացնում են այս խայտաճամուկ տիտղոսները կազմելու: Այստեղ կդնեմ նրանց հայերեն թարգմանությունները, քեզ փոքր-ինչ գաղափար տալու համար, որովհետև դու պարսկերեն չես կարող կարդալ: Օրինակ. «Ո՜վ աստվածանման» — «Ո՜վ արարածների ապաստանարան» — «Ո՜վ երկնքի նման հորինվածք ունեցող» — «Ո՜վ աստծո շուքը» — «Ո՜վ երկրպագության կետ» — «Ո՜վ հրեշտակներից սպասավոր ունեցող» — «Ո՜վ աստծու օրինակ» — «Ո՜վ հոգիների ապաստանարան»: — Այս տիտղոսներն գուցե մնացել են այն ժամանակից, երբ պարսիկներն իրանց պետերին բարձրացնում էին մինչև Գերագույն էակի աստիճանը:

Ահա մի քանի խոնարհություն ցույց տվող արտասանություններ.

«Քեզ զոհ լինեմ» — «Քո ոտքերի հողը դառնամ» — «Հոգիս քեզ մատաղ» — «Թո՜ղ քո ոտքերի փոշին համբուրեմ» — «Թո՜ղ քեզնից չարը հեռացնելու պատարագ դառնամ»:

Հարգություն ցույց տվող արտասանություններ.

«Իմ աչքի լո՜ւյս» — «Իմ գլխի պսա՜կ» — «Իմ հույս և ապավեն» — «Իմ երկնային ա՜ստղ» — «Իմ բախտի առարկա» — «Իմ կյանքի նպատակ»: — Այս բոլորը պետք է որպես կոչականներ հասկանալ առանց «ով»ի:

Ստրուկի լեզուն միշտ այդպես է լինում:

Ստրուկի լեզուն ճոխ է փաղաքշանք և հաճոյականություն ցույց տվող բառերով. նա գիտե, թե որպես պետք է աղերսել, և որպես պետք է ցույց տալ յուր ամենացած խոնարհությունը: Ստրուկի լեզուն ճոխ է հառաչանքներով, այս պատճառով և միջարկություններն նրա բառարանի մեջ մեծ տեղ են բռնում: Միթե այսպես չէ և մեր լեզուն: Ո՞վ ունի այնքան ձայնարկություններ, սրտի ցավը և տխրությունը հայտնող բառեր, որպես հայը: Բառերն ինքնըստինքյան չեն ստեղծվում, բառերն ծագում են ժողովրդի կյանքից: Հայի կյանքն անցել է լացով և սուգով. այս պատճառով նա տրտմություն արտահայտող բառեր շատ ունի: Եթե չես հավատում իմ խոսքին, կարդա՜, ընկեր, մի անգամ Նարեկը, հայոց այդ եղերական սաղմոսը, և դու կհամոզվես...:

Հյուրերի գնալուց հետո ես մնացի իշխանի մոտ մենակ. նա այն գիշեր չուզեց շուտով կանանոցը մտնել, երևի, ինձ հետ խոսելու միտք ուներ: Խոսակցությունն սկզբում խիստ հասարակ բաների վերա էր: Իշխանն զարմանում էր, երբ ես ասում էի նրան, թե ինչու նա կանանոցում, յուր ընտանեկան շրջանի մեջ չէ ճաշում և ո՜չ այնտեղ ընթրիք ուտելու սովորություն ունի:

— Ինչպե՞ս կարելի է այդ, պարոն բժշկապետ, կանանց հետ սեղան նստել. իմ մեծ որդին անգամ, որ ամուսնացած տղամարդ է, իրավունք չունի ինձ հետ ուտելու: Այն մարդիկը, որ այստեղ տեսար, մեր երկրի ամենանշանավոր ավագներն են, նրանց ես պետք է պատվեմ:

— Բայց մարդուն ամենից մերձավորն է յուր ընտանիքն, — նկատեցի ես:

— Այդ ուղիղ է, բայց ամեն մեկն յուր տեղը ունի:

Ընտանիքի գաղափարն մատչելի չէ մահմեդական մարդուն: Կինն նրա համար մի ստացվածք է, իսկ որդիքն նույն ստացքի արդյունքն են: Նա նայում է դրանց վերա այն աչքով, ինչ նայում է երկրագործն յուր հողի ու նրա արդյունաբերության վերա, որը կարող է նա փոփոխել, վաճառել և ամեն պիտույքի համար գործածել…:

Բայց իմ խոսակցությունն ընտանիքի մասին իշխանի մտքին բերավ յուր հիվանդ տիկինը, և նա հարցրուց իմ կարծիքը նրա առողջության մասին:

— Երբ որ դուք դիմում եք բժշկի խորհրդին, պետք է չբարկանաք, իշխան, նրա խոսքերն կվշտացնեն ձեզ:

— Լավ խոսքն մարգարիտ է, նա գետին չէ ձգվում, — պատասխանեց նա արևելյան առածով:

«Ճանաչողի մոտ», — ասացի մտքումս:

— Ուրեմն բարեհաճեցեք լսել: Կամենո՞ւմ եք, որ չմեռնի ձեր տիկինը:

— Ես դրա համար պահեցի ձեզ, որ նա առողջանա:

— Հավատացեք անկեղծ խոսքին, իշխան, ես և աշխարհի բոլոր բժիշկները ոչ մի օգնություն անել չենք կարող: Մի ճար միայն կա. — դուք պետք է արձակե՜ք ձեր տիկինը, եթե ցանկանում եք, որ նա կենդանի մնա, և ձեր կրոնքն թույլ է տալիս այդ անել:

— Արձակե՞լ նրան, — կրկնեց իշխանն զայրացած կերպով, — դա անկարելի է:

— Ուրեմն նա կմեռնի:

— Ինչո՞ւ, ինչո՞ւ իմ տան մեջ նա պետք է մեռնի. նա այստեղ ոսկու և գոհարների մեջ է ապրում, որտե՞ղ կարող է գտնել այս բախտը: Ես նրան ամեն բան տվել եմ:

— Բայց նա կարոտ է մի բանի, որ դուք չեք տվել և չեք էլ կարող տալ:

— Այն ի՞նչ է:

— Այն սերն է:

Իշխանն սկսեց ծիծաղել, որպես թե լսում էր մի հիմար խոսք: Բայց նա յուր ընտանեկան բռնակալության մեջ դարձյալ ուներ յուր առանձին փիլիսոփայությունը, մի փիլիսոփայություն, որ ծագում էր տիրելու, իշխելու և կոպիտ զորության սկզբունքներից:

— Ծաղիկներն ի՛նչ իրավունք ունին լույս և ջերմություն պահանջել արեգակից, — ասաց նա փոխաբերական կերպով. — դա կախված է նրա բազմախնամ ողորմությունից:

— Ես կպատասխանեմ ձեզ, իշխան, նույնպես այլաբանական ձևով. ծաղիկներն իրավունք կունենային պահանջել, եթե տեսնեին, արեգակն խտրություն է դնում նրանց մեջ, եթե տեսնեին, նա հավասար կերպով չէ թափում յուր լույսը և ջերմությունը նրանց վերա: Բայց արեգակն, որպես աստված, անաչառ և անկեղծ է:

Իշխանն զգաց, որ յուր համեմատությունն ծուռն էր, իսկույն փոխեց խոսքը.

— Իմ հարեմում կան ուրիշ շատ կնիկներ, և ավելի ազնիվ ու բարձր արյունից, քան ձեր այսօրվա տեսածը, նրանք բոլորն էլ գոհ են իրանց բախտից, և հնազանդվում են ինձ:

— Այդ բավական չէ: Հնազանդվելու և սիրելու մեջ մեծ տարբերություն կա: Առյուծն նույնպես հնազանդվում է յուր զսպողին, բայց նրան երբեք չէ սիրում: Նա հնազանդվում է, որովհետև երկաթի վանդակի մեջ է պահված...:

Իշխանն լռեց:

Իմ պատասխանները բավական հանդուգն էին, բայց նա ավելի չէր բարկանում: Ես հավատացած էի, որ նա յուր կյանքում չէր լսած այսպիսի մերկ ճշմարտություններ, բայց համբերում էր, համբերում էր ամենևին բանի տեղ չդնելով իմ խոսքերը:

— Ձեր խոսքերն զարմացնում են ինձ, պարոն բժշկապետ, — ասաց նա մի փոքր մեղմանալով: — Միթե այդպե՞ս են մտածում ֆրանգների երկրում:

— Այո՜, այդպես: Մեր երկրում կնիկներն սիրում են և պահանջում են տղամարդից փոխադարձ սեր:

— Դարձյալ սե՛ր, — ասաց նա գլուխը շարժելով: — Ի՞նչ է արդ սեր կոչված բանը, ես չեմ հասկանում: Ատրպատականի ամբողջ կես մասն ինձ է պատկանում, երկրի բոլոր հզորներն խոնարհվում են իմ կամքին, ամեն տեղ իմ «այոն» այո է, և «ոչն» ոչ: Բայց մի թույլ կին որպե՞ս կհամարձակվի հնազանդ չլինել յուր իշխանին: Ես նրան կսատկեցնեմ, ավազակի պես մորթել կտամ: Բայց արձակե՞լ, — ոչ երբեք:

— Այդ դուք կարող եք: Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանաք, որ կնոջ վերաբերությամբ դուք իշխան չեք, այլ հասարակ մահկանացու և հավասար ամուսին:

— Ես իմ ամուսնական պարտքը կատարում եմ, — պատասխանեց նա դարձյալ մեղմանալով: — Ես ավելի լավ եմ ճանաչում կինմարդու բնավորությունը. կինը նույնն է, ինչ որ երեխան, տուր նրա ձեռքը մի խաղալիք, նա արդեն գոհ է: Ես մինչև այսօր չեմ խնայել իմ հարեմից այն «խաղալիքները», որոնցով կնիկներն զվարճանալ սիրում են: Աշխարհի ամեն թանկագին զարդերն այնտեղ են մտնում և ուտելու բոլոր անուշեղեններն այնտեղ են սպառվում:

— Այդ ուղիղ է, իշխան, բայց դուք մոռացել եք մի բան, որը բազարում չեն ծախում, այն բանն մուտք չէ գործում ձեր հարեմում:

— Դարձյալ սե՞րը:

— Այո՜, սերը

— Որքա՛ն միամիտ եք, պարոն բժշկապետ:

Ես զարմանում էի, որպե՜ս ասիական բռնակալն թույլ էր տալիս մի օտար, անծանոթ մարդու մտնել յուր ընտանեկան գաղտնիքների մեջ: Բայց պետք է խոստովանել, որ պարսից ավագներն մեծ հարգանք ունին դեպի իմաստունները, և բժշկի վերա նույն աչքով են նայում: Այսուամենայնիվ, ես որոշեցի փոխել իմ խոսելու ձևը, և որպես ասում են, իշխանի «գլուխը յուղել»: Ասիայում մարդ շուտով ընտելանում է կեղծավորության, մի շրջանում, որ ամեն ինչ կե՜ղծ է, ուղղախոսն միշտ դատապարտված է:

— Ձեզ, իշխան, աստված ստեղծել է ամենաբարձր փառավորության մեջ, շնորհել է ահագին զորություններ և դուք նրա ձեռքի ամենաբախտավոր արարածներից մեկն եք: Բայց աստված պահանջում է ձեզանից ողորմած լինել, որպես ինքն ողորմած է: Բարեհաճեցեք ընդունել իմ ամենախոնարհ խրատը, արձակեցեք այն կինը, եթե կամենում եք, որ նա չմեռնի:

Իշխանն ստեպ ծխում էր, բերանից մուխի ամպեր դուրս տալով: Նա լուռ էր: Ես առաջ տարա խոսքս.

— Ես որպես բժիշկ քննում եմ մարդերի մարմինը, սիրտը և հոգին, դրանք երեքն էլ սերտ կապ ունին միմյանց հետ: Մեկի տկարությունն խանգարում է մյուսի առողջությունը: Ես այսօր քննելով ձեր տիկնոջը, գտա, որ նրա հիվանդությունը բոլորովին հոգեկան է. նա յուր սիրտը տված է եղել ուրիշին, նախքան ձեր կանանոցը մտնելը...:

— Այդ ես գիտեմ... — պատասխանեց նա խորհրդական կերպով: — Բայց կանանոցը մտնելեն հետո նրա հաշիվները դրսի աշխարհի հետ վերջացան...:

— Լսեցեք, իշխան: Կանանոցի բարձր պարիսպներն, երկաթի ահագին դռները, ներքինիների և ստրուկների աչալուրջ հսկողությունը, — դրանց և ոչ մեկն կարող են փակել սրտի ճանապարհը. նա թռչում է ամեն տեղ, ուր և ցանկանում է, նա մտքից արագ է և կայծակից զորեղ...:

— Բայց ո՞վ կարող էր աշխարհում Ատրպատականի իշխանից ավելի գրավել նրա սիրտը:

— Այդ ես չգիտեմ: Սերն աստիճանների մեջ խտրություն չէ գնում: Բայց կա և ուրիշ բնական պատճառ:

— Ո՞րպիսի:

— Դուք անցել եք սիրելու և սիրվելու ժամանակից. ձեր հասակը պետք է յոթանասունից ավել լինի: Բայց տիկինը դեռ մանուկ է:

Երբ հասակի վերա խոսք եղավ, իշխանն, կարծես, մոռացավ մեր առաջին խոսակցությունը, և դարձավ դեպի ինձ այս հարցմունքով.

— Դուք, պարոն բժշկապետ, կարո՞ղ եք ինձ համար պատրաստել «կենաց ջուրը» և տալ ինձ այնպիսի մաջուններ, որ մանկացնեին իմ ծերությունը:

— Իմ բժշկարանում այսպիսի դարմաններ չկան:

— Դուք կեղծում եք, պարոն բժշկապետ, որ թանկ ծախեք ձեր վաճառքը, բայց ես կտամ, որքան կցանկանաք:

— Ես խաբելու սովորություն չունիմ:

— Մի դերվիշ խոստացավ ինձ համար պատրաստել «կենաց ջուրը». ամբողջ վեց ամիս նա իմ տանն էր. ես բերել տվի նրա պատրաստության համար ամեն ինչ, թեև նրանք շատ թանկագին էին, — մաքուր ոսկի, անծակ մարգարիտ, անտաշ ալմաստ և այլն: — Նա պատրաստեց, բայց իմ թշնամիներս հասկացան այդ բանը, դերվիշին կաշառեցին, և նա մի օր անհայտացավ:

— Ձեր մաքուր ոսկին, մարգարիտը և ալմաստն, երևի, ավելի պետք էին դերվիշին, քան «կենաց ջուրը» ձեզ համար:

— Ոչ. նա խաբեբա մարդ չէր:

Պարսկաստանում սակավ չէ այն մարդերի թիվը, որոնք իրանց համար արհեստ են շինել խաբել միամիտներին այլևայլ երևակայական խոստումներով: Տեսնում ես, մեկի համար խոսվում է, թե այնպիսի սուրմա (ծարիր) կարող է պատրաստել, եթե մարդ յուր աչքերը նրանով դեղե, կարող է աներևութանալ, և ուրիշներն նրան տեսնել չեն կարող: Մյուսն մի կախարդական գոտի կարող է պատրաստել, եթե մեջքիդ կապես, կարող ես մի րոպեում աշխարհի մեկ ծայրիցը մինչև մյուսն թռչիլ: Մեկ երրորդն էլեքսիր պատրաստելու գաղտնիքը գիտե, որի մի կաթիլը կարող է հասարակ մետաղների ամբողջ լեռները զուտ ոսկի դարձնել: Այդ տեսակ մարդիկ գտանվում են առավելապես դերվիշների մեջ: Տեսնում ես, մի կիսամերկ, խելագար դերվիշի մասին, որ յուր ուղեղի զորությունը մաշել է աֆիոն ուտելով և բանգ19 ծխելով, խոսվում է այնպիսի առասպելական գիտություններ, որ արաբացոց «Հազար ու մեկ գիշերների» մեջ անգամ չէ կարելի գտնել: Բայց այդ մարդիկը որքան և հիմար լինեին, դարձյալ գիտեին, թե որպես պետք է վարվել միամիտների հետ: Նրանք իրանց մասին երբեք չեն ասում, թե այս կամ այն բանը գիտեն, և իրանց գիտության գաղտնիքը պահում են ամենայն խստությամբ:

Ինձ շատ անգամ պատահել է տեսնել Պարսկաստանում, մի մեծ իշխանի սեղանի գլխին լուռումունջ նստած է մի մարդ, մաշված հագուստով և մաշված դեմքով: Ամենքն հարգում են նրան և վարվում են նրա հետ շատ քաղաքավարի կերպով: Այդ մարդն տարիներով, ամիսներով այնտեղ ուտում է, խմում է, պառկում է: Տանուտերն նպատակ ունի դուրս քաշել նրանից գաղտնի գիտությունը, բայց նա պետք է այնքան աշխատի հաճոյանալ մեր իմաստունին, որ կարողանա կատարելապես գրավել նրա վստահությունը յուր հավատարմության մասին: Դա արժում է նրան բավական ծախսեր: Վերջապես, իմաստունն խոստանում է նրան մի բան տալ: Բայց այս բանը պատրաստելու համար այս և այն նյութերն պետք են, որոնք կամ շատ թանկագին են լինում և կամ բոլորովին հազվագյուտ: Օրինակ, կախարդական ծարիրը պատրաստելու համար հարկավոր է մի արմատ, որն միայն Տիբեթի լեռներումն է բուսնում, ո՞վ կգնա, ո՞վ կբերե այն արմատը, եթե ոչ ինքն դերվիշը, որ միայն ճանաչում է նրան: Ուրեմն պետք է հոգալ ճանապարհի ծախսը, որ գնա և բերե: Դերվիշը կգնա, էլ չի վերադառնա...:

Պարսկաստանում շատերի ամբողջ հարստությունն զոհվում է այս տեսակ խաբեբաների հնարագիտություններին. զարմանալին այն է, որ իրանք պարսիկներն արդարացնում են նրանց վարմունքը, որպես իմ հյուրասեր իշխանն արդարացնում էր դերվիշին, ասելով, թե յուր թշնամիներն եղան պատճառը, որ ինքը չկարողացավ խմել «կենաց ջուրը»:

Մեր գիշերային խոսակցությունն իշխանի հետ անցավ համարյա ապարդյուն. ես նկատեցի, նա մինչև անգամ ձանձրացավ, և ինձ բարի գիշեր մաղթելով, ինքն գնաց կանանոցը:

Գալով ինձ համար նշանակված կացարանը, ես տեսա, մեր Մեսրոպն այնտեղ նստած, մի մարդու հետ տաք-տաք խոսում էր: Նրանք խոսում էին հայերեն լեզվով: Ես զարմացա, իշխանի ապարանքի մեջ հայ մարդն ի՞նչ գործ ուներ: Բայց նա ինձ տեսնելով, իսկույն հեռացավ:

— Ո՞վ էր դա, Մեսրոպ:

— Դա հայ է եղել, աղա, բայց վաղուց թուրքացած է, իշխանի սարայդարն (դռնապանապետ):

— Ինչպե՞ս մարդ է:

— Լավ մարդ է, աղա, նա ասում էր, թե մեր օրենքը, մեր պատարագը և մեր մեռոնը դեռ սիրում է:

— Դու հավատո՞ւմ ես:

— Հավատում եմ, աղա, նա այս խոսքերը ասելու ժամանակ լաց էր լինում:

— Կանչի՜ր նրան:

Դռնապանապետն եկավ, խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց:

— Նստի՜ր:

— Այսպես էլ լավ է, աղա, — պատասխանեց նա, կրկին գլուխ տալով:

Ես գտա Մեսրոպի ասածը բոլորովին ուղիղ դռնապանապետի մասին. նա շատ բարի մարդ էր: Նրա հասակն արդեն անցել էր հիսունից, բայց որպես երկաթից ձուլած կազմվածքն դեռ բավական առույգ էր: Նրա կյանքի հետ կից էր մի ամբողջ եղերական պատմություն, որը չեր կարելի առանց սարսափելու լսել, թե ի՞նչ արկածներ առիթ էին տվել ողորմելի մարդուն ընդունել մահմեդականությունը: Բայց նա հոգով միշտ մնացել էր քրիստոնյա, թեև ծածուկ:

Բայց ինձ տանջում էր այն միտքն, արդյոք ծերունին գիտե՞ր մի բան հիվանդ տիկնոջ մասին: Նա պատմեց, թե տիկինն ազգով հայ է և Ս. գավառի մելիք Թ.-ի աղջիկն է: Նրա հայրն մի բռնակալ մելիք էր, և խիստ վատ էր վարվում ժողովրդի հետ. նա ամեն հնարներ գործ էր դնում պարսիկ իշխանին հաճոյանալու, որպեսզի ավելի անիրավաբար կարողանա հարստահարել յուր ձեռքի տակն գտնված հայերին: Այսպիսով կռիվն և հակառակությունն ժողովրդի և մելիքի մեջ անվերջ շարունակվում էր: Երկու կողմերն ևս իրանց ունեցածի մեծ մասը տուժեցին, պարսիկ իշխանին կաշառքներ և տուգանքներ տալով, որպեսզի մինը մյուսին վրեժխնդիր լինի: Մելիքն բոլորովին աղքատացավ: Բայց չարության կիրքն նրա մեջ դեռ չէր հանգչել. նա պարսիկ իշխանին յուր կողմն գրավելու համար` ընծայեց նրան յուր մի հատիկ գեղեցիկ աղջիկը, որ արդեն նշանված էր մի հայ երիտասարդի համար: Փեսան, երբ որ լսում է, թե յուր սիրուհին պետք է տարվի իշխանի կանանոցը, մի քանի ընկերներով գալիս է և ճանապարհր կտրում է, որ ազատե նրան: Բայց նույն իսկ աղջկա հոր մատնությամբ բռնվում է նա և քաղաքի հրապարակում գլխատվում է...:

— Այն օրից, — ասաց ծերունին, — երբ խեղճ աղջիկն լսեց յուր փեսացուի ցավալի մահը, այն օրից խելքը թռցրուց, և այն օրից հիվանդ է նա...:

Այս պատմությունն խիստ դա՛ռն տպավորություն ունեցավ իմ վերա. ես մտածում էի, բավական չէ՜ պարսիկ իշխանները մեր ժողովուրդը հալում, մաշում են. նույնիսկ հայերն մեկ մեկու միս են ուտում, մեկ մեկու տուն են քանդում... Եթե լավ քննենք մեր պատմությունը, մեր տխուր անցյալը՝ կտեսնենք, որ մեր բոլոր թշվառությանց պատճառն եղել ենք մենք՝ ինքներս:

Յուր պատմության միջոցին, ես նկատեցի, ծերունին նույնպես չկարողացավ սառնասիրտ մնալ, նրա աչքերն լցվեցան արտասուքով, նա հազիվ կարողացավ արտասանել վերջին խոսքերը. «Խե ՛ղճ աղջիկ, կմեռնի նա...»:

Երբ մի փոքր հանգստացավ նա, հարցրուց.

— Ասացե՜ք, պարոն բժշկապետ, կապրի՞ նա:

— Կապրի, եթե հարեմից դուրս գա:

— Ես կազատեմ նրան, — պատասխանեց ծերունին հանկարծ ոգևորվելով, — այս ալևոր գլուխս դրել եմ նրա ուղուրին: Ես հազար անգամ փախած կլինեի այս դժոխքից, բայց մնացել եմ նրա համար միայն, որ ազատեմ նրան: Եվ իմ ցամաքած մարմնի մեջ մնացել է այնքան ուժ, որ կարողանամ կատարել բաղձանքս...:

— Դա մի բարի և քաջազնական գործ է, — պատասխանեցի նրան:

— Ա՛խ, եթե գիտենայիր, պարոն բժշկապետ, որքա՛ն տանջվում է նա... որքա ՛ն արտասուք թափել են նրա աչքերը... Անիծվի՜ նրա հայրն...:

— Նա դեռ կենդանի՞ է:

— Ոչ, շան հիշատակ եղավ...:

Ծերունի դռնապանը ուրիշ շատ բաներ խոսեց ինձ տիկնոջ մասին, և ես բոլորովին համոզվեցա, թե այդ բարեսիրտ մարդն կարող էր նրան ազատել: Եվ որովհետև գիշերից բավական անցել էր, նա ինձ թողեց հանգստանալ, և ինքն հեռացավ:

Լսելով ծերունու պատմությունը, ես զգացի, թե որքան անզգույշ վարվեցա իմ խոսակցության մեջ իշխանի հետ նրա տիկնոջ արձակման մասին, բայց ի՞նչ պետք էր անել, արդեն անցել էր: Բայց այնուհետև էլ չխոսեցի տիկնոջ արձակման մասին, միայն գործ էի դնում այլ հնարներ, որքան կարելի է թեթևացնելու նրա կյանքին սպառնացող հիվանդությունը: Իսկ արձակումը, ավելի լավ է ասել, տիկնոջ ազատությունը ես թողեցի դռնապանապետին, հավատացած լինելով, որ բարեսիրտ ծերունին կկատարե յուր դիտավորությունը.

Ես պատրաստվում էի քանի օրից հետո թողնել Խոյ քաղաքը, այս պատճառով առնելով ինձ հետ Մեսրոպին, ես գնացի բազար՝ գնելու մի քանի բաներ, այլև դիտելու տեղային վաճառականությունը: Ճանապարհին սկսեց անձրևել, ես մոռացա վեր առնել հովանիս, և մինչև հասնելս ծածկված չարշիների տակ, ոտքից գլուխ թրջվեցա:

Չարչիները լիքն էին բազմությամբ. որովհետև բացարձակ հրապարակներից մարդիկ հավաքվել էին նրանց ծածկած կամարների տակ չթրջվելու համար: Շատ անտանելի էր որևիցե շարժողություն գործել այն խառնիճաղանջ ամբոխի մեջ, ուր մարդիկ բեռնած ավանակներն, շներն, և ամեն տեսակ անասուն խառնվել էին միմյանց, որովհետև անցուդարձը կապվել էր, չարշիի մեջ մտնողն չէր ուզում դուրս գալ և անձրևի տակ ընկնել: Չնայելով այն բաբելոնյան խառնակությանը, ես էլ ուրախ էի, որ մասամբ ազատվեցա անձրևից, բայց չէի մտածում, որ մի նոր անախորժության հանդիպելու եմ:

Հավաքված ամբոխի միջով անցուդարձն էր խիստ նեղ և դժվարին: Բայց ես համարձակ և անփույթ կերպով գնում էի, որովհետև իմ եվրոպական հագուստն առիթ էր տալիս խուժանին ինձ ճանապարհ տալ: Բազմությունն հետաքրքրությամբ նայում էր ինձ վերա, որպես մի հրեշի կամ նորատեսիլ կենդանու վերա:

Դրսում տակավին կայծակը փայլատակում էր և լսելի էին լինում որոտմունքի զարհուրելի ձայներ: Որքա՛ն ազդում է բնության արհավիրքն արևելքցու վերա: Ես տեսնում էի, թե որպե՜ս խանութպաններն, ծալապատիկ նստած իրանց փոքրիկ կրպակներում, կծկվել էին և աղոթքներ էին փնթփնթում: Նրանք նայում էին ինձ վերա խիստ նենգավոր աչքերով, որպես խլուրդները նայում են իրանց բույների ծակերից: Ի՞նչ էր, որ նրանց այնպես բարկացնում էր:

Հանկարծ լսեցի գոռաց մի ձայն՝ «ա ՛յ, անհավատ քաֆուր»: Ետ նայեցի, տեսա, թուրքերն հավաքված, ծեծում էին Մեսրոպին: Ծեծողների գլխավորն էր մի սեիդ: Ես հարձակվեցա նրա վերա, և մի քանի անգամ զարկեցի ձեռքիս գավազանով: Բայց տեսա, իսկույն հավաքվեցավ թուրքերի ավելի մեծ բազմություն, և անտարակույս, ինձ ևս խառնելու էին խեղճ Մեսրոպի հետ, եթե մի մոլլա զգուշացրած չլիներ կատաղի ամբոխին, ասելով «բան չունե՜ք, մի՜ դիպչեք, կոնսուլ է այդ անհավատը»:

Ես դուրս եկա չարշիից, իսկույն գնացի շահզադեի մոտ և հայտնեցի բազարի անցքը: Իշխանը շատ բարկացավ և հրամայեց սեիդին, որպես անկարգության գլխավորին, բանտ դնել:

Նույն ավուր գիշերը շահզադան ինձ իմացում տվեց, թե քաղաքի բոլոր սեիդներն (մարգարեի որդիքն) ապստամբած, կամենում են կոտրել բանտի դռներն, և բռնությամբ դուրս տանել իրանց եղբայրը: Ես տեսա, որ իշխանն անզոր էր նրանց հարձակման դեմը առնելու, որովհետև սեիդը անսխալական է և ոչ մի աշխարհային ձեռք չէ կարող նրան պատժի ենթարկել: Եվ մտածելով, թե իշխանի պատվին պակասություն կբերեր մի այսպիսի բռնությունը սեիդների կողմից, ես խորհուրդ տվի նրան, արձակել կալանավորին, այնպես ձևացնելով, իբր թե ես խնդրել էի, որ ներվի նրա պատիժը:

Իշխանը շատ նեղացավ, որ չկարողացավ պատժել ինձ վշտացնողին: Ընթրիքի սեղանի ժամանակ նա ասաց.

— Սեիդներն, իբրև մեր մարգարեի սերունդ, ունին մահմեդականների մեջ ծանրակշիռ հարգ և համարում, և մենք շատ անգամ դժվարանում ենք պատժել նրանց որևիցե անկարգության համար, կասկածելով, մի գուցե շարժենք ռամկի կատաղությունը:

— Բայց այսպեսով սեիդներն ավելի կլրբանան, — պատասխանեցի ես:

Իմ պատասխանը խիստ էր, որպես երևաց, իշխանին դյուր չեկավ. սեիդի մասին ասել «լրբանալ», դա կարող էր քրեական հանցանք համարվի, բայց իշխանը զանցառության տալով, ասաց.

— Սեիդին բոլորովին մեղավոր համարել չէ կարելի, որովհետև ձեր ծառան, անձրևից թրջված, անզգուշությամբ դիպել էր սեիդի հագուստին և պղծել էր նրան:

Մինչև այս խոսքը լսելս, ես չէի հասկանում խեղճ Մեսրոպի ծեծվելու պատճառը, այժմ պարզվեցավ, մանավանդ երբ իշխանն ավելացրուց.

— Անձրևային օրերում անկարելի է հայերին թրջված մանգալ բազարներում և քսվիլ մուսուլմաններին:

Խե՛ղճ հայ, որքա՛ն վա՜տ ես դու, — մտածում էի ես — մահմեդականը, որպես իմ աչքով տեսա, բազարում քսվում էր թրջված ավանակներին, շներին, և նրանցից չէր պղծվում, իսկ դու ավելի ստոր ես համարվում, քան այդ անասունները…:

Իշխանի խոսքն ինձ վերա վատ տպավորություն գործեց:

— Ուրեմն հայը Պարսկաստանում ունի՞ հնդկական պարիասի նշանակություն, — հարցրի ես:

Շահզադան չհասկացավ իմ ասածը, միայն հայտնեց.

— Մեր մոլլաներն այդ խտրությունը դրած են քրիստոնյաների և մուսուլմանների մեջ:

— Միտ դնելով այս պայմանին, ուրեմն դուք պիտի գարշի՞ք բոլոր ուտելեղեններից և ըմպելիքից, որ դուրս են գալիս քրիստոնյաների ձեռքից:

— Այո՜, — պատասխանեց իշխանը պինդ համոզմունքով. — մենք պիղծ ենք համարում բոլորը, ինչ որ արդյունաբերում է քրիստոնյայի ձեռքը:

Այժմ, սիրելի ընկեր, կարող ես հասկանալ Պարսկաստանի մեջ բնակվող ոչ միայն հայերի, այլ բոլոր քրիստոնյա ազգերի խղճության և աղքատության բուն պատճառը: Մի ազգ, որի ապրուստի գլխավոր աղբյուրներն էին՝ երկրագործություն և խաշնարածություն, իբրև մի պիղծ բան, չէ կարող վաճառել յուր աշխատության հում բերքերը: Այս խտրությունը Տաճկաստանի սուննիների մեջ չկա. դա կա միայն Պարսկաստանի մոլեռանդ շիիդների մեջ, թեև երկուսն էլ մահմեդական աղանդին են պատկանում: Շիիդը ավելի աններողամիտ և մոլեռանդ է, քան սուննին: