Հուշարձան եմ ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1941 Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Հուշարձան եմ ես)

Վարդան Հակոբյան

Ռուս ժողովրդին
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՄ ԵՍ


Հիշողությունը հուշարձան է սուրբ:
Այն ես եմ կերտել,
Ինձնից եմ կերտել,
Կերտել եմ ինձ պես:
Եվ մի զարմացեք, երբ այն խոսում է,
Զրուցում ձեզ հետ,
Եվ մի զարմացեք.-
Երբ մութը դանդաղ սահում է կապույտ
                         լեռների վրա,
Գնում եմ կամաց,
Փոխարինում եմ ես սիրով նրան՝
Սուրբ հուշարձանին...
Իսկ նա քայլերն իմ առնում ինձանից,
Զբոսնում է ձեր,
Զբոսնում է իմ
Եվ ամենից շատ՝ Իր այս քաղաքում,
Պատուհաններից ծորացող երգի
                          ելեւէջները,
Այգում ուշացող սիրահարների
Ժպիտն ու սերը
Ծփանք են դառնում նրա սուրբ հոգում,
Այնքան, որ նույնիսկ փորձում է քիչ էլ
Բանաստեղծանալ.
«Դու շա՜տ ես փոխվել, հայրենի քաղաք,
Լույսերի տուն ես,
                              Տուն ես հավատի,
Սեր ես ու հրաշք»:
Այսպես շրջում է մի ողջ երեկո:
Եվ հետո ուրախ,
Եվ հետո հպարտ
Գալիս-կանգնում է վեհ պատվանդանին,
Որ հսկի դարիս խաղաղությունը:
Իսկ ես շշուկով,
Հուզված ասում եմ.
- Մի մայր էր եկել արցունքը աչքին,
Դողդոջ մատներով քարերն էր շոյում,
Շշնջում բառեր:
                Քո մորն էր նման:
Դեհ, չմոռանաս, ես խոսք եմ տվել,
Երազում գոնե կայցելես նրան:
Ու հետո դանդաղ անցնում-գնում եմ,
«Հիշեցեք նրանց» բառերն իմ հոգում:
Ինչպե՞ս մոռանալ...
Ընկած զինվորի դարերով քայլող
Հպարտ, լուսեղեն հուշարձա՜նն եմ ես: