Jump to content

Հուշեր (Վահան Տերյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Մենակության մեջ, գիշերում անքուն,
Հիշում եմ կրկին դաշտերը անծայր,
Արտերի ծովը ոսկեղեն, ծփուն —
Երեկոների հանգիստը պայծառ։
Եվ իջնում է մի անսահման թախիծ...
Հիշում եմ նորից օրերըս մեռած,
Տխրություններըս անուշ ու անբիծ
Եվ ընդմիշտ անդարձ անուրջ ու երազ։
Հիշում եմ խոսքեր, ակնարկներ անձայն,
Մի լուսե պատկեր —ցնորք աղջկա,
Այն ամենը, որ երազ էր միայն,
Այն ամենը, որ չըկա՜ր ու չըկա՜...