Jump to content

Հուսկ յերգն աղջկան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հուսկ յերգն աղջկան

ՀՈՒՍԿ ՅԵՐԳՆ ԱՂՋԿԱՆ

Յես պիտի մեռնիմ, յերջանիկ յեղիր,
Դու հյուծված կյանքիս կուռքն անկարեկիր,
Դու մատաղ հոգվույս յերազանքն անբավ,
Պիտի մեռնիմ յես, մի տրտմիր բընավ:

Բաժինն իմ սրտիս սև հոգեր բոլոր,
Ժպիտներ կուղղեն քեզ աղջկունք աղվոր.
Յես կը տառապիմ, դու դարպաս կընես,
Դու ծաղկի կոկոն, կոտորած ճյուղ՝ յես:

Քու ճամբուդ վըրա խնդություն, ծիծաղ,
Իսկ իմ չորս կողմըս դառն կոծեր, ավա՜ղ,
Վառ սրտիդ սընունդ ճառագայթ, արև,
Մռայլ ստվերներ իմ գլխուս վերև:

Լույս տաճարին մեջ քեզ քիչ ատենեն
Վոսկերանգ նարոտ մը պիտի գընեն
Շողշողուն ջահեր, յերգեր ու բուրվառ,
Ջերմ ուխտը սիրույգ պիտի որհնեն հար:

Իսկ զիս կոշտ մարդիկ մութ գիշերին մեջ
Պիտի տանին հոն՝ ուր ալ կիրք ու տենչ,
Սեր ու տառապանք, արցունք ու հառաչ
Կանհետին ու լոկ կըմնա սև խաչ: