Jump to content

Հպարտ աքլորը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՊԱՐՏ ԱՔԼՈՐԸ

Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո հարձակվեց փոքրիկ շան վրա:

Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ-հպարտ կանչեց.

— Ծուղրուղո՛ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն-մենակ. բոլորիդ՝ հավիդ՝ բադիդ, աքլորիդ, ինչ ուզենամ, էն կանեմ, շանն էլ բակից կհանեմ:

Հարսը լսեց բակի աղմուկը, վազեց բռնեց աքլորին, դուրս շպրտեց բակից ու ասավ.

— Կորի՜, գնա՜, անպիտան, քեզպեսին էլ երես տա՞ն, բավական չէ բակումն է, ուրիշին էլ թակում է: