Հպարտ կաց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հպարտ կաց

Գուսան Շերամ

Ծեր օրերում սեր մի՛ անի,
Ծույլ մարդուն խեր մի՛ անի.
Դուն որ ոչինչ չես բերել,
Ուրիշին՝ բեր մի անի։

Ուղիղ ճամփից մի՛ շեղվի,
Պինդ պահիր քեզ, մի՛ նեղվի,
Ամեն մեկ չնչին ցավից,
Մի՛ վշտանա, մի՛ դեղվի‏։

Հանգիստ կերպով սպասիր,
Լուրջ մտածիր, նոր խոսիր.
Երբ որ ընկած մարդ տեսնիս,
Անշուշտ օգնության հասիր։

Շերա՛մ, դուն էլ լեր բարի
Կրկին սազդ պինդ լարի.
Թե պատահի քեզ վտանգ,
Հպարտ կաց, մի՛ շվարի։

1936