Jump to content

Հսկա քաղաքի լապտերները վառ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հսկա քաղաքի լապտերները վառ

Հսկա քաղաքի լապտերները վառ


Հսկա քաղաքի լապտերները վառ
ժպտում են հեռվում անխռով, պայծառ..

Ամայի դաշտում, մթնում անթափանց
Գյուղն է կծկվել ձյան սավանի տակ,
Պառավների պես կնճռոտ, կռացած
Դողում են խարխուլ խրճիթները ցած...

Բուքն է հրհռում դիվային, դաժան՝
Փողոցների մեջ անմարդ ու մռայլ․
Հողմն է հեծեծում անհույս, ահաձայն՝
Սավառնելով սև, մութ գյուղի վրան...

Սով, սառնամանիք պարում են անդուլ
Կտուրների տակ՝ հըռնդյունով խենթ,
Դևերն են ծեծում դռները խարխուլ,
Չարքերն են նստել կրծքերին ամուր,
Եվ կրակ չկա խրճիթներում խուլ...

Մի քնքուշ, թովիչ ցանկալի համբույր
Դողում է շրթներն հավերժորեն լուռ...
Մեղմորեն, թեթև մի ձեռք խնկաբույր
Փակում է. աչքերն երազուն, տխուր...

Վազում են գայլերն մռայլ ու տխուր,
Ոռնում են շներն ցավագին ու սուր...

Հսկա քաղաքի լապտերները վառ
Ժպտում են հեռվում անխռով, պայծառ..

1908, հունվար