Jump to content

Հրաշքները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀՐԱՇՔՆԵՐԸ


Ձեռքերի մեջ են հրաշքներն ապրում,
Իսկ ո՞ւր չեն, արդյոք, ապրում ձեռքերը...
Նրանք արեւի լույս են ճառագում,
Զորություն դառնում
Կամուրջների վեհ կամարների մեջ,
Հայտնության ոսկի աստղեր են վառում
ՈՒղեծիրներում
Բացվող օրերի,
Եվ մոր ու մանկան,
                Սիրող զույգերի
Տաք գգվանքներում բուրում են քաղցր...
Ձեռքերն են, իրա՛վ, հրաշք արարում,
Ձեռքերիս մեջ են ողջ հրաշքները։
Ուրիշ հրաշքներ մի՛ փնտրեք, երգե՛ր,
Ապրեցեք միայն ինչպես... ձեռքերը։