Jump to content

Հ. Թումանյանի «Բանաստեղծությունները»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հ. Թումանյանի «Բանաստեղծությունները»
Հրապարակվել է՝ «Մուրճ» (Թիֆլիս)՝ 1891, № 1:

Հ. Թումանյանի բանաստեղծությունների մասին իմ կարծիքը հայտնելուց առաջ, ես ուզում եմ մի քանի խոսք ասել մեր նորագույն բանաստեղծության մասին և որոշել այն դիրքը, որ բռնեց մեր քննադատությունը և մամուլը այս նոր երևույթի նկատմամբ: Կան մարդիկ, որոնք կարծես սրտի ցավով պնդում են թե մեր բանաստեղծությունը ընկնում է նոր ոտանավոր-գրողների շնորհիվ: Բայց ինձ թվում է, որ հայկական վաղուց թառամած բանաստեղծությունը ութսունական թվականների վերջում նոր-նոր սկսում է ծաղկել, և այս բանը ինձ ուրախություն է պատճառում: Սա մի երևույթ է, որ ունի յուր հասարակական պատճառները և որ անուշադիր չէ մնալու գրականության ապագա պատմաբանից: Թե ինչու այս կամ այն ժամանակներում երևան են գալիս մի տեսակ գրողներ,- ողբերգակներ, վիպասաններ կամ բանաստեղծներ, և գրականության այս կամ այն ճյուղը գերիշխող է դառնում, այդ խնդիրը պետք է որոնե յուր պատասխանը հասարակական կյանքի ընդհանուր պայմանների մեջ: Ասածս ի հարկե կարոտ չէ ապացույցների. նոր բան չէ այն միտքը թե գրականության և հասարակական կյանքի մեջ կա մեծ և փոխադարձ ազդեցությունն, և եթե այսօր մենք նկատում ենք, որ մեր բանաստեղծությունը այս վերջին տարիներս սկսում է աչքի ընկնող տեղ բռնել գրականության մեջ, իրան ցույց տալ, այդ հանգամանքը ի հարկե արժանի է լուրջ ուշադրության և խրախուսանքի:

Բայց ի՞նչպես վերաբերվեց մեր մամուլը դեպի մեր նոր բանաստեղծները:

Սոցա մասին այս կամ այն լրագրում հայտնվեցին կարծիքներ գրախոսության, քննադատության և լուրերի տեսքով: Նոցանից մի քանիսը գտան հաջող թե անհաջող գնահատություն. իսկ առհասարակ մեծամասնության վերա լուրջ ուշադրություն չդարձրին, և շատերը, որոնք արժանի են քաջալերության, մատնվեցին կամ ծաղրի կամ լռության: Դեպի մեր նոր բանաստեղծները այս տեսակ հեգնական դիրք բռնելու մեջ կարծես կար մի ցանկություն նմանվել այն գրողներին, որոնք մի ժամանակ աշխատում էին մտրակել Ռուսաստանում աճած բազմացած անշնորհ ոտահյուսներին: Բայց դորա դեմ պետք է ասել միայն այն, որ մեր նոր բանաստեղծներին հարկավոր է համեմատել ոչ թե ոտահյուսների հետ, այլ Ռուսաստանի գոնե միջակ գրողների հետ, որոնց վերա քննադատությունը միշտ պատշաճավոր ուշադրություն է դարձնում և որոնք գտնում են իրենց համապատասխան տեղը գրականության պատմության մեջ: Ի հարկե ամենալավը՝ ապագան կորոշե այն բանը թե որքան արժանավայել է եղել մեր մամուլի բռնած դիրքը դեպի վերոհիշյալ նոր երևույթը. բայց առայժմ իմ կարծիքն այն է, որ մեր նոր բանաստեղծության գնահատելու վերաբերմամբ մեր մամուլը եղել է անտարբեր, միակողմանի և կամ թշնամական: Հ. Հովհաննիսյանի «Բանաստեղծությունների» լույս տեսնելուց մինչև Հ. Թումանյանի «Բանաստեղծությունների» երևան գալը, այսինքն 1887 թ. Մինչև 1890 թ., նշանավոր ժամանակամիջոց է մեր բանաստեղծության պատմության համար. այս խոսքերի ճշտությունը, ես կրկնում եմ, ամենալավը կորոշեն ապագան, 10-15 տարին:

Հ. Թումանյան դեռևս բոլորովին երիտասարդ է և առաջին անգամ հայտնվում է հասարակության մոտ 100 երեսանոց գրքույկով. դա նորա առաջին փորձերի ժողովածուն է: Ահա մի հանգամանք, որ ամեն մի քննադատի ձեռքը պիտի պահե հեղինակի համար գուցե թանկագին ամբողջ երեսներ սևացնելուց և հարկադրե նորան ներողամիտ լինելու դեպի դեռահաս բանաստեղծը, դեպի գրականության նոր հյուրը: Մեր այս նոր հյուրը անկոչ չէ. նա ունի արժանավոր կողմեր, որոնց շնորհիվ հեշտանում է քննադատի գործը, և էլ նորանից պահանջվում չէ մի առանձին ներողամտություն. թվիր, որքան կամենում ես, նորա պակասությունները. պետք է խոսես և նորա արժանավորությունների մասին:

Նախ և առաջ ես ուզում եմ մատնացույց անել այն բոլորին, որ մեր գրողի բանաստեղծական ընդունակության ապացույցներ է տալիս, և ապա նորա պակասությունը որոշելուց հետո՝ ես կվերցնեմ նորա մի քանի գրվածները վերջիններիս մասին ավելի երկար խոսելու համար:

Հաջողված մի քանի ոտանավորները, պոեմաների մեջ գեղեցիկ կտորները, բանաստեղծական պատկերները, բավականին Կանոնավոր լեզուն, պարզ, սոսկական ոճը և մասամբ հաջողված տաղաչափությունը- ահա այն նշանները, որոնք տեղի չեն տալիս կասկածելու մեր գրողի բանաստեղծական ընդունակության մասին: Արժե բերել նմուշներ այդ կտորներից: Ահա օրինակ ինչպես է նկարագրվում գյուղացու հասարակ նվագածությունը և ժողովրդական երգերի ընդհանուր բովանդակությունը.

Հնչում է իգիթ Սաքոյի շըհուն,
Իսկ ընկերներից մեկը սրտալի
Երգում է, կանչում, ինչքան ձայն ունի։
Եվ մելամաղձոտ նրանց բայաթին
Գովեստ է տալիս վեհանձն իգիթին,
Կամ հայրենիքի հողին ու քարին,
Սիրավառ կանչում սևաչյա յարին: («Լոռեցի Սաքոն»)

Մի՞թե այս տողերը մեր աչքի առջև չեն պատկերացնում մեր սրտին մոտիկ մի շատ ծանոթ և հարազատ տեսարան: Այս տողերում ես չեմ գտնում մի բառ, որ ավելորդ լիներ կամ ոչ յուր տեղումը, մի ավելորդ հնչյուն, որ գրված լիներ ոճը կամ չափը գեղեցկացնելու համար: Հասարակ, անպաճույճ խոսքերով այստեղ նկարագրված է մի բանաստեղծական գեղեցիկ պատկեր, մի գեղարվեստական ամբողջություն: Ահա նա ինչ բաների հետ է համեմատում արշալույսը.

Ամպերի միջից արջնաթույր և թուխ
Բացվում է արշալույսն, ինչպես հրաբուխ,
Կամ թե բոցավառ հրդեհի նման,
Որ թանձր ծխից հայտնում է իրան: («Լոռեցի Սաքոն»)

Արևի մայր մտնելը մեր բանաստեղծը նկարագրվում է հետևյալ կերպով.

Վերջին շողերն արևի
Կատարներին ծառերի
Դողդողացին ու հանկարծ
Թռան ծայրերը լերանց: («Ալեք»)

Ահա մի երեք տողով ինչպես է նկարագրվում անտառը փոթորկի և մրրկի միջոցին.

Եվ թանձր անտառը՝ սաստիկ հողմակոծ,
Երբ ֆշշացնում է, ինչպես մի սև օձ,
Թեքվում տնքում է ծառը հաստարմատ: («Լոռեցի Սաքոն»)

Այստեղ ի հարկե պատկերի տպավորությունը թուլացնում է «ծառը» հավաքական մտքով գործածելուց. այստեղ «ծառերը» ավելի արագ կնկարագրեն անտառի դրությունը:

Խոսելով մեր գրողի արժանավորությունների մասին, ես չհիշեցի նորա մի առանձնահատկությունը: Նա յուր պոեմաների մեջ նման չէ ոչ մեր հին, ոչ նոր բանաստեղծներին. նա կանգնած է առանձնակի, նա ինքնուրույն է, նա մի տեսակ նորություն է մեզ համար: Այդ առանձնահատկությունը ժողովրդական տարրն է, որ և կազմում է նորա վիպական ոտանավորների իսկական զարկերակը: Եվ իրավ, ցույց տվեք մեկին, որ այնպես սիստեմաբար և այնքան հաջող կերպով ոտանավորների նյութ շինած լինի հայ գյուղացու կյանքը, ինչպես այդ տեսնում ենք մեր բանաստեղծի պոեմաների մեջ: Նոքա ունին ներքին ընդհանուր գծեր, որոնք են ժողովրդական տարրը, ինչպես ես վերև նկատեցի, և վիպական արտաքին ձևը: Բայց այս ընդարձակ ոտանավորի մեջ աչքի է ընկնում մի մեծ պակասություն, դա պոեմաների թույլ արհեստական կազմվածքն է, նոքա անհետաքրքրական լինելը ամբողջության տեսակետից: Բովանդակության կողմից հաջող է միայն «Ալեքը» և ամենաբանաստեղծական- «Արև և լուսինը»: «Նահատակը» մի երկայն ոտանավոր է, որ նկարագրվում է մի խաչի թե նահատակը հրաշալի զորությունը. հաջող կտորներ կարելի է գտնել, բայց ամբողջություն չկա, և թեման ինձ թվում է անհարմար երկայն ոտանավորի նյութ դառնալու:

Ոչ մի պոեմայիս մեջ պ. Թումանյանը իրան ցույց չէ տալիս այնքան բնորոշ գծերով, յուր արժանավոր և թերի կողմերով, որքան նա այդ անում է «Լոռեցի Սաքոն» ոտանավոր մեջ: Բովանդակության կողմից այս պոեման հետաքրքրություն չի ներկայացնում: Ինքը Սաքոն, պոեմայիս հերոսը, գրեթե ոչինչ չէ գործում. նորա արածը գլխավորապես այն է, որ գիշեր ժամանակ մենակ մնալով ձորում շինված մի տնակի մեջ և միտը բերելով փոքրությունից լսած պատմությունները չար ոգիների մասին, գրգռված երևակայության տակ կամաց կամաց սկսում է վախենալ, սարսափած դուրս է գալիս դեպի ձորը. նորան հետևում են չար ոգիները, նա ամենուստեք լսում է ձայներ. «բռնեցե՛ք, այստե՞ղ է Սաքոն» և պոեման վերջանում է հեղինակի նկատողությամբ թե Սաքոն մյուս օրը տուն կերթա և յուր տեսած երևույթներով կհաստատե այն, ինչ պատմել է նորա նանը յուր փոքրի՛կ թոռներին: Դա է պոեմայիս գլխավոր բովանդակությունը, նորա հիմնաքարը: Բանաստեղծ նպատակն է եղել, ըստ երևույթին, պարզել այն խնդիրը թե ինչպես են պահպանվում և ինչու կարողանում են պահպանվել ժողովրդական զանազան սնոտիապաշտությունները. այդ խնդիրը պարզելուն հեղինակը նվիրել է յուր գրքույկի ամբողջ 16 էջերը: Եթե այս պոեմայիս մեջ ցանված չլինեին ամբողջ գեղեցիկ կտորներ, պոեման կլիներ մի շատ ձգձգված երկայն ոտանավոր, տաղտկալի ընթերցանության համար, գուցե անարժան ուշադրության: Ամբողջության թուլությունը-ահա մեր բանաստեղծի անբավարար կողմը, առանձին գեղեցիկ կտորները պարզ ապացույցներ են նորա բնատուր ընդունակության: Հասարակ ժողովրդի շատ սնապաշտություններ, նորա ուրախանալու արտահայտությունը, պարերի ու նվագածության նկարագրությունը, բնության մի քանի գեղեցիկ պատկերների կենդանագրությունը-այս բոլորը դուրս է բերված այնքան հաջող, որ ընթերցողին տեղի չէ մնում կասկածելու թե բանաստեղծը քաջ տեղյակ է այն կյանքին և բնության, որ յուր ոտանավորի նյութ է դարձել: Այդ կտորներից մի քանիսը, իբրև նմուշներ, ես արդեն առիթ ունեցա բերելու: «Լոռեցի Սաքոն» ստոր լինելով «Ալեքից» ֆաբուլայի կողմից, գերադասելի է նորանից յուր բազմաթիվ գեղեցիկ կտորներով:

Ես դիտավորություն չունիմ երկար կանգ առնելու բոլոր պոեմաների վերա. ես վերցրի ամենաբնորոշը՝ նորա արժանավոր և թույլ կողմերը ցույց տալու համար: Պ. Թումանյանի մանր ոտանավորների մեջ կա մեկը, որ յուր բովանդակությամբ մոտիկ է կանգնած պոեմային և նորա վիպական ոտանավորներից ամենաբանաստեղծականն է: Դա «Ամառային գիշերը գյուղում» ոտանավորն է: Նորա ոտանավորների մասին կարելի է մի ընդհանուր բան ասել. նոցա մեջ կան լավերը, կան վատերը. բայց մեծամասնությունը միջակ է, ոգևորելու անընդունակ ոչ յուր զգացումներով, ոչ յուր մտքերի թարմությամբ: Բացի դորանից, նորա մանր ոտանավորների մեջ չէ տարված այն ինքնուրույնությունը, որ նկատվում է նորա պոեմաների մեջ. մանր ոտանավորների թեմաները և արտահայտելու ձևերը երբեմն հիշեցնում են այս կամ այն բանաստեղծությունը: օրինակ, նորա «Մարգարեն», հաջողված ոտանավորներից մեկը, հիշեցնում է Հ. Հովհաննիսյանի «Երբ նա դեռ նոր էր լույս աշխարհ տեսել» ոտանավորը և գուցե ազդված է այս վերջինից, թեպետ առաջինը արտահայտված է ավելի կոնկրետ կերպով այն ձևով, որ ավելի հատուկ է բանաստեղծության: Հաջողված է նորա սիրո մի ոտանավորը-«Ների՛ր, ո՛վ կույս», որ լավ տպավորություն է անում մարդու վերա որքան յուր սահուն ոճով, նույնքան և անկեղծ զգացումներով: Լավ է և նորա «Չարամիտներին» բանաստեղծությունը, մանավանդ ուժեղ են նորա վերջին տողերը.

Կհասնի նա ձեզ, բարկությամբ արդար
Արժանի մահով պատուհասելու,
Եվ ո՞վ պիտի ձեզ ցույց տա ճանապարհ
Նորա բարկության պատժից փախչելու:

Այս տողերից լսվում է մի տեսակ սպառնալիք չարամիտներին և միևնույն ժամանակ խղճահարություն նոցա անկման պատճառով: Մի քանի ոտանավորների մեջ հավաքված և իրար ետևից շարված են բարոյական զանազան հասկացողություններ խրատները. այս վերջինները կազմում են բանաստեղծի զայրույթի և վշտի առարկան: Բարոյականությունը, ընդհանուր կերպով առած, բանաստեղծության նյութ շինելը դժվար բան է, տասից մեկը հազիվ կարող է հաջողվել, իսկ շատերի կարծիքով երբեք չէ հաջողվում: Այս ոգով է գրված «Երանություն է խոստացել հույսս ինձ» ոտանավորը, որի միտքը, թեպետ նոր չէ, բայց լավ է և արտահայտված է հետևյալ տողերում.

Երանություն էր խոստացել հույսս ինձ.
Սակայն չըգտա նրան կյանքի մեջ,
Բայց չեմ վհատիլ. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ։

Այս ասնպառ իղձը այն է, որ ներկան կքանդվի, և նորա ավերի վրա «ապագան կկանգնի լուսո նշանը»: Միտքը, ասացի, նոր չէ, բայց այդ ոտանավորի պակասությունն էլ չէ: Մեզնից ո՞վ կարող է պարծենալ թե արտահայտել է կամ արտահայտում է ընդհանուր նշանակություն ունեցող նոր մտքեր: Մեր այսպես կոչված նոր մտքերը տասնյակներով և հարյուրներով կարելի է գտնել համաշխարհային հանճարների գրվածներում: Ուրեմն բանը մտքի նորությունը չէ, այլ նորա արտահայտելու նոր ձևն է և հաջող արտահայտությունը: Գարնան և սիրո երգերը առաջին անգամ հնչել են այն ժամանակ, երբ մարդիկ զգացել են սեր և հիացել են գարնան գեղեցկությամբ. նոքա հնչում են և մեր օրերում, նոքա կհնչեն և ապագայում, քանի աշխարհում կլինի սեր և գարուն: Այն բանաստեղծները, որոնք գեղեցիկ և նոր ձևերով կարող կլինեն արտահայտել և գեղեցիկ և թարմ մտքեր, նոքա սիրով կընդունվեն և կմտնեն արդեն հանճարների կամ մեծ տաղանդների շարքը: Բայց երբ չկան գեղեցիկ և թարմ նոր մտքեր, բանաստեղծը պահանջվում է գեղեցիկ և նոր ձևերով նոցա արտահայտությունը: Մեր վերև հիշած ոտանավորի միտքը լավ լինելով՝ արտահայտելու ձևը շատ սովորական է, դանդաղ և տգեղ:

Ես այստեղ կբերեմ մի փոքրիկ ոտանավոր, որ, թեպետ և իմ աչքում այնքան գին չունի, բայց կարող է վեճի առարկա դառնալ և տեղի տալ բոլորովին հակառակ կարծիքների: Դա «Միամիտներին» ոտանավորն է, որ և կբերեմ ամբողջովին.

Երանի է ձեզ, որ չեք հասկանում
Թե մարդիկ ինչու ինչեր են անում.
Երանի ձեզ, որ մարդու չեք զրկում,
Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում.
Երանի ձեզ, որ ոչինչ չգիտեք,
Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք:

Ի՞նչ եզրակացությունը անենք այս ոտանավորից. այն, որ բանաստեղծը նախանձում է նոցա, որոնք ոչինչ չեն հասկանում, ոչինչ չեն զգում, ոչ ոքի չեն վնասում և հոգով անդորր են: Ավելի լավ էր երանի տալ անշունչ առարկաներին, որովհետև նոքա բոլորովին ոչինչ չեն զգում, իսկ միամիտները կարող են քիչ թե շատ թե զգալ թե հասկանալ թե վնասել: Ինչպես տեսնում է ընթերցողը, սա մի բավականին տարօրինակ ցանկություն է՝ ընդհանուր խոսքերով և դանդաղ տողերով արտահայտված: Բայց եթե բանաստեղծը ուզում է ասել թե երբեմն նորան այցելում են այնքան դժվար րոպեներ, որ նա ակամա երանի է տալիս նոցա, որոնք բան չեն զգում, թող հենց այդպես էլ ասեր: Սխալ մտքերը և տարօրինակ զգացումները ներել գրողին, արդարացնելով նորան րոպեական ազդեցությամբ, անկարելի է: Բանաստեղծը պիտի լինի հետևողական յուր մտքերի և զգացումների արտահայտման մեջ. այլապես նորա ոտանավորները լինելու են իրար հակասող և շատ անգամ-կեղծ:

«Գիշերային առաջին աստղի դիմաց» ոտանավորը եթե տպավորություն թողնում է, գլխավորապես բանաստեղծական լեզվի շնորհիվ է, բովանդակությունը անհետաքրքրական է: Հեղինակը թվում է մի քանի գործեր, որ մարդիկ տրամադրվում են անելու գիշեր ժամանակ:

Բոլորովին առանձնակի կանգնած է մի ոտանավոր-«Աղոթքը». Դա մի անհաջող փորձ է երգիծաբանական բանաստեղծության և միանգամայն տպվելու անարժան:

Չհիշված ոտանավորները մի առանձին բան չեն ներկայացնում: Նոքա ոչ այնքան լավ են, որ հիացնեն, ոչ այնքան վատ, որ տաղտկացնեն. նոքա միջակ են, նոցա կարելի է կարդալ:

Ես կամենում եմ մի քանի խոսք ասել պ. Թումանյանի լեզվի, ոճի և տաղաչափության մասին: Լեզուն բավականին Կանոնավոր է և հարուստ բառերով. բայց պատահում են շեղումներ այն ճանապարհից, որով ընթանում է մեր այժմյան գրականական լեզուն. օրինակ, նա գործ է ածում և այսպիսի ձևեր, «աչքես», «թողնուլ», «ղուն», «կնանոց», «հասանել», «երկրին կոչել» և այլն:

Նորա պարզ, հասարակ ոճը երբեմն դառնում է հակիրճ, արագ և եռանդուն. օր., Ալի ավազակի չարագործությունների համբավը, որ անցնում է բերանից բերան, նկարագրված է այսպես.

Ալին ծեծեց․․․ Ալին տարավ․․․
Ալին այսօր թալան արավ.
Ալին երեկ մարդ սպանեց.
Ալին սարիցն ապրանք քշեց.
Կրակ տվեց սրա դեզը,
Խլեց նրա մի լուծ եզը.
Ալին հանդում քաղվոր ճանկեց,
Մի նորահարս առևանգեց.
Ալին ծեծեց․․․ Ալին տարավ․․․
Ալին խլեց․․․ Ալին կերավ․․․ («Ալեք»)

Տաղաչափությունը դեռ բոլորովին կատարյալ չէ. հաճախ պատահում են պակաս վանկեր, որ տգեղացնում և դանդաղեցնում է տողերի սահունությունը: Մի քանի բացառությամբ, բանաստեղծի ոտանավորները գրված են միակերպ. նոքա տասը վանկանի են: Միօրինակությունը նորա տաղաչափության թույլ կողմն է: Ոտանավորի տպավորությունը կախված է նրանից թե ո՞րքան հաջող, համապատասխան է ընտրված այս կամ այն չափը՝ այս կամ այն մտքի կամ զգացման համար:

Ընդհանրապես իմ կարծիքը այս է պ. Թումանյանի մասին. Նորա մի քանի արժանավոր կողմերը-գեղեցիկ առանձին կտորները, մի քանի հաջողված ոտանավորները, հասարակ, պարզ ոճը գրավական կարող են լինել մեզ համար նորա բանաստեղծական ընդունակությունների զարգանալուն: Մյուս կողմից նա մի տեսակ նորություն է մեզ համար պոեմաների մեջ տիրապետող ժողովրդական տարրի շնորհիվ: Նորա մեծ թուլություն է՝ գեղարվեստական ամբողջություն դուրս բերելու անկարողությունը: Տեխնիկայի կողմից նորան մնում է ավելի կանոնավորել լեզուն և խույս տալ, որտեղ կարելի է, տաղաչափական միօրինակությունից: