Jump to content

Ձայն տուր, ո՛վ ֆիտայ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձայն տուր, ո՛վ ֆիտայ
Հրապարակվում է ըստ՝ «Հայուն երգարանը, հատ. Ա, Կ.Պոլիս, 1911», էջ 133: Շեղատառ տները ներկայացվում են ըստ այլ աղբյուրների:



ՁԱՅՆ ՏՈՒՐ, Ո՛Վ ՖԻՏԱՅ


Ձայն տուր, ո՛վ ֆիտայ, ինչո՞ւ ես տրտում,
Լուռ ու մունջ նստած երկար մտածում,
Աւա՜ղ, երկար մտածում,
Տխուր, երկար մտածում:

Շարժեցէ՛ք, տղերք, սրեր շողշողուն,
Թափեցէ՛ք կրակ թշնամեաց գլխուն,
Գազան թշնամեաց գլխուն,
Դաժան թշնամեաց գլխուն:

Թափենք մեր արիւն իբրեւ ախոյեան,
Լինի առաջնորդ մեր ազատութեան,
Սիրուն, մեր ազատութեան,
Անուշ, մեր ազատութեան:

Շտապեցէ՛ք, ընկերք, խմբուել միատեղ,
Մետաքսէ[1] դրօշակ ծածանի այնտեղ:
Թո՛ղ միշտ ծածանի այնտեղ,
Սիրուն, ծածանի այնտեղ:

Քանի այսպէս է վիճակը Հայի[2],
Զինուած պիտ լինի ամբողջ ֆիտայի,
Սիրուն, ամբողջ ֆիտայի,
Կտրիճ, ամբողջ ֆիտայի:

Մոսին, հրացան ձեռքներուդ բռնած,
Թունաւոր փամփուշտ կրծքներուդ շարած,
Հպա՛րտ կրծքներուդ շարած,
Սիրուն, կրծքներուդ շարած:

Պարզեցէ՛ք դրօշ վեհ Դաշնակութեան[3],
Լինի առաջնորդ մեր ազատութեան,
Սիրուն, մեր ազատութեան,
Անուշ, մեր ազատութեան:



  1. տարբերակ՝ Եռագոյն
  2. տարբերակ՝ Հայը խղճալի,
  3. տարբերակներ՝ անմահ Հայութեան, Հանրապետութեան