Jump to content

Ձենըդ քաղցըր ունիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Ձէնըդ քաղցըր ունիս՝ լա՛մզով կու խօսիս

Ձէնըդ քաղցըր ունիս՝ լա՛մզով կու խօսիս,
Նա՛ պահէ քիզ, ումնոր ծառայ իս, գօ՛զալ,
Մէջքըդ ջէյրանի է, ռանգըդ՝ շաքարի,
Փըռանգըստանու էկած խա՛րա իս, գօզալ:

Ղո՛ւմաշ ասիմ՝ շուրէղէն է, կու մաշվի,
Սա՛լբի ասիմ՝ ախըր մին օր կու տաշվի,
Ջէ՛յրան ասիմ՝ շատ մարդ քիզիդ կու եաշվի.
Բաս վո՞ւնց թարիփ անիմ՝ մա՛րա իս, գօ՛զալ:

Թէ մանուշակ ասիմ՝ սարէմէն կ՚օսին,
Թէ ջավահիր ասիմ՝ քարէմէն կ՚օսին,
Թէվուր լուսին ասիմ՝ տարէմէն կ՚օսին.
Արեգագի նըման փա՛րա իս, գօ՛զալ:

Գ՚ո՛ւզիմ, թէ համաշա դըռանըդ գամ ուխտ՝
Աչքիրըդ, կա՛րմիր վարդ, նուր բացարած տուղտ,
Լիզուդ գըրիչ ունիս, ձեռըդ՝ գուլգազ թուղթ.
Ծովէմէն դուս էկած զա՛րա իս, գօ՛զալ:

Սիրա սիրմըդ սըրտիս մէջըն ցանեցիր,
Նազ ու ղամզով, եա՜ր, իմ հոգիս հանեցիր,
Էս քու Սայաթ-Նովուն դո՛ւն սըպանեցիր.
Գըլխիդ էկած ղադէն առայ յիս, գօ՛զալ:


Ղափիա, էսպէս լաւ եարի վրայ. Արութինի ասած է:

թարգմանություն
Քաղցր ձայն ունես դու, ա՛նուշ ես խոսում

Քաղցր ձայն ունես դու, ա՛նուշ ես խոսում,
Նա պահի քեզ, ում որ ծառա[1] ես, գո՛զալ,
Մեջքդ եղնիկի է, գույնդ՝ շաքարի,
Ֆրանկստանից բերված դի՛պակ ես, գո՛զալ:

Կե՛րպաս ասեմ՝ շորեղեն է, կմաշվի,
Նո՛ճի ասեմ՝ ախր մի օր կտաշվի,
Եղնիկ ասեմ, շատ մարդ վրադ կու աշի,
Բա ո՞նց գովքդ անեմ՝ շո՛ղակ[2] ես, գո՛զալ:

Թե մանուշակ ասեմ՝ սարից է կասեն,
Թե ադամանդ ասեմ՝ քարից է կասեն,
Թե որ լուսին ասեմ՝ տարուց է կասեն.
Արեգակի նման հրա՛կ ես, գո՛զալ:

Կուզեմ թե շարունակ դռանդ գամ ուխտ՝
Աչքերդ, կա՛րմիր վարդ, նոր բացարած տուղտ[3].
Լեզուդ հանց գրիչ է, ձեռքդ՝ ընտիր թուղթ.
Ծովից դուրս եկած վառ ծաղիկ ես, գո՛զալ:

Հրիդ[4] սերմը սրտիս մեջը ցանեցիր,
Նազ ու խաղով, յա՜ր, իմ հոգին հանեցիր,
Էս քո Սայաթ-Նովուն դու ըսպանեցիր.
Գլխիդ եկած ցավը առա ես, գո՛զալ:


  1. Ծառա բառը այստեղ տրված է ոչ թե ծառայող, այլ նվիրված իմաստով: Թիֆլիսում ծառայողին կոչում էին բիճ կամ նոքար: Տողի թարգմանությունն է՝ նա քեզ պահի, ում որ նվիրված ես, գոզալ (տես՝ Ն. Աղբալյան, Սայաթ-Նովայի հետ, Պեյրութ, 1966, էջ 186):
  2. Բնագրի «մարա» բառը, որն ի դեպ ձեռագիր դավթարում սխալմամբ գրված է «մերա» առասպելական վիշապի գլխի թանկագին քարն է:
  3. Տուղտ — ծաղիկ է:
  4. Բնագրի «սիրան» բոց է նշանակում, այստեղից էլ պարսկերեն «սիրամարգ» բառը, որը համահունչ է ռուսերեն «жар-птица»-ին: