Jump to content

Ձմեռային գիշեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձմեռային գիշեր
ՁՄԵՌԱՅԻՆ ԳԻՇԵՐ

Սպիտակ սավանով ծածկվել է գետին,
Դառնաշունչ քամին փչում է կատաղած.
Նայում եմ վերև— չի փայլում լուսին.
Մառախուղով է երկինքը պատած։

Նայում եմ շուրջըս — վշտալի՛ պատկեր.
Ամեն ինչ ճնշված ձմռան ճանկերում,
Տնքում, հեծում է և խուլ մրմունջներ
Անվերջ հնչում են իմ ականջներում…

Մերթ ես լսում եմ մի դառն հեծեծանք,
Մերթ խորին հառաչ չարատանջ սրտի…
Մերթ իմ ականջին զարնվում են արագ
Լաց, կոծի ձայներ անմեղ զոհերի…

Ճնշում է սիրտս… Եվ ահա՛ հանկարծ
Ինձ պաշարում են դառնալից մտքեր…
Եվ ի՜նչ եմ տեսնում աչքիս նկարված,
Օ՜, տե՛ր իմ, որքա՜ն տխուր պատկերներ…

Ահա՛ մերկանդամ, հարստահարված
Մի ծեր մուրացկան՝ զուրկ օթևանից
Ծանր տնքում է ձյունի մեջ թաղված,
Եվ աղի արցունք թափում աչքերից։

Ահա՛ մի այլ տեղ. մի խուլ անկյունում
Կիսամերկ որբը խե՜ղճ, անտիրակա՜ն,
Ցրտից փետացած «վա՜յ մա՛յր» է կանչում
Եվ դողում, որպես տերևը աշնան։

Ահա՛ գետնափոր, մութ կացարանում.
Ուր օդն է խոնավ, սառը, մահաշունչ.
Քաղցած ու անտեր հեծում է մահճում
Մայրը որդոց հետ հիվա՜նդ, կիսաշո՜ւնչ…

Եվ չկա անկյուն, ուր հանգիստ տիրեր,
Ամեն տեղ տանջա՜նք, ամեն տեղ սո՜ւգ, լա՜ց,
Ամեն տեղ անգութ աշխարհի զոհեր,
Չար մարդկությունից ճնշված, հալածված…
1887, 2 փետրվարի