Jump to content

Ղափանի պղնձահանքներում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՂԱՓԱՆԻ ՊՂՆՁԱՀԱՆՔԵՐՈԻՄ

Հանքերում այժմ կատարվող աշխատանքին ականատեսը մի պահ չի կարողանում իրեն հաշիվ տալ, թե մի քանի ամսվա ընթացքում ինչպես հնարավոր եղավ Ղափանի քնած հսկաներին զարթեցնել և նորից շունչ տալ գործարանին, որ ճչա զիլ և կանչի բարձր՝ աշխատավորության մի նոր հաղթանակի մասին[1]։

Դեռ հանքերին և ձուլարանին չհասած՝ նկատելի են նորոգման հետքեր։ Մի տեղ այրված շինության կտուրն են նորոգել, պատուհաններն են գցել, մի ուրիշ տեղ ճանապարհն են սարքել կամ տարիների ընթացքում կուտակած հողն ու ավազը դուրս թափել։ Քանի մոտենում եք, այնքան ավելի է զգացվում, որ ստեղծվել է մի կատարյալ մրջնոց։ Լայն և ուղիղ ճամփով դեպի գործարան, դեպի հանքերի վարչություն կամ «մաղարան» (այր) են գնում բանվորներ, գյուղացիք, բեռնած գրաստներ։ Լսվում է մի խուլ աղմուկ, մուրճերի հատու ձայն, կանչ, մի խոսքով գործարանային կատարյալ ժխոր:

Առայժմ աշխատում են միայն չորս գրուպպայում՝ վեց հանքահոր․ մի քանի տեխնիկական պակաս վերացնելուց հետո կսկսեն նաև մնացած մաղարանները։ Աշխատում են 60-ից ավելի բանվոր, մի քանի սմենայով։ Կարգի է բերված նախկին ֆրանսիական գործարանը, որ հանքերի ամենամեծն է և հարուստ նոր գործիքներով[2]: Կա և մի ուրիշ գործարան, որ երևի նորոգման չի ենթարկվի՝ մեքենաները հնացած լինելու պատճառով։

Գործարանի բակում դարսված են սև պղնձի տափակ աղյուսները, որ պիտի վերամշակման ենթարկվին՝ կարմիր պղինձ ստանալու համար։ Մեր պղնձի առաջին պարտիան արդեն ուղարկված է Բաքու՝ Ազնեֆթին, և արժանացել է գովասանքի։

Հանքային վարչությունը խիստ կենտրոնացում է մտցրել գործի մեջ։ Պղնձահանքերը, որ առաջ մասնավոր դրամատերերի սեփականություն էր, ցրված են, առաջ անկարգ էր և պղնձի հալման գործը։ Այդ թերությանը վերջ տալու համար հանքային վարչությունը որոշել է կանոնավորել և մեծացնել ամենից լավ գործարանը և դրանով էլ բավականանալ։

Կարևոր գործերից է հիդրոկայանի կառուցումը, որ մեծ թափով առաջ է տարվում։ Հանքերն ու գործարանն առայժմ ուժ են ստանում դիզելի կայանից, որ չի բավարարում, բացի այդ հանքերը չափազանց հեռու գտնվելով՝ նավթի պակաս շատ են զգում։ Այդ նպատակով՝ հանքերից մոտ 12 վերստ հեռավորության վրա այժմ շինվում է մի հիդրոկայան 300 ուժի, սակայն մինչև 800 միավորի հասցնելու հնարավորությամբ։ Կայանի աշխատանքներն առաջիկա գարնան կավարտվեն, և միջոց կլինի ոչ միայն գործարանում ավելի շատ պղինձ հալելու, այլև հորերից ավելի շատ հանելու։ Էներգիայի պակասության պատճառով այժմ շատ հանքահորերում հանած պղինձը հենց այնտեղ էլ թողնվում է, որովհետև հնար չկա պղինձը վեր հանելու։

Հանքերը նավթ ստանալու են Ալյաթ-Ջուլֆա երկաթգծի Բեգմանլու կայարանից[3]։ Նավթատար վագոնները գալիս են մինչև այդ կայարանը, իսկ այդտեղից էլ ուղտերով նավթը փոխադրում են հանքերը։ Սայլի ճանապարհ չկա, ուղտեր շատ հաճախ չեն ճարվում կամ շատ թանկ գներ են առաջարկում։ Ձյունամրրիկի պատճառով նավթ չի ստացվել վերջին ժամանակներս, այնպես որ գործարանը ստիպված է կանգնել։

Ընդհանրապես, փոխադրման հարցից շատ բան է կախված Ղափանի պղնձահանքերի բարգավաճման համար։ Ալյաթ-Ջուլֆա երկաթուղին է այն կողքի գիժը, որ հասնելու է մինչև հանքերը, ահա փրկության միակ ուղին։ Այն ժամանակ հանքերի արտադրությունը տասնապատիկ կավելանա, և, որ գլխավորն է, եկամուտն ավելի շատ կլինի։ Կոկսը, որ անհրաժեշտ վառելանյութ է պղնձի հալման գործում, տեղում արժե 50 կոպեկ, իսկ Բեգմանլու կայարանից մինչև հանքերը փութը մի ռուբլիով էլ չեն համաձայնվում տանել։ Իսկ ամիսն առնվազն 5 — 6000փ. կոկս է հարկավոր հանքերի համար։ Նույնը և մնացած մթերքների ու իրերի համար։ Ճիշտ է ասում հանքերի դիրեկտոր ընկ. Զարապովը, թե՝ «Մեր տրանսպորտը կախված է բնական պատահարներից»։

Վառելանյութի կարիքն ավելի է զգացվելու գարնանը, երբ գործը պիտի ընդարձակվի։ Գարնանից բանվորների թիվը 1000-ից անցնելու է։ Առայժմ որակյալ բանվորների և, ընդհանրապես, աշխատող ձեռքերի կարիք չկա։ Շրջակա գյուղերը լիովին բավարարում են կարիքին, մանավանդ որ նրանք առաջուց են ծանոթ այդ գործին։ Ալավերդու գործարանից այնտեղ են ուղարկվել մի քանի պղինձ հալող վարպետներ։

Սակայն գարնանը պակաս զգացվելու է, մանավանդ մաղարաններում աշխատող բանվորների։ Պատերազմից առաջ այդ գործը համարյա թե ամբողջովին պարսիկ բանվորների ձեռքին էր, որոնք շատ հմուտ են այդ գործին։ Այդ ի նկատի ունենալով՝ հանքերի վարչությունը դիմում է արել, ուր հարկն է, որպեսզի գարունը բացվելուն պես հնարավորություն լինի պարսիկ բանվորներ բերելու։

Նորոգում են բանվորների հանրակացարանները։ Այժմ աշխատող բանվորները շրջակա գյուղերից են և աշխատանքից հետո դարձյալ գյուղ են վերադառնում։ Այդ հանգամանքը մի քանի անհարմարություն է ստեղծում, մանվանդ գիշերվա սմենա գնացող բանվորների համար։ Բանվորներին գործարանի հետ կապելու համար և, մանավանդ, հեռու գյուղերից եկած աշխատողներին հարմարություն տալու համար է, որ նորոգվում են հանրակացարանները։ Այդ դեպքում կարելի է պատրաստել և որակյալ բանվորների մի մնայուն կադր՝ կապված ընդմիշտ գործարանի հետ։

Հանքերի կուլտուր֊կրթական աշխատանքը պետք է ավելի ուժեղացնել։ Անհրաժեշտ է Ղափան փոխադրել Զանգեզուրի արհեստակցական միությունների խորհուրդը կամ Լեռնային բանվորների միությունը։ Արհեստակցական աշխատանքը տարվում է առայժմ թույլ։ Բանվորներն ունեն երկու ընթերցարան, կա մի բանվորական ակումբ, ծրագրված է կառուցել թատրոնական շենք։ Նյութական միջոցները վերջերս ավելի սուղ են դարձել. մինչ այդ, յուրաքանչյուր ամիս երկու անգամ բանվորներն ստացել են իրենց աշխատավարձը։ Միայն վերջերս այդ աշխատավարձի արժեքը նրանք ստանում են համապատասխան չեկով՝ կոոպերատիվում ապրանք գնելու համար։ Պետք է ասել, որ Ղափանի կոոպերատիվն ամեն ջանք գործադրում է բավարարել բանվորության կարիքներին, և պահեստում ունենալ ապրանքների անհրաժեշտ քանակ։

Հանքերի վարչությունն աշխատեցնում է և մի էլեկտրաղաց, որ շատ մեծ օգնություն է տալիս շրջակա գյուղացիության։ Էլեկտրաղացի գործին կիսրար է և Ղափանի շրջգործկոմը:

Այժմ կատարվող աշխատանքների թվին է պատկանում և Գորիս-Ղափան հեռագրաթելի անցումը և հանքերում փոստային բաժանմունք հաստատելը։ Այդ շատ անհրաժեշտ աշխատանքը տարվում է արագ թափով։ Այդպիսով հանքային վարչությունը, ինչպես և Ղափանի dողովուրդը, հնարավորություն կունենան կապվելու դրսի աշխարհի հետ։ Իսկ մինչ այդ, մի հեռագիր մինչև հասներ Երևան ու ստացվեր պատասխանը (Գորիսի վրայով), տասն օր էր տևում։

Հանքային վարչության տեխնիկական շտատը թերի է։

Ղափանի հանքերի հարստությունը դեռ երկար ժամանակ կբավարարի։ Կտրված լինելով դրսից և զուրկ՝ հարմար ճանապարհներից, հանքերի շահագործումը պատերազմից առաջ լայն ծավալ չի ընդունել։ Աշխատել են ստանալ այնպիսի հորերից, որտեղ պղնձի ամենամեծ տոկոսը կա։ Այդ տոկոսն առաջ հաշվում էին 15—16։ Այս անգամ հալել են 12 տոկոսանի պղնձահանք, իսկ այժմ ստանում են մինչև 14 տոկոս։ Պատերազմից առաջ մասնավոր դրամատերերը Ղափանի պղինձը էլեկտրոլիզի ենթարկելով՝ զատում և ոսկի էին ստանում։ Ոսկի ստանալու համար նրանք պղինձն ուղարկում էին Ալավերդու գործարանը։ Ղափանի պղինձն իր մեջ պարունակում է ոսկու բարձր տոկոս։ Հանքային վարչությունը ծրագրել է էլեկտրոլիզն ապագայում կատարել Ղափանում և դրա համար կառուցել առանձին գործարան։

Շրջակա գյուղերի համար պղնձահանքերի վերականգնումը շատ մեծ նշանակություն ունի։ Ստեղծվում է շուկա՝ գյուղի մթերքները սպառելու, բացվում է եկամտի մի աղբյուր, հեռավոր Զանգեզուրում շենանում է բանվորական մի կենտրոն, զարթնում է բանվորների մի մրջնոց, որ անդուլ աշխատանքով գետնի երես է հանում խորխորատներում պահած հարստությունը: Շրջակա գյուղերը հանքերից ստանում են էլեկտրական լույս։ Հիդրոկայանի կառուցումը հնարավորություն կստեղծի հանքերի էլեկտրոցանցի մեջ առնել ավելի շատ գյուղեր, ավելի արագ զարթեցնել և լուսավորել ժայռերի ծերպերին թառած Ղափանի գյուղերը։

  1. 1
  2. 2
  3. 3