Ճամբուն վրա
Արտաքին տեսք
Ճամբուն վրա
Ոտքիս տակ՝ նույն ճամբան է ուր լուռ կը քալեմ,
Փոշիով ձյունոտած՝ ալևոր նոյն ճամբան,
Ուրկե շատ եմ քալեր, ուր թողեր եմ շա՜տ բան
Հոգիես․․․ Հոգիես վերջը զա՜յն կը սիրեմ...
Մեկ քովին ան ունի պզտիկ լեռ մը խոհուն,
Որ ամեն իրիկուն իր երազը ունի.
Մութ երազ մ’է որ միշտ կը ձգտի անհունի՜...
Ա՜հ, իրերը կ’ապրին, կ’ապրի՜ն լուռ ու անքուն։
Մեկ քովեն ալ կ’իջնե սա կապույտ հովիտին
Հիքությունը պարկեշտ՝ որ ցորենն է գրկած.
Լեռան պես ան չունի՜ տրտմություն ու կասկած,
Այլ կ’ըսե՝― գարո՜ւն է, հարսնուկներս թող ծաղկին...
Այս երկու ընկերներն ալևոր ճամբային՝
Մըտածել կուտան ինձ մեր ճիգին ապիկար.
Անձկագին կը ձգտինք բաներու որ չեն գար,
Մինչ կյանքին հարսնուկները մեզի կը նային...