Jump to content

Ճանապարհը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ճանապարհը իմ ոտքերն է ընկել, -
Երազը սրտի դռներն է ծեծում,
Իսկ հորիզոնը իր գիրկը բացել,
Մոր պես առաջին իմ քայլն է փորձում.
Ճանապարհը իմ ոտքերն է ընկել։

Մրմուռը ինձնից առաջ է ընկնում, -
Այն հայոց երկրի սրտից է ծնվել,
Չարենցի անլուր վերքից է ծլել,
Դժվար գալիքի երթից է ելել...
Մրմուռը ինձնից առաջ է ընկնում...

Ինչ էլ որ լինի՝ մնալ չեմ կարող, -
Տողադարձել են ինձ էջի կեսին՝
Մի վանկ եմ թեկուզ... ինքներդ դատեք,
Չեմ ուզում խոսել եւ այլնի մասին...
Ինչ էլ որ լինի՝ մնալ չեմ կարող։

Գնում եմ՝ հողիս պատկերը դեմքիս, -
Այսպես է երգը ոսկորը մտնում,
Այսպես է պարը ոտքերը ընկնում.
Այսպես է եռքը արյան մեջ զարթնում.
Գնում եմ հողիս պատկերը դեմքիս։