Jump to content

Ճանապարհները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճանապարհները
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 18։

Ճանապարհները


Գարուն է հիմա իմ լեռնաշխարհում,
Քայլում եմ հաճախ` խոհերով լռին,
Խոհերով լեցուն,
Թե ո՞նց է լինում ճանապարհների վերջալուսվելը,
Թե որտե՞ղ ծնվում,
Որտե՞ղ վերջանում,
Եվ ո՞նց է լինում,
Որ չեն մոլորվում ճանապարհները:

Քնում է քամի՜ն,
Քնում աշխա՜րհը,
Արև՜ն է քնում,
Հոգնում են նույնիսկ
Ու քնում անգամ հորիզոնները,
Ոչ հոգնել գիտեն,
Ոչ վերջ ու վախճան,
Գնում են, գնում,
Չեն քնում միայն ճանապարհները:

...Արյո՜ւն է եղել,
Հրդե՜հ,
Կոտորա՜ծ,
Մա՜հ,
Ավե՜ր,
Թալա՜ն:
Հրդեհվել, վառվել ու ավերվել են հայոց դարերը,
Ավերակներից հառնել են նորից փյունիկի նման
Ու դարեր ապրել ճանապարհները:

...Ծնվո՜ւմ են մեզ հետ,
Մեր երազներով թև՜ առնում, թռչում,
Քայլո՜ւմ են մեզ հետ,
Երբ որ կանչում են լո՜ւրթ հեռուները,
Մեզ հետ չե՜ ն... մեռնում,
Ամեն նորի հետ ծնվում նորից-նոր,
Նորի՜ց են ձգվում ճանապարհները...

29.04.82, Մարտակերտ