Ճեյրան
Բարձրահասակ, ձաղկահեր և արյունոտ աչքերով. արծվի սպառնացող քիթ մը, որ հոնքերեն ուղիղ ու պարկեշտ գիծով մը իջած պահուն, հանկարծ կը զղջա կարծես, կանգ կ'առնե, կը գալարվի, կնճիթ մը ձևացնելով հոն։ Եվ ամեն սոսկումները բերելու միացնելու համար այս պատկերին վրա՝ որպեսզի համապատասխանե իր տիրոջը ահարկու հռչակին, արածադեմ մարդ մը, որուն տեղ տեղ չբուսնող պեխն ու մորուքը երեսին աղջամղջին սևությունը կը մատնեն։
Այսպես կ'երևակայեի ոճրագործը որուն երեսը չէի տեսած դեռ և զոր պաշտպանելու համար կրկին մարդասպանության մը ամբաստանության դեմ, կ'երթայի ահա ներկայանալ Իզմիտի եղեռնական ատ֊յանին առջև։
Հայտար Փաշայեն շոգեկառքը կը մեկնի խոյանալով իր երկաթե զույգ գիծերուն վրա. մինչև Փենտիք ոչինչ կը հետաքրքրե զիս. ծանոթ վայրեր ամենքն ալ։ Հետո մշակյալ դաշտերու, շեկ ու դեղին այգեստաններու մեջ կը նետվինք. իսկ անկե անդին ծովեզերքը ձեռք կ'առնենք նորեն, շարունակ, ծովեզերքը այսուհետև մինչև Իզմիտ։
Դեկտեմբերի ցուրտն ու բուքը կ'նկերանան մեզի. և քովիկնիս, ծովին կանանչ երեսը կ'ուռի շարունակ, կը փշտե ամեն կողմեն, անհամար պալարներով, որոնք մի առ մի կը պայթին, իրենց վերքին ճերմակ թարախը ցուցնելով։
Ձախերնիս՝ տարածվող սարահարթներուն հետ այգիները կը շարունակվին մինչև վերջը, հողին գույները կը փոխվին միայն, կը մթննան, կը մուգանան, շեկը մանիշակին կը դառնա, սգավոր մանիշակ մը։ Աջերնիս՝ ծոցին դեմի եզերքը ի տես կու գա, տարտամ ստվեր մը նախ, հետո ցամաքը ձևացնող լեռները իրենց պատռվածքներովը, հովիտներովն ու սովորաբար լերկ կողերովը որոշ և հայտնի, որոնց ստորոտը տեղ տեղ գյուղերը կը ճշտվին, արածող երամակներու պես։
Աոաջին անգամն է որ Իզմիտ կ'երթամ. ուղևորությունը, ծովին ու ցամաքին այլազան տեսարանները չեն զբաղեցներ զիս, ոչ։ ճամփա ելլելեն ի վեր գուցե տասներորդ անգամը ըլլալով կը կարդամ ոճրին մանրամասնությունները պատմող պաշտոնագիրները։ Ոչ իսկ հույսի նշույլ մը, ամենեն անլուր ոճիրը և ամենեն անհերքելի ապացույցները. երկու պայթյուն և երկու դիակ մեջտեղը, մահաբեր գնդակներեն մեկը, որ ճշտիվ կը պատշաճի ամբաստանյալին հրացանին. նույնիսկ իր հայ֊տարարությունները, որոնք անհավատալի միամտությամբ ամեն բան կը խոստովանին։
Եվ ասոնց ամենուն վրա պատժական օրենքի հոդվածին կտրուկ– տառական անձուկ իմաստովը– տրամադրությունը, որուն կ'ակնարկե ամբաստանիչ ատյանին տեղեկագիրը և որ այս արյունալի եղերերգության վրա կը պտըտի, կը սավառնի, օդին մեջ կախաղան մը ձևացնելով զոր ահա աչքիս առջև կը տեսնեմ։
Ի՞նչ ընելու կ'երթամ Իզմիտ։
Պաշտպանողական սովորական հնարքները աչքե կ'անցնեմ մեկիկ մեկիկ։ Ուրացո՞ւմ, կ'զգամ որ անօգուտ է: Հիմարությա՞ն վերագրել ոճիրը, բոլոր հարցաքննությունները կը հերքեն այս ձրի ու անմիտ առարկությունը։ Պատժական հոդվածին վրա խծբծա՞նք մը, բայց մարդասպանությունը այն հանցանքներեն չէ, որոնց սահմանը վեճ ու առարկություն կրնա հարուցանել. մարդասպանությունը կոշտ, բիրտ, հայտնի բան մըն է. դիակ մը և ահա ոճիրը: Մեղմացուցիչ պարագա՞, բայց ոճրագործը ոստիկան մըն է։ Այո , մոռացա ըսելու որ այս կրկին մարդասպանը Սափանճայի ոստիկանության տասնապետն է: Կը խորհիմ որ զուր տեղը իմ փաստաբանի համբավս վտանգի կ'ենթարկեմ այս անկարելի պաշտպանությունը ստանձնելով։ Շոգեկառքին բոլոր արագությամբը– մեկ ժամու մեջ երեսուն մղոնի արագությամբ -ստույգ ու անկասկած պարտության մը դեմ կը վազեմ։
Կը խորհիմ ինքնիրենս թե ի՞նչ պիտի ըսեն իզմիտցիները իմ անհաողությանս վրա. ահավասիկ պոլսեցի փաստաբան մը, որ Իզմիտի մեջ չի կրնար հանցավոր մը փրկել. իրենց ծաղրող ծիծաղներուն ձայնը կը լսեմ ականջիս մեջ։
- Բայց ի՞նչ կարող էի ընել:
Մտիկ չեն ըներ ինծի. Կը խնդան, կը մարին խնդալեն։
- Ծո´, ադ տղա՜ն, Պոլսուն ապուքաթը:
Եվ իմ տատաս, այն որ զիս մեծցուցած էր գիրկին մեջ, Հաճի Մարիամը, որ այնչափ մեծ գաղափար մը ունի իմ Ճարտարությանս վրա, ինչ պատասխանե ամենուն, երբ այս դատը կորսնցուցած ետ դառնամ. մինչև այս վայրկյանը ինձմով լեցված այդ պարծուկ, անծալք ու անձնվեր սի՞րտն ալ կոտրած ու պարպած պիտի վերադառնամ ուրեմն.ես որ իր անձուկ մտքին մեջ քաջարվեստ փաստաբանի մը անհպելի արձանն եմ, պիտի ցո՞ւյց տամ իմ կավակերտ շինվածքիս բոլոր տկարությունները ու բոլոր փշրանքները։
Անդիմադրելի մարմաջ մը կզգամ անշշուկ ետ դառնալու, աղմկալից ամոթահարութենե մը խուսափելու համար։ Շոգեկառքը կը կենա։ Իզմիտ ենք ահա. դռնակս կբացվի, ոստիկանության պաշտոնյա մը, որ ինծի կ'սպասե քարափին վրա, պայուսակս կ'առնե կտանի, մինչդեռ ես սրտադողիս մեջ կը վարանիմ իրեն հետևելու, կը կանչեն զիս. կարելի չէ´ որ ետ դառնամ։ Հարյուրապետն է որ դիմավորելու կու գա այս անգամ, հարյուրապետը, որ իր տասնապետը փրկելու համար ջանք չի խնայեր։
Վար կ'իջնեմ ակամա, կը հետևիմ իրեն, գլխիկոր ու մոլորած գաղափարներով:
Ի՞նչ ընելու եկա Իզմիտ։
Բանտը ուր կ'երթամ ուղղակի իմ պաշտպանյալս տեսնելու համար, կառավարության շենքին դրան աջ կողմի մասն է։
Գալուստս իմացված է ամեն կողմ. հայեր, չերքեզներ անցած ճամփուս վրա. ուշադիր կը դիտեն զիս, չոճուխ մը որ փրկություն բերել կը խոստանա Իզմիտի մեծագույն ոճրագործին։
Գլուխները կ'երերան, չեն հավտար, նորեն կը հարցնեն իրարու.
-Ապուքա՞թ։
Բանտին դրան մեջ աղմուկը կը մեծնա, բոլոր բանտարկյալները մեկեն տեսնել կը փափագին Պոլսեն եկող փաստաբանը. կը պնդեն, կը պահանջեն։ Տեղի կուտամ անձիս համար ցույց տրված այս հետաքրքրության. ներս կը մտնեմ։ Թավարծի ձորձեր հագած մարդիկ, ամեն տարիքե ու ամեն հասակե, զիս կը դիտեն, ճանչդողի աչքով, ոտքես մինչև գլուխս, և գոհ կը մնան տեսքես, չեմ գիտեր ինչու։ Համակրությունը կը շահիմ այս մարդոց. ու հարցումները կը տեղան չորս կողմեն։ Ամեն ոք իր ցավը և տերտը կը բերե, ամբողջ հավաքածո մը, ցուցահանդես մը, ուր պատմական Օրինագիրքը կենդանի պատկերներով կը դասախոսվի։ Հասածիս չափ կը պատասխանեմ, կը հուսադրեմ։ Բայց իմ մարդս չեմ տեսներ դեռ. Կ'երևա, որ ոտքի շղթան քակելու զբաղած են և այս պատճառով կ'ուշանա։ Նորեն կը պոռան իր անունը, զոր բանտին խուլ արձագանքը կը կրկնե, կ'երկարացնե , կ'երկարացնե.
-Քրանտյո՜ւք... Քրանտյո՜ ւք...
Քսվիններս կը ժպտին իմ ապշությանս վրա և կը բացատրեն թե այս տարօրինակ անունը չերքեզի պարզ անուն մըն է, անոնցմե, զորս շուրջս կը լսեմ ամեն վայրկյան հորմեհետե Ւզմիտ ոտք կոխած եմ։
Վերջապես Քրանտյուք կ'երևա, այս մարդը, իրա՞վ, որքան հեռու այն արհավրալից դեմքեն, զոր իմ երևակայությանս մեջ գծեր էի առաջուց. այս փոքրիկ նիհար, դալկադեմ մա՞րդը, որ կնոջ մը ոտքերը, ձեռքերը ունի և անգլիացի աղջկան մը կապույտ աչքերը, լայն ուսեր, որոնք կը նեղանան իջնելով մեջքին, զոր բարակ կաշին գոտի մը կը սեղմե. զինվորական համապգեստը չի կրեր, նայվածքը անուշ ու տխուր է.դեմքը պատող հյուծախտավորի դալուկը տեսնելով, կուրծքեն բխող չոր հազը լսելով, որ իր ամեն մեկ բառը կ'ընդհատե, Քոխ վայրկյան մը չպիտի վարաներ իր ներարկումը ընելու համար այս ազնվական հիվանդին փափակ մորթին մեջ։
Կը բացատրե ինծի իր գործած կրկին մարդասպանությունը՝ ճակատագրին հավատացողի մը համակերպությամբ։
-Այս է եղեր աստուծո կամքը։
Նորեն կը դիտես ձեռքը, հիանալու համար մատերուն նրբության, անոնց տոհմիկ երկարության վրա, չկարենալով երբեք հավտալ, որ այդ մատերեն ելլե երկու մահ միանգամայն։
Քրանտյուք մեղմությամբ կը շարունակե իր խոստովանությունը, հիմա որ բանտին վերատեսչին սենյակին մեջ առանձին ենք։
-Նյուշ ավազակ մըն էր,— կ՚ ըսէ ինծի։
-Շատ լավ, բայց մյո՜ւսը։
-Մյուսը սխալմամբ էր. ես զենքը սպաննելու դիտավորություն չունեի, ճակատագի՜րը...
-Ինչե՞ն հայտնի էր որ Նյուշ ավազակ մըն էր. և հետո, դուն զայն ձերբակալելու պաշտոն ունեիր և ոչ սպաննելու։
Քրանտյուք առարկությանս չի պատասխաներ նախ. վերջը հարցում մը կ'ուղղի ինծի.
-Ի՞նչ պիտի ընեն զիս։
-Չեմ գիտեր։
-Պիտի կախե՞ն։
–Ո´չ, ո´չ
-Թիապարտությա՞ն պիտի դատապարտվիմ։
-Գուցե։
-ճեյրա՞նը ինչ պիտի ըլլա։
-Ո՞վ Է ճեյրանը։
-Նյուշին կինը։
-Քեզի՞ ի´նչ ուրիշին կինը։
Երեսս կը նայի զարմացած, չկրնալով, մտքին մեջ սղմեցնել իմ հանդիմանությանս անպատեհ խստությունը, կարծելով, որ իր հարցման կարևորությունը չեմ ըմբռնած թերևս։ Եվ երկու ժամ տևող մեր խոսակ֊ցության մեջ այս հարցումը կու գա տարբեր ձևերով։ Մտերմություննիս կավելնա երթալով, և այն մութ սենյակին մեջ, ուր ատեն ատեն իր տժգունած հիվանդի ու ջղային մարդու երեսը կը կենդանանա, կը գունավորի, կը լսեմ իր ողորմելի կյանքին բոլոր պատմությունը։ Սերը՝ լեռներու վայրենության ու սրբության մեջ. հուժկու ու կատաղի կիրքը՝ քաղքին ռամիկ, տափակ ու կանացի ցանկություններուն հանդեպ, հողի այն ահագին զանգվածներուն ու կույտերուն պես, որոնք իրենց արհամարհանքին տակ քաղաքին հարթ ցածուկ միօրինակությունը կ'ընկճեն, կը ճնշեն:
Քրանտյուք Տաղստանցի մըն էր Նյուշին պես։ Քով քովի մեծցեր էին լեռներու կողերուն վրա վազվռտելով շարունակ. բայց չափահասության տարիքին՝ մահացու թշնամիներ դարձեր էին հանկարծ իրարու դեմ, աղջկան մը սիրուն համար։
Հետո գաղթականությունը սկսեր էր դեպի Թուրքիա, անհատնում աղետներով լեցուն ուղևորությունը, ուղխինահոս գետի մը հորձանքին պես իր ջուրերուն հետ թավալելով, քշելով, տանելով ամբողջ ազգի մը բեկորները, արմատախիլ անտառի մը բոլոր ծառերը՝ ոստերը ու ճյուղերը միասին:
Հոս, Իզմիտի շրջակայքը նետեր էր հոսանքը զիրենք օսմանյան հողին վրա, որ հոժարակամ կ'որդեգրե այս վտարանդի ցեղերը։ Բայց հայրենի երդիքին հիշատակը, լեռնային ու վայրենի կյանքի վարժությունը չի կրնար ի բաց թողվիլ վայրկյանի մը մեջ, եթե շատեր ընդունեցան պաշտպանությունը կառավարության, որ նախախնամության մը պես կը հոգար զիրենք, դանվեցան նաև ոմանք, որ վայրի անասուններու պես իրենց թափառական ու անհանդարտ գոյությունը պահեցին, ասպատակներ դարձան, իրենց արյունաչի շահատակությանց արձագանքովը լեցնելով այդ կողմերը։ Նյուշ ատոնց պարագլուխներեն մեկն էր. իր անունն ու սարսափը կծանրանար Սափանճայի ամբողջ գավառակին վրա։
Քրանտյուք անդին զինվոր կը դրվեր ու ոստիկանական անձնվեր ծառայության մեջ տասնապետ կ'ըլլար։ Իրեն կ'իյնային միշտ ամենեն վտանգավոր ձեռնարկությունները, ավազակները ձերբակալելով դատարաններուն հանձնելու գործը։ Խուլ պայքար մը կար այս երկու մարդոց միջև, տասնապետին ու ավազակին, ատեն մը եղբոր չափ սիրով, հիմա մահու ատելությամբ զինված։ Այս փոսը, որ կբաժներ զիրենք, հինա անհատակ վիհ մը՝ որ իրենց ոտքերուն տակ կը բացվեր, կնոջ մը գործ էր. ամբողջ տարիներ նախանձով, հուսահատ սիրով պեղված անդունդ, զոր այս երկուք են մեկուն դիակը միայն կրնար գոցել այսուհետև, անել կացություն մը, որ ճակատագրային, անխուսափելի բան մը ունի և որուն երկաթե շրջանակեն մարդ ողջ չելլեր դուրս։
Երկուստեք հնարքն ու քաջությունը կ'ելլեին մրցումի, գիշերներ լուսցնելով, սպասելով հրացանը ձեռվընին, իրարու ճամփուն վրա, թավուտի մը ետին պահվըտած, երկուքն ալ գիտնալով իրենց փոխադարձ ոխն ու քենը, լուր ղրկելով իրարու թե առջի հանդիպումին պիտի սպաննեն զիրար, սպառնալիքներ նետելով իրարու, մինչև որ կապարի գնդակներ փոխանակեին։ Եվ կռիվը կշարունակեր ապարդյուն, հուսահատեցուրիլ, ավելի ևս գրգռելով իրենց պրկված ջիղերը, անընդհատ արշավանքին բոլոր հոգնությունովը ծանրացնելով- եթե տեղ կար դեռ — իրենց նախնական հակառակությունը, և մտքի ցասմնակոծ հալածում մը, պաշարում մը դարձնելով իրենց համար փոխադարձ մահու այս անդուլ, անշշուկ սպառնալիքը։
Իզմիտի եղեռնադատ ատյա՞նը:
Ատյան թող ըլլա, թե որ այս բառը աղեկ կը հնչե։ Բայց իրոք պզտիկ սենյակ մը, մեր տուներուն պարկեշտ սենյակներեն մեկը, ուր դատական մարմինը կը բազմի աթոռներաու վրա և որուն դեմ, տեղին անձկության մեջ, ամրաստանող և ամբաստանյալ, վկա և ունկնդիր իրարու թով կը շարվին։
Դատավարության ժամանակ չլսված անուններ ու լեզուներ կը լսվին Տաղստանի գավառաբարբառները զորս կթարգմանեն և որոնց հառաջ բերած շփոթություններեն, հակասություններեն կը ջանամ օգտվիլ:
Հարցաքննութենեն վերջը ոճիրին պարագաները կը ճշտվին ամբաստանագրին մեջ, դատական լեզվին հակիրճ ու անզգա պարբերություններովը։
Սափանճայի ոստիկանությունը կանխապես կ'իմանա Նյուշի այն գիշեր իր գյուղը դառնալը։ Քրանտյուք քանի մը հեծյալ ոստիկաններով առտվան դեմ կը հասնի, կը պաշարե ավազակին ապաստանած խրճիթը։ Գաղթականներուն գյուղը հրացանի ձայնով կ'արթննա.սխալմամբ մեկը կը զարնվի և այս շփոթության մեջ ավազակը պատուհանեն կը ցատկե, կը փախչի։ Կհալածեն Նյուշը, Քրանտյուք կը հաջողի մոտենալ անոր անտառին մեջ, ու կ'սպաննե զայն։
Այս ընթերցանությունը, չերքեզներուն ձայները պզտիկ սենյակը մահահոտ բուրումով մը կը լեցնեն, և ես կ'երևակայեմ անտառը, որ չի կրնար փախստական զավկին ապաստան ընծայել այս անգամ. երկու ոսոխներուն մենամարտը, այն՝ որուն համառ ժամադիրներն եղած էին. մութին մեջ կռիվ մը. Կովկասեն մինչև Իզմիտ երկարող արկածներուն, շարունակելի հոդվածներուն վերջին բառը.տասը տարվան անցյալ մը, որ մեկ երկվայրկյանով մը կը կտրի, կը դադրի.կիրքերու հոծություն մը որ կաթիլ մը արյան մեջ կը լուծվի, կը հալի. մրցումներու գռեհիկ վախճանը, քաղաքակրթության մեջը կամ դուրսը. երկուքին մեկի վերածումը։
Եվ համոզմամբ, խղճի մտոք ահա կը ձեռնարկեմ պաշտպանությանս դժվարին գործին, եւ այս է մտքի մը զարմանալի հեղափոխությունը, որ վստահորեն կը խոսիմ հիմա և ամբաստանյալին արձակվիլը կը պահանջեմ։ Ավազակին սպաննությունը՝ ընկերության համար այնքան դառն կորուստ մը չէ, և վերջապես դժբախտ տասնապետը լուրջ ընդդիմության մը դեմ զենք գործածելու հարկադրված էր անշուշտ։ Այս պահուս ինքը պիտի ըլլար սպանյալը եթե չսպաններ։ Եվ ատյանին բարյացակամ տրամադրությունները տեսնելով կը քաջալերվիմ, ու ոստիկանին անշուք ու անշշուկ կյանքը կը պատմեմ անոնց. անփառունակ զինվորական, որ պատերազմի դաշտը ու անոր պատիվը չի տեսներ, բայց կը տեսնե ամեն ժամ մահու վտանգը. որ գիշեր չունի, հանգիստ չունի, գոյություն չունի իրեն հատուկ, եւ որ ամեն զրկումի վրա կու գա հոս՝ ոտքը ձեռքը շղթայակապ՝ համար տալու իր դժնդակ պաշտոնին: Կ'զգամ որ ամբաստանությունը կը տկարանա, ջուրը կ'իյնա: Սխալմամբ ի գործ դրված մյուս սպանության ամբաստանությունը ձեռք կ'առնեմ եւ կը հայտարար որ տասնապետին ութամսյա բանտարկությունը կքավե այդ հանցանքը։
Դուրսն ենք. ես, մյուսը, ամենքս։ Ներսը կը խորհրդակցին, կը վիճին, թեր ու դեմ կարծիքներ կու տան։ Քրանտյուքի գլուխը վիզին վրա կ'երերա, աջ ու ահյակ կը ծռի. պիտի փրթի՞ արդյոք. երեսս կը նայի դատապարտված ոչխարի մը նայվածքին քաղցրությամբը. այդ նայվածքը հարցումներ ունի, որոնց, չեմ կարող պատասխանել. ես ալ տասնապետը դողացնող հուզումներուն մասնակից եմ, հոս այս անկյունը քաշված, ու սրտատրոփ կ'սպասեմ։
Կես ժամ. ոչինչ դեռ. ներսը ձայներ կը բարձրանան ու զիս սարսափով կը համակեն։ Կ'աղաչեմ. մի´ ընեք.որի՞ հետ կխոսիմ։ Ժամ մը, ու կշարունակեն խորհրդակցիլ. ձայները կը մեղմանան, չեն լսվիր ալ, համաձայնած են. ինչի՞ վրա արդյոք: Ու հանկարծ զանգակին ձայնր, սուր, ուժգին, սարսափելի հնչյուն մը, որ շունչս կը կտրե մեկեն. տասնապետին տժգույն դեմքը կը կարմրի. ամենքը սենյակեն ներս կխուժեն ինծմե առաջ, անհամբեր, ա´լ չհանդուրժելով սպասել։
Ես ալ կը մտնեմ վերջապես։ Չնստած դեռ իր աթոռին վրա՝ նախագահը կը վարանի. ամբաստանյալին ներկայությունը կը ստուգե. գեշ նշան։
Եվ դատավճիռը կը կարդա, համառոտ գիր մը, չորս տող, որ կյանք կամ մահ կը բերե հետը։ Առջի պարբերություններ են դեռ բան չեմ հասկնար, գլուխն դեպի առաջ՝ փառերը ավելի շուտ լսելու հիմարական ջանքեր կ'ընեմ, շո´ւտ, ավելի շո´ւտ, եզրակացո´ւր։
Անձնապաշտպանությո՜ւն։ Փրկվա´ծ ենք։
Բանտ կը դառնանք նորեն, ցնծության աղաղակներու, ողջագուրումներու մեջ։ Քրանտյուք չի խոսիր, ձեռքս կը բռնե կուլա ու սենյակին պատեն վար առնելով չերքեզի դաշույն մը, ինծի կը նվիրե զայն։
Ի՜նչ ընեմ ես այդ դաշույնը։ Քրանտյուքի բազմավեպ կյանքին անբաժան ընկերը, հո՜ս, տան մը, սրահի մը կահ կարասիներուն մեջ՝ անվնաս վարդ մը, խաղալիք մը պիտի ըլլա այսուհետև։ Իր դաշույնի կյանքը վերջացած է. կիները ձեռվընից պիտի առնեն երբեմն, չհասկնալով անոր լեզվեն, չըմբռնելով՝ իրենց աղկաղկ ,ու աշխարհիկ կիրքերուն անզորությանը մեջ՝ այս, երկաթի կտորին՝ սիրո հետ ունեցած մշտնջենական խնամությունը և չտեսնելով այդ անզգա գործիքին մեջ՝ սուրբ ու վայրենի տոչորումներու նախանձոտ պահապանը:
<1892>