Jump to content

Ճերմակաձին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՏԱՃԱՐՆ ԱՍՏԾՈ» ՊՈԵՄԻ (ՎԱՉԱԳԱՆ
ԱՐՔԱՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ) ՄԵՋ ՉՄՏԱԾ
ԿՏՈՐՆԵՐ ԿԱՄ՝ «ՄԵՂՐԱԲԼԻԹՆԵՐ՝
ՇՐՋԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ»

1. ՃԵՐՄԱԿԱՁԻՆ
Ձյունաճերմակ ձին իջնում է երկնքից։
Ձյունաճերմակ ձին իջնում է ձյունի հետ,
ձիու վրա
Անահիտն է։
(Դու չես լքել, դու չես լքում։ Չես լքի դու։ Անահիտ)։
Ձյունաճերմակ ձին իջնում է մանրավարգ
եւ ամենից շքեղն է նա շքեղներում, ամենաձին,-
ձիու վրա
Անահիտն է։
(Դու մեկնելիս զգո՞ւմ էիր, որ գնում ես, Անահիտ)։

Ձյունաճերմակ ձին ջրվեժ է հորիզոնում,
սիպ-սպիտակ, բծեր կապույտ, բաշը փրփուր,-
ձիու վրա
Անահիտն է։
(Նետ-աղեղը այնպես թույլ է բռնել ափում)։

Ձյունաճերմակ ձին պոկվում է լեռներից,
եւ կարձակվի նետն ուր որ է, սպասում է ձին,-
ձիու վրա
Անահիտն է։
(Եվ կտուցին ձգված նետի իմ արյունն է - մոմի մի բոց)։

Ձյունաճերմակ ձին սլացք է հազարաթեւ
եւ արծաթ են կուրծք ու լկամ, եւ փոկերը՝ ոսկի ու հիր,-
ձիու վրա
Անահիտն է։
(Սիրտս թեւ է թիթերմաղի՝ Արաժանքի քարերում)։

Ձյունաճերմակ ձիու սանձը բաց, արձակ է,
ձյունաճերմակ ձեռք ու հայացք ու ճամփաներ,-
ձիու վրա
Անահիտն է։
(Գալիս է ձին։ ՁԻն գնում է, վարգն է կապույտ։
                                                Անահիտ)։