Ճիշտ լուսաբացին
Արտաքին տեսք
Գիշեր է․․․ խավար, քամին դիվահար
Չի տալիս դադար․․․
— Մի՛ քնի՛ր, լսի՛ր, մի՞թե չես հիշեր
Սյուները արնոտ, այն կախված լեշեր․․․
Ա՜խ, միշտ կը բերեն․․․ նոքա չեն լալիս
Լույսը ծագելիս․
Այն մութ փոսերը իմ առաջ բացին․
Ամեն օրվա պես՝ ճիշտ լուսաբացին․․․
Մի՛ քնի՛ր, լսի՛ր, մի՞թե չտեսար՝
Ընկան հավասար․․․
Մի օր խաչն ընկավ վախից դողդոջուն,
Գնդակը կրծքին, երբ տվեց ողջույն․․․
Մինչ ե՞րբ պիտ բերեն․ դաշտում այն հանդարտ
Քուն չունեմ անդարդ․․․
Միշտ աչքիս առաջ՝ սյուն, բահ ու կացին
Ամեն օրվա պես, ճիշտ լուսաբացին․․․
Դեհ, լսի՛ր, լսի՛ր, ինչո՞ւ չեն լալիս
Լույսը ծագելիս․․․
Գիշեր է․․․ խավար․․․ քամին հեծհեծում,
Իմ դուռն է ծեծում․․․
1908 թ. 18 փետրվարի