Jump to content

Ճնճղուկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճնճղուկը

Սիրուն հարսը հաց էր փռում մաքուր բակում փռած փսիաթների ու տնագործ ջեջիմների վրա։

— Երթանք կտցենք,— ասաց մի ճնճղուկ իր բարեկամներին, որոնք թառած բարդու ճյուղերին նայում էին «թաժա» հացերին ու թքերը կուլ տալիս։

— Ես շատ եմ սիրում վարդագույն բշտիկները կտցել,— ասաց մի ջահել ճնճղուկ,— այնքան բարակ են լինում այդ բշտիկները, որ իսկույն հալչում են բերանումդ։

— Իսկ ես հաստլիկ եզներն եմ սիրում,— պատասխանեց մյուսը։

— Դե՛հ, լավ, լավ,— սաստեց ամենահասակավորը․ դատարկ խոսքերի ժամանակ չէ, հարձակվենք խմբով, առանց վայրկյան կորցնելու և մի լավ կշտանանք, ամեն օր «գետը գերան չի բերի»։ Եթե հարսը մեզաշնից մեկն ու մեկին հալածե, մյուսներդ օգտվեցեք հանգամանքից կշտանալու․ իրար մոտ կանգնեցեք ու խելքներդ գլուխներդ պահեցեք։

— Հե՜լ, հե՜լ, հե՜լ,— ճոճվում էր օդում սիրուն հարսի ճերմակ ձեռքը։

— Մի տեսեք անպիտանին, կարծես մեր լեզուն հասկանում է,— զայյրացավ մի ճնճղուկ։

— Ինչ սիրունն է․ մի դրա վզի մարգարիտներին նայեցեք,— զարմացավ մի պատանի։

— Ձա՛յնդ, բաց բերան,— սաստեց ամենամեծը,— կշտանալ է հարկավոր․ «սիրուն երեսին փլավ չեն ուտի»։ Դե՛հ շարվեցեք կարգին և նշան տալու պես հարձակվեցեք։

Ճնճղուկները սրտատրոփ սպասում էին իրենց մեծի հրամանին, երբ կամաց բացվեց պարտեզի դուռը, ու մի երիտասարդ թաք կացավ ծառերի ու թփերի կանաչ պատնեշի հետևը։

— Հե՜յ, հե՜յ, հե՜յ,— դողաց հարսի ձայնը և նա մոռանալով իր փռած հացերը, հուշիկ քայլերն ուղղեց դեպի ծառերն ու թփերը։ Ծեր ճնճղուկը վիզը երկարացրած նայում էր սիրուն հարսի հետևից ու ժպտում ինքնագոհ։

— Դեհ, թռե՛ք, աղջիկներ,— գոռաց նա,— մի լավ կշտացեք։

— Իսկ եթե հարսը քար քաշե,— մորմոքաց մի անճար ճնճղուկ։

— Հարսը կուշանա,— ծիծաղեց ծերունին,— դե՛հ, ձեզ տեսնեմ, չվախենաք։

Երբ հարսը երևաց, բշտած հացերից մի մի ցանց էր մնացել։

— Հե՜յ, հե՜յ, հե՜յ,— կանչեց նա և իբր ուզում էր քար քաշել աներես ճնճղուկների վրա, նրան մոտեցավ ծեր ճնճղուկն ու ծլվլաց կամացուկ։

— Մի բարկանար, սիրուն հարս, արգելված պտուղը համով է լինում․․․

1903 թ․