Մագաղաթն այս...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մագաղաթն այս

Ռուբեն Որբերյան

Մագաղաթն այս կուրծքին վրա թող ծալեն
Շիրիմն ալ ոչ քար ունենա, ոչ կոթող,
Եվ որպեսզի հերոսն հանգչի քիչ մ'ատեն,
Բարեկամներ դագաղին վրա նետեն թող
Հայաստանի ափ մը հող:

Արծվի աչերն իր կիսաբաց մնացին,
Պանդխտության, աքսորանքի մը դաժան
Չի դիմացավ սիրտը զարնող հարվածին,
Բոլորեինք գեթ ճակտին շուրջ առնական
Շավարշանի մը շուշան...

Կայծակնաշող սուրն՝ իդեալ մարմնացած
Վրիժառու և մշտապես հաղթական
Դողդոջ բազկով երկարեց Մայր հայրենյաց,
Երբ լքումի, մոռացումի, բաժանման
Մահվան ցուրտը նախազգաց...

* * *

Մագաղթն այս կուրծքին վրա թող ծալեն,
Ուր վերջին Հայրն իր զավկին փառքը վերջին
Դրոշմեց հպարտ, հեծկլտալեն, ժպտիլեն,
Եվ ուր հույսերն կը սլանան, կը թռչին
Մեր դարավոր անուրջին...

Շղթայակապ չէին հեծծեր այն ատեն
Մասիս, Տավրոս, ամպածրար, ալևոր,
Կը լսեինք մեր Տիգրիսեն, Եփրատեն
Հայ երգերու շեշտերը գոռ և հզոր,
Արձագանք մը հին դրախտին...

* * *

Արծվի աչերն իր կիսաբաց մնացին,
Շիրմին խորքեն դեպի զենիթ կը դառնան,
Ու կը հառեն աստեղափառ մեր Հայկին
Կը հարցունեն, թե գիշերներ բաժանման
Պիտի տևե՞ն հավիտյան...

Փոթորիկներն ըլլան իրեն այցելու,
Ու կայծակներ որոտան գոռ ամպերեն,
Եվ օվկիանին կոհակները մոլորուն
Զայրասլաց զարնվելով իրարու,-
Դյուցազնին քունն օրորեն...

Եվ դուն, Նվարդ, քույր սգավոր Հայրենյաց,
Շավարշանի քույրերուդ պես փափկասուն,
Հսկե իրեն գերեզմանին մինակյաց,
Համբույրներով արտասվազօծ, դողդոջուն,
Փակե աչքերն կիսաբաց...

* * *

Կայծակնաշող սուրն՝ իդեալ մարմնացած
Նոր քաջերու հզոր բազկին կ'սպասե,
Առանց սուրի չիք Եհովա կամ Աստված,
Առանց անոր ու վես-կամքին պողպատի
Հայն անարժան է նախնյաց...

Մագաղաթն այս կուրծքին վրա թող ծալեն,
Շիրիմն ալ ոչ քար ունենա, ոչ կոթող,
Եվ որպեսզի հերոսն հանգչի քիչ մ'ատեն,
Բարեկամներ դագաղին վրա նետեն թող
Հայաստանի ափ մը հող...