Անեզրական աշխարհում աշխարհն արդեն չի տեղավորվում.
ես գիտեի, անշուշտ, որ կբախվեմ խավարին, եւ
իմ ծնվելուց առաջ մայրս աստղատեսիլներ դրեց ինձ հետ՝
որպես ճանապարհի պահուստ.
ավելի ուշ՝ ծաղկեցի մեր հանդերում, ձորերի խորուտներում՝
«Մթնշաղի անուրջները» թեւիս տակ,
երբ, դեռ երեխա, դպրոցից հեռացվել էի՝ մի աղջկա
համբուրելու համար։
Ես ինձ հիշում եմ։ Սանձը կտրած մի ձի վազում է,
վազում է, վազում,
աշխարհն արդեն պրծել է,
բայց վազելու ցանկությունը չի վերջացել։
Ու ձին ուտում է իրեն։ Իսկ այգալույսը
Վարդի տատիս թոնրում թխած լավաշներն է կրկնակում
կտուրների վրա։
Գիտե՞ս, քեզ ինչպես ճանաչեցի. երբ առաջին անգամ
մոտեցա քեզ,
մեր գլխավերեւում կանգնած աստղի մեջ հուրը միանգամից
ուժգնացավ,
իսկ հետո անձրեւի ձիերին
չափ էր գցել քամին՝ անհայտ ուղղությամբ։ Չհանդարտվող
ջրերին աստղերը տարան։
Երբ չեն ընդունվում իմ խոսքերը, շարունակում եմ ավելի
եռանդով ասել, քանզի
դրանով իսկ հաստատվում է, թե ասելիքս որքան ձերը չէ,
որքան իմն է,
իմը միմիայն եւ հետեւապես՝ ճիշտ։
Մաքուր չլինեի այսքան, այսքան անմաքուր չէի լինի։ Այսինքն՝
եթե անմեղ չլինեի,
մեղավոր չէի լինի։ Իրար մոտ այնքան ենք մնացել, որ իրար
այլեւս չենք տեսնում։
Ծիծեռնակը փռել է թեւերը՝ բայց ոչ երկնքում։
Աչքերս, որոնցով նայում էի քեզ, այդպես էլ տարար աչքերիդ մեջ։
Օրը գալի՞ս, թե գնում է։
Աշխարհում իմ միակ մակույկը
իմ ստվերն է՝ կառանված իմ ոտքերին։
Իրիկնաթախիծը ողողում է հեռուն եւ ես գնում եմ, ահա,
վաղուց, վաղուց եմ փորձել
Հայոց Արեւելից աշխարհում դրված ամեն ական ու պայթյուն,
իսկ բիբլիական Ամարասի հովտում Ավոյի տղերքն իջել արդեն,
Սոսի ծառի տակ Տիգրան Մեծի հրովարտակներն են կարդում։