Jump to content

Մահազգացում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մահազգացում

Մահազգացում


Այսպե՜ս, այսպե՜ս… Անուշ, անուշ սիրական
Մոտեցուր մանըր մատներըդ մանկական
Տաք կոպերո՜ւս, տաք կոպերո՜ւս դժոխքին,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ, ա՜խ չըլլա որ բորբոքին:

Կուրծքի՛ս հակե փոքրիկ գլուխդ հաղթական,
Լսե՛, դեռ հոն հռնդյուններ, ողբեր կա՞ն,
Լսե՛, անուշդ իմ սիրական: Ո՜հ, անգին
Արբանք մ՚է այս որ կը խնկե իմ հոգին:

Մեռնի՜լ, մեռնի՜լ… Անմահանալ մահվան մեջ.
Մեռնի՜լ, Գրկիդ գոգն, ա՜յսպես մեր սերն անշեջ՝
Անհունին մեջ ծառացընել տիրական…:

Մեռնի՜լ… Կու լա՞ս… Կը խորհեի սիրակա՜ն,
Թևերուդ մեջ քարանալու հաճույքին,
Քո՜ւյր, մահանո՜ւյշ քույր, մահազոր, մահագին…