Jump to content

Մահվան տեսիլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
ՍԻԱՄԱՆԹՈ

ՄՈՒՏՔ

Քերթության ոլորապտույտ ճանապարհներով
Անհանգըրվան անցած տարիներ երկարաձիգ,
Սիրտս կիզած բազում արևների հրով,
Խուսափելով ընդմիշտ երգերից դյուրածին,
5 Ահա զգում եմ ինձ կրկի՛ն անօգնական,
Ահավորված, ինչպես բարձր լեռան առջև —
Որի ոլորտներով կրկի՛ն պիտի գնամ,
Եվ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդյոք, թե՞ վաստակած հանգչեմ…

Արդ՝ մանուկ եմ ես նորից, և՛ անուժ, և՛ դողահար,
10 Անհամարձակ, ինչպես աշակերտ, ուժերիս ու գրչիս անվստահ,—
Լեզվիս վրա կսկիծ, և՛ ջերմություն, և՛ վահր՝
Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած։—

Ձե՛զ եմ հառել աչքերըս, ո՜վ անցյալի վսեմ քերթողահայրե՛ր,
Գագաթնե՛ր Մտքի ու Հանճարի և Քերթության պետե՛ր,—
15 Քե՛զ, անհույզ, մարմարյա Հոմերո՛ս, որ երգել ես հերոսների մահը,
Սակայն խաղա՜ղ սրտով, մի մանկական հեքիաթ իբրև թե։—

Եվ քե՛զ, լատինական փառքի հռչակը ավետող
Ո՜վ դյուցազնական և բարբարոս Վիրգի՛լ,
Որ ընթացել ես թեև հելլեն հանճարների սրբագործած հետքով,
20 Սակայն ինքնահուն է եղել պղընձյա արշավանքը երգիդ։

Եվ քե՛զ, արեգակնական հանճար, շռայլորեն փարթամ Ֆիրդովսի՛,
Բազմաբղետ, ինչպես Արևելքը, գանձերով ու արկածներով հարուստ,
Որ հանճարիդ այնքա՜ն անայլայլ և իմաստուն լույսով
Ներբողել ես շահերի սխրությունները սին, իբրև ուղի անմեռ, որ տրվում է վերուստ…

25 Սակայն բոլորդ միասին թվում եք ահավասիկ
Ապագայով լեցուն աչքերիս, որ անցյալին եմ հառել ահալի,—
Ո՜վ դուք, զառամյալ մանկության հիշատակներ վսեմ,—
Այնքա՜ն թոթովախոս ու միամիտ…

Ձեր երգը միամիտ մանկության և ոգու երջանիկ անգիտության,
30 Եվ կարծեցյալ փառքի, և ճորտության դժնի,
Բայց և հանճարափայլ պարգևն էր՝ մեզ տրված
Հի՜ն դարերի տքնությունից ազնիվ։—

Այլև ներբողել է ձեր երգը հերոսություն ու փայլ,
Խիզախների վսեմ արշավանք և այրերի դաշինք,
35 Նշել է քերթության լուսազարդ ճանապարհ,
Փառք անմահական՝ բազմած մարմարիոնյա նժույգների բաշին։—

Բայց անցյալը այն, այն ուղին, այն ճանապարհը չարչարանաց․
Որին ես ահավասիկ ուզում եմ մոտենալ —
Չէ՛ լյառ հերոսության, կամ վեհության ուղի, կամ փառքի ճանապարհ․
40 Կամ իմաստության պարտեզ, կամ ոգորում ոգու, կամ տքնություն անահ…

Եվ այն տեսիլը, որ՝ տարիներից հառնած՝
Ծառացել է ահա իմ վարանոտ ու զարհուրյալ հայացքների դեմ —
Ո՛չ փառքի գագաթ է խոստանում, ո՛չ քերթության Պառնաս․
Ո՛չ անգամ փողփողյալ տողերի անմրցելի հանդես։—

45 Այդ տեսիլը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և գոսնական․
Եվ զարհուրելի է, ինչպես զառանցանք, և անիմաստ է հավետ,—
Ո՜վ անցյալի պայծառ քերթողներ, ձեր երգը հերոսական
Թող դարերին մնա ձեր հեռավոր, ձեր օրերի՛ն անէ։—

Ձեր մարմարիոնյա և դաշն դեմքերի փոխարեն,
50 Իբրև վարպետ միակ, իբրև անկաշառ մարգարե —
Ահավասիկ հառնում է մռայլ միջնադարից
Եվ կանգնում է դեմս, ո՜վ տառապյալ հանճար, քո կերպարանքը քարե։—

Անցյալի արնակարմիր տեսիլներից շշմած հայացքներիս հանդեպ,
Որ ուղեցույց են հայցում, և՛ առաջնորդ արդար, և կորովի հանճար —
55 Պատկերելու համար Անցյալի խավարից հառնած զարհուրանքը —
Դժողքի դժնի մշուշից բարձրանում է ահա քո դեմքը բազմաչարչար…

Զարհուրանքի սովոր աչքերով, որ խորն են ու գերող,
Դու նայում ես ահա ոգուս խորքը, երկա՜ր նայում ես ոգուս խորքը,—
Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,
60 Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժողքը։—

Ահավասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ,
Քերթության թոթովախոս մանուկ և այր բազմավաստակ,
Մեր խոհերով, մեր կյանքով, մեր երգերով անհունորեն տարբեր,
Բայց և հարազատ ու արնակից, իբրև միևնո՛ւյն մարդկության երկու տարբեր հասակ։—

65 Ընկնում ենք քեզ հետ միասին մենք ճանապարհ երկար,
Եվ մեր առջև ահա իր հորձանքն է ձգում արնափրփուր մի գետ,
Որ բաժանում է դժնի անցյալից այո լուսավոր ներկան,—
Եվ մենք նստում ենք Մտածումի նավը, որ նավարկենք քեզ հետ։—

Գնում ենք ահավասիկ քեզ հետ Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով
70 Դեպի ափը դեմի՝ ամե՛ն հույս ու հավատ թողնելով այս ափին,
Եվ Մտածումս ահա, որպես մշտնջական ու կորովի Քարոն,
Նավարկում է դեպի Անցյալը, դեպի Անցյալը դառն, դեպի ափը Մահվան ու Սարսափի…


Ա


Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր շուրջը մի պահ.—
Լռություն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ մի մահիկ
75 Իր մեռյալ լույսի հետ մեկտեղ տարածում է տխրություն ու ահ
Այդ անծիր եզերքի վրա անսահման Սոսկումի ու Մահի։

Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ, երերուն,
Անուղի, ինչպես մոլորված երկու կույր, կամ անօգ մանուկ։
Միևնո՛ւյն մառախուղն է բռնել թե մոտիկը մեր, թե հեռուն.
80 Միևնո՛ւյն լռությունն անհուն։

Խտանում է մեր դեմ մառախուղը.— ժայռեր են կարծես ու քարեր
Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն անդարձ։—
Մոտենում ենք մենք ժայռերին — և տեսնում ենք վիթխարի ծառեր,
Եվ մտնում ենք ահա խավարով ու ահով լեցուն մի անտառ։

85 Ծառերի միջով վիթխարի գնում ենք դանդաղ մենք առաջ,
Կանգնում ենք, ականջ ենք դնում լռության մեջ երկար ու երկար,—
Եվ ահա հնչում է մթին անտառի խորքից մի հառաչ.—
Այդ ե՞րբ է արդյոք, հեկեկա՞նք, թե՞ տրտունջ՝ քնարով երգած։—

Լսվում է ապա մոտիկից մի հանդարտ, դանդաղ ոտնաձայն.
90 Մոտենում է մեկը, դեպի մե՛զ, դեպի մե՛զ է գալիս ահա նա.
Եվ ահա — ծառերի ետևից ելնում է մի այր գլխաբաց.—
Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թե՞ գեղջուկ, աղքատ քահանա։—

Լուսնի սառ լույսերով ողողված՝ մոտենում է նա երերուն
Քայլերով, կանգնում է մեր դեմ,— ուրվական է կարծես նա ցավի.—
95 Փոքրիկ է. նիհար. կիսամերկ․ ճակատին պսակ է կրում,
Եվ ձեռքին բռնած նա ունի մի հսկա արծաթյա տավիղ։

Հասնում է մորուքն սպիտակ մինչև սրունքները նրա՝
Սպիտակ սավանի նման ծածկելով մերկությունը ծերի.
Հայացքով տխուր ու անօգ նայում <է> նա լուռ մեր վրա.
100 Եվ ապա, դառնալով Վարպետին, նա ասում է ձայնով մտերիմ.

«— Վարպե՛տ, о՜հ, ես է՛լ քեզ նման մի գիշեր աշխարհից անցա․
«Ապրեցի, իբրև վանական, հայրենի եզերքում քո ծովի.
«Բայց չքնաղ հայրենիքը քո — ինձ համար հայրենիք չդարձավ,
«Եվ ծովը ձեր այն ծիծաղկուն,— չբուժեց իմ սիրտը ցավից։

105 «Աշխարհում շաչող հողմերից այն կղզում ապաստան գտած․
«Զգեցած սևասև սքեմ՝ ես տավիղը սակայն սիրեցի.
«Եվ տավիղը շեփոր դարձրած քերթության պարտեզը մտա․
«Որ կորած հայրենիքս երգեմ և անցյալը նրա հրածին։—

«Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու բերդերը հայոց․
110 «Ոստանները հայոց արքայից, պալատները նոցա փառահեղ.
«Երգեցի Կարմիր Ավարայրը, Մասիսը՝ աստղերին հայոց.
«Ձգտելով հին փառքը հայոց սրտերում անմար միշտ պահել։

«Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ հանուն անցյալի,
«Կոչեցի ելնել վերստին, թոթափել փոշին բարարոս,—
115 «Կոչեցի արժանի լինել մեր նախնյաց փառքին պանծալի՝
«Վառելով ջահերն անցյալի, իբրև նո՜ր փրկության փարոս։—

«Եվ երգս իզուր չհնչեց։— Հայրենի եզերքից քո լուրթ
«Թռչելով, իբրև հրավեր, դեպի հայրենիքն իմ հեռու —
«Նա ոտքի հանեց քաջարի այրերի անմահ մի սերունդ,
120 «Որ ելավ գերության փոշուց հայրենյաց համար կռվելու։—

«Եվ թեև քենով բարբարոս փորձեցին նոքա, դարավոր
«Ոսոխները հայոց աշխարհի, մեզ արյա՛մբ ողողել կրկին,—
«Բայց վսեմ մեր երթը եղավ անցյալի փայլո՛վ փառավոր,
«Եվ խաղա՜ղ սրտով ես մեռա՝ մինչև մահ քնարը ձեռքիս»։—

125 Ասաց — և խփեց քնարին նա մոմե մատներով դեղին,
Աչքերում ամեհի մի հուր, մորուքով մերկությունը ծածկած,—
Եվ ձայնը նրա քնարի, որ նման էր ձայնին թիթեղի,
Հնչում էր, ինչպես մի հիվանդ, մահամերձ ընկած մանկան լաց։

Եվ տավիղն հնչելով հեռացավ, խարխափով մտավ նա նորից
130 Անտառի խորքը խավար, ուր տիրում էր տագնապ ու հառաչ։—
Մենք երկար լսեցինք նրա քնարի հառաչքը խորին,
Մինչ սուզվեց, լռեց նա հեռվում… Եվ անձայն անցանք մենք առաջ։—


Բ


Գնում ենք մենք ահա կրկին անտառով այդ մութ ու խավար,
Ծառերի ճյուղքերն անտերև քսվում են դեմքերին մերթ մեր,
135 Եվ թվում է մեզ, թե նոքա չորացած մատներ են նիհար,
Եվ թվում են ծառերն անտառի — սարսափից քարացած դեմքեր։

Գնում ենք անտառով երկար, և ինչքան խորն ենք մտնում —
Լցվում է անտառը այնքան հառաչի ու լացի ձայներով,
Մանուկներ են կարծես զառանցում, ծերեր են հռնդում մթնում,
140 Սերունդներ են կարծես կարկառում բազուկներ գրկող ու գերող։

Բայց ահա երևում է հեռուն տագնապով թարթող մի կրակ,
Թարթում է նա մերթ խավարում, ու կրկին տագնապով մարում։
Մենք քայլում ենք նրա ուղղությամբ, մոտենում ենք ահա մենք նրան,
Եվ տեսնում ենք արդեն մոխրացած, համարյա հանգած մի խարույկ։

145 Խարույկի շուրջը թափված մենք տեսնում ենք զենքեր, ոսկորներ,
Մարդկային գանգեր, հնօրյա զրահներ, մի հին հրացան։—
Եվ տեսնում ենք ապա, այլայլված հայացքով նայում ենք երբ վեր —
Ծառերի ճյուղքերից կախված կմախքներ՝ տապից չորացած։

Այս դժնի պատկերից սարսած՝ ուզում ենք արդեն կիսամար
150 Այդ խարույկը թողնել ու գնալ, ընթանալ կրկին, երբ հանկարծ,
Ծառերի ետևից ելնելով՝ երևում է կիսամերկ մի մարդ՝
Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ։

Գաճաճ է կարծես՝ հրաշքով անտառի խավարից ելած.
Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ ու կիրք.
155 Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրա․
Ակնոցներ ունի նա դրած, և ձեռքին բռնել է մի գիրք։

Նայում է շանթող աչքերով նա մի պահ աչքերի տակից,
Նստում է ապա կիսամար խարույկի մոխիրի վրա,
Եվ հսկա մի գնդի նման ցնցելով գլուխն ահագին՝
160 Ասում է ձայնով կանացի՝ ցուցամատը ճակատին դրած.

«— Այս խարույկը ե՛ս վառեցի աշխարհում ձեռքերով իմ թույլ,
«Եվ տասնյակ տարիներ բորբոքված՝ նա ցրեց շողեր ու կայծեր,—
«Իմ ամբողջ կյանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ ու անդուլ,
«Որ երբե՛ք, երբե՛ք չմարի նրա հուրը — և հա՛ր առկայծե։

165 «Եվ եկան, տասնյակ տարիներ սերունդներ եկան բորբոքված,
«Այրեցին սրտերը թափուր աշխարհում վառած իմ հրով,—
«Հայրենի երկրի խավարում սփռեցին հուր ցնորք ու կայծ
«Այստեղի՛ց զրահներ առած գնացին Ֆահրատն ու Կարոն։—

«Ես վրե՛ժը կյանքում երգեցի թշնամու հանդեպ հնօրյա.
170 «Իմ քնարը, գրիչն իմ հատու — սրբազան մրրի՛կ սերմանեց,—
«Բայց նստած եմ կրկի՛ն ահա ես խարույկիս մոխիրի վրա —
«Եվ շրթերս թորում են հիմա նախատի՛նք միայն ու անեծք»…

Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ,
Կռացավ խարույկի վրա և կրկին սկսեց փչել.—
175 Ելնում էր շունչը կրծքից խռպոտ, փայտյա աղմուկով,
Եվ խարույկը չէր բորբոքում… Եվ կանգնեց նա ոտքի ու գոչեց.

«— Բարձրացի՛ր, ելի՛ր խավարից, ո՜վ ռազմի երգերի գուսան,
«Հնչեցրո՛ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՛.—
«Թող մարտի՛ նա կոչե կրկին բանակները մեր սրբազան,
180 «Ե՛վ զենքերը թող որոտան, և՛ ռազմի սրերը թող շաչեն»։—

Այսպես նա կանչեց,— և ահա, անտառի խորքից ելնելով,
Մոտեցավ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ.
Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու խելոք.
Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու կռիվ։

185 Բայց շեփորը՝ ռազմի ամպագոռ, շառաչուն երգի փոխարեն՝
Արձակեց խռպոտ մի հառաչ, որ նման էր քամու կաղկանձի.
Բայց նրանց մեռյալ աչքերում ամեհի հուրեր նա վառեց,
Եվ գաճաճն սկսեց պարել — խելագար, խնդությամբ անծիր…

Քարացած՝ մենք նայում էինք վիթխարի գլխով այդ մարդուն․
190 Որ վայրի մի պար էր պարում կաղկանձող նվագի ներքո,
Իսկ վերից, խավարի միջից, պահակի նման մշտարթուն,
Զառամյալ լուսինն էր նայում՝ հմայված պարով ու երգով։—

Իսկ ծառի ճյուղքերից կախած կմախքները այն չորացած,
Շարժելով ծնոտներն իրենց՝ սկսեցին ամեհի կափկափել,—
195 Եվ լուսինը, ի վերուստ տրված իր ժպիտը անդարձ մոռացած,
Սկըսեց քրքջալ և վերից մեր գլխին պաղ մոխիր թափել…


Գ


Մենք թողինք պարող գաճաճին և ռազմի շեփորով մարդուն,
Եվ կրկին դանդաղ քայլերով քայլեցինք անտառի միջով,—
Երբ թնդաց հանկարծ անտառում մի երկինք հասնող դղրդյուն,
200 Եվ անտառը լցվեց ծայրեծայր բարձրաձայն լացով ու ճիչով։

Սարսափած՝ վազեցինք մենք առաջ ծառերի միջով անտառի,
Անպաշտպան կրծքերս նրանց ճյուղքերի հարվածին բացած,—
Եվ այդպես երկար վազելով — դուրս եկանք հանկարծ անտառից
Եվ փռվեց աչքերիս առջև — ամայի, ընդարձակ մի բացատ։

205 Ողողված կարմրավուն լույսով — ձգվում էր բացատն ընդարձակ,
Ամայի, ինչպես անապատ, անպտուղ, քարքարոտ ու լուռ։—
Այդ մռայլ բացատի մեջտեղում, հրաշքի նման բարձրացած,
Ցցվել էր ժայռերից կերտած մի կարմիր, կոնաձև բլուր։

Մենք նայում էինք բլուրին՝ աչքերս սարսափից չռած․
210 Այնտեղից ռազմի մի շեփոր կանչում էր խրոխտ ու առույգ.
Վառվում էր բլուրի գլխին բարձրաբերձ բոցով մի կրակ․
Թվում էր, թե վառել են այնտեղ մի հսկա տոնական խարույկ։—

Ոլորուն մի ուղի էր տանում բացատով դեպ բլուրն այդ թեք,
Քայլեցինք ուղիով այդ ոլոր,— և ահա, բլուրին չհասած,
215 Հանդիպեց, կտրեց մեր ուղին մի ինչ-որ կերպարանք անդեմ,
Մի, կարծես դժոխքից ելած, անսահման դժնի արարած։

Դա մա՞րդ էր, ուրո՞ւ, թե մի դև՞,— դժվար էր որոշել իսկույն։—
Նման էր հսկա մորեխի, շարժվում էր թռիչքով թեթև.
Մնում էր մի պահ իր տեղում — և հանկարծ թռիչք էր անում,
220 Կարճ, հատու, ինչպես դաշտերում մորեխն է թռչում տեղից-տեղ։

Այդպիսի թռիչքով հատու ծառացավ երբ նա մեր առաջ —
Սկզբում տեսանք մենք միայն ոսկորի և մսի մի կույտ.
Կարծես մեկը առել էր մի խուրձ ոսկորներ և խառնել էր իրար,
Իսկ հետո — իրարու կապել, խառնելով ազդրեր ու գլուխ։

Երբ մի քիչ երկար նայեցինք ոսկորի ու մսի այդ կույտին —
Տեսանք, որ կմախք է դա մի՝ գլխի տեղ — երկաթյա մեքենա,
Ձեռքերը տեղերից պոկած, գլուխը հագցրած ոտին,
Իսկ սրտի փոխարեն — կրծքում պողպատյա զսպանակ դրած։

Ներքևից, ձախ ոտի մոտից, գլուխը նայում էր վերև՝
230 Աչքերից շանթեր թափելով, ատամները քսելով իրար.
Աջ ոտի մատներով մի պահ նա գունատ ճակատը քերեց —
Եվ այսպես նա խոսեց՝ ներքևից ցասումով նայելով մեր վրա.

«— Ո՛վ դուք, որ մտել եք ահա այս մռայլ անտառը Ահի,—
«Նայեցե՛ք հատյալ կմախքիս և գլխիս՝ պոկված իր տեղից.—
235 «Աշխարհում որոճում էի ես խոհեր կռվի ու մահի,
«Եվ գլխի փոխարեն ունեի մեքենա՝ շինված թիթեղից։—

«Ես սրտի փոխարեն ունեի իմ կրծքում պողպատ զսպանակ,
«Անծանոթ էր կյանքում ինձ համար ամենայն վարանում ու ահ․
«Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մե՛ծ մի բանակ,
240 «Եվ մեր սև դրոշի վրա գրեցի «Հայրենիք կամ Մահ»։

«Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկիրն Ավետյաց,
«Տիրում էր այնտեղ բռնություն, և՛ ոճիր, և՛ կյանք անազատ.
«Գնացին նոքա՛ սրբելու մեր դեմքից նախատինք ու լաց,
«Բայց երկիրն արյամբ ողողեց տագնապած Արքան այն գազան։

245 «Հանելով բարբարոս հորդաներ — նա քանդեց մեր շեները բոլոր,
«Մեր մանկանց արյա՛մբ արբեցավ՝ թաքնըված որջում արքունի,—
«Եվ ահա, վրեժով լցված, դժոխքի հանճարին դիմելով,
«Ուխտեցի ըմպել մի բաժակ բռնակալ Արքայի արյունից։

«Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենա,
250 «Բայց, դժբախտ փորձի ժամանակ, Արքայից հեռու նա պայթեց,—
«Եվ խփեց — խորտակեց նա ինձ… Իսկ Արքան կենդանի մնաց,
«Եվ, իբրև դևի տրիտուր, նախճիրներ նյութեց ու ջարդեր…

«Եվ մնա՜ց նա կենդանի… Կենդանի՜ նա մնաց… Վա՜յ ինձ…
«Աշխարհից հեռացա ես այսպես՝ իմ ուխտը թողած անկատար…
255 «Եվ ո՛չ մի կաթիլ չխմած արյունից այն Հրեշ-Արքայի՝
«Ես կյանքից ընդմիշտ հեռացա… Եվ չունե՜մ հանգիստ ու դադար»…

Ասաց — կափկափեց կրկին ատամները թափով մի ահեղ,
Աչքերից շանթեր արձակեց,— և հանկարծ թռչելով տեղից,
Սկըսեց թպրտալ օդում, թռչկոտել, ճչալ ու վայել,
280 Լցնելով բացատն աղմուկով ոսկորի և շաչող թիթեղի։—

Թռչկոտում էր նա խելահեղ, կատաղի դառնությամբ վայում,
Դառնում էր օդում, ինչպես հոլ, և ճիչեր արձակում ցավի․—
Մենք դիտում էինք քարացած, սարսափած աչքերով նայում,
Երբ հանկարծ մոտեցան նրան երկու այր՝ դեմքերով կավիճ։

265 Բուսնելով կարծես խավարից՝ մոտեցան նրան երկու այր,
Երկու մարդ սևազգեստ, մռայլ, կրծքերին պղնձյա նշան.
Կմախքներ էին՝ զգեցած զգեստներ մթին ու մռայլ,
Ձեռքերին ոսկորներ բռնած, ինչպես գոռ մարտի դրոշակ։

Ելնելով կարծես խավարից՝ մոտեցան նրանք այն հոլին,
270 Որ ցատկում ու դառնում էր օդում և ճիչեր արձակում ահեղ,—
Եվ մեկը նրանցից, որ ուներ հայացքներ՝ մռայլ փայլով լի —
Սկըսեց ձեռքերով օդում, նրա շուրջը շարժումներ անել։

Հիպնոսող բժիշկն է ինչպես ներազդող շարժումներ անում՝
Հիվանդի առջև շարժելով պսպղուն մի գունդ, կամ բյուրեղ —
275 Նա շարժում էր այդպես մի ոսկոր, կրկնելով անհայտ մի անուն,
Հոնքերի տակից ցայտելով կրակներ կարմիր ու հուրեր։

«Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն» — ձայնում էր կանչով շառաչուն,
Ձեռները կարոտով օդում հոլաձև մարդուն տարածած,
«Խա՜ն-Բա՜ն-ո՜տ, Խա՜ն-Բա՜ն-ո՜տ, Բա՜ն-ո՜տ» — ձայնակցում էր նրա հառաչին
280 Ուղեկիցը նրա՝ ամեհի էքստազում ինչպես վերացած։

Այդ մռայլ կանչերի ներքո հոլատիպ մարդը քիչ-քիչ
Սկըսեց թուլանալ, հանդարտել,— և ահա ընկավ ուժասպառ.
Ցնդվում էր մի քանի վայրկյան իր գլուխը միայն ահագին,
Բայց նա էլ հանդարտվեց ահա… Եվ տիրեց լռություն անբառ։—

285 Մենք նայում էինք քարացած պատկերին այդ մութ ու հոռի,
Եվ ուզում էինք հեռանալ, ընթանալ բացատով կրկին,
Երբ հնչեց բլուրի գլխից հռինդը ռազմի շեփորի,
Եվ լսվեց աղմուկ, ոտնաձայն — ներքևից, անտառի խորքից։

Լսելով ձայնը շեփորի — վեր թռավ տեղից հոլաձև
290 Այն կմախքը, կամ մարդը կրկին՝ ճակատին արնաթոր վերքեր,—
Մի քանի վայրկյան քարացած, ականջը շեփորին, նա լսեց,—
Եվ քամու նման սրընթաց — երեքով սլացան ներքև։

Շռինդը ռազմի շեփորի թնդում ու կանչում էր մինչդեռ,
Ձայնում էր բյուրի գլխից, ինչպես կոչ, երթի աղաղակ,—
295 Եվ լսվում էին ներքևից, անտառից — ճիչեր ու կանչեր,
Հավաքվում էր կարծես անտառում և երթի էր ելնում մի բանակ։

Վերևից, բլուրի գլխից հնչում էր շեփորը, կանչում,
Տագնապով, ինչպես ահազանգ,— և ձայնին նրա զուգահեռ՝
Լսվում էր հառաչ, ոտնաձայն, մի զանգ էր հեռուն ղողանջում,
300 Եվ վառվում էին անտառում բազմաթիվ կրակներ ու ջահեր…


Դ


Մենք լսում էինք, քարացած, շեփորի ձայնը դժնի,
Որ վերից, բլուրի գագաթից, հնչում էր ամեհի թափով,—
Երբ ահա ներքևից, անտառից, ողողված ցոլքերով լուսնի,
Սկըսեց ելնել ու հոսել դեպի մեզ — հսկա մի թափոր։

305 Շարժվում էր թափորը՝ լուսնի սպիտակ լույսով ողողված,
Ահագին, ինչպես մարդկային վիթխարի մի գետ, կամ հեղեղ.
Ձիերի խրխինջ, բառաչյուն, մարդկային հեկեկանք ու լաց,
Զենքերի շաչյուն, թմբուկներ, կրակներ կարմիր ու դեղին,—

Այս ամենը խառնըված իրար, գալիս էր դանդաղ դեպի մեզ,
310 Կամ դեպի բլուրն էր գնում՝ անսալով շեփորի ձայնին։—
Քաշվեցինք զգուշ մենք մի կողմ, որ հորձանքը մեզ չճզմե,
Կամ չնչին տաշեղի նման մեզ հանկարծ իր հետ չտանի։

Մոտենում էր թափորը դանդաղ, հոսում էր հանդարտ ու ահեղ,
Հեղեղի նման հորդանում՝ բերելով աղմուկ ու հառաչ,
315 Ցնծության ճիչեր խելագար, զառանցանք ու վիշտ խելահեղ,
Ոսկորի ու մսի մխրճանք, երկաթի շռինդ ու շառաչ։

Մոտեցավ թափորն ահա մեզ և դանդաղ սկսեց անցնել
Մեր չռած աչքերի առաջով, երազի նման մի դժնի։—
Մենք նայում էինք քարացած, սարսափով անհուն ու անծիր,
320 Ողողված սպիտակ լույսով այն ահից դալկացած լուսնի։

Գալիս էր ամենից առաջ վիթխարի հասակով մի մարդ՝
Չոր, բարակ, հսկա ճակատով, բեղերը սափրած, բայց կլոր
Մորուքով, ինչպես քահանա, հայացքով խոնարհ ու հանդարտ,
Իր գունատ, մահատիպ շրթերով մի ինչ-որ աղոթք երգելով։

325 Մազերին եղյամ էր ցանել մառախուղը կարծես Հյուսիսի,
Որ շողում էր ալեզարդ գլխին, ինչպես սառը, օտար լույսի փայլ․
Նա տխուր շարական էր երգում աստծո որդի Հիսուսին
Բայց բառերը խառնում էր իրար՝ հորդելով անհարթ մի բարբառ։

Իր բարակ, ոսկրոտ մատներով նա բռնել էր մի գանձարան.
330 Աջհամբյուր են փոքրիկ ժամերում հավաքում նման ամանով.
Թիթեղյա էր փոքրիկ գանձարանը,— և ձեռքով գրված էր վրան՝
«Քաղաքական անոթ»

Սկիհի նման սրբազան գանձարանն այդ բարձր պահած՝
Երբ անցավ առաջով նա մեր — մենք տեսանք զարմանքով անծիր,
335 Որ ճախրում է անոթի վրա, աղավնու կերպարանք առած,
Սուրբ հոգու նման — մի փոքրիկ երկգլխանի արծիվ։

Այդ անոթը բարձր պահած՝ նա անցավ քայլերով դանդաղ,
Անմռունչ, ինչպես քահանա, որ գանձ է հավաքում ժամում,—
Եվ դեմքը նրա սպիտակ և սկիհը նրա այդ — անդարձ
340 Դրոշմված մնաց իմ հոգում — այնքա՜ն էր պատկերն այդ անհուն։

Գալիս էր ապա անտառի եզերքին մեր տեսած այն ծերուկ
Վարդապետը, կամ քերթողն այն հզոր՝ մորուքով մերկությունը ծածկած․—
Նստած էր կմախքի վրա նա մի մերկ, երերուն ձիու,
Որ քայլում էր ճոճվելով, ինչպես ձիերն են քայլում ծերացած։

345 Իր ձիու կմախքե վզին արծաթյա տավիղն իր դրած՝
Խփում էր մատներով նա չոր ու երգում ռազմական մի երգ.
Եվ նրա ետևից մի քանի երգիչներ, հրելով իրար,
Արշավում էին՝ նրա պես նստոտած կմախքե ձիեր։

Բայց նրանք տավիղի փոխարեն ոսկորներ ունեին ձեռներին․
350 Որ թափով խփելով իրար՝ աղմկում էին կատաղի.—
Նրանցից մեկն էր միայն, որ ուներ իսկական սրինգ,
Եվ սրինգը ձայներ էր հանում չափազանց տխուր nւ աղի։—

Պատանի՛ էր դա մի դալկահար, արցունքով լեցուն աչքերով,
Եվ ձայնը նրա սրինգի նման էր ողբի ու լացի.
355 Նվագում էր իր խեղճ սրինգով նա տաղեր վշտի ու սիրո,
Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ կանացի։—

Այս գունատ պատանու կողքին արշավում էր այլ մի քերթող,
Նրանից ավելի տարեց, փառահեղ ճակատով և ճաղատ.
Նա տավիղ ուներ արծաթե և շեփոր պղնձե — ու հերթով
360 Նվագում էր կամ սիրո տաղեր, կամ հնչում ռազմի աղաղակ։

Եվ այսպես՝ խառնելով իրար ռազմաշունչ, ամպագոռ տաղեր
Եվ սիրո տխուր նվագներ — անցնում էր խումբը նոցա,—
Եվ հնչում էր նվագն այդ խմբի — թաղումի նման դառնաղետ,
Լցնելով սրտերը հավետ — դառնություն անկոբար ու ցավ։

365 Երգեցիկ այդ խմբից հետո գալիս էր մի սև դիակառք,
Որ քաշում էին մարդակերպ, չորեքթաթ դևեր, կամ ձիեր.
Դրված էր այդ կառքի վրա ոսկեզօծ, շքեղ մի դագաղ,
Եվ նստած էր դագաղի վրա մի գաճաճ՝ դեմքով դեպի ետ։

Նախ այնպես մեզ թվաց, թե նա, դագաղի մարդն այդ գաճաճ
370 Կրում է իր մարմնի վրա՝ վիթխարի գլուխներ երկու,
Բայց կառքը երբ քիչ մոտեցավ և կանգնեց մի պահ մեր առաջ —
Մենք տեսանք դագաղի վրա — վիթխարի մի գլուխ և մի կուզ։

Այդ կուզն էր, որ ետ էր նայում, իսկ գլուխը նայում էր առաջ,
Կոնաձև բլուրը դեպի, դեպի լույսը նրա գագաթի։—
375 Իր խրոխտ, արծվային քթին ակնոցներ ուներ նա դրած
Եվ խորունկ կնճիռներ ուներ սպիտակ ու նեղ ճակատին։—

Նա ո՛չ թե նստած էր ոսկյա դագաղի վրա, այլ մի մեծ
Չղջիկի, կամ բուի նման՝ թառել էր կարծես չորեքթաթ։—
Նա կառքի անհարթ շարժումից կշռվում էր մերթ առաջ, մերթ ետ,
380 Եվ մերթ կուզն էր բարձրացնում վերև, մերթ գլուխը՝ մի փոքր հերթափ։

Բայց այդպես չորեքթաթ կռացած՝ ձեռքերով նա իր ահագին
Պահել էր վիթխարի մի թերթ, կամ դրոշ՝ շինված թիթեղից․
Թիթեղե դրոշի վրա նկարված էր մի արջ թագակիր,
Որ թաթի երկաթյա խաչով կոտրում էր մահիկ մի դեղին։

385 Անախորժ ճռինչ հանելով ընթանում էր կառքը դանդաղ.
Երգեցիկ խմբի ետևից, անսալով ձայնին շեփորի,—
Իսկ կառքի երկու կողքերից, քայլերով ծանր ու հանդարտ․
Ընթանում էին անտառում մեր տեսած այրերը նորից։—

Առաջինը՝ անտառում վառած խարույկի պահապանն էր այն հեք,
390 Որ ձեռքին, դրոշի փոխարեն, կրում էր վիթխարի մի փուքս.
Փչելով փուքսն իր հսկա՝ նա փորձում էր կրակներ հանել,
Բայց հանում էր ձայներ խռպոտած, տխրագին տնքոց ու հոգոց։

Իսկ մյուսը — նրա օգնական ռազմաշունչ այն գուսանն էր, որ
Շանթեր էր աչքերից թափում, բարկության հուրեր ու կայծեր․—
393 Իր ձեռքին բռնած նա ուներ պղնձյա ահագին մի շեփոր,
Բայց շեփորը չէր շեփորում, այլ տխուր կաղկանձում էր կարծես։

Գնում էր նրանց ետևից կիսամերկ այրերի մի խումբ.
Կմախքներ էին՝ զգեցած զանազան լաթեր ու շորեր.
Մեկը խաչ էր իր կրծքին կրում, մի ուրիշը՝ դեղնած ծաղկեփունջ,
Որ նավթի բուրմունք էր հանում՝ չափազանց սուր ու զորեղ։

Մի կմախք տանում էր մեջքին մազութի երկաթյա աման,
Մի ուրիշը՝ հսկա մի հաշվիչ, որ նման էր փայտյա քնարի,
Մի կմախք, շալակին դրած, մի դույլ էր տանում իր համար,
Մի ուրիշը պահել էր գլխին ոսկեզօծ նժար վիթխարի։

405 Հազիվ էր այս խումբը անցել, երբ ահա երևաց ջահակիր,
Սևասքեմ այրերի մի խումբ, որ գալիս էր՝ երգելով շարական.
Փայլում էր այդ խմբի մեջտեղում, կապտավուն ծիրանի հագին,
Մի փարթամ մորուքով վարդապետ, մի նժդեհ, մոտ վաթսուն տարեկան։

Նա կրծքին կրում էր մի աստղ, որ ցոլում էր ինչպես ադամանդ,
Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում բյուրեղե.—
Անտառ էր կարծես ճարճատում, հրդեհված երկիր էր մխում՝
Սփռելով բարբարոս մի բույր, հանելով ճիչեր երկնահաս։

Ձիերի դոփյուն, զենքերի չարագույժ շառաչ, մարդկային
430 Հեկեկանք, օգնության ճիչեր, շների կաղկանձ հուսահատ.—
Մոտենում էր այսպես հեռվից արշավանքը Արյան և Մահի,
Եվ նայում էինք մենք՝ ահից կարկամած, շնչներս պահած։

Իսկ դեմից, բլուրի գլխից, կանչում էր շեփորն անընդհատ,
Շեփորում էր մահու տագնապով՝ կոչելով նոցա հանդեսի,—
435 Եվ հոսում էին դեպի նա ամբոխները այդ տեղահան՝
Դեպի լյառն էին շտապում՝ Մահու ու Արյան մի ծեսի…


Ե


Հռինդով, լացով, աղմուկով, թնդալով մոտենում էր մեզ
Գլխավոր օղակն այդ ահեղ, հեղեղի նման թափորի.
Ջահակիր թափորից հետո, այրերից հետո սևազգեստ —
440 Զրահակիր բանակ էր դա մեծ, որ կռվի էր արշավում նորից։

Վիթխարի մի նժույգ նստած՝ ընթանում էր երթի առաջից
Հոլաձև մարդն այն ահեղ՝ ծածանած մի սև դրոշակ.
Խրխնջում էր նժույգը նրա, բայց նման էր հիվանդ բառաչի
Խրխնջոցը նրա նժույգի, որ քայլում էր դանդաղ և ուժատ։

445 Գլուխը՝ հագցրած ոտին՝ նայում էր շանթող աչքերով
Նժույգի ոտների մոտից, ճոճվելով մերթ ետ, մերթ առաջ.
Վառվում էր լապտերի նման․ կապտավուն, ժլատ մի հրով
Շլինքին դրված մեքենան, հանելով տնքոց ու հառաչ։

Իսկ նրա ետևից, իր նման նժույգներ նստած և ձիեր.
450 Արշավում էր նրա շքախումբը՝ կազմելով ստվար մի բանակ.
Ձիերի վրա նստոտած կմախքներ էին ու դիեր՝
Ձիերին սուսեր, զրահներ, հնամյա զենքեր ու դանակ։

Ընթանում էր մեկը՝ կմախքե նժույգի վրա ընկըղմած․
Անգլուխ, մի ոտը կտրած, ձեռքերը կապած կռնակին,
455 Բայց կապած ձեռքերի արանքում մի դաշույն ուներ նա պահած.
Եվ փորձում էր նա դաշույնով խողխողել նժույգն իր տակի։

Հետևյալը… նիհար նժույգի ոսկորե նստուկին նստած
Խեղդամահ էր՝ լեղակի պես կապույտ իր լեզուն բերանից կախած.
Իր մռայլ պետի ետևից արշավում էր քայլքով նա վստահ,
460 Գնում էր կարծես անվեհեր՝ ելնելու կրկի՛ն կախաղան։—

Մյուսի իրանն էր միայն երևում, լոկ այդ, և մեկ էլ —
Մեջտեղից կոտրած մի սրունք, էլ ոչի՛նչ. արշավում էր այդպես.
Իսկ ո՞վ էր արդյոք այն մեկի ողնաշարը մեջտեղից թեքել —
Եվ դարձել էր նա հարցական նշանի նման մի պատկեր…

465 Ձիերից շատերի վրա, մարդկային թեկուզ հաշմանդամ
Կմախքի, կամ մարմնի փոխարեն — պարզապես բազմել էին սեգ
Զըրահներ, կամ սրեր ժանգոտած, մի դաշույն, կամ փամփուշտ անգամ,
Մի ամբողջ նժույգի վրա — մի փամփուշտ, կամ հին հրազեն…

Այդ նժույգ նստած հաշմանդամ այրերից շատերը սակայն
470 Ձիերի գավակին կապած, իբրև բեռ վսեմ, կամ պարծանք —
Ավարներ էին տանում — այն փառավոր մարտերում հավաքած՝
Մխրճած գանգեր, սրունքներ՝ սրբելուց պսպղուն դարձած։—

Այս լեզուն կտրած, կուրացած, խեղդամահ ասպետը ահա
Շարել է նժույգի սանձին — մխրճած մատների մասեր.
475 Մի ուրիշը կրում էր ձեռքին կոնքերից շինած մի վահան,
Մի ասպետ փաթաթել էր մեջքին մի տրցակ կանացի մազեր։

Անցնում են, անցնում են անվերջ, գնում են շարքերով անծիր,
Կմախքե նժույգներ նստած, զրահներ հագած մահաշունչ.
Հնձվորներ են կարծես, որ դանդաղ դառնում են Եղեռնի հնձից,
480 Մանգաղի ու բահի փոխարեն հրազեն առած ու դաշույն։

Բայց ահա այդ կույր, հոշոտված, հաշմանդամ շքերթի միջում
Արշավում է՝ նստած տախտակե ձողերից շինած մի նժույգ —
Սևահեր, թխադեմ մի այր, որ կրակ ու բոց է շնչում,
Մի ձեռքին քնար ոսկելար, մյուսին՝ հրազեն մի զույգ։

485 Մի փոքրիկ մորուք նա ուներ, գալարուն սևասև մազեր,
Ծածկել էր թավիշե գլխարկ, և ուներ փողկապ փառահեղ,
Բայց նստուկը մերկ էր նրա, հանել էր զգեստներն ասես,
Որ տեսքը լինի երևի սրբազան իր դերին վայել։—

Իր խրոխտ դեմքին հակառակ, հակառակ առնական տեսքին՝
490 Երգում էր կերկերուն ձայնով նա քաղցրիկ, լորձունքոտ երգեր.—
Մենք լսում էինք զարմացած, նայելով տոնական կրծքին,
Երբ տեսանք, որ նստուկը նրա բարձրանում ու իջնում է ներքև։

Փողային գործիք նվագող վարպետի այտերի նման
Ուռչում էր նստուկը նրա և իջնում, կրկին ու կրկին,—
495 Տեսնելով հրաշքն այս ցնցող — ա՜հ, մենք նո՛ր հասկացանք նրա
Ինքնագոհ ժպիտը — և խուլ, կաղկանձող թախիծը երգի…

«— Հըդահյու՜ն, Հըդահյու՜ն, Հըդահյու՜ն»— երգում էր նստուկով նա իր,
Խառնելով կանչին այդ — մահու հառաչանք, ատամի կրճտոց,—
Անտառից բարձրանում էր այնինչ աղաղակ ամեհի ու խոր,
500 Եվ երկինք էր հասնում այնտեղից տագնապով բարձրացող մի բոց։

Անտառից, խարույկի պես մեծ, շառայլ էր նետում դեպի վեր
Կարմրավուն, արնագույն մի բոց՝ այրելով հոնքերը լուսնի,
Եվ լսվում էին այնտեղից սուլոցներ, օգնության ճիչեր,
Ծառերի ճարճատյուն, հեկեկանք, քրքինջներ վայրի ու դժնի։

505 Եվ որքան գնում — ավելի ահեղ էր դառնում անտառից
Բարձրացող աղմուկն ահավոր, հեկեկանքը՝ աստղերին հասնող.
Ցերեկի պես լույս էր արդեն անտառից բարձրացող հրից,
Իսկ թափորը ձգվում էր էլի, ողողված շառայլով այդ նոր։

Թափորի մի ծայրը արդեն հասել էր բլրի գագաթին,
510 Որտեղից հնչում էր, կանչում այն շեփորը — անվե՜րջ, անընդհա՛տ,—
Եվ անցնում էին մեր դեմից, դեռ անցնում էին մահատիպ,
Գոսնելի ասպետներ ու այրեր, կազմելով խռիվ մի ընթացք։

Մենք վաղուց արդեն, նայելով թափորի ընթացքին այդ հորդ,
Էլ չէինք ջոկում իրարից այրերին շարեշար անցնող.—
515 Դժվար էր արդեն տարբերել նորերին՝ դեմքերից նախորդ,
Ընդհանուր մի գետ էր անցնում մեր դեմից արդեն, կամ մի ծով։

Դժվար էր արդեն տարբերել նրանցից մեկին մյուսից.
Զրահներն էին շատացել թերևս, կամ ձիերն էին ծեր.
Միևնույն կերպարանքն էր արդեն բոլորինը, բոլորի՛ ուսից
520 Կախված էր զե՛նքը միևնույն,— և արդեն չկային անձեր։

Բայց հանկարծ ամբոխի մեջ այդ, հորձանքում այդ բութ ու անդեմ,
Բարբարոս թափորում այդ մթին, որ նման էր արդեն կոշմարի —
Մենք տեսանք կերպարանք երկու,— և պատեց մեզ վիշտ մի անդեղ,
Եվ կարծես վերացանք մենք մի պահ այդ արյան ու տենդի աշխարհից։

325 Գնում էր թափորի միջից մի արձան կարծես մարմարե.
Հասակը բարձր. քարե աչքերում թախիծ ու կորով.
Իր քարե շրթերով նա անկապ մի երգ էր փորձում բարբառել,
Երևում էր, որ Մա՛հն էր տեսել և Սարսափը նա իր աչքերով։—

Եղկելի էր որքան նստուկով նվագող քերթողն այն — այնքան
330 Հարգանք էր ներշնչում սրա կերպարանքը ամբողջ նայողին.
Իր կյանքում տեսած սարսափից նա դարձել էր արդեն խելագար,
Եվ ահից հանկարծ քարացել՝ կորցըրած թե՛ հույս, թե՛ ուղի։

Նա ոչ թե ինքն էր քայլում, այլ երթի ընթացքով տարված՝
Շարժվում էր, ինչպես մեքենա, ենթակա հորձանքի ուժին.
335 Երբեմն ցնցում էր Նրան անհաղորդ, ներքին մի հարված —
Նա կանգնում էր մի պահ քարացած և նայում՝ լուսնոտի պես ուշիմ։

Եվ քայլում էր կրկին մարմարյա արձանի պես ուղիղ ու անթեք,
Նայելով ուղի՛ղ իր առջև՝ կույրերն են ինչպես միշտ նայում.
Ձեռքերը խավարին մեկնած՝ անսահման Եղեռնի հանդեպ
540 Շշնջում էր սարսափի բառեր և կրկնում մեռած մի անուն…

Նա հո՜ղ էր հայցում՝ խավարին կառկառած ձեռքով իր քարե,
Եվ լու՜յս էր հայցում խավարից՝ իբրև դեղ աչքերին իր կույր,—
Եվ մահու պես գունատ շրթերով շշնջում էր բառեր մարմարե,
Երազում էր խոնջենք ու արև և սիրո աղբյուրներ մաքուր։

545 Բայց վսեմ այդ խոհից հանկարծ դառնալով ուրիշ մի խոհի՝
Նա թակում էր գլուխն իր թափով, սկըսում էր մարմինը ցնցել —
Եվ մաքուր, անբիծ շրթերից թորում էր լորձունք ամեհի,
Եվ դեմքի վրա այդ պահին նկարվում էին ալ բծեր…

Գնում էր նրա հետ մեկտեղ, համրաքայլ, քերթող մի ուրիշ.
550 Շինված էր կարծես նա մոմից, և դեմքը, որպես մագաղաթ.
Նրա ձայնը ելնում էր կարծես ժայռերում փորած ջրհորից՝
Ե՛վ մաքուր, և՛ ջինջ էր այնքան, ինչպես ցողը՝ դաշտերում շաղած։—

Բայց մոմե այդ գունատ գուսանի թղթի պես ճերմակ շրթերից
Հորդում էր երգը հանկարծ — ամպրոպի, որոտի՛ պես թափով…
555 Եվ ո՞վ էր տվել այդքան ուժ, այդքան թափ ու շնորհք վերին
Այդ մոմե դեմքով գուսանին — և նետել նման մի թափոր…

Նա և՛ս, սարսափից քարացած այն քարե գուսանի նման,
Քայլում էր՝ հորձանքով տարված՝ իր ավագ ընկերոջ կողքին,
Եվ դեմքը նրա մոմեղեն, սփրթնած, գունատ, ինչպես մահ,
560 Մերթ ընդ մերթ բոցվում էր, կարծես մի ուրի՛շ արևի շողքից։

Արծաթե ափսեի վրա նա տանում էր բոցավառ մի սիրտ,
Որ բոսոր ցոլքեր էր ցանում խավարում այն սիրտ կեղեքող,
Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,
Իր գյուղի՜ արևի մասին, որ մորթել էին ցերեկով…

565 Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,
Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար,—
Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում աղաղակ ոխի,
Եվ մոմե շրթերով քերթողի — սկսում էր նա նզովք կարդալ։

Պահերին այդ դեմքը նրա դառնում էր դժնի, արյունռուշտ,
570 Խռպոցի էր փոխվում ու ճիչի նրա ձայնը պայծառ ու մաքուր,—
Սևանում էր սիրտը մի պահ, դառնալով անհուր ու անուժ,
Եվ քարե ընկերոջ նման՝ քայլում էր նա էլ ինչպես կույր։—

«— Ո՜վ տխուր ու խեղճ գուսաննե՛ր, նոխազնե՛ր, կյանքի բարբարոս,—
Բարբառեց Վարպետը հանկարծ՝ դառնալով նոցա ստվերին.
575 — Դուք կոչված էիք լինելու Լույսի ու Խնդությա՛ն փարոս,
Բայց սրտերը ձեր բոցավառ — այն Ստի՛ն ողջակեզ բերիք»։

Եվ նա ցույց տվեց հեռևում, բլուրի գագաթին վառվող
Այն կրակը դժնի ու դեղին, որ վառվում էր անհուն տագնապով,—
Եվ ապա, դառնալով կրկին բարբարոս հորձանքով տարվող
580 Այրերին այն՝ ասաց իր սրտի բովանդա՛կ տխրությամբ ու թափով.

«— Դուք կարո՜ղ էիք Քերթության և Մտքի լուսե պարտեզում
Ճաշակել Ոգո՛u խնդություն՝ սնվելով խոհով ու բանիվ,—
Եվ երթում այս մութ ու դաժան կա՞ արդյոք ավելի մեծ զոհ,
Քան հանճարը ձեր բոցավառ՝ մատուցած այս պի՛ղծ սեղանին»…

585 Եվ լռեց Վարպետը մռայլ, առաջին և վերջին անգամ
Մեր ամբողջ երթի ընթացքում շրթունքները իր բանալով,—
Մինչ մռայլ թափորին ձուլված, ոտքերով բոբիկ, արնաքամ
Հեռացան գուսաններն այն վսեմ՝ խելագար խնդալով ու լալով…


Զ


Կանչում էր այնինչ վերևից, բլուրի գագաթից, դժնի
590 Այն շեփորը ձայնով չարագույժ,— և գնում էր թափորը վերև,
Անցնում էր անվերջ՝ ողողված արնագույն ցոլքերով լուսնի,
Եվ գնում էին արդեն մերկ մանուկներ, կանայք և ծերեր։

Անցել էր արդեն թափորի՝ գլխավոր հոսանքը ամբողջ,
Թափորի մի ծայրը վաղուց հասել էր բլրի գագաթին,
595 Որտեղից երկինք էր հասնում արդեն ալ, արնագույն մի բոց,—
Իսկ թափորը դեռ չէր վերջանում, դեռ գալիս էր — անվե՜րջ ու անթիվ։

Ներքևում անտառը արդեն ճարճատում էր հրով ընդհանուր,
Երկինք էր բարձրանում այնտեղից արդեն նո՛ր մի, ընդհանուր հրդեհ,
Եվ ռումբեր էին շառաչում, և թնդում էր բյուր թնդանոթ,
600 Եվ կրակը շենե՛ր էր ամբողջ սկսել երկինք շպրտել.

Դղրդում էր հողը արդեն ռումբերի շաչող որոտից,
Բովանդակ աշխա՛րհն էր արդեն սասանել մոլուցքից արյան,—
Լցվել էր տիեզերքն ամբողջ արդեն տոթ բույրով վառոդի,
Էլ չկար հեռու ու մոտիկ,— բայց թափորը երգում էր «Հարյավ»։

605 Կատարյալ բանակներ էին արշավում մեր դեմից արդեն,
Շտապում էին տագնապով կոնաձև բլուրն հասնելու,—
Եվ ահա վառվող անտառից սկսեց նոր մի գետ հորդել,
Եվ հոսել, հոսել անընդհատ, նախիրի նման անգլուխ…

Երբ ռազմի շաչով-շառաչով, ցնցելով հնչուն ծնծղաներ,
610 Թմբուկներ խփելով տոնական, երգելով երգեր ռազմաճիչ,
Դոփելով՝ բանակներն անցան,— սկսվեց տրտունջ մի անել,
Հուսահատ հեկեկանք ու լաց, խելագար հառաչք ու քրքիջ։

Մեր դեմից անցնում էին արդ մանուկներ մեռյալ և ծերեր,
Հաշմանդամ սերունդներ ամբողջ՝ Եղեռնի հնձանին ընծա…
615 Նախիրներ էին անցնում հոծ, սարսափած կույրերի պես երեր,
Եվ ցանքսեր, արտեր ոսկեզօծ՝ դեռ ո՛չ մի ձեռքով չհնձած…

Եվ անցնում էին զորքերից ոտնակոխ արված պարտեզներ,
Հրդեհից մոխրացած հյուղեր, քաղաքներ մեռյալ և շեներ,—
Եվ գետեր՝ տապից չորացած, ցորյանի հրդեհված դեզեր,
620 Եվ գայլեր՝ մարդուց գազազած, և մկնե՛ր զառամ, և շնե՛ր…

Սրածված սերունդնե՜ր էին արդ անցնում, քաղաքներ քանդած,
Հեղեղի պես պրծած, տեղահան, գնում էր երկի՛ր մի ամբողջ,—
Անցնում էր արմատից պոկած, անխնա կտրած մի անտառ,—
Սարսափած նախիրի նման՝ սպանդից փախած մի ամբոխ…

625 Ամեհի լացով, աղմուկով, ոռնոցով անհույս ու մռայլ
Շարժվում էր ամբոխը դեպի այն բլուրը կարմիր, կոնաձև.—
Վերջանում էր երթը արդեն, երբ մենք է՛լ, ձուլվելով նրանց,
Փայլեցինք, կամ կարծես թռանք՝ շյուղերի նման հողմածեծ։

Դիվական մի ձեռք էր կարծես թռցնում, քշում մեզ առաջ,
630 Եվ ահա, տարվելով այդպես, երբ լեռան գագաթը հասանք,—
Կանգնեցինք՝ մեր դեմ ծառացած պատկերի առջև շվարած.
Զառա՛նցանք էր պատկերն այդ կարծես, որ մեր դեմ փռված մենք տեսանք…

Բացվում էր բլուրի վրա մի անծայր, լերկ հարթավայր
Ողողված կարմրավուն լույսով, որ դողում էր անվերջ ու պարում.
635 Իր բոսոր, արնավառ գույնով ներկելով շրջակայքը խավար
Վառվում էր բլուրի մեջտեղում մի հսկա, երկնահուպ խարույկ։

Կրակե օղակի նման բոցկլտում էր խարույկը կարմիր.
Բոցեղեն պարիսպ էր կարծես՝ Արքայի շուրջը քաշած։—
Այդ նրանց արքա՛ն էր գուցե, կամ՝ սերած Հրդեհի զարմից՝
640 Առաջնորդը նրանց կրակե, որ ցույցի էր ելել մարդաշատ։

Խարույկի մեջտեղում, ոսկյա մի գահի վրա ընկղմած
Նստած էր Արքան այդ ահեղ, որ չուներ կերպարանք որոշ.
Մերթ թվում էր, թե դա — կրակե մի մարդ է՝ բռունցքը սեղմած,
Որ բռնել է սեղմած բռունցքում — մի փոքրիկ եռագույն դրոշ։

645 Բայց հաջորդ վայրկյանին արդեն փոխվում էր տեսքը նրա,
Եվ ահա — գահի վրա նույն — մի գայլի գլխով վարդապետ,
Սևասև վեղարը գլխին և դեղին ճակատի վրա —
Մի հսկա, շողշողուն ադամանդ, որ թե՛ խաչ է, թե՛ գունդ է, թե՛ նետ։

Փոխվում էր ապա նաև այդ կերպարանքը. հանկարծ նրա տեղ՝
650 Երևում էր դեղին մի կատու՝ աչքերում կրակներ ահի,—
Եվ թվում էր, թե դեմքը նա իր — ոսկեկար քողով է պատել,
Եվ նետը դարձել է նժար, և խաչը դարձել է մահիկ։
 
Նստած էր ոսկյա իր գահին կրակե Արքան այդ ահեղ.
Տեսիլքի նման մի դժնի, կերպարանքը մթին ու մռայլ,—
Եվ շուրջը նրա խարույկի, բոլորած մի պար խելահեղ,
Ցատկոտում էին ու պարում ամբոխները այն դիվահար։

Խարույկին ամենից մոտիկ, բոլորած շրջանն առաջին,
Թռչկոտում էին ու պարում մեր տեսած այրերն այն ճիվաղ,—
Հոլաձև կմախքն էր պարում, և ձայնով, Նման բառաչի,
660 Երգում էր խաժադուժ մի երգ՝ սփռելով տառապանք ու վախ։

Նրա ձեռքը բռնած, նրա հետ, պարում էր անտառում հանդիպած
Խարույկի պահապանը գաճաճ և գուսանը ապա ռազմատենչ․
Պարում էր վարդապետը պարթև՝ շերեփը շրթերին հպած,
Եվ բոլոր ասպետնե՛րն ապա՝ աչքերում մոլուցք մի անշեջ։

663 Գնալով լայնանում էր, ուռչում շրջանակը այդ շուրջպարի.—
Բռնելով հարթավայրն ամբողջ, չարագույժ բոցերի ներքո,
Ահռելի տեսիլքի նման ելնելով կարծես խավարից՝
Մի ամբողջ ժողովուրդ էր պարում եղկելի ճիչով ու երգով։

Մանուկներ տկլոր, անատամ աղջիկներ, ծերեր հաշմանդամ,
670 Գլուխները բռնած ձեռներին, վայրենի լացով ու ճիչով,
Թռչկոտում էին ու պարում,— ցատկոտում էր կարծես մի անտառ,—
Եվ անցնում էինք մենք դանդաղ այդ պարող անտառի միջով…

«Հըդահյո՛ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն» — ոռնում էր ամբոխը մոլի,
Կարկառած ձեոները վերև, կամ դիմացը՝ դեղին Արքային,—
675 Երբ ճիվաղը հանկարծ այն ծանոթ, որ նման էր մարդակերպ հոլի,
Մորեխի պես օդում ցատկելով՝ մոտեցավ Արքայի գահին։

Մոտեցավ շարժումով հատու և կտրած գլուխն իր նետեց
Արքայի ոտքերի առջև, իբրև տուրք, կամ զոհ սրբազան.—
Եվ ամբոխը խռպոտ ճիչերով, ոռնոցով նրան հետևեց —
680 Բարձրացավ գանգերի մի բուրրգ և բուրգը աստղերին հասավ…

Իսկ շուրջը վիթխարի այդ բուրգի, մշուշում, բռնած խոլապար
Թռչկոտում էին ու պարում ավերված քաղաքներ ու շեներ,—
Եվ երթի ելած նրանց հետ՝ ամեհի խանդով, խոլաբար՝
Թռչկոտում էին ու պարում նախիրներ զառամ և շներ…

685 Եվ արդեն ոսկյա իր գահից բարձրացած բլուրի վրա՝
Կանգնել էր Արքան այն դեղին՝ հրդեհի նման մորուքով,—
Եվ փողի նման լեգենդար՝ մահագույժ շեփորը նրա
Կանչում էր, կանչում էր նրանց — դեպի նոր մի մեռյալ Երիքով…


Է


Այդ դաժան տեսիլքին ի տես՝ քայլերով երեր մենք փախանք,
690 Կտրեցինք հարթավայրն ամբողջ և իջանք անտառ մի ուրիշ
Մինչ հասնում էր դեռ բլուրից մի լացի նման աղաղակ․
Ոռնում էր կարծես մի քաղաք՝ փախչելով հրից ու սրից։

Խավար էր անտառում այդ նոր, և ծառերը, կորած խավարում,
Կմախքներ էին կարծես սև, որ պարզած ոսկորե ձեռներ —
695 Մեզ բռնել էին կամենում, քաշքշում էին ու հրում,
Եվ մահվան սառնություն բուրում, ինչպես վեր ելած մեռելներ։

Հառաչում էին նրանք խուլ ձայներով, անեծք շշնջում,
Կամ կարծես օգնություն հայցում մոտեցող սրից ու հրից,—
Դեռ հասնում էին բլուրից սրերի շառաչ ու շաչյուն,
700 Դեռ շեփորը կանչում էր, կանչում այն Մահու և Արյան բլուրից։

Սարսափած փախչում էինք մենք անտառի միջով այդ խավար.
Այդ մռայլ ծառերի միջով, որ պարզած երերուն ձեռներ —
Մեզ թվում էին մի գալիք ահռելի սպանդի համար
Հանրային դամբանից ելած, հարություն առած մեռելներ։

705 Մեր ոտքերը դիպչում էին սուր, փշերի նման քարերի,
Ծառերի ճյուղքերը՝ կանանց մատների նման գալարուն՝
Չանգռոտում էին, արնոտում մեր դեմքերը,— և հին դարերից
Նախամա՛րդն էր արդեն արշավում՝ աչքերում մոլուցք ու արյուն։

Ժամանակը ե՛տ էր թռչում արդեն խուլ աշխարհի վրայով.
710 Մարդակերպ Կապի՛կն էր արդեն արշավում հետքերից մեր նորից,—
Եվ լուսինը, անզոր ժպիտով ծառերի արանքից նայող.
Մեզ թվում էր բարի մի աստված, որ փրկում է ջրից ու հրից…

Սարսափած փախչում էինք մենք անտառի ծառերի միջով,
Եվ ամեն ծառի ետևից մեզ նայում էր արդեն մի հրեշ,
715 Մեզ արդեն ագռա՛վն էր ծաղրում իր լացի նման քրքիջով,
Եվ ամեն մի շրշյուն ու շշուկ մեզ գուժում էր պատիժ ու վրեժ։

Մեր հոգուց քերում էր մի ձեռք այն ամենը, որ տարիներ,
Կամ դարե՜ր էինք կուտակել՝ սերունդից-սերունդ կրելով,—
Եվ գունատ ցոլքերը լուսնի մեզ թվում էին փերիներ.
720 Արյունռուշտ, չարա՛չք փերիներ՝ մարդու միս ու արյուն սիրող։—

Մենք երկար, երկար վազեցինք, սարսափից խելագար, անհույս,
Այդ մռայլ ու մութ անտառում կորցրած ուղի ու հավատ,—
Երբ հանկարծ ծառերի միջից երևաց երկնագույն մի լույս,
Որ աստղի նման փրկարար շողշողաց՝ հեռվում այն խավար։

725 Հևիհև, արյունոտ ոտքերով, չանգռելով կուրծք ու երես,
Վազեցինք մենք լույսը դեպի, որ ցոլում էր ցոլքով մի մաքուր,—
Եվ ահա, վազքից շնչասպառ, քայլերով անուժ ու երեր,
Մոտեցանք անտառի եզերքին — և տեսանք կերպարանք մի հուր։

Մի մարդ էր գալիս դեպի մեզ՝ ոսկեզօծ լապտերը ձեռին.
730 Գունատ էր․ հսկա ճակատով. երկնագույն աչքեր նա ուներ.
Լույսի պես սպիտակ դեմքին խաղում էր ժպիտ մի վերին,
Հայացքը թափանցում էր կարծես անսահման, անծիր հեռուներ։

Ողջունեց ժպիտով նա մեզ և ապա լապտերն հուրհուրան
Նա պահեց մի պահ մեր առաջ, իբրև աստղ, նշան լուսատու․—
735 Վիթխարի ճակատով այդ մարդու լապտերի ապակու վրա
Նկարված էր ոսկեթև մի աստղ և գրված էր պատգամ մի հատու։

Այդ լապտերը իր դեմ պահելով՝ նա հանեց մեզ մութ անտառից,
Մոլորվել էինք ուր արդեն՝ կորցըրած ուղի ու հավատ,—
Եվ այստեղ հրաժեշտ տվեց ինձ Վարպետը Մահվան աշխարհի,
740 Որ գիտեր լոկ վիշտ ու չարիք և երգել էր դժողքը խավար։

Արդ՝ անցել էինք արդեն մենք Անցյալի մռայլ եզերքից,
Լայնահուն աշխարհն էր իմ դեմ՝ ողողված հրով փրկարար,—
Այն ոսկյա լապտերի լույսով ես դարձա Գալիքի՛ երգիչ,—
Այդ լապտերը, ո՜վ Առաջնորդ, կփրկե աշխա՛րհը արար…

1933. V. 4