Jump to content

Մահվան քայլերգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մահվան քայլերգ

(Հերոսական)

ԼԵՆԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ո՛չ փող զարկինք...

Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից-երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբոստությունն ահագնացավ ու աճեց։

Զնդաններում, խրճիթներում, հանքերում,
Ուր տառապած մա՛րդն է հարթում իր ուղին,—
Ոտքի ելան ահազանգի զանգերով
Գնդերն անդուլ գործարանի ու հողի։

Եվ ոտնաձայնը գնդերի ընթացող
Եվ շառաչյունը զենքերի մահահոտ—
Խրճիթներում հնչեց, որպես մարտակոչ,
Պալատներում պայթեց, իբրև մահվան բոթ։

Եվ թափորի ելած բոլո՛ր գնդերի,
Բոլո՛ր ըմբոստ բանակների առաջում—
Արդեն ննջած առաջնորդի պանծալի,
Անձեռագործ դիակառքն էր շառաչում...

Երթը ձգվեց հերոսական, փառավո՜ր,
Եվ կայծակներ շռնդալով շողացին,
Եվ դրոշներ հազարավոր, բյուրավոր
Նրա վերև արնանման դողացին։

Եվ լուռ ննջած Առաջնորդի դագաղի
Երթին ելած բազմություններն այդ անահ
Երդո՛ւմ տվին պայքարելու կատաղի—
Մինչև վերջի՜ն, մինչև վերջի՜ն հաղթանակ...

Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից-երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբոստությունն ահագնացավ ու աճեց։