Jump to content

Մահ-ցնորք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
34

ՄԱՀ-ՑՆՈՐՔ

Դու անուն չունես, քեզ ի՞նչպես կանչեմ,
Եվ ուղի չըկա երկիրըդ գալու.—
Տխուր երգերըս որքան էլ հնչեն,
Որքան էլ հնչեն, քեզ չեն հասնելու։

Ոչ հըմայական աղոթքներ և ոչ
Նվագներ գիտեմ, որ սիրտըդ դյութեմ,—
Հլու է կամքիդ իմ սիրտը դողդոջ,
Իմ սիրտը բաց է քո նիզակի դեմ։

Փռված եմ ահա քո գեղեցկության,
Քո անքննելի կարողության դեմ.
Լուսավորիր սև համրությունն իմ տան.
Ամբողջ աշխարհը քո ցոլքն է արդեն։

Հայտնվիր անհուն փայլով ու փառքով,
Ժըպիտըդ փռիր իմ երկրի մթնում.
Տանջիր ինձ վերջին քաղցր տանջանքով,
Քեզ գո՛վք, քեզ օրհնե՛ք, քեզ փա՛ռք անհատնում...

[1912]