Jump to content

Մայիսի մեկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մայիսի մեկ

Մայիսի մեկ


(Քայլերգ)



Քանի՜ խիզախ,
Վեհ հոգիներ մտան աշխարհ էս առավոտ,
Քանի՜ կտրիճ
Ու քաջ սրտեր գտան իրար էս առավոտ.
Քանի՜ երկիր,
Քանի՜ լեզվով հնչեց, կեցցեք այս առավոտ,
Քանի՜ բերան
Կրկնեց կեցցե մայիսի մեկ էս առավոտ...

էդ սրտագին
Ուրախության կեցցեներով անթի՜վ-անվե՜րջ,
Կեցցեների
էդ համերգում վառ ձեներով անթի՜վ-անվե՜րջ
Ինչքան մանուկ՝
Տղա-աղջիկ գեղգեղացին անթի՜վ-անվե՜րջ,
Գեղգեղացին
Կեցցե՜ բանվոր ու գյուղացին անթի՜վ-անվե՜րջ...

Ու մանկության
Կեցցեները էս առավոտ՝ մեկ մայիսին.
Անկեղծ սրտի
Ձոներգ դարձան էս առավոտ՝ մեկ մայիսին,
էն ձոներգով
Աշխատանքի փառքը թնդաց մեկ մայիսին,
էդ փառքի հետ
Հաղթանակի կյանքը խնդաց մեկ մայիսին։
Հաղթանակող
Հզոր կյանքը էս առավոտ՝ ամենուրեք,
Աշխատանքի
Մեծ տոն հիմնեց էս առավոտ ամենուրեք,—
Ամեն տարի,
Երբ գարուն գա, բանա հանդեսն ամենուրեք,
Ամեն տարի
Մեկ մայիսը տոնվի էսպես ամենուրեք։