Մայրենի լեզու

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մայրենի լեզու

Ստեփանոս Նազարյան

Մայրենի՛ լեզու, մայրենի՛ բարբառ,
Ախորժ, ընտանի իմ հոգու համար․
Առաջին դու խոսք, ականջիս հասած,
Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված․
Մանկական լեզվիս թոթովանք տկար,
Հնչում ես իմ մեջ դու միշտ անդադար։

Ո՜հ, ինչպես պղտոր էր սրտիս օրը․
Երբ պանդուխտ էի օտարի տանը,
Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով
Իմ միտքը հայտնել օտար բառերով,
Որ երբեք սիրելի կարելի չէ ինձ,
Որ ձայն ողջյունի բնավ իսկ չեն ինձ։

Գեղեցի՛կ լեզու, հարաշալի՛ լեզու,
Այդ ինչպես քաղցր հնչում ես դու․․․
Կամիմ ավելի քաջ ծանոթանալ
Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ․
Ասես թե ահա կանչում էին ինձ
Պապեր ու հայրեր խոր գերեզմանից։

Հնչի՛ր դու, հնչի՛ր այժմ և հավիտյան
Մայրենի լեզու, բարբառ սիրեկան,
Արի, բարձրացիր հնության փոշուց,
Դու իմ հայ լեզու, մոռացված վաղուց։
Զգեցիր նոր կյանք սուրբ գրվածներով,
Որ ամենայն սիրտ վառվի քո սիրո՛վ։