Մորս մայրիկը եկել է մեր տուն,
մայրս աղջիկ է դարձել դեռատի,
կանչում է՝ մայրի՜կ...
Այս քանի տարի,
այս քանի դար է՝
քույր ու եղբայրով «մայրիկ» ենք կանչում
ու մոռանում ենք,
որ մայրիկին էլ մայրիկ է բերել։-
«Մայրիկ, ջուր տուր ինձ»։
«Մայրիկ, գդակս»...
«Ձեռքդ դիր, մայրիկ, ճակատիս վրա...
ցավում է, մայրիկ»։
Քույր ու եղբայրով մեծացանք, ահա,
Հիմա էլ արդեն մեր բալիկներն են.
«Տատիկ, հաց տուր ինձ»։
«Տատիկ, ջուր տուր ինձ»։
«Տատիկ, գդակս»...
- «Ձեռքդ դիր, տատիկ, ճակատիս վրա...
ցավում է, տատիկ»։
Մորս մայրիկը եկել է մեր տուն,
մայրս աղջիկ է դարձել դեռատի,
կանչում է՝ մայրի՜կ...
Եվ բալիկներս քրքջում են մեղմ՝
տատիկը, տեսեք, բալիկ է դառել։
ՈՒ չեն նկատում «մայրիկ» կանչելու
ծարավը իմ մոր,
ու չեն նկատում, որ տատս, ավաղ,
շատ է ծերացել,
որ, էլ ինչ աղջիկ,
մայրիկիս... եւ մոր մայրիկն է դարձել։
Մորս մայրիկը եկել է մեր տուն,
մայրս մայրիկ է դարձել կրկնակի,
սակայն եւ խոնարհ կանչում է՝ մայրի՜կ...