Մայր Էջմիածնի զանգերի ներքո

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կրկին՝ հրեշտակի թեւերի վրա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Մայր Էջմիածնի զանգերի ներքո)

Վարդան Հակոբյան

Մեզ առաջնորդում են մեր տառերը

ՄԱՅՐ ԷՋՄԻԱԾՆԻ ԶԱՆԳԵՐԻ ՆԵՐՔՈ

(Հոգեւոր ճեմարանում ունեցած իմ ելույթի համառոտագրությունը)

Վեհափառ Տեր, հարգելի ներկաներ, ես հուզված եմ եւ զգում եմ պահի անսովոր լինելը, որովհետեւ այսօր ես, ասես թե առաջին անգամ, իմ կյանքում այնքա՜ն մոտիկից, հաղորդակցվում եմ այն, հիրավի, վեհի ու լուսավորի հետ, ինչն Աստվածային է։ Խորապես գիտակցում եմ, թե ինչ սուրբ վայրում եմ գտնվում։ Եվ թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել Վեհափառ Հայրապետին, որի հրավերով հանդիպման այսպիսի հնարավորություն ինձ ընձեռվել է։

Քայլում եմ Էջմիածնում եւ զգում եմ, որ ես ոչ թե գալիս եմ Արցախից, այլ գալիս եմ իմ հավատի խորքերից, այլ գալիս եմ իմ Հեռու հեռվից... Եվ երբ մտածում եմ, թե այս դահլիճում, այս կամարների տակ, այս սուրբ հողի վրա ինչպիսի մեծեր են քայլել, մեր ժողովրդի մեծերը, դա ինձ ավելի է ներշնչում, դա ինձ ավելի է պարտավորեցնում, եւ կարծես թե նոր միայն ես կնքվում եմ՝ որպես քաղաքացի, որպես հայ բանաստեղծ։ Խորհում եմ, որ այն հայ պոետը, այն հայ մարդը, որը չի զգացել երբեւէ եւ չի զգում կրծքի տակ մայր Էջմիածնում թեւածող շունչը, ապա նա չի կարող իր ժողովրդին ծառայել այնպես, ինչպես հարկն է։ Իսկ մենք չունենք ավելի սուրբ առաքելություն, քան ժողովրդին նվիրվելն է։

Օգտվելով առիթից` ես ուղղակի կուզենայի մի երկու խոսք խոսել ձեզ հետ, երկու րոպե ձեր ուշադրությունն ուղղել հայ ժողովրդի արցախական հատվածին, նրա գործունեության, նրա մտածումների, նրա ոգորումների վրա։ Ցավոք, այսօր Արցախ աշխարհում չկա գործող եկեղեցի. դա մեծ ցավ է բոլորիս համար։ Բայց մխիթարանք է միաժամանակ եւ հպարտություն, որ 1600 տարի շարունակ ղողանջում են Էջմիածնի Մայր Տաճարի զանգերը։ Եվ մենք, աշխարհի որ ծագերում էլ ապրելիս լինենք, եւ մենք որտեղ էլ լինենք, անգամ քառսուն ջաղացքարի տակից կզգանք, կլսենք այդ զանգերի ղողանջը, որով մենք հարատեւում ենք։ Բայց, ինչ ասել կուզեմ, եթե գործող եկեղեցի այսօր Արցախ աշխարհում չկա, դա դեռեւս չի նշանակում, թե հայ ժողովրդի արցախական հատվածն անաստված է։ Ոչ, երբեք։ Մենք մեր կյանքի բոլոր պահերին, հատկապես ամենաուրախ եւ ամենածանր պահերին, ոչ միայն հիշում ենք Աստծուն, այլ դիմում ենք Աստծուն, այլ հաղորդակցվում ենք Աստծու հետ, եւ ոչ միայն ավագները, ծերերը, այլ նաեւ՝ երիտասարդները, բոլորս։

Իմ մանկության ամենալավ վայրկյանները կապված են այն օրերի հետ, երբ իմ պապիկը, երբ իմ տատիկը եւ, ապա, իմ հայրիկը, իմ մայրիկը գնում էին սուրբ այցելության, ուխտի էին գնում։ Եվ հիմա մեր արցախական աշխարհում վայրեր շատ կան, սրբավայրեր շատ կան՝ Ոսկի Խաչ, Խաչի տափ, Խաչաղբյուր, Սուրբին խութ... արցախյան բարբառով համեմված այս անունները միշտ էլ մեր Հոգեւոր քարտեզն են գծագրում աշխարհի առաջ։ Այժմ, երբ մենք բոլորս, համայն հայությունը խոր վիշտ է ապրում՝ կապված Արցախյան համազգային շարժման հետ, մենք տեսնում ենք դարձյալ, որ մեր հավատը մեզ սատար է։ Ես պիտի խոստովանեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթները՝ հեռուստատեսությամբ, ժողովրդի առաջ, անմիջական օգնությունն Արցախ աշխարհին, մեզ բավականին ոգեւորում են, հոգեւոր սնունդ են տալիս եւ ուղենշում են ճիշտ ու անսխալ ճանապարհը, որի համար ես դարձյալ մեր ժողովրդի, արցախական հատվածի անունից, օգտվելով առիթից, իմ խորին, խորին երախտագիտությունն եմ հայտնում։ Կուզենայի մի քանի խոսք ասել մեր Արցախ աշխարհի գրական ընտանիքի մասին։

Պատահել է այնպես, որ տարիներ շարունակ Արցախ աշխարհում, մանավանդ, երբ այս մարզը, դավադրաբար՝ ես կասեի, «սկուտեղի վրա» մատուցվեց ադրբեջանական կառավարությանը, այդ օրից ի վեր իրականացվում է մուսուլմանական քաղաքականություն, որը դժվարացնում է առաջին հերթին հոգեւոր աշխարհի մարդկանց, մշակույթի օջախների գործունեությունը, ի վերջո՝ ամբողջ ժողովրդի գործունեությունը։ Եվ պատահական չէ, որ երբ մեր ոսոխներն ուզում են իրենց հաշիվները մաքրել մեզ հետ, առաջին հերթին նշան են բռնում մտավորականներին, հոգեւոր օջախներին, եկեղեցիներին ու վանքերին, ոչնչի առաջ նրանք չեն կանգնում, որպեսզի խեղաթյուրեն պատմությունը, որպեսզի իրենք մեր տանն անգամ ներկայանան որպես տեր ու տնօրեն։ Պատկերացրեք. Արցախի գրական բաժանմունքը ստեղծվելուց ի վեր, ունեցել է ղեկավարներ, որոնցից շատ քչերն է, որ իրենց բնական մահով են աշխարհից գնացել։ Սկսած բաժանմունքի հիմնադիր Գրիգոր Ներսիսյանից, որը ճանաչված բանաստեղծ էր եւ մշակույթի երեւելի գործիչ։ Այդ գրողի բանաստեղծությունների առաջին գիրքը խմբագրել եւ Երեւանում հրատարակել է Եղիշե Չարենցը։ Բայց ինչ եղավ Գրիգոր Ներսիսյանի հետ։ Երեսնական թվականներին, ավելի կոնկրետ՝ 37 թվականին, նրան եւս, տարբեր ազգայնական մեղադրանքներ ներկայացնելով, Սիբիր քշեցին։ Ականատեսները պատմում են Գ. Ներսիսյանի կյանքի ողբերգական վախճանի մասին, կոնկրետ չիմանալով, թե երբ, որտեղ, ինչպես զոհվեց այդ լավ մարդը, հայ ժողովրդի այդ նվիրյալը։

Հետագայում բաժանմունքի աշխատանքները, տարբեր ժամանակներում, ղեկավարեցին Բոգդան Ջանյանը, Բագրատ Ուլուբաբյանը։ Ասենք, որ Բոգդան Ջանյանն այժմ Հայաստանի ճանաչված, անվանի բանաստեղծներից մեկն է, ապրում է Երեւանում։ Բայց նրա ստեղծագործական ուղին, կյանքի ճանապարհը եւս հեշտ չեղավ։ Դարձյալ ութ տարվա բանտարկության նրան նետեցին, զուտ այն բանի համար, որ նա համարձակվել էր Ավետիք Իսահակյանին, որի պատանեկան տարիների շունչն այսօր զգում եմ այստեղ՝ Էջմիածնում, ուղեկցել արցախական աշխարհում։ Բագրատ Ուլուբաբյանը համարձակվեց իր ժողովրդի հոգսերից, իր ժողովրդի ցավից խոսել, ազգայնականի նույն մեղադրանքը ներկայացրին նրան։ Ես ինչու հատկապես կանգ առա գրական ընտանիքի, մեր գրական ղեկավարների գործունեության ու ճակատագրի վրա. որովհետեւ այդ նվիրյալների ճակատագիրը ամփոփում է ամբողջ Արցախ աշխարհի վիճակը։ Եվ այս ամենը, իհարկե, հատուկ քաղաքականություն էր, որպեսզի հայ գոյություն չունենա հայկական Արցախում, որպեսզի արցախցիներս մոռանանք մեր հավատը, մոռանանք մեր ինքնությունը, մեր սերը, մեր ժողովրդին։ Թշնամիներն իրենց սեւ ծրագիրն իրականացնելու համար դիմում են նոր խեղաթյուրումների, այնքան, որ մեզ նույնիսկ հայ չեն ուզում համարել, մեր սուրբ խաչքարերն անգամ ուզում են արատավորել իրենց «դաշ» բառով, անվանելով «խաչդաշեր»։ Բայց, իհարկե, պատմության դասը մենք լավ ենք սերտել, փոխվել են ժամանակները, բայց ինչքան էլ ժամը փոխվի, դասը նույնն է մնում, մեր պատմության դասը, մենք բոլորս պարտավոր ենք լավ իմանալ։ Այստեղ ես նորից կուզենայի ընդգծել մեր հոգեւորականների կատարածը, որովհետեւ հայ ժողովրդի գոյապահպանության գործում նրանց դերը անփոխարինելի էր, որովհետեւ բոլորս գիտենք՝ եղել են տարիներ, որ չենք ունեցել պետականություն, բայց Եկեղեցին պահել է ժողովրդին։ Եվ քսաներորդ դարի վերջին անգամ բարբարոսները, երբ ուզում են դարձյալ իրենց «հաշիվները մաքրել» մեզ հետ, նորից նշան են բռնում մեր խաչին։ Մենք դժվարություններից չենք երկնչում, որովհետեւ մենք ծնվել ենք հողմերի մեջ, սովոր ենք հողմերին չենթարկվել, սովոր ենք հողմերի տակ ճյուղ կոտրել, շյուղ կորցնել, բայց երբեք թույլ չենք տա, որ վնասվի կամ ծռվի մեր բունը։ Մենք կանք, կհարատեւենք մեր ամրությամբ, մեր տոկունությամբ։ Մեր գրականության, մեր ժողովրդի շառավիղները, որ ապրում են Արցախ աշխարհում, բավականին հուսատու են, կայուն են իրենց առաջին քայլերով. Ռոբերտ Եսայան, Սեյրան Քամալյան, Նորեկ Գասպարյան, Անահիտ Քոչարյան... Անուններ, որոնք իրենց կոչումը տեսնում են գրականությանը ծառայելու մեջ, որոնց առաջին գրքերին մենք արդեն սպասում ենք։ Երեւանում արդեն հրատարկվել է նրանց ստեղծագործությունների ժողովածուն՝ տարեգիրք, պլանավորվում են հրատարակչություններում նրանց անդրանիկ գրքերը։ Արցախ աշխարհում ապրում են ճանաչված բանաստեղծներ ու արձակագիրներ։ Իհարկե, հնարավոր չէ թվել բոլորի անունները։ Այդ մարդիկ գուցե թե մեր այսօրվա գրական կյանքում չունեն այն վիթխարի դերը, որ վերապահվում է ընդհանրապես մշակույթի գործչին, արվեստագետին։ Բայց թող ներվի, ես կասեի, նրանք ինչ-որ տեղ իրենց վտիտ ուսերի վրա առել են ավելի մեծ բեռ, եւ այդ բեռը ժամանակն է դրել, եւ նրանք հոժար կրում են այդ բեռը, որովհետեւ իրենց կոչումը տեսնում են մայր ժողովրդին ծառայելու մեջ։ Եվ եթե ուրիշ բան էլ չլինի, հայկական այդ օջախն Արցախում կենդանի պահելը, դա հենց ինքը քաջագործություն է։

Մենք գիտենք, որ Շուշին տարիներ շարունակ հայ մշակույթի լավագույն կենտրոններից մեկն էր։ Այնտեղ է ծնվել, ապրել ու ստեղծագործել նաեւ մեծն Չարենցի հայտնաբերած Ավետիք Բահաթրյանը։ Երբ վերջերս մենք եղանք Շուշիի հայկական գերեզմանատանը, փորձեցինք տեսնել նրա գերեզմանաքարը, որպեսզի հարգենք նրա հիշատակը, միաժամանակ ճշտենք մահվան թվականը, այդպես էլ չկարողացանք գտնել նրա շիրմաքարը։ Ասել է թե՝ մուսուլմանները գիտեն որտեղի խփել, ուր խփել եւ ինչպես, որպեսզի վերջնականապես խեղաթյուրեն մեր պատմությունը։ Ես չեմ ուզում, ընկերներ, իմ խոսքը երկարացնել։ Բանաստեղծի համար ամենագլխավորը, դա նրա ստեղծագործությունն է, թերեւս նա իր ստեղծագործությունների մեջ ավելի կա, ինչպես ասում են, քան ուրիշ տեղ։ Ես միայն կուզենայի ասել, հավատացնել, որ մենք՝ արցախցիներս, հավատավոր ենք, հավատում ենք արդարությանը, հավատում ենք լույսին, Աստծուն, մեր ժողովրդի գեղեցիկ ապագային։ Այն ապագային, որ երազում էին մեր մեծերը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, Լեոն, մեր մեծագույն երազող Րաֆֆին, մեր մյուս մեծերը, այդ երազներով ենք ապրում։ Եվ մեր կյանքը, մեր ապագան մենք անպայման կապում ենք մեր հավատին, այն հավատին, որը հիմքն է աշխարհում գոյություն ունեցող ամենայն լավի, ամենայն բարու։ Այս ամենադժվար պահին անգամ արցախցիներս մի պահ անգամ չենք երկնչում, չենք կասկածում, որ արդարությունը կհաղթանակի։ Այո, արդարությունն անպայման կհաղթանակի, եւ մենք ոչնչի առաջ կանգ չենք առնի, որպեսզի մեր գրական վտակը վերջնականապես կապված լինի մայր գրականության հետ, մեր ժողովրդի արցախյան հատվածը, քաջազուններ, հերոսներ ծնող, մարշալներ, գեներալներ տվող այդ մի բուռ հայությունը իր տանն իրեն լիիրավ տանտեր զգա, լինի մայր ժողովրդի հետ։ Եվ կլինի։

Հավատացած եմ, որ այսպիսի հանդիպումներ կլինեն նաեւ առաջիկայում։ Մենք բախտ կունենանք ոչ հեռու ապագայում հանդիպել նաեւ Արցախ աշխարհում՝ այս հայրենանվեր, նվիրյալ, երեւելի մարդկանցով։ Հավատանք, որ Էջմիածնի Մայր Տաճարից սերված հայոց զանգերը շուտով կղողանջեն նաեւ Գանձասարում...

1988թ.