Jump to content

Մատուցարան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԱՏՈՒՑԱՐԱՆ


Ոչ ոք չի զգում իմ զգացածը, ներեցեք ինձ,
ոչ ոք չի տեսնում իմ տեսածը, ներեցեք ինձ,
ոչ ոք չի ապրում իմ ապրածը։ Իսկ ինչո՞ւ՝ ներել։

Ես հրեշտակ եմ, որովհետեւ իմ մեղքերը բոլորից
շատ են ու անսահման,
եւ հայրս հայհոյում էր մորս միայն նրա համար,
որ անչափ շատ էր սիրում։

Աշխարհի բոլոր մետրաչափերը կեղծում են հաստատ,
իսկ Դոստոեւսկու հակակշիռը Դոստոեւսկին է։ Եվ
որովհետեւ անասելի շատ եմ ուզում, ասում եմ՝ չեմ ուզում։

Արեւմուտքի մեջ սիրում եմ Արեւելքը՝ արեւմտյանացող, բայց եւ,
այնուամենայնիվ՝ Արեւելք։ Բացակայությունը սուտ է,
իսկ այս ջուրը կոշտ աղջիկը նազանքի մեջ տիեզերական է։

Իմ մեջ ես միշտ կրում եմ աչքաչափը Հայկ նահապետի.-
առավել բարձրությունը բարձրություն չէ,
բարձրությունն է բարձրությունը,
որովհետեւ մեր հյուղակին ոչ մի երկնաքեր չի հասնի...

Այբուբեն, նշանակում է՝ տուն։ Մինչդեռ տունը նրա համար չէ, որ
չվերադառնան։ Ճիշտ՝ հակառակը։ Ասում են՝ տան գլխավերեւում,
երկնքի ամենախորքում,
եթե չի ճախրում մորդ հայացքը, էլ ինչ երկինք, ի՞նչ գխավերեւ,
ինչ գլուխ։

Թեւերը երկնքի ցանկություն են՝ կախված մեր վտիտ ուսերից։
Աշխարհն ինձ համար էրգիր-Ղարաբաղ է եւ... ոչ էրգիր-Ղարաբաղ,
ամեն պահի խորքից ելնում է մի ծաղիկ։

Ոչ ոք չի զգում իմ չզգացածը, ներեցեք ինձ,
ոչ ոք չի տեսնում իմ չտեսածը, ներեցեք ինձ,
ոչ ոք չի ապրում իմ չապրածը։ Իսկ ինչո՞ւ՝ ներել։